Հայաստանի՝ Եվրոպական միության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու հաստատակամություն առկա է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
«Նախագահ Սերժ Սարգսյանն այս հարցի վերաբերյալ բազեականների հետ հանդիպմանը ամբողջական պատասխան է տվել և ես ավելացնելու բան չունեմ։ Կվերահաստատեմ նրա խոսքը, որ ՀՀ-ի ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու հաստատակամություն կա։ Երբ Բրյուսելում համաձայնության եկան համաձայնագրի շուրջ, այդ օրվանից հայտնվեցին մտահոգություններ, որ այն կարող է չեղարկվել։ Այս տեսակետը շարունակվում է, որովհետև որքան հերքվում է՝ այնքան ավելի շատ է քննարկում։ Սա խոսում է այն մասին, որ արտաքին ուժերի ազդեցություն կա»,- ասաց Աշոտյանը։
Դեռևս 2015 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում ազդարարել էին Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը։