Սուրեն Թ. Սարգսյան,
ԳԱԱ ՊԻ առաջատար գիտաշխատող
Մեծ տառապանքների, բազմաթիվ փորձությունների, մաքառումների ու հերոսական պայքարի շնորհիվ երկարդարյա ընդմիջումից հետո հայ ժողովուրդը 1918 թ. մայիսի 28-ին նվաճեց իր անկախությունը: Ծնվեց Հայաստանի Հանրապետությունը, որը հայ ժողովրդի դարավոր պայքարի պսակն էր` ամենամեծ վերափոխությունը, որ նոր ժամանակներում կատարվեց հայ ժողովրդի հոգում և գիտակցության մեջ: Միանգամայն իրավացի էր ՀՀ առաջին վարչապետ Հովհ. Քաջազնունին, երբ ասում էր, որ մայիսի 28–ը մեր պատմության ամենամեծ տոնն է և հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28–ը կտոնվի իբրև համազգային անհերքելի ամենամեծ տոն, և ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև: Տոն, որը մեծ խորհուրդ ունի, իմաստ և արժանի ամենայն ուշադրության:
Իսկապես, ո՞րն է այդ օրվա խորհուրդը: Իմ խորին համոզմամբ նախ այն, որ մինչ այդ որպես հպատակ, ենթակա, նվաճյալ ու ռայա գոյատևող հայը այդ օրը հռչակվեց քաղաքացի, իր երկրի տեր ու կառուցող, արարող ու սեփական ճակատագիրը կերտող: Իսկ ազատ երկրի ազատ քաղաքացի դառնալու ճանապարհը երկար է եղել, բարդ ու խոչնդոտներով լի: Դժվարություններ, որոնք հայ ժողովուրդը հաղթահարել ու հաղթահարում է մինչև այսօր: Պատմության տարբեր կեռմաններում կործանման եզրին հասած, օրհասական պահերին միշտ հայ ժողովուրդը կարողացել է համախմբվել, միակամվել և անհնարին հաղթանակներ կռել: Այդպես եղավ նաև 1918 թ. մայիսին, երբ ցեղասպանված, հայրենազրկված ու բոլորի կողմից մոռացված հայությունն ի փոքրաթիվ քաջորդիներով խիստ անհավասար պայմաններում կարողացավ միմյանց հետևից հաղթանակներ տանել: Հայության հավաքական կամքն իսկապես հրաշքներ գործեց այդ օրերին, և մենք հիմնավոր հպարտությամբ ու երախտագիտությամբ ենք դա ասում, քանի որ մայիսյան ճակատամարտերի հերոսների կյանքով ու արյունով Հայաստանը փրկագնվեց մահվան ճիրաններից: Հայության բոլոր հատվածներն ու ժողովրդի բոլոր խավերը պատվով բռնեցին ճակատագրական քննությունը: Եվ դա կատարվեց մի այնպիսի պատմական պահի, երբ շատերն աշխարհում բարձրաձայն կամ իրենց մտքի մեջ արդեն խաչ էին քաշել Հայաստան երկրի և հայության վրա:
Մյուս խորհուրդը, որ կարծում եմ պակաս կարևոր չէ, այն հեղաբեկումն էր, որ տեղի ունեցավ հայ ժողովրդի հոգեբանության մեջ: Մինչ այդ եվրոպաներին ու այլ հզորների ապավինող, նրանց կողմից կառավարվելու և իշխվելու պատրաստ հայը վերափոխվեց, իրեն զգաց իր երկրի ու ապագայի տերը, բանակ ստեղծեց, խորհրդարան, կառավարություն, համալսարան հիմնեց ու իր դիվանագիտությունը: Դարձավ համայն հայության փարոսն ու պահանջատերը, իղձերի ու երազանքների մարմնացումը: Սկսեց ինքնուրույն մտածել, չվախենալ մյուսներից, պահանջել իր հասանելիքները, հոգով լինել անկախ ուազատ:
Կարևոր էր նաև այն, որ աշխարհն ու մարդկային ցեղը սկսեցին ճանաչել հային ու նրա պետականությունը, վերաբերվել նրան ոչ թե կրոնալեզվական ինչ-որ հանրույթի, այլ ձևավորված, ինքնակառավարվելու հասունությունն ունեցող ժողովրդի, ազգի: Ու թեև դժկամությամբ սկսեց բացել շատ պատվարժան կառույցների դռներ ու ներս թողնել հային, դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բանակցել և, նույնիսկ, խորհրդակցել կարևոր հարցերի շուրջ:
Շատ կարևոր մի խորհուրդ էլ կա: Թեև մայիսի 28-ով ծնված երեխան` ՀՀ Առաջինը կարճ կյանք ունեցավ, սակայն կարողացավ իր գոյության երկուսուկես տարվա ընթացքում այնքան հասունանալ, որ դարձավ դպրոց, փորձի շտեմարան ու օրինակ ՀՀ Երկրորդ ու Երրորդ հանրապետությունների համար: Կարողացավ ապահովել մեր անկախության, սեփական պետությունն ունենալու և ճակատագիրը կերտելու շարունակականությունը, կամ այլ խոսքով` հաստ, աներեր ու հստակ գծելու մեր հավերժ գոյատևման ու մշտապես դեպի վեր, դեպի նոր հաղթանակներ տանող ուղեգիծը:
Ի վերջո` 1918 թ. մայիսի 28-ի անկախության խորհուրդը 1991թ. սեպտեմբերի 21-ի մեջ է, մեր նորօրյա հաղթանակների ու նվաճումների մեջ է: Կարծում եմ, որ ոչ ոք չի կասկածում, որ Եղեռնից հետո Սարդարապատ երկնած ժողովուրդն անպայման պիտի իր պատմական ներդրումն ունենար Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի մեջ, ձգտեր անկախության եւ իր պատմական տարածքների ազատագրում ունենար, ունենար Շուշիի ազատագրում, հաղթանակի ու խաղաղության տոն եւ ազատ, անկախ Արցախ:
Շնորհավորելով աշխարհասփյուռ ողջ հայությանն այս պատմական և մեծախորհուրդ տոնի առիթով, ցանկանում եմ ընդգծել, որ դժվարություններն անցողիկ են, որ ավելի անելանելի իրավիճակներում ենք եղել ու պատվով ենք դուրս եկել, սա էլ կհաղթահարենք: Որպես կանոն, հայ ժողովուրդը միակամվել է օրհասական պահերին ու միշտ հաղթել, արդյո±ք ժամանակը չէ, որ միակամվենք, համախմբվենք ու բռունցքվենք նաև հիմա, այս <<շարքային>> իրավիճակում, հաղթահարենք սոցիալական և այլ բնույթի մերօրյա դժվարությունները, կանգնեցնենք արտագաղթը: Վերջապես գործով ապացուցենք, որ թանկ են մեզ համար մայիսն ու անկախությունը, անփոխարինելի` ապագայի նկատմամբ մեր հավատը: Այն հավատը, որի ուժով ծնվեց Մայիսի 28-ը ու մյուս բոլոր եղած ու հաստատ լինելիք հաղթական մայիսները: