Դեկտեմբերի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսություն, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, պետական, հասարակական գործիչներ, սփյուռքյան կառույցների ներկայացուցիչներ, գիտնականներ, մտավորականներ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց կոմիտեի անցած ուղին և նրա դերը Հայրենիք-Սփյուռք գործակցության պատմության մեջ, այնուհետև նա տեսապատկերաշարով ներկայացրեց կոմիտեի գործունեությունը, իրականացրած ծրագրերը, կառուցվածքն ու ձեռքբերումները:
Նախարարը նշեց, որ 1960-ական թվականներին հայ ժողովուրդը հոգևոր զարթոնք էր ապրում և նման կառույցի ստեղծումը կենսական անհրաժեշտություն էր: 1964թ. ՀԿԿ առաջին քարտուղար Յակով Զարոբյանի անմիջական աջակցությամբ և Հայաստանի առաջադեմ ուժերի ջանքերով ստեղծվեց Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն, որի նախագահ նշանակվեց Վարդգես Համազասպյանը: Կոմիտեն իր գոյության ընթացքում երեք նախագահ է ունեցել, բոլորն էլ գիտնականներ և պետական գործիչներ: Համազասպյանի գործը շարունակեցին Կառլեն Դալլաքյանը և Հրաչիկ Սիմոնյանը: Կոմիտեն լայնածավալ և համընդգրկուն գործունեություն է ծավալել Սփյուռքում հայապահպանության, հայկական մշակույթի տարածման, Հայրենիքի և Սփյուռքի փոխճանաչողության ուղղությամբ:
Կոմիտեի թիմը պրոֆեսիոնալ և գրագետ, հմուտ ու շրջահայաց աշխատակիցներից էր բաղկացած: Կառույցի շուրջը հավաքվել էր Հայաստանի և Սփյուռքի ամենատաղանդավոր արվեստագետների ու մտավորականների ողջ սերուցքը և բոլորն անխտիր աշխատում էին, իրենց ավանդը բերում Հայրենիք-Սփյուռք կապերի զարգացման, ազգային խնդիրների լուծման գործին. Վիկտոր Համբարձումյան, Սիլվա Կապուտիկյան, Պարույր Սևակ, Վիլյամ Սարոյան, Ալեք Մանուկյան, Գառզու, Սեն Արևշատյան, Վարդգես Պետրոսյան, Մորուս Հասրաթյան, Էդվարդ Միրզոյան, Ալիսիա Կիրակոսյան և այլք:
Նախարարը նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունն իր ստեղծման առաջին իսկ օրերից փորձել է կիրառել կոմիտեի բարի ավանդույթներն ու փորձը:
Բանաստեղծ, կոմիտեի աշխատակից Ռազմիկ Դավոյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի 50-ամյակի միջոցառումը կազմակերպելու համար, կարևորեց կոմիտեի գործունեությունը Հայրենիք-Սփյուռք կապերի զարգացման գործում:
Ելույթ ունեցան և իրենց հուշերն ու տպավորությունները ներկայացրեցին Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախկին աշխատակիցներ Պետրոս Պետրոսյանը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, Սեյրանուհի Գեղամյանը, Արթուր Նավասարդյանը:
Ելույթ ունեցան նաև այն արվեստագետները, ովքեր մասնակցել են կոմիտեի կողմից սփյուռքյան համայնքներում իրականացրած ծրագրերին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը, ովքեր ողջունեցին ներկաներին իրենց կատարումներով:
Նախարարությունը կազմակերպել էր կոմիտեի գործունեությունը ներկայացնող լուսանկարների և պարգևների ցուցահանդես:
Ցուցադրվեց կոմիտեի նախաձեռնությամբ Վիլյամ Սարոյանի Հայաստան կատարած այցելության վերաբերյալ տեսաֆիլմ:
Միջոցառման ավարտին հայրենադարձ օպերային երգիչ Գևորգ Հաճեանը կատարեց «Հայաստան» երգը: