ՀՀ նախագահ Սերժ Սարգսեան շնորհաւորական ուղերձ յղած է գիտելիքի օրուան առիթով։
Ուղերձին մէջ նշուած է.
“Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ եւ ծնողներ,
Յարգելի՛ ուսանողներ եւ դասախօսներ,
Շնորհաւորում եմ ձեզ Գիտելիքի օրուայ եւ ուսումնական տարուայ մեկնարկի կապակցութեամբ:
Մշակոյթն ու դպրութիւնը մեր ժողովրդի դարաւոր ընթացքի այցեքարտն են եղել: Անգամ ամենադժուարին պայմաններում հայերս չենք հրաժարուել գիտակրթական առաջընթացից եւ եղել ենք ամենագրասէրներից մէկը տարածաշրջանում:
Հայ ժողովրդի այդ բնատուր առաջադիմական աւանդոյթների շնորհիւ մենք հասել ենք որակապէս նոր հանգրուանի:
Կրթութեան որակի բարելաւումը մեր պետականութեան կարեւոր առաջնահերթութիւններից է այսօր: Մեր երկրի յաջողութիւններն ակնառու են դառնում միջազգային դպրոցական օլիմպիադաներում մեր աշակերտների արձանագրած յաղթանակների շնորհիւ: Սակայն դրանք ընդամէնը շատ բարդ եւ քարքարօտ ճանապարհի սկիզբն են, որի յաղթահարումը հնարաւոր է բոլորիս հետեւողական ջանքերի համատեղմամբ:
Յաջողութիւն եմ մաղթում բոլոր ուսուցիչներին ու դասախօսներին, բոլոր աշակերտներին եւ ուսանողներին նոր ուսումնական տարում: Յատկապէս շնորհաւորում եմ կրթական հաստատութիւնների շեմն առաջին անգամ հատողներին: Թո՛ղ այս ուսումնական տարին լինի արգասաբեր, քանի որ մեր աշակերտներն ու ուսանողները դնելու են ոչ միայն սեփական կեանքի, այլեւ Հայաստանի ապագայի ամուր հիմքերը”: