spot_img

Կարեւոր Լուրեր Միացեալ Նահանգներից

Տեսակէտ

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Այսօրուայ սիւնակով ուզում եմ անդրադառնալ ԱՄՆ արտաքին քաղաքական ոլորտին վերաբերող մի քանի կարեւոր լուրի։ Յաջորդիւ կը կեդրոնանամ ներքին լուրերի վրայ, քանի որ կան անչափ հետաքրքիր քաղաքական զարգացումներ Միացեալ Նահանգներում։


Արտաքին քաղաքականութիւն․

1- Այս բնագաւառում ամենակարեւոր լուրը գուցէ CIA-ի տնօրէնի չնախատեսուած եւ արագ այցելութիւնն էր Մոսկուա։ Այցի կապակցութեամբ պաշտօնական տեղեկատւութիւն դեռ չկայ, բայց լրատուներն առաջ են քաշում հիմնականում երկու վարկած,-

ա- Զգուշացնել Ռուսաստանին, որ չյարձակուի ՆԱԹՕ-ի անդամ որեւէ երկրի վրայ;

բ- Ամերիկեան ռազմաբազների մասին տեղեկութիւններ չփոխանցել Իրանին։

Իմ կարծիքով, առաջին վարկածի հաւանականութիւնը քիչ է։

          Ռուսաստանը ինչո՞ւ պիտի յարձակուի ՆԱԹՕ-ի անդամ որեւէ երկրի վրայ՝ լաւ իմանալով դրա հետեւանքները․․․ Ուքրանիան արդիական եւ յարձակողական ռազմական տեխնիկայով զինելու պատճառով՝ լարուած են Ռուսաստանի եւ Բրիտանիայի միջեւ քաղաքական յարաբերութիւնները, դրանով հանդերձ՝ ես ռազմական բախման հաւանականութիւն չեմ տեսնում այս երկու երկրների միջեւ։

Երկրորդ վարկածի հաւանականութիւնն աւելի մեծ եմ իմանում։

          Հիմնականում Միացեալ Նահանգներն են, որ Ուքրանիայի բանակին տրամադրում են ռազմական ոլորտին վերաբերող ճշգրիտ տեղեկութիւններ՝ Ռուսաստանի ռազմաբազաներն ու ենթակառոյցները խոցելու համար։

          Ու տեսնում ենք, յատկապէս վերջին ամիսներում Ուքրանիան մեծացրել է իր նպատակային յարձակումները Ռուսաստանում, որոնց հետեւանքով Ռուսաստանը կանգնել է ելեկտրականութիւն արտադրելու դժուարութեան դիմաց։

         Իմ կարծիքով, հիմնականում Ռուսաստանն ու Չինաստանն են, որոնք Պարսից Ծոց տարածաշրջանում ԱՄՆ ռազմական յենակների ու կայքերի մասին ճշգրիտ տեղեկութիւններ են փոխանցում Իրանին, եւ Իրանը այդ տեղեկութիւններն ունենալով՝ կարողացել է խոցել ամերիկեան այդ կայքերը՝ նկատելի վնաս պատճառելով ամերիկեան կողմին։

          Ռուսաստանը Իրանին տեղեկութիւններ փոխանցել է՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Ուքրանիային տեղեկութիւններով զինելուն։

          Գուցէ այդ այցելութեան արդիւնքում՝ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը պայմանաւորուել են կասեցնել Ուքրանիային եւ Իրանին ռազմական տեղեկութիւններով զինելը։ ԳՈՒՑԷ։

2- Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ կնքուած համաձայնութիւնն ունէր երկու ամիս ժամկէտ։ Արդէն անցել է այդ ժամկէտը եւ նախնական այդ համաձայնութիւնը կեանքի չի կոչուել։

          Ամերիկեան կողմը յայտարարեց՝ չի շտապում Իրանի հետ նոր բանակցութիւններ սկսել, ու, միաժամանակ, մեծ չափերով մեծացրեց Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումները։ Այս նոր պատժամիջոցները տարածւում են նաեւ Իրանի հարեւանների եւ Իրանի հետ տնտեսական յարաբերութիւն ունեցող երկրների վրայ։

