Ստորեւ ներկայացուած ձեռնարկը բացի իր պատմական տեղեկատուական կարեւոր բնոյթէն, այս օրերուն կը ներկայացնէ նաեւ դիւանագիտական եւ ռազմավարական խիստ կարեւոր բնոյթ մը, նկատի առնելով վերջերս Ատրպէյճանի կողմէ կատարուող պատմութիւնը խեղաթիւրելու հսկայական աշխատանքը եւ կատարուող ծախսերը, համոզելու համար միջազգային կարծիքը թէ Հայաստան գոյութիւն չունի քանի որ հայերը ատրպէյճանական ծագում ունին…
Խմբ.
Հայաստանի Թէքէեան մշակութային միութեան նախաձեռնութեամբ և բարերար Ռուբէն Գրիգորեանի մեկենասութեամբ վերահրատարակուել է «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս» մեծածավալ ժողովածուն։ Այն կազմուած է 300-ից աւելի քարտէզներից․ հեղինակը ֆրանսահայ քարտէզագէտ, աշխարհագրագէտ, Ֆրանսիայի «Պատուոյ լեգէոնի» շքանշանակիր Զատիկ Խանզադեանն է։ Բնօրինակը պահուել է Վենետիկի Մխիթարեան միաբանների մօտ և առաջին անգամ հրատարակուել 1960 թուականին։

Օրերս Երեւանի Թէքէեան կեդրոնում կայացաւ բացառիկ աշխատութեան շնորհանդէսը, որի ընթացքում եզակի աշխատութիւնը նուիրաբերուեց Հայաստանի ԲՈւՀ-ական գրադարաններին, հայագիտական կեդրոններին, գիտակրթական հաստատութիւններին, դեսպանատներին, կտրուեն նաև արտերկրի հաստատութիւններին։

«Ատլաս»-ի բնագիրը ֆրանսերէնով է և բաղկացած է բացատրական թեքստերից, քարտէզներից և նկարներից: 85 տարի անց երկրորդ կեանք ստացած ժողովածուն վերահրատարակուել է ռուսերէն, անգլերէն և ֆրանսերէն, որն էլ աւելի է մեծացնում պատմական վկայութիւններն ու ճշմարտութիւնները հանրայնացնելու և տարածելու հնարաւորութիւնը։ Օտար լեզուներով հրատարակուած քարտէզները վառ ապացոյցն են, որ հազարամեակներ առաջ Հայաստանը եղել է, հայ ժողովուրդը Հայկական լեռնաշխարհում բնիկ է և կարևորագոյն դերակատարում է ունեցել տարածաշրջանում, որտեղ այսօրեայ ինքնահռչակ պետութիւնների նշոյլն անգամ չի եղել։

Բարերար Ռուբէն Գրիգորեանը վստահ է՝ քարտէզների ժողովածուն պատմական իրողութիւնների կարևոր վկայութիւն է և դրա վերահրատարակումը այսօր առաւել քան կարևոր է՝ ցոյց տալու, որ հազարաւոր տարիներ հայ ժողովուրդն ունեցել է տարածքներ, հայրենիք։ Ատլասի խորհրդանշական առաջին օրինակը նա նուիրեց Մխիթարեան միաբանութեան միաբան Համազասպ Քեշիշեանին։

Քարտէզագրական աշխատանքներն իրականացրել է պատմական գիտութիւնների դոկտոր Վարդան Մխիթարեանը, ով կարեւորեց ատլասի վերահրատարակումը յատկապէս մեր օրերում, որովհետև դրանք ընդգրկում են մարդկութեան զարգացման բոլոր փուլերը՝ Անտիկ շրջանից մինչև 20-րդ դարի կէսերը․ այդ բոլոր քարտէզներում յիշատակուել է Հայաստանը։
Նշենք, որ «Ատլաս»-ի վերատպումը հսկայական նշանակութիւն ունի անցեալի մասին գիտելիքները պահպանելու գործում։ Բացի այդ, այն գործուն քայլ է պատմական կեղծարարութիւններին դիմակայելու գործում․ Հայաստանի դարաւոր գոյութիւնը ժխտող, պատմութիւնը խեղաթիւրող, պատմական քարտէզներն ու վկայութիւններն աղաւաղող օտարազգիները կարող են Զատիկ Խանզադեանի այս աշխատութեան շնորհիւ առերեսուել պատմական ճշմարտութեան հետ։
Կոմանտանթ Զադիգ (Զատիկ) Խանզադեան
«Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս» (վերատպութիւն, 2025 թ.)
Այս առիթով նաեւ, այստեղ ընթերցողներուն ուշադրութեանը կը յանձնենք, Վարդան Մխիթարեանի (Պատմական գիտութիւնների դոկտոր Մոնպելիեի Պոլ-Վալերիի համալսարան, Ֆրանսիա) այս առիթով արտասանած խօսքը:
Խմբ.
Հին քարտէզները, աշխարհագրական բնոյթի պատմական աշխատութիւնները և այլ գրաւոր սկզբնաղբիւրները՝ որպէս անցեալի անմիջական վկայութիւններ, պատմական հետազօտութիւններում և կեղծարարութիւնների դէմ տեղեկատուական պայքարում իւրայատուկ արժէք են ներկայացնում։
Մեր օրերում անչափ կարևորւում է գրադարաններից, արխիւներից և մասնաւոր հաւաքածուներից անհրաժեշտ «քարտէզագրական նիւթի» յայտնաբերումն ու նկարագրումը: Օպյեկտիւօրէնն, պատմական սկզբնաղբիւրի տեսքով մեզ է հասել քարտէզագրական հարուստ ժառանգութիւն: Ի դէպ, այդ առումով քիչ երկրներ կարող են հպարտանալ և համեմատուել մեզ հետ:
Հայաստանի հին քարտէզներին վերաբերող մեզ յայտնի առաջին հաւաքածուն «Զեկոյց Հայաստանի աշխարհագրական միասնութեան մասին, Պատմական ատլաս»-ը հրատարակուել է 1920 թուականին ֆրանսահայ մեծանուն աշխարհագէտ-քարտէզագիր Զ. Խանզադեանի կողմից (Փարիզ):

Գոմանտանթ Զատիկ (Զադիգ) Խանզադեան (3 ապրիլի 1886 թ., Մանիսա (Manisa) բնակավայր, Օսմանեան կայսրութիւն – 23 Յունուարի 1980 թ., Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսահայ ականաւոր քարտէզագիր, աշխարհագէտ, հետազօտող, ռազմական և հասարակական գործիչ, ֆրանսիական Դիմադրութեան մասնակից, Ֆրանսիայի բարձրագոյն՝ «Պատուոյ լեգէոն» շքանշանի ասպետ, աշխարհագրական գիտութիւնների դոկտոր (1912 թ.), Հայկական (ՀԽՍՀ) աշխարհագրական ընկերութեան պատուաւոր անդամ (1961 թ.) և Հայաստանի Գիտութիւնների ակադեմիայի արտասահմանեան անդամ (1967 թ.):
Նա հեղինակել և համահեղինակել է մի շարք ատլասներ՝ «Զեկոյց Հայաստանի աշխարհագրական միասնութեան մասին, Պատմական ատլաս» (1920 թ.), «Թուրքիայի տնտեսական աշխարհագրութեան ատլաս» (1924 թ.), «Սիրիայի և Լիբանանի տնտեսական աշխարհագրութեան ատլաս» (1926 թ.), «Օդ դեպարտամենտի տնտեսական աշխարհագրութեան ատլաս» (1928 թ.), «Ալժիրի պատմական աշխարհագրութեան ատլաս» (1930 թ.), «Պաղեստինի ընդհանուր աշխարհագրութեան ատլաս, պատմական, քաղաքական, տնտեսական» (1932 թ.), «Հայաստանի պատմական քարտիսագրութեան ատլաս» (1960 թ.):
Կոմանտանթ Խանզադեանը հոգևոր և մշակութային ոլորտներում համագործակցել է ֆրանսիացի այնպիսի գործիչների հետ, որոնք իրենց կարիերայի ընթացքում զբաղեցրել են պետական առանցքային պաշտօններ և մեծ դեր ունեցել Ֆրանսիայի քաղաքական ու հասարակական կեանքում: Ստանալով նրանց պատրաստակամութիւնն ու աջակցութիւնը՝ նա լծւում է Ֆրանսիայի և Հայաստանի միջև կապերի զարգացման կարևորագոյն գործին։ Արդիւնքում, 1933 թուականին Փարիզում հիմնում է Ֆրանս-հայկական տնտեսական կեդրոնը:
Մեծ է Խանզադիանի դերը հայ երիտասարդների դաստիարակման ու կրթման գործում: 1949 թուականին Սևրում (Sèvres), ստեղծւում է «Հայկական Քոլեջի Ասոցիացիա – Սամուէլ Մուրատ Հիմնադրամ 1846» կազմակերպութիւնը, որի նպատակն էր ուսուցանել և կրթել հայ երիտասարդներին: Ասոցիացիայի ղեկավար է ընտրվում Գոմանտանթ Խանզադիանը, որը պատասխանատու էր քոլեջի ղեկավարման և կառավարման համար:
1977 թ. ստեղծւում է մեծանուն Գոմանտանթ Խանզադիանի անունը կրող «Խանզադիան Աշխարհագրական ինստիտուտ (Վանդեական պատերազմների թանգարան)» ընկերութիւնը:
1960 թուականին նա հրատարակում է «Հայաստանի պատմական քարտէզագրութեան ատլաս» մեծածաւալ ուսումնասիրութիւնը: Վերջինս իր ձևով և բովանդակային լուծումներով բացառիկ ուսումնասիրութիւն է: Հեղինակը նպատակ է հետապնդել քարտէզների միջոցով ներկայացնել պատմական ժամանակաշրջանների հերթափոխը, անցեալի իրադարձութիւնների արդիւնքում ձևաւորուած տարածական փոփոխութիւնները և լուսաբանել հնագոյն ժողովուրդներից մէկի՝ հայերի և նրանց հայրենիք Հայաստան երկրի բազմադարեան պատմութիւնը:
Ցաւօք, մեծ հետաքրքրութիւն ներկայացնող աշխատութիւնների մի զգալի մաս, տարբեր պատճառներով, անհասանելի է հանրութեանը: Նման աշխատանքների թուին է դասւում նաև Զ. Խանզադիանի «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ը: Այդ բացթողումը շտկելու նպատակով նախաձեռնուել և կեանքի է կոչուել վերոյիշեալ «Ատլաս»-ի վերատպումը:
«Ատլաս»-ի վերատպումը հսկայական նշանակութիւն ունի անցեալի մասին գիտելիքները պահպանելու գործում՝ իրական հնարաւորութիւն ստեղծելով հանրութեան աւելի ընդգրկուն շրջանակների օգտուելու այս հազուագիւտ ստեղծագործութիւնից:
Ներկայ տեղեկատուական պատերազմում «Ատլասի» վերատպումը նաև գործուն քայլ է դիմակայելու պատմական կեղծարարութիւններին:
«Ատլաս»-ի բնագիրը ֆրանսերէնով է: Այն բաղկացած է բացատրական տեքստերից, քարտէզներից և նկարներից: Հաւատարիմ մնալով բնօրինակին՝ վերատպուած ատլասը համալրուել է «Զադիգ (Զատիկ) Խանզադիանի կենսագրութիւն», «Առաջաբան» և «Բովանդակութիւն» բաժիններով: «Ատլաս»-ը լոյս է տեսել երեք լեզուներով՝ ֆրանսերէն, անգլերէն և ռուսերէն (խօսքը վերաբերւում է միայն տեքստային մասին):
Վերոյիշեալ լրացումներն իրականացնելու ընթացքում ուսումնասիրուել են մեծածաւալ արխիւային նիւթեր և պատմական քարտէզներին վերաբերող հարիւրաւոր աղբիւրներ: Պատշաճ տպագրութիւն կազմակերպելու համար թուայնացուել է «Ատլաս»-ի բնագրի ամբողջ նիւթը, իսկ որպէսզի «Ատլաս»-ից օգտուելը և այն պահպանելը լինի աւելի յարմարաւէտ՝ ստեղծուել է փայտեայ շքեղ պատեան:
Նախագիծը կեանքի է կոչուել նախաձեռնողների՝ մեկենաս և հասարակական գործիչ պարոն Ռուբէն Գրիգորեանի, այդ հարցում գործուն աջակցութիւն ցուցաբերած Թէքէեան Մշակութային Միութեան նախագահ պարոն Ռուբէն Միրզախանեանի, ինչպէս նաև, աշխատանքային խմբի կողմից՝ որին իրենց մասնակցութիւնն են բերել մի շարք գերմանագէտներ Երևանի պետական համալսարանից (Հայագիտական եռնահետազօտութիւնի ինստիտուտ, աշխարհագրութեան և երկրաբանութեան ֆակուլտետ), ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից (Հիմնարար գիտական գրադարան), Մատենադարանից և «ՌՈՒՑՈԳ ԻՆՎԵՍՏ» հոլտինկից:




