*ԷԴԻԿ ՅՈՎՍԷՓԵԱՆ*
Ռուսաստանի նախագահի Թուրքիա այցելությունից հետո Հայաստանը չի կարող ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել
Աշխարհաքաղաքական գործընթացներն այնպիսի արագությամբ են զարգանում և անսպասելի շրջադարձեր կատարում, որ քաղաքականության օբյեկտ հանդիսացող երկրների համար շատ դժվար է հարմարվել իրավիճակին:
Հայաստանի համար էլ ավելի դժվար է, քանի որ մոտենում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 100 –ամյակը, իսկ տարածաշրջանում այսօր բոլորովին այլ իրավիճակ է:
Ռուսաստանի նախագահ Պուտինի Թուրքիա կատարված այցելությունից հետո Թուրքիան դարձավ տարածաշրջանում Ռուսաստանի հիմնական ռազմավարական դաշնակիցը, և այդ դաշնակցային հարաբերությունների հիմքում միլիարդավոր դոլարների փոխադարձ շահն է:
Առաջինը. Ռուսաստանը Բուլղարիայի պատճառով հրաժարվեց Սև ծովի հատակով դեպի Բալկանյան երկրներ ՛՛Կապույտ հոսք՛՛ գազատարի նախնական ծրագրային տարբերակից և նոր պայմանագիր կնքեց Թուրքիայի հետ՝ թուրքական սևծովյան ջրերով ստորջրյա նոր գազատարի կառուցման համար, որը Եվրոպա գազ կհասցնի Թուրքիայով մինչև Հունաստան: Ի հեճուկս Եվրամիության , Թուրքիան ընդառաջեց Ռուսաստանին, թույլ տալով իրագործել գազատարի վտանգված շինարարությունը , միաժամանակ հանդես գալով որպես գազի տեղափոխման տրանզիտ երկիր: Դրա դիմաց նա գազատարի շահագործումից կստանա իր տրանզիտային մասնաբաժինը, իսկ Ռուսաստանը Թուրքիայի սպառողներին լրացուցիչ 15 տոկոս զեղչ կատարեց ռուսական գազի մատակարարաման համար:
Սա միլիարդավոր դոլարների գործարք էր:
Երկրորդը. Ռուսաստանը Թուրքիայի համաձայնությամբ ոչ միայն կկառուցի Ակկույու ատոմակայանը, այլ նաև հանդես կգա որպես շահագործող և համասեփականատեր: Հիշեցնենք, որ միայն կառուցման գործարքի արժեքը 20 մլրդ դոլար է, իսկ շահագործումից ստացվելիք եկամուտներն ահռելի կարող են լինել:
Այս պարագայում խոսել հայ-թուրքական հարաբերությունների մասին, որպես այդպիսիք, տեղին չէ: Հայաստանը դառնում է Եվրասիական միության անդամ, իսկ Թուրքիան վերածվում է այդ միության գլխավոր դերակատար Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը:
Այլևս Հայաստանը չի կարող ինքնուրույն քաղաքականություն վարել Թուրքիայի հետ և հայ-թուրքական հարաբերություններ հասկացությանը գալիս է փոխարինելու ռուս-թուրքական հարաբերություններ իրականությամբ: Հայաստանը չի կարող թուրքական ուղղությամբ ինքնուրույն քաղաքականություն վարել, և որոշումները կայացվելու են Մոսկվայում:
Այստեղ է, որ կարևորվում է Սփյուռքի դերը, քանի որ ոչ Երևանը, ոչ էլ՝ Մոսկվան , Ցեղասպանության և Թուրքիայի հանդեպ պահանջատիրության հարցում բավարար ազդեցություն չունեն հայկական սփյուռքի վրա, թեև կա Սփյուռքի նախարարություն:
www.Аrmweeklynews.am