Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն իր աշնանային խաղաշրջանը կսկսի սեպտեմբերի 13-ին Աղասի Այվազյանի «Եղած-չեղած մի կյանք» պիեսի բեմադրությամբ: Այն նվիրված է Եղիշե Չարենցին (պիեսի բնագրային վերնագիրը՝ «Չարենցի ուղղիչ տունը»):
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` 2016-ի նոյեմբերին լույս տեսավ Սերգեյ Առաքելյանի ստվարածավալ գիրքը, որի 700 էջերում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75 տարիներն են՝ դեմքերով ու իրադարձություններով:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը 75-ամյակը համարում է կարևոր ջրբաժան, որը նշեցին մեծ շուքով ու այսօր փորձում են ամուր հիմքի վրա կառուցել ներկան: 75-ամյա թատրոնի նորշունչն ապահովում են երիտասարդ ռեժիսորները: Կարո Բալյանն այսօրերին բեմադրում է Շեքսպիրի՝ «Չափն ընդդեմ չափի» ստեղծագործությունը, Անուշ Սարգսյանն ամերիկյան կատակերգությանվրա է «մտմտում», Հակոբ Ղազանչյանը՝ Գոգոլի «Ռեվիզորի»:
«Թատրոնի խաղացանկում այս պահին 22 ներկայացում կա, մեծ մասը՝ բավական երկարակյաց: «Ատամնաբույժն արևելյան»-ը խաղում ենք արդեն 17 տարի, և դեռ հետաքրքիր է հանդիսատեսին: Մեծ հաջողություն ունի Կարինե Խոդիկյանի պիեսի հիման վրա բեմադրված «Սիրային քառանկյունին», Գուրգեն Խանջյանի պիեսներն են շատ սիրված: Դահլիճում նստած մարդը բեմում ճանաչում ու գտնում է իրեն, իր հարևանին, հարազատին, և հենց դա է նրան բերում թատրոն»,-ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը:
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պարոնյանցիները ծանրաբեռնված կլինեն. երեք «կանգառ» ունեն Արարատի և Վայոց Ձորի մարզերում: «Մշակութային կանգառ»-ի շրջանակում արդեն եղել են Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի համայնքներում.
«Մարզերում մարդիկ թատրոնի ծարավ ունեն: Ուսանողուհիներիցս մեկն իր դիպլոմային աշխատանքի համար գնաց գյուղ, հեքիաթ բեմադրեց: Վերադարձել ու լաց էր լինում: Ասում է՝ ի՜նչ տաղանդավոր երեխաներ կան, միանգամից շրջապատեցին ինձ, ծնողները գալիս, խնդրում էին, որ իրենց երեխան էլ խաղա: Ի վերջո, մենք հոգևորի ժողովուրդ ենք: Դրա պահանջն ամենուր կա, հատկապես շրջաններում: «Մշակութային կանգառ» ծրագիրը պետք է համակարգված ու շարունակական բնույթ կրի: Չի կարելի հայ մարդուն զրկել մշակույթից: Դա նրա կենսակերպն է»,-նշեց Ղազանչյանը: