Շաբաթ, 13. 04. 2024

spot_img

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Պրահայում

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում` նոյեմբերի 26-ին, բարձրակարգ “Փարիզ” հյուրանոցի ոսկեզօծ սրահում տեղի ունեցավ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի և Չեխիայի Դիվանագիտական Ակադեմիայի կողմից համատեղ կազմակերպված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված սիմպոզիում, որը նախագահում էին ԵՀՄՖ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը և Դիվանագիտական Ակադեմիայի ռեկտոր Ցիրիլ Սվոբոդան:
Մասնակիցները ներկայացնում էին Չեխիայի, Սլովակիայի քաղաքական-պետական շրջանակներ: Սիմպոզիումի բացմանը Չեխիայի, Սլովակիայի և Հայաստանի օրհներգները հնչելուց հետո  Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս, կարդինալ Դոմինիկ Դուկայի ներկայացուցիչ Վոյտեխ Էլիաշը և Չեխիայի հայության հոգեւոր հովիվ հայր Բարսեղ Փիլավչյանը կատարեցին Տերունական աղոթքի ծիսակարգ: 
Առաջինը ելույթ ունեցավ և սիմպոզիումին աշխատանքային ընդհանուր տրամադրություն հաղորդեցդոկ. Աշոտ Գրիգորյանը, որն իր խոսքի մեջ ներկայացրեց ԵՀՄՖ-ի դոկտրինը Հայոց Ցեղասպանության դատապարտման և փոխհատուցման աշխատանքների վերաբերյալ ու հատուկ նշեց, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը չի սկսվում և ավարտվում 2015 թվականի ապրիլի 24-ով, այլ այն հանդիսանում է Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված պայքարի սկիզբ: Եվ քանի որ Հայոց Ցեղասպանությունը տեղի է ունեցել 1915-1923թթ. ժամանակահատվածում, հետևաբար, մինչև 2023 թվականի ավարտը ԵՀՄՖ-ն նախատեսում է համատեղ աշխատանք աշխարհասփյուռ հայության ազգային ուժերի հետ միասին, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել Հայ Ազգի 100-ամյա կորուստների փոխհատուցմանը: Նա նաև նշեց, որ մարդկության հանդեպ իրականացվող հանցագործությունները բաղկացած են լինում 3 փուլերից. 1.հանցագործության նախապատրաստում, 2.հանցագործության իրագործում, 3. հանցագործության հետքերի վերացում: 
Հետևաբար, ներկայումս ժամանակակից Թուքիայի կողմից իրականացվում է մշակութային ցեղասպանություն, որպես Հայոց Ցեղասպանության վերջնական փուլ և նրանից “օրինակ” է վերցրել Ադրբեջանը, քանի որ մարդկության աչքի առաջ վերացրեց Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի 10.000-ից առավել խաչքարարեր ու մնաց անպատիժ: Իսկ զավեշտալին նա էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որի հիմնական առաքելությունը կայանում է մարդկության մշակութային ժառանգության պահպանումը, աչք է փակում նմանատիպ մասսայական հանցագործության փաստի վրա, և այս ամենը կատարվում է 21-րդ դարում:
Բանախոսը հրավիրեց սիմպոզիումի մասնակիցների ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ ցավոք ներկայումս  արժեք չունեն այն կեղծ հաշտեցման մտքերը, որ իբր այսօրվա թուրքերը մեղավոր չեն իրենց պապերի համար: Սակայն ողջ հայության համար ակնհայտ է, որ քանի դեռ ներկայիս թուրքական հանրությունը վայելում է իրենց պապերից` որպես թալան ժառանգած հայկական տարածքները, անշարժ գույքը, հարստությունն ու մշակութային արժեքները, հետևաբար, ներկայիս թուրքերը հանդիսանում են Հայոց Ցեղասպանության շարունակողներ և կմնան այդպիսին, քանի դեռ չեն գիտակցել իրենց հանցագործ լինելն ու դրա դիմաց փոխհատուցելու անհրաժեշտությունը: 
Այդ առթիվ, որպես միջազգային իրավունքի գնահատականի փայլուն օրիանկ, ԵՀՄՖ նախագահը մեջբերեց Նյուրնբերգում ԱՄՆ-ի կողմից որպես մեղադրող հանդես եկող Ռոբերտ Ջեքսոնի այն ժամանակ կատարված հայտարարությունը. 
«Հիտլերն իր հետ գերեզման չտարավ նացիզմի գործողությունների համար ամբողջ պատասխանատվությունը։ Մեղքն ամբողջությամբ գերեզման չիջավ Հիտլերի հետ։ Ովքեր ողջ են` մեռածների հանցակիցներն են, և կատարված հանցագործության համար պետք է վճարի նրանցից յուրաքանչյուրը։ Եթե որևէ մեկն ասի, թե նրանք մեղավոր չեն, նույնն է, թե հայտարարի, որ չեն եղել պատերազմ, հանցագործություններ, չեն եղել սպանվածներ»։ 
ԵՀՄՖ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը` ավարտելով ելույթը, հստակ ձևակերպեց այն միտքը, երբ ժամանակին չի կասեցվում մարդկության հանդեպ հանցագործությունը կամ կատարվածը չի ստանում միջազգային իրավունքին համապատասխան պատիժ` ունենում ենք նոր ցեղասպանություններ: Հետևաբար, ԵՀՄՖ-ն խիստ անհրաժեշտ է համարում եվրոպական քաղաքական, հասարակական, մշակութային, գիտական գործիչների ակտիվությունը նմանատիպ հանցագործությունները կանխելու և դատապարտելու գործում: 
Պրահայի արքեպիսկոպոս, կարդինալ Դոմինիկ Դուկայի ներկայացուցիչ Վոյտեխ Էլիաշըներկայացրեց կարդինալի ուղերձը և իր խոսքը կենտրոնացրեց այն մտքի վրա, որ ներկայիս Թուրքիան այլընտրանք չունի, քան ճանաչել Հայոց Ցեղասպանության փաստը ու փոխհատուցել կորուստները, միայն այդ պարագայում Հայ Ազգը կդրսևորի քրիստոնեական հանդուրժողականություն հանցագործի հանդեպ և երբ կվերանա վրեժի զգացումը երկու ազգերի միջև, այն կդառնա դասագրքային օրինակ ու կմնա մարդկության պատմության շատ կարևոր նմուշ:
Սիմպոզիումի մասնակիցներին ներկայացվեց նաև Հայ Առաքելական Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի հայրապետական պատվիրակ, Հայր Տիրան աբեղա Պետրոսյանի ուղերձը սիմպոզիումի մասնակիցներին: 
Այնուհետև ելույթ ունեցավ Չեխիայի Սենատի սենատոր Պետր Բրադսկին, որն ողջունեց սիմպոզիումի մասնակիցներին միջխորհրդարանական բարեկամության խմբի անունից և խիստ կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը: Նա իր ելույթում նշեց Չեխիայում առկա ցավալի իրականության մասին. ի տարբերություն Չեխիայում գործող տարաբնույթ ադրբեջանական ուժերի, ՀՀ դեսպանատունը և տեղի հայկական կազմակերպությունները ի զորու չեն ներկայացնել հայությանը հուզող խնդիրները չեխական քաղաքական ասպարեզում, հետևաբար, ներկայիս սիմպոզիումը ազդակ է հաղորդելու թուրք-ազերական տանդեմի դեմ պայքարին, ու եթե նմանատիպ միջոցառումները իրականացվեն ՀՀ պետական մակարդակով, ապա հնարավորությունը կմեծանա Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին հարցը բարձրացնել չեխական օրենսդիր մարմիններում: Վերջում շնորհակալություն հայտնեց դոկ. Աշոտ Գրիգորյանին` իրենց սենատորական խմբին Հայաստան հրվիրելու և տեղում համատեղ կատարվելիք քայլերը քննարկելու համար: 
Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն իր ելույթում Հայոց Ցեղասպանության հարցը կապեց մեր օրերի հետ և անդրադարձավ Արցախի խնդրին, նշելով, որ Եվրամիությունը պետք է աջակցության անհապաղ քայլեր ձեռնարկի քրիստոնեական  “առաջապահ ուղեկալ” հանդիսացող Հայաստանին և Արցախին: Նա հատուկ նշեց, որ կընկնի Արցախը, ծնկի կգա Հայաստանը, ապա կոչնչանա ողջ եվրոպական քաղաքակրթությունը: 
Չափազանց հետաքրքիր էր Սլովակիայի նախկին Արդարադատության նախարար, փոխվարչապետ, Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինի ելույթը` Սլովակիան, որպես աշխարհում առաջին պետություն Հայոց Ցեղասպանության մերժողականությանը քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքի ընդունման կապակցությամբ: Նա պատրաստակամություն հայտնեց այդ օրենքի ընդունման փորձը ներկայացնել ցանկացած երկրի արդարադատության ղեկավար ատյաններին կարճ ժամանակահատվածում նմանատիպ արդյունք ստանալու համար: Նրա խիստ խոսքում հնչեց այն միտքը, որ եթե այս տիպի օրենքներ շտապ չընդունվեն Եվրոպայում, ապա աշխարհում նմանատիպ հանցագործությունները կկրեն շարունակական բնույթ, և որպես օրինակ, նա մատնանշեց Ուկրաինայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի փաստը, որը սկսել է ստանալ ցեղասպանության նախանշաններ: 
Սիմպոզիումին ելույթներով հանդես եկան նաև Չեխիայի պառլամենտի անդամ Մառեկ Բենդան, Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չառնագորսկին, Սլավոնական Համագործակցություն կազմակերպության խորհրդի նախագահ Լյուդովիտ Լիշկան, Չեխիայի նախկին արտգործնախարար, Դիվանագիտական Ակադեմիայի ռեկտոր Ցիրիլ Սվոբոդան, ԵՀՄՖ փոխնախագահ Հարություն Առաքելյանը, սլովակ քաղաքական գործիչ Յոզեֆ Բաչան: Ամփոփելով սիմպոզիումի աշխատանքները` ԵՀՄՖ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը արձանագրեց, որ դահլիճը ընդհանուր առմամբ համաձայն է և համարում է խիստ հրատապ եվրոպական քաղաքական շրջանակների ջանքերի համատեղումը` ստիպելու համար, որ 100-ամյա տարելիցին ընդառաջ մարդկությունը ունենա միջազգային նորմերին համապատասխան որոշում Հայոց Ցեղասպանության դատապարտման և վնասների վերացման ուղղությամբ:    
ԵՀՄՖ մամլո քարտուղարություն 27.11.2014թ. 
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին