Երեքշաբթի, 24. 06. 2025

spot_img

Պետության Գործառույթի Սահմանը. Գործարարները ստիպված են ֆինանսավորել համալսարանից «համալսարան» անցումը

*ՆՈՒԱՐԴ  ՎԱՀԱՆԷ*

Nvart Vahane

Հոդվածը տպագրվել է Բիզնես Կոնցեպտ պարբերականի 2015 թվականի առաջին համարում:

Համալսարանները իրենց գոյացման պահից քաղաքային մշակույթի արդյունք են և ամենայն հավանականությամբ դեռևս կշարունակեն մնալ այդպիսինը: Եվրոպական քաղաքների մեծացմանն ու արհեստների զարգացմանը զուհագեռ, արձագանքելով ժամանակի շուկայի պահանջին, կրոնական կրթական հաստատություններից դուրս կրթական ծառայությունների մատուցման հարթակների հենքի վրա զարգացրին այսօր մեզ հայտնի համալսարանական համակարգերը: Սկզբնական շրջանում դրանք հիմնականում սպասարկում էին շուկայի անմիջական պահանջարկը, աստիճանաբար Վերածննդի հետ միասին ձևափոխվելով գիտական հետազոտություների իրականացմանը միտված ակադեմիական ազատություններով օժտված համայնքներ, որոնք գիտական առաջընթացի հաշվին իրենց հերթին ապահովեցին շուկայի արդյունաբերականացումն ու այդ հասարակությունների թռիչքային առաջընթացը:

Ժամանակակից աշխարհը, այդ թվում նաև Հայաստանը, ականատեսն են մի շարք մակրոփոփողությունների, որոնք շուկայի միջոցով իրենց անխուսափելի ազդեցությունն են ունենալու համալսարանների շարունակական ձևափոխման վրա: Բնակչության ծերացումը, ժողովրդագրական լայնածավալ տեղաշարժերը, կլիմայի փոփոխությունն ու էներգախնայողության հրամայականները, գլոբալացման ու թվային տեխնոլոգիաների հանրայնացման, տնտեսական ու տեխնոլոգիական առաջընթացի հետ միասին կայուն զարգացման ու անվտանգության նոր հրամայականների միջոցով շուկայում նոր ազդակներ են գոյացնում: Տարբեր կանխատեսումների համաձայն առաջիկա տասնամյակների ընթացքում շուկայում պահանջարկված են լինելու ծառայություններ ու ըստ այդմ նաև մասնագիտություններ, որոնք դեռևս իրենց համարժեք կրթական ծրագրերը չունեն համալսարաններում: Հեռավար բուժական ու բժշկական, այդ թվում նաև վիրաբուժական ծառայություններից մինչև կազմակերպությունների պարզեցման, շրջակա միջավայրի վերականգնման, էներգախնայողության խորհրդատվական, հարմոնիկ միջավայրի ճարտարապետական ու ծերության կազմակերպման ծառայությունները թերևս այդ հսկայական բազմությունից նշված մի քանիսն են, որոնք պահանջում են գիտելիքի և հմտությունների նոր համախումբ: Շուկայի ձևավորվող պահանջարկի ու կրթական ծառայությունների մատուցման տեսանկյունից հանրության կարծրացած սոցիալական պահանջարկի պայմաններում համալսարանները սուղ ֆինանսական պայմանների ու պրիվատիզացված իրողությունների պայմաններում խուսափում են լրացուցիչ ռիսկեր վերցնել և ներմուծել նոր մասնագիտացումներ: Արդյունքում այսօրվա կառուցվածի տրամաբանության ներքո վերջիններս պատրաստում են անցյալի շուկայի համար նախատեսված մասնագետներ, որոնք աշխատանքի շուկայում հաճախ լուրջ խոչնդոտների են հանդիպում: Այսօր, զբաղվածության իմաստով հասարակությունների մեծամասնությունում, այդ թվում նաև Հայաստանում, ամենախոցելի խումբը երիտասարդությունն է, որը աշխատանքի շուկա մուտք գործելիս լուրջ խնդիրների հետ է բախվում:

Չփոփոխվող կամ անհամեմատելի արագություններով զարգացող ավանդական համալսարանական կրթական ծրագրերին զուհագեռ արդեն իսկ գոյանում են բաց կրթական էլեկտրոնային համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս կրթվել ոչ ավանդական միջավայրերում և վավերացնել այդ կրթական որակավորումները: Այս ամենին զուգահեռ ուսանողակենտրոն կրթական համակարգի արժեբանությունը գործողությունները կրթությունից տեղափոխում է դեպի ուսումնառության դաշտ: Այլևս անհրաժեշտություն չկա կենտրոնացված լսարաններում մեկ անձի շուրջ կազմակերպել կրթական գործընթացներ, երբ հնարավոր է տարբեր հարմարեցված հետագծերով անհատականացնել ուսումնառության ընթացքը: Եթե դասավանդումը պահանջում էր փորձագետների ու մասնագետների առկայություն, ապա այս նոր ուսումնառության մոդելի կայացմանը զուգահեռ այն կփոխարինվի ուսումնառության գործընթացը կազմակերպող և ուղղորդող մասնագետներով: Որպեսզի ասածս շատ վերացարկված չհնչի, որպես օրինակ կմատնանշեմ Հայաստանում գործող Թումո կենտրոնը: Այն արդեն իսկ կառուցվել է այդ մոդելի հիման վրա: Առաջիկա տասնամյակների ընթացքում, այլևայլ մասնագիտությունների հետ միասին աստիճանաբար կվերանան նաև ուսուցիչների, վերապատրաստողների և դասախոսների աշխատատեղերը: Դրանց մեծամասամբ կգան փոխարինելու ուսումնառության կազմակերպիչները, դասընթացների նախագծողները, իսկ առանձնացված ինստիտուցիոնալ համալսարանական միջավայրերին կփոխարինեն վերկազմակերպական կառուցվածք ունեցող ուսումնառության համայնքները: Ըստ էության մարդկությունը ականատեսը կդառնա Վերածննդի ակադեմիական համայնքներին նախորդող ուսանողական ընկերակցությունների ժամանակակից տարբերակին: Իրականությունը ևս մեկ անգամ կարող է լրջորեն առերեսվել մի կողմից իշխող պետական էլիտայի, մյուս կողմից կարողությունների տեր հանդիսացող՝ շուկան տնօրինող անձանց ու խմբերի խաչվող ու հակասող շահերի բախման հետ: «Համալսարանը»կդառնա պետության ու բիզնեսի կռվախնձորն ու հնարավոր վերածննդիառհավատչյան:

Գործարարները այս պայմաններում հնարավորություն ունեն մեծ դերակատարություն ունենալու ապագայի «համալսարանի» կերտման հարցում: Վերջիններս լինելով շուկայի զարկերակն առաջինը զգացող դերակատարները հաճախ խոսում են համալսարանական կրթության ոչ համարժեքության մասին: Հայաստանում ամենաարդյունավետ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը բավարարված չէ մաթեմատիկական և ճարտարագիտական կրթական հոսքերի շրջանավարտների որակներից, մինչդեռ համալսարանները գտնում են, որ այդ որակավորումները բավարար են և համապատասխանում են ժամանակակից պահանջներին: Ավելին, համալսարանական վարչարարները պնդում են, որ գործարարները հետաքրքրված չեն ապագայի մասնագետների պատրաստման գործընթացքում մեկտեղել իրենց ջանքները և համամասնակցել կրթության կազմակերպմանը: Իրենց հերթին ոլորտի գործարարաները նշում են, որ նորավարտին աշխատանքին ադապտացնելու համար իրենցից պահանջվում է 3-6 կամ 6-12 ամիս ժամանակ: Առաջարկվում են կրթական ծրագրի վերանայման, պրակտիկայի վերաիմաստավորման, կրթության բովանդակության կիրառականացման, կրթության ժամկետների կրճատման, կարճաժամկետ վերապատրաստման դասընթացների համաֆինանսավորման մարտավարություններ: Սրանք կարճաժամկետ իմաստով վստահ կլուծեն այս ոլորտի ներկա շուկայի պահանջարկի խնդիրները, սակայն երկարաժամկետ իմաստով կարող ենսահմանափակել տեղեկատվական տեխնոլոգիաների հայկականինդուստրիայի զարգացման հեռանկարը, քանի որ չեն մոտարկել ֆուտուրիստական հնարավոր սցենարներ:

Երկարաժամկետ իմաստով մասնավոր հատվածի դինամիզմը առանցքային դերակատարություն ունի երկրի զարգացման գործում, երբ գործարարներն ու ձեռնարկությունները պատրաստ են ֆինանսավորել նորարարություններ, ստեղծել նոր աշխատատեղեր, բարելավել արտադրողականությունը, ըստ այդմ աջակցելով տնտեսական աճին: Համաշխարհային բանկի 2012 թվականին իրականցված հարցման միջոցով փորձ է արվել պարզելու հայկական ձեռնարկությունների նորարարական ներուժը: Հայաստանի առանձնահատկություններից մեկը եղել է ձեռնարկությունը հիմնադրող գործարարների կրթության բարձր մակարդակը: Ուսումնասիրվածների 75 տոկոսը բիզնեսի հիմնադրման պահին արդեն իսկ ունեցել է գիտությունների թեկնածուի աստիճան: Մյուս առանձնահատկությունը, որը տարածաշրջանում առանձնացրել է մեր երկիրը, պայմանվորված է եղել հետազոտությունների և մշակումների անհահեմատ բարձր ծավալով: Հարցված գործարարների 50 տոկոսը նշել է, որ իրենց ձեռնարկությունը վերջին հինգ տարիների ընթացքում ֆինանսավորել է հետազոտություններ և մշակումներ, իսկ 55 տոկոսը նախատեսել է շարունակել ներդրումները առաջիկա երկու տարիների ընթացքում: Հարցմանը մասնակցածների երկու- երրորդը նշել է, որ շուկա ներմուծված նոր ապրանքները կամ ծառայությունները նախորդների վերամշակված տարբերակներն են կամ էլ ամբողջապես նորամուծություն են հանդիսանում: Հայաստանի շուկայում ներկայացված ապրանքների և ծառայությունների 80 տոկոսը նորույթ էր, իսկ 3 տոկոսը՝ նորույթ էր միջազգային շուկայի մակարդակում: Սակայն հատկանշական է, որ այդ ամենում հայաստանյան գործարարները ըստ հարցման նախընտրել էին չհամագործակցել համալսարանների հետ և հետազոտություններն ու մշակումները իրականացնել սեփական ուժերով: Միևնույն ժամանակ հարցմանը մասնակցած գործարարները ամենալուրջ խոչնդոտների եռյակում ներառել են հմուտ աշխատուժի բացակայությունը: Հետաքրքրական է, որ նորարարական ներուժ ունեցող մասնավոր հատվածն ու առանձին գործարարներ իրենց ուժերով և սուղ միջոցներովնախընտրել են հետազոտություններն ու մշակումները իրականացնելմեկուսացած պայմաններում, միևնույն ժամանակ ակնկալելով, որհամալսարանից դուրս եկածները կլինեն համարժեք ու հմուտ:

Ի տարբերություն Հայաստանի առավել զարգացած ՏՀՏ ոլորտի և նորարար մասանվոր հատվածի գործարարների խնդիրների, մյուս հատվածի ու համալսարանի միչև համագործակցության պակասն ու կրթության անհամարժեքությունը ուներ այլ խնդիրներ, որոնց չանդրադառնալ չեմ կարող: Երեք տարի առաջ հումանիտար համալսարաններից մեկի համար իրականացրած հետազոտությանս արդյունքում ինձ համար բացահայտեցի գործարար աշխարհի ու համալսարանի միջև առկա լուրջ անհամապատասխանության մեկ այլ տեսանկյուն: Հետազոտության հիմնական նպատակն էր սահմանել բարձրագույն կրթության որակավորումների և աշխատանքի շուկայի պահանջարկի փոխկապակցվածության աստիճանը: Ուսանողներին ու շրջանավարտներին հարցումներում ներգրավելուց զատ հարցմանը մասնակցել էին թվով 300 գործարարներ այն ոլորտներից, որոնք հետաքրքրված էին այդ բուհի շրջանավարտներով կամ էլ արդեն իսկ աշխատում էին վերջիններիս հետ: Եթե գործարարները շեշտադրում էին մասնագիտական և ընդհանրական՝ համակարգչային ու լեզվական հմտությունները, համալսարանը ի տարբերություն շատ ավելի շեշտադրում էր սոցիալ-զգացական՝ միջմշակութային, թիմային հմտություններն, ինչպես նաև մասնակցային՝ հանրությանը ծառայելու հմտությունները, որոնց կարիքը հարցված գործարարները բացարձակ չէին զգում: Դինամիկ զարգացող շուկաներում, որոնք իրենց միջնորդավորված ազդեցությունն ունեն նաև մեր շուկայի վրա կարևորվում են սոցիալ-զգացական և մասնակցային հմտությունները, քանի որ կրեատիվ՝ նորարարությունների մեծ ինտենսիվություններունեցող հատվածում պահանջարկված են թիմային,միջմշակությաինհաղորդակցական և ինքնակազմակերպական հմտություններ ունեցողաշխատակիցները, ովքեր աշխատում են բարդ ու ոչ ավանդական լուծումներ պահանջող խնդիրների վրա:

Ի՞նչ պիտի անեն գործարարները

Դժգոհություններն ու անհամապատասխանությունները լուծելու համար հարկավոր է հասկանալ նոր հարացույցի առաջադրած շրջանակը: Համալսարանն այլևս գոյություն չունի: Պետք է հասկանալ, որ գործ ունենք նոր «համալսարանի» հետ, որին վերացարկելու և սեփական կարծր ինստիտուցիոնալ սահմաններից հանելու համար հարկավոր են ռիսկերին պատրաստ շահեկիցներ: Պետությունն այստեղ անելիք չի կարող ունենալ: Այն ըստ սահմանման ստիպված է լինելու պաշտպանել առկա սահմաններն ու համակարգը: Գործարարներն իրենք ստիպված են ստանձնել առաջնային դերակատարություն ուսումնառությանհամայնքների գոյացման գործում: Հետևաբար, կարճաժամկետ պահանջների բավարարման ու սեփական շահի անմիջական սպասարկման մարտավարական քայլերի հաջորդականությամբ վերջիններս ստիպված են լուծել «համալսարանի» և «շուկայի» (դեռևս գոյություն չունեցող, բայց ձևավորվող) երկարաժամկետ խնդիրները:

Մեկուսացման կամ ուշացած համագործակցության փոխարեն, գործարարները ստիպված են ավելի ներթափանցել բուհական համակարգ և պարտադրել խորքային բովանդակային ու կառուցվածքային փոփոխություններ: Շրջանավարտների որակը բարձրացնելու ու համարժեք դարձնելու, նրանց ադապտացման ժամկետը կրճատելու, ինչպես նաև սեփական արդյունավետությունը բարձրացնելու համար ձեռնարկությունները ստիպված են մտածել համատեղ հետազոտությունների ու հետազոտական թիմերի ձևավորման մասին: Առանձին կրթական ծրագրերի բովանդակության ու մենթոդաբանության փոփոխության մասին բանակցություններին զուգահեռ և դրանց արագացման ու կայունության ապահովման նպատակով գործարարները իրենք պետք է հետաքրքրված լինեն համաֆինանսավորել բուհերում ուսանող ու դասավանդող անձնակազմի հետ իրականացվող հետազոտությունները: Այդպիսի աշխատանքներում ներգրավված դասախոսները ակամայից կարդիակականան կամ դուրս կմղվեն համալսարանից, տեղ բացելով առավել հեռանկարային անհատների համար, իսկ շրջանավարտներն էլ կունենան այն բոլոր գիտելիքներն ու հմտությունները, որոնք կսպասարկեն թե օրվա շուկան, թե թույլ կտան կրեատիվ ինդուստրիայի մաս կազմել ու գոյացնել նոր՝ ապագայի շուկան: Մյուս կողմից էլ գործարարները համաֆինանսավորման տարբեր սխեմաների միջոցով կկարողանան հետազոտական ավելի մեծ արդյունք ստանալ՝ նվազեցնելով սեփական ռիսկերը: Ավելին, ուսումնառության վերհամալսարանական ու վերկորպորատիվ համայնքներում ներգրավված անձինք մի կողմից կսպասարկեն այսօրվա պահանջարկը, մյուս կողմից հնարավորություն կունենան նաև շարունակել հետազոտել դեռևս անիրատեսական թվացող հիմնարար գաղափարներ՝ հետագայում դրանց մի մասը ապրանքայնացնելու հեռանկարով:

Վերջապես, գործարարները շուկայում երկարաժամկետ շահի սպասարկման տեսանկյունից նաև կարող են հանդիսանալ այն օղակը, որը պետության վերահսկման գործառույթը կդարձնի նպատակային: Համալսարանը պետության հետ բանակցություններում առանց գործարարների խորքային մասնակցության չի կարող հիմնավորել իր ազատություններն ու ինքնավարությունը: Այս պայմաններում պետական հատվածի շարունակական նկրտումները վերահսկել, ապա նաև ուղղակի հսկողություն սահմանել համալսարանների վրա կկործանի համակարգը և կփակի շուկայի հեռանկարը: Գործարարների միջոցով պետության ներթափանցման փորձերը կարող են կառուցողական հակակշռման ենթարկվել և իմաստավորվել: Հետևաբար, ակնկալելու փոխարեն պետք է պահանջել:

Պետությունն ըստ էության համալսարանների պրիվատիզացիայով հնարավորության պատուհան է ստեղծել գործարարների համար ստանձնելու քարշակի ու առաջնորդի դերը: Համալսարանների հետ գործնական հետազոտական համատեղ ծրագրերի իրականացմամբ գործարարները կարող են պետությանը ներկայացնել անհրաժեշտ քայլերի ցանկ, որով ուսումնառության համայնքների գոյացման ու բիզնես շահի սպասարկման համար կստեղծվի բարենպաստ միջավայր: Համալսարանների համար էլ սա կդառնա ինքնասահմանման մի լավ հնարավորությունը, որը հեռանկարում նորից կձևակերպի կրթության հանրային բարիք լինելու բովանդակությունը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին