Ադրբեջանի խորհրդարանի կողմից Եվրանեսթի ԽՎ-ի համանախագահներին տրված անվտանգության երաշխիքները հիմք են տալիս շարունակելու Բաքվում անցկացվելիք համաժողովին մասնակցելու նախապատրաստական աշխատանքները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
«Մենք չունենք բարդույթներ, որպեսզի մեզ սահմանափակենք, եթե որոշվել է միջոցառումը կազմակերպել Բաքվում, ապա մենք ուզում ենք և կարող ենք գնալ այնտեղ։ Օրերս Ադրբեջանի խորհրդարանի կողմից համանախագահներին ուղղված նամակում բոլոր մասնակիցներին տրվել են անվտանգության երաշխիքներ»,- նշեց Աշոտյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը հայտ է ներկայացրել Եվրանեսթի չորս հանձնաժողովների նիստերը հաջորդ տարի ՀՀ-ում անցկացնելու մասին։
Սեպտեմբերի 22-ին Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները՝ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ Բաքվում կմասնակցեն Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթական, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին։ Այն նվիրված է լինելու կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը։ Հայկական պատվիրակության կազմում է ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը։