*ՊԷՅՐՈՒԹ, ԼԻԲԱՆԱՆ* Պէյրութի Վահան Թէքէեան միջնակարգ վարժարանի 2013-2014 տարեշրջանի ամավերջի հանդէսը եւ վկայականներու բաշխման միացեալ հանդիսութիւնը (6-րդ-9-րդ) տեղի ունեցաւ Շաբաթ , Յունիս 28-ի երեկոյեան ժամը 6-ին , վարժարանիս Յակոբ Պարսամեան սրահէն ներս , հովանաւորութեամբ՝ վարժարանիս հոգաբարձութեան եւ ներկայութեամբ Լիբանանի Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերաշնորհ Տէր Շահէ Եպիսկոպոս Փանոսեանի , Թ.Մ.Մ. Հիմնադիրներու Մարմինի ատենապետ՝ Տիար Յակոբ Գասարճեանի եւ անդամներու , ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչութեան ատենապետ ՝Տիար Միքայէլ Վայէճեանի եւ անդամներու , վարժարանիս հոգաբարձութեան ատենապետ ՝ Տոքթ. Յովիկ վարդանեանի եւ անդամներու , վարժարանիս ծնողաց յանձնախումբի ատենապետուհի ՝Տիկ. Ծովիկ Սամանլեանիեւ տիկիններու , բարեկամներու , բարերարներու եւ ծնողներու հոծ բազմութեան:
Բեմը գեղեցկօրէն յարդարուած էր Տիկ. Ամալիա Հայրիկեանի կողմէ: Խորապատկերը կը ներկայացնէր հայերէն լեզուի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը ,ձիւնածածկ Արարատը իր խրոխտ կեցուածքով, եկեղեցին ՝ որպէս հոգեւոր կրթութեան օրրան , ինչպէս նաեւ ՝Վահան Թէքէեան Վարժարանը , անգամ մը եւս փաստելու թէ հայրենիք եւ սփիւռք իրարու զօդուած են անքակտելի կապով մը եւ փոխանցելու թէ հայ կրթօճախը , եկեղեցւոյ կողքին , եղած է ու կը մնայ հայակերտման ու մարդակերտման ամրակուռ միջնաբերդը:
Լիբանանի , Հայաստանի եւ վարժարանիս քայլերգներու յոտնկայս ունկնդրութենէն ետք , բացման խօսքով հանդէս եկաւ վարժարանիս հայերէն լեցուի դասատու ՝Տիկ. Մանիշակ Ալեքսանեանը :
Իր խօսքին մէջ ան նկատել տուաւ որ տարասփիւռ մեր իրականութեան մէջ Թէքէեան վարժարանը կոչուած է բազմակողմանի զարգացումով ու մանաւանդ տոկուն նկարագիրով ՝ հայը պատրաստելու ազգանուէր աշխատանքին : Ան իր խօսքը եզրափակեց ըսելով , թէ ազգովին դժուար ընտրութեանց առջեւ կը գտնուինք այսօր ու պէտք ունինք ամուր նկարագիրով , գիտական հարուստ պաշարով ու ազգային գիտակցութեամբ եւ հաւաքական անկորնչելի արժէքներ պահպանելու կարող նոր սերունդի մը : Եւ այդ սերունդը հայ վարժարանին մէջ կը դարբնուի միայն :
Վարժարանի «Կարս» պարախումբի մեծերը , ղեկավարութեամբ պարուսոյց Օրդ. Արազ Ռաստկելենեանի , ներկայացան «Փափուրի» պարով ,ճոխացնելով մթնոլորտը եւ խլելով ներկաներուն ծափողջոյնները : Որմէ ետք նախ. Ե. եւ Զ. Դասարաններու աշակերտները ներկայացան «Ջան Հայրենիք» եւ «Երգ Խաղաղութեան» խմբերգներով , ղեկավարութեամբ ՝ Պրն. Երուանդ Քէշիշեանի , եւ իրենց քաղցրահնչիւն ձայնով առիքնեցին ներկաները : Ապա, վարժարանիս «Կարս» պարախումբի փոքրիկները ներկայացան «Թամզարա» պարով:
Հանդիսավարուհին բեմ հրաւիրեց վարժարանիս Տնօրէնուհին Տիկ. Կալինա Նաճարեանը ՝ փոխանցելու իր կրթական խօսքը: (Տնօրէնուհիին խօսքը տեսնել առանձին):
Տնօրէնուհիին խօսքէն ետք տեղի ունեցաւ տեսերիզի ցուցադրութիւն պատրաստութեամբ ՝ Պրն. Նշան Ղորղորեանի , որ կը ներկայացնէր մեր շրջանաւարտներն ու ընթացաւարտները:
Ապա հանդիսաւոր կերպով մուտք գործեցին ընթացաւարտները իրենց դաստիարակին առաջնորդութեամբ , ներկաներուն յոտնկայս ծափողջոյններու ընկերակցութեամբ : Նախ. Զ. դասարանէն Ուլիկեան Կրէյս անթերի առոգանութեամբ արտասանեց «Մաահէտի » , իսկ ընթացաւարտներու անունով հայերէն լեզուով ուղերձ կարդաց նախ. Զ. դասարանէն Փիթըր Մուրատեան : Ապա բեմ հրաւիրուեցան Թ.Մ.Մ. Հիմնադիրներու Մարմինի ատենադպիր եւ Զարթօնք օրաթերթի տնօրէն՝ Տիար Արտաւազդ Մելքիսէթեանը , վարժարանիս Հոգաբարձութեան ատենապետ ՝ Տոքթ. Յովիկ Վարդանեանը , Տնօրէնուհին եւ 6-րդ դասարանի դաստիարակ ՝ Օրդ. Սիլվա Մահտեսեանը բաշխելու համար 6-րդ դասարանի վկայականները :
Միջնակարգի շրջանաւարտները հանդիսաւորապէս մուտք գործեցին իրենց դաստիարակին առաջնորդութեամբ : Անոնք ներկայացան Ժագ Ս. Յակոբեանի «Մենք» խմբային արտասանութեամբ :Միջնակարգի շրջանաւարտներու անունով հրաժեշտի խօսքը արաբերէն լեզուով կարդաց Թերզեան Նաթալիա , որմէ ետք բեմ հրաւիրուեցան Գերաշնորհ Տէր Շահէ Եպիկոպոս Փանոսեանը , Թ.Մ.Մ. Հիմնադիրներու մարմինի ատենապետ , նախկին Պետական երեսփոխան ՝ Տիար Յակոբ Գասարճեանը, Տնօրէնուհին եւ 9-րդ դասարանի դաստիարակ ՝ Տիկ . Մանիշակ Ալեքսանեանը կատարելու Միջնակարգի վկայականներով տուչութիւնը եւ մրցանակաբաշխութիւնը :
Հանդէսի աւարտին հանդիսավարուհին ներկայացուց վարժարանիս նախկին շրջանաւարտ Օրդ. Զեփիւռ Առաքելեանի կենսագրականը եւ որ սիրայօժար ընդունած էր ներկայ գտնուելու ամավերջի հանդէսին կատարելու Հուսկ բանքը: (Տեսնել առանձին)
Հուսկ բանքէն ետք բեմ հրաւիրուեցաւ Հայոց Թեմիս Բարեջան Առաջնորդ Գերաշնորհ Տէր. Շահէ Եպս. Փանոսեանը ,որ նախ փոխանցեց իր սրտի խօսքը , ըսելով թէ որպէս իր անդրանիկ այցելութիւնը Վահան Թէքէեան Վարժարան , մեծապէս տպաւորուած է այս հայակերտման ու մարդակետման դարբնոցով ապա , պահպանիչով փակեց հանդիսութիւնը :
Վերջապէս տեղի ունեցաւ հրավառութիւն , ճոխ մթնոլորտ մը ստեղծելով սրահին մէջ , ապա շրջանաւարտներն ու ընթացաւարտները բեմին առջեւ ընդունեցին բոլորին շնորհաւորութիւնները:
Բարի երթ կը մաղթենք Մեսրոպի շունչով եւ Լուսաւորչի ջահով դաստիարակուած մեր շատ սիրելի շրջանաւարտներուն:
2013-2014 Տարեշրջանի ընթացաւարտները
1- Աւագեան Սելլա
2- Գէորգեան Դալար
3- Թերզեան Նազարէթ
4- Մուրատեան Փիթըր
5- Յակոբեան Սառա
6- Ուլիկեան Կրէյս
7- Քաթիպեան Պեռնարտ
8- Քէշիշեան Փօլ
2013-2014 Տարեշրջանի Հունձք
1-Անթունեան Փաթրիք
2-Գաբրիէլեան Ռիթա
3-Գլընճեան Բալիկ
4-Թերզեան Նաթալիա
5- Ճեմճեմեան Յարութ
6- Սամանլեան Ցոլեր
7-Տիարպեան Իզապէլ