          Արդէն շատ արագ երեւան եկան նոր պատժամիջոցների հետեւանքներն Իրանում․ Իրանի արժոյթի կտրուկ անկում, գնաճ, տնտեսական նոր յորդում։

          Իրանի նախագահն ու քաղաքական այլ դէմքեր ԱՄՆ-ի հետ ձեռք բերուած համաձայնութիւնը համարեցին ամենադրականը, որը պիտի կեանքի կոչուէր, քանի որ դրանով երաշխաւորւում էին Իրանի հիմնական իրաւունքները։

          Նոյն կարծիքին է խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը, ով Իրաք կատարած իր այցի ժամանակ՝ շատ կարեւոր խօսքեր ասաց, որոնցից առանձնացնում եմ հետեւեալը,-

          – Իրանը ինչքան էլ հզօր լինի ռազմական ոլորտում, բայց եթէ ժողովուրդը սոված լինի՝ երկիրը չի դիմանայ։

          Ղալիբաֆի այս խօսքին յաջորդեց Իրանի նախագահի խօսքը, որով նա յստակ ասաց՝ ՀԻՄԱ ճիշտ պահն է, որ վերջացնենք պատերազմը․․․ Հիմա, երբ Իրանը իր ռազմական ամենահզօր դիրքերում է գտնւում։

          Այս արձագանքների կողքին, կան նաեւ ուրիշ դիրքորոշումներ, ու ես ուզում եմ տեղեկացնեմ Իրանի Ապահովական Խորհրդի գլխաւոր քարտուղար Մոհսէն Ռեզայիի խօսքը,-

          – ԱՄՆ-ն իր այս դիրքորոշումներով (պատժամիջոցները խստացնելով) միայն նպաստում է, որ Իրանն ու ուրիշ երկրներ սկսեն մտածել այն մասին, որ պիտի ունենան աթոմական ռումբ՝ իրենց իրաւունքները պաշտպանելու համար։

3- Միացեալ Նահանգներն ու Գանատան բանակցութիւններ էին վարում՝ նոր տոկոսներով մաքսատուրքեր ունենալու համար։ Կողմերը շատ դրական էին իմանում այդ բանակցութիւնների արդիւնքում համաձայնութիւնը, որը պիտի ստորագրուէր մի քանի օրից յետոյ։

       Բայց․․․ Գանատան միանգամից կասեցրեց բանակցութիւնները՝ պատճառաբանելով որ՝ ամերիկեան կողմը վերջին օրում նոր պայմաններ է աւելացրել։

   Ամերիկեան կողմը կտրուկ հերքեց այդ լուրը, իսկ որոշ լրատուներ՝ բանակցութիւնները կասեցնելը կապեցին ԱՄՆ Քոնկրեսի Միջանկեալ ընտրութիւնների հետ, որը մօտալուտ է։

      Գանատայի այդ որոշումը մեկնաբանուեց որպէս յաւելեալ ճնշում ԱՄՆ Ֆետերալ կառավարութեան վրայ եւ օգնել դեմոկրատներին՝ Միջանկեալ ընտրութիւններում յաղթելու։

*     *     *

          ԱՄՆ Քոնկրեսի ընտրութիւններն այն հիմահարցն է, որի շուրջ զարգանում են նաեւ երկրի ներքին քաղաքական իրադարձութիւններն ու դէպքերը։ Այդ որոշակի իրադարձութիւնները հնարաւոր չէ քննարկել՝ առանց Քոնկրեսի ընտրութիւնները նկատի ունենալով։

          Հետեւաբար՝ քանի որ նիւթը ծաւալուն է, այս մասին կ՛անդրադառնամ յաջորդիւ։ Եւ այդ իրադարձութիւնները ԲՆԱՒ մանրուք չեն։

          ԱՄՆ արտաքին քաղաքական ոլորտին վերաբերող ուրիշ զարգացումներ էլ կան, բայց այսօր բաւարարուեցի վերեւը նշած երեք հարցերով։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին