Չորեքշաբթի, 02. 07. 2025

spot_img

Պատմութեան Դասերը` ՄԿՐՏԻՉ ԽՐԻՄԵԱՆ

*ՆՈՒԱՐԴ  ՄԱՏՈՅԵԱՆ – ՏԱՐԱԳՃԵԱՆ*

Nevart Darakjian

Գաղափարի Մարդը , Որ Պայքարեցաւ Յանուն Արդարութեան Եւ Ազատութեան

Որպէսզի  Հայը  Չհեռանայ  Իր  Հայրենի   Հողէն

Այսօր , Խրիմեան Հայրիկը վերապրեցնելու պէտք մը կայ մեր ազգային հասարակական կեանքին մեջ: Խրիմեանը՝ որպէս հայ կեանքի բարձր ձգտումներու ներշնչարան, որպէս հայ մտքի ու գաղափարի աղբիւր:

Խրիմեանով պիտի ճանչնանք մեր պատմութիւնը: Պիտի ճանչնանք  հայ կեանքը իր ուրախ եւ տխուր կողմերով: Պիտի տեսնենք հայուն առաքինութիւններն ու բարոյական հիմքերը:

Խրիմեան, հայ կեանքը կ՛աւանդէ մեզի հայրական ջերմ զգացումներով , հայ ժողովուրդի մաքառումներով, հայոց հայրենաբաղձ բարքերուն նկարագիրով:

Մկրտիչ Խրիմեան, հերոսատիպ քաջ անձնաւորութիւն մը, հայոց պատմութեան յիշարժան ակնառու դէմքերէն մէկը, որ շնորհիւ իր անբասիր նկարագրին , իր  իմացական ունակութիւններուն  եւ  կարողութիւններուն , հայ ժողովուրդին  անձնուրացաբար ծառայելու իր նուիրումին , մեծարուեցաւ  «Հայոց Հայրիկ » պատուանունով: Խրիմեանը Հայ ժողովուրդին համար դարձաւ հայրենասիրութեան խորհրդանիշ, հայ երիտասարդութեան համար՝ Հայաստանի ազատագրման ուղեցոյց:

Մկրտիչ Խրիմեան ծնունդով Վանեցի (1820 – 1907), պատանի  տարիքէն ծրագրած էր ուսումնասիրել հայրենի երկիրը, հայոց պատմութիւնը եւ հայ ժողովուրդի ներկան:

Խրիմեանի մշտական հոգն ու մտասեւեռումը եղաւ հայ ժողովուրդին բարօրութիւնը: Իր նպատակակէտը դարձաւ հայութեան լուսաորութիւնը, մտային  զարգացումն ու հոգեկան ազնուացումը: Այն տուեալները, որոնք ճամբայ պիտի հարթէին հայ ժողովուրդին ձեռք բերելու իր քաղաքական ազատութիւնը:

Ժողովրդանուէր  այս  ծրագիրը իրագործելու համար, Խրիմեան ապաւինեցաւ իր գրիչին  ու իր կենդանի խօսքին : Իր պարզ ու ազդեցիկ քարոզն ու ճառը , ունակ էին ոչ միայն մտքեր արթնցնելու , այլեւ արտայայտելու  կեանքի  ճշմարտութիւնը: Իր խօսքը կը հնչէր  սրտաբուխ, անկեղծ ու անպաճոյճ:

1849-ին «Բազմավէպ» -ի մէջ լոյս կը տեսնէ Խրիմեանի առաջին քերթուածը՝  գրուած Վիրգիլիոսի « Մշակականքի » հայերէն թարգմանութեան առիթով: Երիտասարդ  գրագէտը շեշտելով հայրենանպաստ գործնական ջանքերու առաջնայնութիւնը, գրական–մշակութային եւ այլ կարգի գործունէութեան  մէջ, մեծահամբաւ բանաստեղծ թարգմանիչ՝ Արսէն Բագրատունիին, դիմելով կ՛ըսէ .-

Հայր , առաւել արժանի էր քեզ ոչ զօտարին քնար հարկանել …

Եւ  դու ի յԱրարատ առ դրախտին երանի թէ

Նստէիր, նուագէիր զարարատեան գեղեցկութիւն .

(«Խրիմեան Հայրիկ Երկեր» 1992 էջ 6)

Հայրենասիրական  ջերմ ոգիով, Խրիմեան հեղինակեց  «Հրաւիրակ Արարատեան» (1850 թ .)   չափածոյ գրութիւնը: Խրիմեան նկարագրելով երկրին ներկայ վիճակը, աշխարհի չորս կողմերը ցրուած հայ ընթերցողին կ՛առաջնորդէ դէպի Հայաստանի նուիրական վայրերը, հայրենաբաղձութեան հուրը արծարծելու նպատակով:

1855-ին , Կ. Պոլսոյ մէջ Խրիմեան կը հրատարակէ « Արծուի Վասպուրական» հանդէսը, որ երեք տարի ետք կը փոխադրուի Վարագ : Այս եղաւ առաջին  պարբերական հրատարակութիւնը հայրենի հողին վրայ: Հանդէսին կ՛աշխատակցէին իր հիմնած ժառանգաւորաց դպրոցի սաները՝ Գարեգին Սրուանձտեանցը, Արսէն Թոխմանեանը եւ ուրիշներ:

Խրիմեանի գրական ասպարէզ մուտքը առաւել կ՛իմաստաւորուի իր « Պապիկ եւ Թոռնիկ » գործով ( 1894), որ ինքնին պատգամ մըն է ուղղուած հայ ժողովուրդին: Հայրենասիրութեան կոչ մըն է վառ պահելու սէրը հայրենի հողին նկատմամբ, ճանչնալու հայրենի իրականութիւնը , իր կենցաղով  ու աւանդոյթններով:

Հայրենասիրական եւ ընկերային նիւթեր շօշափող իր գործերը վերացական ըմբռնումներ չեն : Ինչպէս՝ « Դրախտի Ընտանիք » , « Սիրաք Եւ Սամուէլ» , կրօնա – իմաստաբանական երկեր  ( « Վերջին Շաբաթ Եւ  Խաչի Ճառ » ) , « Մարգարիտ Արքայութեան Երկնից » ) , հրապարակախօսական – պատմական յօդուածներ ( « Ժամանակ եւ Խորհուրդ Իւր » , « Թագաւորաց Ժողով » , « Ծրագիր Բարենորոգմանց » եւայլն) , բանաստեղծութիւններ , որ ամփոփուած են  « Վերջալոյսի  Ձայներ » ժողովածուի մէջ :

Խրիմեանի ամբողջ կեանքին նպատակը , իր անմնացորդ նուիրումը եղաւ  բռնատիրութեան ճիրաններէն ազատագրել Հայաստանը: Իր բաղձանքն էր աշխարհով մէկ  սփռուած հայերը հաւաքել հայրենիքին շուրջ: Հայոց հոգեւոր եւ նիւթական բոլոր ուժերը կեդրոնացնել  Հայաստանի մէջ, ստեղծել այնպիսի պայմաններ , որպէսզի հայը չհեռանայ հայրենի հողէն, իր բազմադարեան հայրենիքէն: Որպէսզի հայը չհեռանայ  իր «դրախտանման ոստանէն»:

Խրիմեան  Հեռատես  Եւ  Իրատես  Առաջնորդը

Իր դաւանած հաւատամքին կառչած Հայոց Հայրիկը, իր գրիչով ու իր խօսքով պայքարեցաւ խաւարի ու յետամնացութեան դէմ:  Ընդվզեցաւ մարդկային անարդարութիւններուն դէմ, յանուն « Խաչեալ Արդարութեան» :

1876 –ին , Վանի հրդեհն ու կողոպուտը Խրիմեանին մղեցին հեղինակելու « Վան Գոյժը »: Ցաւով, արիւնով ու արցունքով գրուած այս քնարերգութիւնը  ոչ միայն կը նկարագրէ աղէտը, այլ հեղինակը գիտակցելով  աղէտին արհաւիրքը, զգտաստութեան կը մղէ իր ժողովուրդը: Բաւական չէ « լալ միայն » հայրենի կորուստներն ու դժբախտութիւնները , – կ՛ըսէ Հայրիկը, – այլ անհրաժեշտ է գործնական քայլերու դիմել : « Սակայն դուք մի՝ վհատիք , Աւետարանի հարուածեալ որդիքներ, յոյս առ ու քաջալերուէ , ժողովուրդ  հայոց երկհազար ամ է , որ միշտ ջախջախուիս ու չես մեռնիր – Պարսիկ , Յոյն , Արաբացին եւ Կովկասեան բարբարոս ազգերը միշտ արշաւեցին ու քանդեցին քո հայրենիք , բայց դու անվկանդ՝անյուսահատ տոկացող ոգի մը ունիս , որով կ՛ապրիս ու կը  մնաս  մինչեւ  ցայսօր » :

                                                            ( « Խրիմեան Հայրիկ Երկեր» « Վանգոյժ» էջ 422 )

Իսկ երբ կը  ծագի Ռուս – Թուրքական պատերազմը, աղէտը աւելի կը մեծնայ: Այս անգամ Խրիմեան հեղինակեց « Հայ Գոյժը » , ողբալով  հայոց բաժին ինկած  դժխեմ ճակատագիրը : Ան կը նկարագրէ « Վայրագ խուժերուն ձեռքէն հայոց անտէր ժողովուրդի » -ն կրած տառապանքները :

Այս առընչութեամբ արժէ յիշել, թէ Խրիմեանի վերոյիշեալ երկու գործերը բաւական էին հայ  պատմագրութեան մէջ Խրիմեան Հայրիկիը հռչակելու «ԺԹ. Դարու Խորենացի» :

Իր բազմաթիւ հետաքրքրական դիտողութիւններէն մէկուն մէջ, ան կը մերժէ սպասողական համբերող հայեցողական դիրքորոշումը , ուրիշին յոյսերով ապրիլը  շեշտելով , թէ.- « Մեծապէս եւ առաւել կը սխալին ժողովուրդներ ունայնամիտ յոյսերով, երբ իրենց բաժնին եւ ուժին չափով յառաջդիմութեան ճանապարհ չեն բանար, այլ ամենայն ինչ կառավարութենէն կը սպասեն » : Ան կը ձգտէր ժողովուրդին մէջ ինքնավստահութիւն յառաջացնել ըսելով , – « Գիտցիր այսուհետեւ դու ես միայն քեզ օգնական » :

                                                            (« Խրիմեան Հայրիկ Երկեր » էջ 9 )

Այսպիսով Խրիմեան Հայրիկը կը յանգէր այն համոզումին , թէ միամտութիւն է ուրիշներու հետ յոյս կապելը , այն ինչ որ հաւասար է ինքնասպանութեան .  « Այն ազգ եւ աշխարհ որ հայ  չէ , մեզ հետ չի լար , այլ մեզ չէ պէտք օտարին լաց :  Ես  գիտեմ  եւ դու գիտես  թէ սոսկ լալով ու ողբերով եթէ  շաղախենք մեր հայրենեաց հող՝ հայրենիք չշինուիր » :

(« Խրիմեան Հայրիկ Երկեր » « Հայգոյժ » էջ 428 )

Հայոց Հայրիկը միշտ եղած է լաւատես : Ան կը հաւատար իր ժողովուրդի գալիքին , եւ հետեւաբար անհրաժեշտ կը համարէր ժողովուրդին մէջ անմար պահել յոյսն ու հաւատը: Այն յոյսով, որ « Օր մը եւս Երկինք այդ կենդանարար ցօղ հայոց դաշտերուն վերայ կը ցօղէ . դու կը տեսնես թէ ի6նչպէս Հայոց աշխարհն եւս կը վերածնի հրաշիւք:  Միայն թէ մենք աննկուն արիութեամբ գործենք , եւ Աստուած մեր օգնականն է » :

Հայ Ժողովուրդի Ազատագրական Պայքարի  Ջահակիրը

1876-ին , երբ հռչակուեցաւ Օսմանեան սահմանադրութիւնը, հայ մտաւորականութեան եւ հայ ժողովուրդին մէջ ազատութեան յոյսեր արթնցան :

Խրիմեան Հայրիկ այդ օրերու իր խոհերն ու մտորումները կ՛արտայայտէ իր հեղինակած, « Ժամանակ եւ Խորհուրդ Իւր» գիրքին մէջ,  ուր խանդավառուած կ՛ըսէ .- « Հասա՛ւ , հասա՛ւ այն ազատաբեր ժամանակ… քեզ աւետիս կուտամ , ժողովուր՛դ , լըռած լեզուդ եւ փակուած բերանդ բաց այսուհետեւ, խօսիր եւ գրէ՛, որչափ սահմանադիր Օրէնք ազատութիւն կուտայ , խօսի՛ր եւ իրաւունք խնդրէ»:

                                                            ( « Խրիմեան Հայրիկ Երկեր » էջ 242)

Թէեւ այս խանդավառութիւնը սահմանադրութեան տուած խոստումներուն հաւատալու ցանկութիւնն էր: Բայց եւ միաժամանակ հայոց  հայրիկը  չէր  թաքցներ իրատեսի իր զարմանքը , երբ կ՛ըսէ .- « Մարդ չէր հաւատար, որ հինգ հարիւր տարեկան թուրքիոյ պառաւցած եւ ամուլ մայրը երկնելով հին աշխարհին  համար նոր Մանուկ սահմանադրութիւն մը ծնէր » :

( « Ժամանակ եւ Խորհուրդ Իւր » Էջ 239)

Երբ հայրիկը Պեռլինի վեհաժողովին Խորէն Եպիսկոպոս Նարպէյի , Ստեփան Փափազեանի եւ Մինաս Չերազի հետ հայոց հարցը կը ներկայացնէր, այնտեղ ականատես կ՛ըլլայ մեծ տէրութիւններու դիւանագիտական խաղերուն, եւ վերջնականապէս կը համոզուի, թէ «Արեւմտեան քաղաքակիրթ աշխարհին մէջ արդարութիւն հանգուցեալ է տիրապէս» :

Այդ  մասին կը յիշուի Մինաս Չերազի օրագրութեան մէջ « Թէ ինչ հրէշ էր այն իսկ եւրոպական դիւանագիտութիւնը, որուն գութը շարժելու համար սպանդանոց կը քշուէր թրքահայ գիւղացիութիւնը» :

 ( Ծ. Աղայեան էջ 77)

Վերջապէս հայոց հայրիկը կը նկատէ , թէ սիրալիր խոստումները ոչ մէկ օգուտ կրցան բերել հայ ժողովուրդին : Որովհետեւ՝,- « Այս քաղաքակիրթ  աշխարհիս մէջ  մարդագելեր պիտի ուտեն թուրքաստանի մեծ կտոր միսերը , զրկեալ հայուն գէթ կտորիկ մի ոսկոր պիտի թողու՞ն » :

( Ծ. Աղայեան էջ 77)

 Ըմբռնելով տիրող իրականութիւնը, Հայոց Հայրիկը կուգար հաստատելու  Պիսմարգի հռչակուած քաղաքական թէզը՝ « իրաւունքը  հզօրինն է » ( Ծ. Ա. Էջ 77)

Եւ այսպէս հիասթափուած վերադառնալով վեհաժողովէն , Հայոց Հայրիկը դառնացած  կ՛անդրառնայ, թէ անտեղի եւ ի զուր էին հայ ժողովուրդին յոյսն ու հաւատը քաղաքակիրթ եւրոպական  տէրութիւններուն հանդէպ : Թէ քաղաքակրթութիւնն ու մարդասիրութիւնը աւելի շպար , դիմակ են քօղարկելու համար  դիւանագէտներուն քաղաքական հաշիւները:

Մտքի անկախութեան հասնելու համար , Խրիմեան կը ձգտէր ազատութեան գաղափարը սերմանել հայ ժողովուրդին մէջ  :« Երանի թէ ազատ շնչով , ազատ ձայնով եւ ազատ գրչով լայինք, ո՜հ , մանուկ քան զմեզ ազատ է եւ ազատաբար կուլայ , մեք հեղձամղձուկ լինելով կուլանք, եւ դու գիտես որ մեր աշխարհին մէջ լացն եւս ազատութիւն չունի:

                                                            ( « Խրիմեան Հայրիկ Երկեր » « Հայգոյժ» էջ 428 – 429)

Հայրիկին իմաստալից խօսքերը կը նկարագրեն պատմական իրողութիւններ  եւ այդ ժամանակաշրջանի  իրադարձութիւնները : Ինչպէս որ թեւաւոր խօսք  դարձաւ Պեռլինի վեհաժողովի մասին իր  «թուղթէ  շերեփին » փոխաբերութիւնը :  Երբ կ՛ըսէ   .- « Պեռլինի մէջ հոգեճաշ հարիսա կը ցրուէին բոլոր հպատակ ազգերուն , ինծի ղրկեցիք որ հայերուն ընկած մասը առնեմ- բերեմ : Ուրիշ ժողովուրդներ « այնտեղ ապուրը » երկաթէ շերեփով կը ճաշակէին ,  իսկ մերը « թուղթէ շերեփ » էր» :

                                                                        ( Բ. Ուլ. « Զրուցարան» էջ 544)

Հետագային, հայ ազատագրական պայքարի գործիչները, մեկնաբանելով Խրիմեանի արտայատած  « Երկաթէ Շերեփին » իմաստը , իրենց համար կը դառնար ուղեցոյց : Այդ նշանաբանով՝  թէ զէնքի ուժով պէտք է նուաճել հայոց իրաւունքները, անոնք առաջնորդուեցան նուաճելու համար հայոց իրաւունքները:

 

            Ազգային Հարցերով Տագնապող Պատրիարքը

1869 –ին  Խրիմեան կ՛ընտրուի Կ. Պոլսոյ Պատրիարք: Պաշտպանելով ժողովուրդներու հաւասարութեան օրէնքը, Հայոց Հայրիկը միշտ մնաց պայքարող տիրող հարստահարութեան եւ անարդարութեան դէմ: Ան կը հաւատար , թէ « Իշխանութեան զօրութիւնը եւ հաստատութիւնը՝ արդար եւ հաւասար օրէնքն է , որ երկրին օրէնք անաչառ ճշդութեամբ հաւասարապէս գործադրէ տկարին եւ զօրաւորին վերայ » :

                                                            ( « Խրիմեան  Հայրիկ  Երկեր » էջ 334)

Խրիմեան  յատկապէս կ՛ընդգծէ այն միտքը՝ թէ  « Իշխանութիւն չարապէս կը զեղծանի եթէ երկրին չարերը չպատժէ պարզապէս , այլ թողու որ աճելով բազմանան եւ հեղձուցանեն  բարիքները » :

( « Խրիմեան  Հայրիկ  Երկեր »  Էջ 337)

Մատնանշելով բռնատիրական կարգերու յարուցած չարիքները , մարդասիրական գաղափարներով  առաջնորդուած Հայրիկը կ՛ըսէ . –  « Ո՛վ  չի գիտեր , որ երկիր մը բռնութենէն եւ զրկանքէն միապէս կը զրկուի բնակիչ  ժողովուրդ , եւ կը թշուառանան առ հասարակ սովու եւ տառապանց մէջ. Ղուրանի եւ Աւետարանի որդիքներն՝ երկու դասն ի միասին պիտի նստին ու լան, մէկ դասն արեւուն տակ եւ միւսն գիշերավար լուսնին, հա՜ց հա՜ց աղաղակեն» :

 

«Միթէ նա որ յափշտակեց ընկերին հաց, նա կու6շտ պիտի ուտէ: Ո՛չ , ո՛չ. զրկանաց  ու յափշտակութեան հաց առաւօտէն մինչեւ իրիկուն չի տեւեր, շուտով կը սպառի , զի այն հացն է միայն արդար ու անսպառ՝ որ մարդոց ճակատին քրտանց՝ արդար վաստակն է » :

( « Խրիմեան  Հայրիկ  Երկեր » « Վանգոյժ» էջ 254)

 

Հազիւ հինգ տարին լրացած, Խրիմեան կը հրաժարի պատրիարքութենէն:

 

 

Ինչո|ւ հրաժարեցաւ Հայոց  Հայրիկը:

Որովհետեւ՝ Խրիմեանի ծաւալած լուսաւորական լայն գործունէութիւնը, պէտք եղած ընդունելութիւնը չգտաւ հայ հասարակութեան շարքերէն ներս,  ուր կը տիրէր անհամերաշխ մթնոլորտ մը : Իր դէմ լարեց կարգ մը պատասխանատու անձեր, որոնք տարուած էին երեսփոխանական շահագրգռութիւններով եւ առօրեայ բանավէճերով: Անոնք  չկրցան հասկնալ Հայոց Հայրիկին ազգին յառաջդիմութեան ու բարեկեցութեան ի խնդիր տարած աշխատանքը: Անոնք իրենց հետապնդած նպատակներուն հասնելու համար, փորձեցին անհիմն զրպատրութիւններ տարածել Խրիմեանի հասցէին:

 

Հայոց Հայրիկը հրաժարեցաւ, որովհետեւ դժուար էր յաղթահարել փառասիրական տենչով տարուած մարդոց նեղ մտայնութիւնը, որ շատ անգամ ամլութեան դատապարտած է մեր ազգին իսկական արժանիքներն ու ստեղծագործական կարողութիւնները:

 

Եւ որովհետեւ՝ Խրիմեան լի էր զարմանալի աւիւնով ու կորովով, ունէր իրատես ու խորաթափանց հայեացք Ազգային խնդիրներու նկատմամբ: Այդպիսի դժուարութիւններ երբեք չկրցան ընկճել իր կոչումին եւ իր գործին արդարացիութեան խոր գիտակցութիւնը ունեցող հոգեւորականին, որ իր մտքի ու հոգիի ուժեղ լարումով կրցաւ յաղթահարել խոչընդոտները:

 

Այդ  մասին Խրիմեան սրտցաւօրէն   կ՛անդրադառնայ  իր հրաժարման խօսքին մէջ: Ազգային Սահմանադրութեան Վերաքննիչ Յանձնաժողովին ուղղուած իր  նամակին մէջ կը  մատնանշէ հետեւեալը.-

 

« Ազգային Սահմանադրութեան Վերաքննիչ Յանձնաժողովոյն » ,

 

«Քանի մի օր յառաջ յայտագիր մը ընդունեցի Վերաքննիչ Յանձնաժողովոյդ Ատենին որով մեր կարծիքն ու դիտողութիւնները կը խնդրէք Սահմանադրութեան մէջ պարունակեալ վերաքննելի յօդուածոց վերայ »:

 

« Առ այս, ինչպէս բերանացի ձեր Ատենին խօսեցայ, առայժմ միյան խիստ հակիրճ բանիւք առաջին դիտողութիւնս կը յայտնեմ » :

 

 

 

« Ազգային վարչական կազմութիւնը – բաց յ՝ընդհանուր ժողովէն – միշտ անբաւական եւ անձեռնհաս է համայն Թուրքիոյ Հայոց Ազգին խնդիրներն ըստ օրինի եւ ընթացիկ եղանակաւ լուծելու, թէ օրուան պատահական խնդիրները, թէ ներքին եւ կենսական գործերը , որք անհատական մասնաւոր անձի մը կամ առանձին գաւառի մը չեն վերաբերիր, այլ բովանդակ ազգին , Զի Ազգին շահ եւ յառաջդիմութիւն այս խնդրոց մէջն է » :

 

« Այս խնդիրներն իսպառ բարձի թողի եղած են, միայն բերանով կը խօսուին. լրագիրք կը քարոզեն, բայց առանց արդեանց եւ առանց ձեռնարկութեան մնացած են մինչեւ ցայսօր, եւ սորա ներքին բուն պատճառն է վարչական ժողովոց սակաւութիւնը եւ ժամանակի անձկութեան պայմանը» :

                                                                        ( « Խօսք  Հրաժարման » էջ Բ – 12)

 

«Ստուգապէս խօսելով որ Պոլսոյ համարեայ թէ , հարիւր հազար հայ բնակչաց խնդիրները, կը հաւասարին երկու միլիոն գաւառացի հայոց խնդիրներուն, կը թողում, չեմ յիշեր թէ ինչպէս շատ անգամ Տեղական խնդիրները նախապատուութեամբ եւ զօրութեամբ կը նուաճեն Գաւառացւոց խնդիրները: Այս շփոթութիւնը եւ այս ընթացքը , մեծ եւ ահագին զրկանքներ պատճառած է երկու մասին եւ, թէ՛ Մայրաքաղաքիս Հայոց եւ թէ Գաւառականաց . եւ զարմանալին այն է որ այս զրկանաց վերայ երկու մասն եւս անտարբեր մնալով չեն խելամտիր եւ գոնէ իրաւացի բողոքներ բառնալ »:

( « Խօսք Հրաժարման» էջ Բ – 13)

11 Յուլիս 1873

  Ի  Պատրիարքարանի Հայոց

Ազգին  Յառաջդիմութեան  Ցանկացող

              Կ. Պոլիս                                                            Ստորագրութիւն

 

 

 

Եւ վերջապէս Հայոց Հայրիկը կը հասնի այն համոզումին , թէ բարձր պաշտօն ստանձնելը բաւարար չէ ազգին յառաջդիմութեան նպաստելու:

Իր մէկ նամակին մէջ կը գրէ .- « Պիտի դառնամ հայրենիքս, լռեմ , բերանս հողին տամ, թուղթ ու գրիչ սիրեմ, վասն զի փորձառութեամբ հասկցայ , որ այս աշխարհին մէջ մարդ մեծ պաշտօնի գլուխ անցնելով կարող չէ այնպէս մեծագործել , ինչպէս իւր եւ ազգին փափագն է » :

            ( « Խրիմեան  Հայրիկ  Երկեր »  Էջ 7)

Անդրադառնալով անցեալի իրադարձութիւններուն , որքան օրինակելի եղած է Հայոց Հայրիկը իր գործով ու գաղափարներով : Եւ այդ գաղափարի նկատմամբ իր անխախտ հաւատքով , իր վարքով ու բարքով:

 

Խրիմեան ամենայն պատասխանատուութեամբ եւ հետեւողականութեամբ  կ՛ուզէր  լուծել  իր  առջեւ  դրած  ազգային  խնդիրները:  Ան երբեք չմեղանչեց զինք զրպարտողներուն դէմ:

 

Թէեւ , Հայոց Հայրիկին դիպուկ նկատողութիւններն ու խօսքերը , իմաստուն խորհուրդներով յագեցած իր գործերը մեծ ազդեցութիւն ունեցան ժամանակի հայ հասարակական կեանքէն ներս: Սակայն,  չկրցան վերացնել մեր ազգային կեանքի անբուժելի ախտերը:

 

Ինչ  խօսք , որ Խրիմեանի գրածները կը բխէին խոր համոզումէ մը: Ան իր ամբողջ կեանքը նուիրեց հայ ազգի յառաջդիմութեան: Իր մտահոգութիւններուն գլխաւոր առանցքը  եղաւ որոնումը ճշմարտութեան եւ արդարութեան , խորապէս հաւատալով մարդկային դատողութեան ու բանականութեան: Թէեւ Ան կը նկատէր , թէ  մարդկութիւնը միշտ եղած է անտարբեր պատմական արժէքներ ստեղծող ժողովուրդի մը հանդէպ: Սակայն Հայոց Հայրիկը երբեք չյուսահատեցաւ: Իր մտածումներուն մէջ Ան  միշտ վառ պահեց արդարութեան յաղթանակը:

 

Այսօր, վկայակոչելով անցեալի իրադարձութիւնները պէտք է խոստովանիլ, թէ  Խրիմեանի արծարծած խնդիրները պահած են իրենց թարմութիւնն ու այժմէականութիւնը, որոնք լուրջ մտածումներու, խորհրդածութիւններու եւ հարցադրումներու նիւթ պարտին ըլլալ ամէն գիտակից հայու համար:

 

Միթէ  քաջութիւնը   ունեցած  ենք   երբեւէ անդրադառնալու մեր սխալներուն, ճանչնալու մեր տկարութիւնը:

 

Ինչո՞ւ   չենք  կրցած  տեսնել  մեր  թերութիւնները.

Որովհետեւ չենք փորձած իւրացնել ու իմաստաւորել պատմութեան դասերը: Այլ կը ձգտինք դիրքի ու պաշտօնի, ու կը տարուինք անձնական հաշիւներով : Անցնող տասնամեակները չկրցան փոխել մարդոց նեղ մտայնութիւնը:

 

Ի՞նչ  Կը  պատգամէ  Հայոց   Հայրիկը.

  • Բարոյապէս սնանկ է անհատը , երբ իրեն կը պակսի ազգային գիտակցութիւմը, ազգային հպարտանքի զգացումը, որ կու գայ ազգային ինքնաճանաչումէ , որ իր սնունդը կ՛առնէ հայոց անցեալէն՝ ինչ որ գեղեցիկ է , վսեմ ու հերոսական հայրենի պատմութեան մէջ:
  • Ապաւինիլ մարտական ուժին, ի գործ դնելով բարոյական եւ իմացական մեր կարողութիւնները : Չհեռանալ հայութենէ պայմաններու բերումով, կառչած մնալ հայրենի հողին:

Այս  ձգտումը կը համապատասխանէ   հայութեան յառաջդիմութեան բարձր սկզբուքներուն:

  • Ժողովուրդներու պատմութեան մէջ բախտորոշ դեր ունին ոչ թէ  այնքան արտաքին պայմանները, ոչ ալ քաղաքական դիրքորոշումները , որքան  իրենց հոգեբանական  նկարագիրը: Այսինքն՝ ժողովուրդին ճակատագիրը, գոյութեան պայմանները սերտօրէն կապուած են իր ներքին հոգեկան դրութեան հետ:

 

Այս բոլորէն կ՛ուզենք եզրակացնել՝ թէ մեր քաղաքական եւ դաւանական խտրութիւնները վերջ  պիտի գտնեն այնտեղ՝ երբ կը բացակայի արժեչափերու խախտումը: Երբ կը սկսի հասարակաց միաբանութեամբ զարգանալ անհրաժեշտութաեան   գաղափարը , հայրենաբաղձութեամբ կառուցելու հզօր Հայաստանը :

 

Այս կը պատգամէ յաւերժի ճամբորդ՝ Խրիմեան Հայրիկը:  Ան որ հայ կեանքէն ներս գործեց որպէս ազատատենչ ու արիասիրտ Առաջնորդ , որպէս քաջակորով ու իմաստուն առաքեալ ,  որուն խոհական խօսքն ու վսեմ գաղափարները , մարդկութեան կեանքի եւ հայութեան ապագայի մասին իր մտածումներն ու հայեացքները , յաւերժ կը մնան հայ ժողովուրդի զաւակներուն մէջ, լուսաւորելու համար սերունդներուն կեանքի ուղին:

 Հալէպ

Պատմական Աղբիւրներ

  • «Խրիմեան Հայրիկ» «Երկեր», Երեւան, 1992
  • «Խրիմեան Հայրիկի Ամբողջական Երկեր» հրատարակութիւն հայ կրթական հիմնարկութեան Նիւ Եորք 1929
  • Ամենայն Հայոց Հայրիկ, Պոսթոն, 1952
  • «Հայ Ժողովուրդի Ազատագրական Պայքարի Պատմութիւնից» Ծատուր Պ. Աղայեան, ՀՍՍՀ Գիտութիւնների Ակադեմիայի հրատարակչութիւն – Երեւան, 1976
  • «Զրուցարան, Ծաղկաքաղ Հայոց Պատմութեան» Բագրատ Ուլուպապեան, Երեւան, «Արեւիկ» 1991
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին