Երևանում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ «Հայաստանի կայուն բնակարանային տնտեսության, քաղաքաշինության և հողերի կառավարման բնագավառներում առկա միտումները և մարտահրավերները» խորագիրը կրող աշխատաժողովը:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԱ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և այլք:
Նարեկ Սարգսյանի խոսքով` աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման մասով Երկրի նկարագրի հիմնական արդյունքները և առաջարկությունները, քննարկվեցին Ազգային գործողությունների պլանի միջոցով դրանց իրականացման հնարավորությունները, ինչպես նաև Գորիս քաղաքի համար խելացի կայուն քաղաքի նկարագրի արդյունքները:
«Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի և Զարգացման ծրագրի երկարամյա համագործակցությունը և լիահույս ենք, որ այս նախաձեռնությունը հաջողություն կունենա և կօժանդակի Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ լուծելու բնակարանային կայուն զարգացման խնդիրները: Իսկ խնդիրները վերաբերում են բնակարանային տրամադրման մատչելիության, բնակֆոնդի կառավարման և տեխնիկական սպասարկման, բնակարանային տնտեսության և էներգաարդյունավետության ոլորտներին»,– ասաց Սարգսյանը:
Աշխատաժողովին մասնակցեցին նաև միջազգային փորձագետներ ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովից, ՄԱԿ-Հաբիթաթից, Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Թագավորության ներկայացուցիչներից, ինչպես նաև ՄԱԿ-ի զարգացման հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը: