Կառավարության որոշմամբ կնվազեցվի «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը և գույքը կամրացվի ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին: ՀՀ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը Չափագիտության ազգային ինստիտուտին միացնելու արդյունքում վերջինիս է անցել նաև փորձարարական մշակումների գործարանը, որը, սակայն չի օգտագործվում:
«Ընկերությունը գործարանի պահպանման նպատակով տարեկան կատարում է շուրջ 6 մլն դրամի չափով ծախսեր՝ պահպանության և գույքային հարկերի մասով: Ընկերության առողջացման համար նպատակահարմար է նշված գույքային միավորը տնօրինությունից հանել, ինչը հնարավորություն կտա նվազեցնել կատարվող ծախսերը, ինչպես նաև կնպաստի նշված գույքի օգտագործման արդյունավետության բարձրացմանը»,–«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Պետական գույքի կառավարման վարչության պետը: Գործարանը գտնվում է առանձնացված` պարսպապատ տարածքում, ապահովված է ջրով, բնական գազով և էլեկտրամատակարարմամբ և կարող է ներդրումային հետաքրքրություն առաջացնել: Գործադիրի մեկ այլ որոշմամբ նախատեսվում է լուծարել Կրթության ազգային ինստիտուտի հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագիրը: ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությունը մեկամսյա ժամկետում ինստիտուտի հետ պետք է կնքի 2007 թ. հոկտեմբերի 26-ին կնքված անհատույց օգտագործման համապատասխան պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր: Այնուհետև կիրականացվեն ինստիտուտին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույքի հանձնման–ընդունման աշխատանքները և կներկայացվի առաջարկություն դրանց հետագա օգտագործման վերաբերյալ: Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետին հանձնարարեց գույքագրել օպտիմալացման արդյունքում ազատված շինությունները և հոկտեմբերին տեղեկանք ներկայացնել դրանց վերաբերյալ՝ քննարկելու նպատակով: