Գերմանացի լրագրողները ներկա կլինեն և կլուսաբանեն «Արենի» և «Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների փառատոնները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի փոխնախագահ Մեխակ Ապրեսյանը:
«Մի խումբ գերմանացի լրագրողներ ներկա կլինեն սեպտեմբերի 9-ին Դիլիջանում անցկացվող «Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների փառատոնին՝ այն գերմանական լրատվամիջոցներով լուսաբանելու»,-ասաց Ապրեսյանը:
Նրա խոսքով՝ գերմանացի լրագրողների ճանաչողական այցերը կազմակերպվում են Գերմանիայում Հայաստանի դեսպանության հետ համագործակցությամբ:
«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանի խոսքով՝ «Արենի» փառատոնին ևս ներկա կլինի 12 գերմանացի լրագրող:
«Արտերկրից հրավիրված են նաև բլոգերներ, կինոբլոգերներ: Նրանք Հայաստանը ճանաչելի կդարձնեն: «Արենի փառատոն»-ին անցկացվող կույր մրցույթի՝ գինիների համտեսի ժյուրիի անդամները ևս կլինեն Ֆրանսիայից, Գերմանիայից: Նրանք կգնահատեն, թե որոնք են լավագույն հայկական գինիները»,-եզրափակեց նա: