Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Տեղի Ունեցաւ Ամերիկաբնակ Մտաւորական Գէորգ Պ. Յակոբեանի «Պատմութիւն Իսթանպուլահայ Ուսումնական Կեանքի Եւ Կրթական Հաստատութիւններու» Գիրքի Շնորհահանդէսը

   Սեպտեմբերի 1-ին ՀՀ Սփիւռքի նախարարութեան աջակցութեամբ տեղի ունեցաւ ամերիկաբնակ պոլսահայ մտաւորական Գէորգ Յակոբեանի «Պատմութիւն իսթանպուլահայ ուսումնական կեանքի և կրթական հաստատութիւններու» գրքի շնորհահանդէսը:

    Աշխատութեան մէջ հեղինակը կը ներկայացնէ ոչ միայն իսթանպուլահայ ուսումնական կեանքի պատմութիւնը, այլեւ մանրամասն տեղեկութիւններ կը փոխանցէ Իսթանպուլի նախկին ու ներկայ հայկական ազգային և անհատական շուրջ 170 վարժարաններու մասին: Գիրքը  կը պարունակէ հազուագիւտ լուսանկարներու հաւաքածոյ:

     Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: Նախարարը նշեց, որ կարդալով այս աշխատութիւնը՝ միաժամանակ տխրութեան եւ ուրախութեան պահեր ապրած է: «Պոլսոյ մէջ մենք ունեցած ենք շուրջ 170 վարժարան, որոնցմէ այսօր կը գործէ ընդամէնը 16-17-ը: Այս գիրքը մեզ  կը ներկայացնէ մեր վարժարաններիու, այնտեղի մեր շրջանաւարտ-սաներու մասին վիճակագրական ճշգրիտ, թուրքական արխիւներէն պեղած տուեալներ, որոնց լրացնելու  կու գան բացառիկ լուսանկարները»,  ընդգծեց Սփիւռքի նախարարը:

     ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան համալսարանի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը նշեց, որ գրքի հիմքում հետազօտող պատմաբանի քրտնաջան աշխատանքն է:

   ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի տնօրէն Աշոտ Մելքոնեանը կարևորեց այն հանգամանքը, որ հեղինակը խօսելով հայ կրթական մտքի զարգացման մասին՝ սկսել է 1453 թուականից՝ դրանով ապացուցելով, որ հայ կրթական և գիտական միտքը Պոլսում առկայ էր դեռ 15րդ դարից:

      Արևմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի գիտաշխատող Մելինէ Անումեանը ներկայացրեց գրքի բովանդակութիւնը:

     Գերաշնորհ Տ. Թաթուլ Ծ. Վրդ. Անուշեանը խօսեց պոլսահայ արժեհամակարգի եռոտանու մասին: «Այդ եռոտանու երեք կողմերն են հայ եկեղեցին, հայ վարժարանը և հայ ընտանիքը»:

   Գէորգ Յակոբեանի գրքի մասին համապարփակ զեկոյցով հանդէս եկաւ Խ. Աբովեանի անուան հայկական պետական Մանկավարժական համալսարանի հայ նոր և նորագոյն գրականութեան ամպիոնի վարիչ Սուրէն Դանիէլեանը: Նա ընդգծեց, որ այս աշխատութեամբ առաջին անգամ ամբողջացւում է պոլսահայ կրթական կեանքի պատմութիւնը: «Գէորգ Յակոբեանն այսպիսով իր կեանքի գիրքն է գրել՝ համադրելով փաստեր և արխիւային նիւթեր և դառնալով մեր կրթամշակութային կեանքի գլխաւոր յուշագրողը»:

     Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջեանը նշեց, որ գրքի շնորհադէսի օրը` Սեպտեմբերի 1ը, խորհրդանշական է, քանի որ ազդարարուեց հազարաւոր հայ մանուկների մուտքը կրթօջախներ:

     ԵՊՀ Արևելագիտութեան ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբէն Մելքոնեանը շեշտեց, որ Թուրքիայի տարածքում հայերն ունեցել են նաև մշակութային ցեղասպաութիւն և մեզ համար Գէորգ Յակոբեանի աշխատութիւնն ունի թէ՛ գիտական և թէ՛ քաղաքական նշանակութիւն:

   Այնուհետև ելոյթ ունեցաւ հեղինակը՝ Գէորգ Յակոբեանը՝ նախ նշելով, որ 25 տարուայ բացակայութիւնից յետոյ առաջին անգամ գալով հայրենիք, ուրախութեան պահեր է ապրել՝ տեսնելով գեղեցկացած Երևանն ու Հայաստանը: «Իրականացաւ իմ մեծագոյն երազանքը՝ Հայաստանում ես ներկայացնում եմ 20 տարիների իմ աշխատանքի պտուղը: Շնորհակալ եմ ազնուափայլ տիկին նախարարուհուն, ով նախաձեռնեց իմ գիրքը Հայաստանի և աշխարհասփիւռ հայութեանը ճանաչելի դարձնելու գործը», նշեց հեղինակը: Նա շնորհակալութիւն յայտնեց նաև քրոջը՝ Մաքրուհի Յակոբեանին, Մայտա Սարիսին և բոլոր նրանց, ովքեր գործուն աջակցութիւն ունեցան գրքի լոյս աշխարհ գալու աշխատանքներում:

   «Գնահատանքի այսպիսի երջանիկ պահեր ապրելուց յետոյ ես կը ստանձնեմ իմ երկրորդ աշխատութիւնը ամբողջացնելու գործը», իր խօսքը եզրափակեց Գէորգ Յակոբեանը:

   Հանդիպման աւարտին ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը Գէորգ Պ. Յակոբեանին պարգևատրեց «Մայրենիի դեսպան», Մաքրուհի Յակոբեանին՝ «Ուիլիըմ Սարոյեան» մետալներով, իսկ Մայտա Սարիսին՝ ՀՀ Սփիւռքի նախարարութեան պատուոգրով:

Յապաւումներով

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին