ԵԱՀԿ Մինսկի խումբի եռանախագահները առաջարկած են Հայաստանի եւ Ազրպէյճանի արտաքին գործոց նախարարներուն հանդիպիլ Միւնիխի անվտանգութեան համաժողովի նախաշեմին:
Այս մասին լրագրողներու հետ հանդիպման ժամանակ յայտարարեց Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալպանտեան:
«Եռանախագահներն առաջարկել են Հայաստանի արտգործնախարարութեանը հանդիպել Միւնխենի անվտանգութեան կոնֆերանսի նախաշեմին: Առաջարկ է հնչել նաեւ հանդիպում կազմակերպել Հայաստանի եւ Ազրպէյճանի արտգործնախարարների միջեւ: Մենք, ի հարկէ, երբեւէ չենք հրաժարւում որեւէ հանդիպումից: Բայց ինչ վերաբերում է Ազրպէյճանի նախարարի հետ հանդիպմանը, այս պահին չեմ կարող հաստատել»,- նշած է Նալպանտեան` ընդգծելով, որ յայտնի չէ, թէ այս անգամ ինչ խաղեր կրնայ ընել Ազրպէյճանը:
«Պայմանաւորւում ենք մի բան, սակայն վերջին րոպէին նրանք ձեւացնում են, որ ինչ-ինչ պատճառներով չեն կարող, անգամ մեղադրում են, որ հայկական կողմն է հրաժարւում հանդիպումից: Ասացին, որ Համպուրկում ընդհանրապէս հանդիպում չի կայացել, թէպէտ հանդիպումը եղել էր եռանախագահների ներկայութեամբ եւ արտգործնախարարների մասնակցութեամբ»,- ընդգծած է ՀՀ արտաքին գործոց նախարարը` ըսելով, որ թերեւս նախարարներու մակարդակով հանդիպում ըլլայ, եթէ Ազրպէյճան չհրաժարի: