Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքվելիք համաձայնագրի ստորագրման ճանապարհին ներկայումս որեւէ խոչընդոտ չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:
«Ես կարող եմ միայն վերահաստատել եւ կրկնել դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքերը, որ ԵՄ-ն պատրաստ է կնքել համագործակցության համաձայնագիրը նոյեմբերին: Նոր համաձայնագիրը մեծ հաջողություն եմ համարում, եւ կարծում եմ՝ եթե ստորագրվի, այն մեծ հնարավորություն կընձեռի՝ խորացնելու Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցությունը»,- ասաց դեսպանը:
ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Արեւելյան գործընկերության՝ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ:






