Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Փորձության պահին յուրաքանչյուրիս պարտքն է պաշտպանել մեր ժողովրդին. Տոնական շքերթով նշվեց ԱԻ աշխատողի օրը

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները նշում են գերատեսչության կազմավորման 26-ամյակը: Սեպտեմբերի  4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ տեղի ունեցավ տոնական շքերթ, որին մասնակցում էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարության անդամներ, արտերկրից ժամանած բարձրաստիճան հյուրեր, դիվանագետներ, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

Տոնական միջոցառման շրջանակներում ՀՀ Նախագահը պետական պարգևներ հանձնեց բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ԱԻՆ աշխատակիցներին: Վերջին շրջանում ՀՀ տարբեր տարածքներում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու ընթացքում ցուցաբերած խիզախության համար ՀՀ Նախագահի կողմից երախտագիտության մեդալի արժանացան ԱԻՆ մի խումբ աշխատակիցներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը իր ելույթում ընդգծեց, որ տոնական շքերթով եզրափակվում է արտակարգ իրավիճակների աշխատողների մասնագիտական տոնին նվիրված միջոցառումների շարքը, որի առանցքում էր «Անվտանգ Հայաստան» խորագիրը կրող բարձր տեխնոլոգիաների առաջին միջազգային ցուցահանդեսը: «ԱԻՆ համակարգի աշխատողի օրվան նվիրված տոնական հանդիսություններին և միջոցառումներին մասնակցելու հրավերն ընդունելու և ցուցահանդեսին ներկա գտնվելու համար թույլ տվեք ողջունել և շնորհակալություն հայտնել արտերկրի մեր բոլոր գործընկերներին: Նման  միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը վկայում է մեր` ապագային միտված մտադրությունների մասին, քանի որ աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված համապետական համալիր գործողություններում առաջնահերթ ենք համարում Հայաստանի փրկարար ծառայության արդիականացումն ու տեխնիկական վերազինումը, առկա բազայի համալրումը մեր աշխարհագրական պայմաններին համապատասխան, ինչպես նաև մարդածին աղետների իրական սպառնալիքները կանխելու, դրանց հետևանքները վերացնելու ունակ հրշեջ-փրկարարական և այլ մասնագիտացված տեխնիկան սարքավորումներով և նորարարական բարձր տեխնոլոգիական նմուշներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Դավիթ Տոնոյանը:

Նախարարը հիշեցրեց ՀՀ Նախագահի խոսքերն այն մասին, որ հանձին ԱԻՆ համակարգի` հայ ժողովուրդը տեսնում է դժվար պահին իր կողքին կանգնած, պատրաստակամ ու անընդհատ ընդլայնվող պետական մարդասիրական կառույց: «Սա շատ մեծ պատասխանատվություն է: Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ` հանրության վստահությունն ավելացնելու  ու հավատն ամրապնդելու համար: Փորձության պահին յուրաքանչյուրիս պարտքն է պաշտպանել մեր երկրի բնակիչներին, նյութական ու բնական հարստությունը ոչ միայն աղետներից, այլ նաև մարդածին ռազմական գործողությունների վարման վտանգից»,- ընդգծեց նախարարը:

Նա հավելեց, որ ԱԻՆ-ի շարահրապարակում են միայն երախտիքի և գնահատանքի արժանի փրկարարների մի մասը, իսկ մյուսները զօրուգիշեր ծառայություն են իրականացնում հանրապետության տարբեր հատվածներում: «Նրանց թվում են նվիրյալներ, ովքեր կարողացան արդարացված ռիսկի դիմելով` մի քանի ճակատներով պայքարել գրեթե միաժամանակ բռնկված հրդեհների դեմ:  Նրանք այդ ամենի հետ մեկտեղ կարողացան օգնության ձեռք մեկնել հարևան Վրաստանին Բորժոմիի կիրճում մոլեգնած հրդեհի դեմ պայքարում:  Շնորհակալություն ձեզ պատվով ծառայելու, ձեր մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար: Շնորհակալություն նաև բոլոր կամավորներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, խորին շնորհակալություն զինված ուժերի ներկայացուցիչներին, հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին, որոնք դժվար պահին չվարանեցին կանգնել մեր կողքին, մեզ հետ հաղթահարեցին լեռնային բարդ ռելիեֆը, առան այրվող անտառի խանձահոտը, ափսոսացին հրո ճարակ դարձող ծառատեսակների համար, մաքառեցին: Տարերքը հանդարտվեց նաև այդ օժանդակության շնորհիվ»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

Դիմելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ ԱԻ նախարարը հավաստիացրեց, որ ունեն հստակ անելիքներ` աղետների ռիսկերի կառավարման ազգային մակարդակում մենք սահմանել են նպատակներ, որոնք արտացոլված են կառավարության ծրագրերում:

Մասնագիտական տոնի առթիվ ԱԻՆ աշխատակիցներին ողջույնի և օրհնանքի խոսք փոխանցեց նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ  տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: «Այսօր մեզ միաբանել է աստվածային սիրո ուժը, որն ունակ է կյանքը զարդարել բազում շնորհներով: Տարիներ առաջ այս օրը կազմավորվեց փրկարար ծառայությունը, որը մինչ օրս շարունակում է իր հուսալի առաքելությունը: Դուք աստվածաշնորհ ծառայություն եք իրականացնում` փրկելով մարդկանց կյանքեր, պայքարելով աղետների դեմ, դժվար պահին կանգնելով մեր ժողովրդի կողքին»,- ընդգծեց նա:

Սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի մասնակցությամբ հանդիսավորությամբ բացվեց ՀՀ ԱԻ նախարարության 3-րդ` հիմնովին վերանորոգված մասնաշենքը, որտեղ տեղակայված են ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը, պետական ռեզերվների գործակալությունը, Աղետների բժշկության կենտրոնն ու պոլիկլինիկան, ինչպես նաև հոգեբանական ծառայությունը:

Նույն օրը տեղի ունեցավ նաև ՀՀ ԱԻ նախարարության տարածքում տեղադրված խաչքար-հուշարձանի օծման արարողությունը: Հուշարձանը նվիրված է մարտական գործողությունների և ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհված փրկարարներին: Հեղինակն է քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին