Հայաստանը պաշտոնապես չի հաստատել, որ մասնակցելու է Ախալցխայում Վրաստանի և ԱՄՆ-ի կազմակերպած հերթական զորավարժություններին: Մասնակցությունն ընդամենը պլանավորել էր: Ամենատարբեր գործոններով պայմանավորված պլանավորման որոշակի վերնայումներ են եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 4-ին «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով համաժողովին այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հայկական կողմը չի մասնակցել զորավարժություններին:
« ՀՀ պաշտպանության նախարարությունը չի հաստատել Հայաստանի մասնակցությունը: Մենք չենք ունեցել մասնակցության պաշտոնական համաձայնություն: Ցանկացած գործողության մեջ միշտ հնարավոր են վերանայումներ ՝ կախված իրավիճակից, զինված ուժերի առջև դրված խնդիրների առաջնահերթությունից»,-ասաց Զաքարյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի մասնակցությամբ պայմանավորված՝ չմասնակցելու գործոնը բացառված է: Այն սովորական աշխատանքային գործընթաց է: Որևէ քաղաքական դրդապատճառ չկա: Մասնակցությանը խոչընդոտող ոչ մի հանգամանք չի եղել:
«ՆԱՏՕ-ն եղել է և կշարունակի մնալ մեր գործընկերը: Միաժամանակ, մենք ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ ենք, և մեր անվտանգության ամենագլխավոր հովանոցը տեսնում ենք ՀԱՊԿ-ում»,– հավելեց Զաքարյանը:
Նրա խոսքով՝ որևէ արտառոց բան չկա, սկզբունքային կամ առանցքային փոփոխություններ տեղի չեն ունեցել: Պլանավորման որոշակի վերանայում բոլորն էլ կատարում են: