Կոլումբիայի «Ազգային ազատագրման բանակ» ապստամբ խմբավորման կողմից 2016 թվականի նոյեմբերի գերեվարված Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանը վեց ամիս առաջ՝ 2017 թվականի ապրիլին սպանվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Euronews-ը:
Խմբավորման առաջնորդը հայտնել է, որ Ոսկանյանը սպանվել է փախուստի փորձ ձեռնարկելու ժամանակ: ՀՀ քաղաքացին այդ ժամանակ վերցրել է նռնակը և պայթեցրել այն՝ վիրավորելով խմբավորման հինգ անդամի: Այդ ժամանակ «Ազգային ազատագրման բանակ»–ի անդամները կրակել են նրա վրա ու սպանել նրան:
Huffington Post-ը գրում է, որ ապստամբ խմբավորման ղեկը նշել է, թե Ոսկանյանի մարմնի հանձնման հարցով բանակցությունները են ընթանալու:
Ուշագրավ է, որ այս տեղեկությունից հետո լրատվամիջոցները հայտնում են, որ վտանգված են խաղաղության հաստատման շուրջ բանակցությունները «Ազգային ազատագրման բանակ»-ի և Կոլումբիայի կառավարության միջև:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, թե Արսեն Ոսկանյանը Կոլումբիա է մեկնել ռուսական անձնագրով և միանգամից ուղևորվել է ջունգլիներ, որտեղ ամեն կոլումբիացի չէ, որ համարձակվում է գնալ, քանի որ այդ վայրերում շատ են թունավոր օձերը և վայրի գիշատիչները: Այդ վայրերում գրեթե ճանապարհներ չկան, դրանք քիչ բնակեցված տարածքներ են, որտեղ արդեն 50 տարի վերահսկողություն են սահմանել Կոլումբիայի ապստամբների բանակի մարտիկները: Ջունգլիներում, ինչպես պարզ է դարձել, Ոսկանյանը բռնել է թունավոր գորտերի: Հավանաբար, նա ցանկացել է դրանք անօրինական ճանապարհով Եվրոպա տանել, որտեղ այդ գորտերը կարելի է վաճառել բարձր գներով: Սակայն արդյունքում թունավոր գորտերի «որսորդը» ինքն է ծուղակն ընկել: Նրան գերեվարել են պարտիզանական ջոկատի մարտիկները:
2017 թվականի ապրիլին տարածվել էր տեղեկություն այն մասին, թե Ոսկանյանին հաջովել է փախչել Կոլումբիայի ապստամբ խմբավորումից: