Եվրասիական Տնտեսական Միության կազմից Հայաստանը դուրս բերելու «Ելք» դաշինքի նախաձեռնությունը չի համապատասխանում Հայաստանի արտաքին քաղաքական և արտաքին տնտեսական շահերին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Այդ նախաձեռնությունը չի տեղավորվում մեր արտաքին քաղաքականության գերակայությունների շրջանակներում»,- «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ընդգծեց Աշոտյանը:
Նա հավելեց, որ այդ նախագիծը դեռ պետք է քննարկվի համապատասխան հանձնաժողովում: «Կարծում եմ, որ հենց իմ գլխավորած հանձնաժողովն է լինելու գլխադասային հանձնաժողով: Մենք այդ փաստաթուղթը դեռ չենք ստացել: Երբ ստանանք, մանրամասն քննարկման առարկա կդարձնենք»,- ասաց Աշոտյանը:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է սկսել Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս բերելու գործընթաց: