Ռուբէն Միրզախանեան
պատմական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր
Յայտնի է 1937 թուականի Հայաստանի Կոմկուսի կենտկոմի փլենումը (ընդհանուր ժողով – խմբ.), որին մասնակցելու համար Երեւան էին ժամանել ԽՍՀՄ բարձրագոյն ղեկավարութեան անդամ Անաստաս Միկոյեանը, Միութենական կենտկոմի բաժնի վարիչ Գէորգի Մալենկովը (Ստալինի մահուանից յետոյ Խորհրդային կառավարութեան ղեկավար), ՆԳ Ժողկոմատի դահիճներից Միխայիլ Լիտվինովը եւ Լազար Արտմանը։ Թիֆլիսից գալիս է Լավրենտի Պերիան։ Յայտարարւում է ընդմիջում։ Ժողովը տեւում է չորս օր։ Արդիւնքում երկրում ծաւալւում են բռնաճնշումներ։ Այս ամենը յայտնի է եւ բազմաթիւ անգամներ արծարծուել է մասնագիտական գրականութեան մէջ։ Սակայն՝ մի հետաքրքրական փաստ. Միկոյեանը մասնակցում է փլենումի աշխատանքների առաջին օրը եւ ապա երեւում միայն վերջում, մնացած ժամանակ անհետանում է։ Վերջերս յայտնի է դարձել, որ նա այդ օրերին հատել է հայ-թուրքական սահմանը եւ հանդիպել Քեմալ Աթաթուրքի հետ։ Նրանց խօսակցութեան բովանդակութիւնը մինչեւ օրս գաղտնազերծուած չէ։ Ենթադրում ենք, որ նշանաւոր փլենումն ընդամէնը քող էր՝ թաքցնելու արտաքին քաղաքականութեան մէջ կարեւոր զարգացումներ։ Պատահական չէ, որ խօսակցութիւնը վարում էր հայազգի ղեկավարը։ Անցնում է երկու տասնեակ տարուց քիչ աւելի։ Աւարտուել էր Երկրորդ աշխարհամարտը։ Միկոյեանը, որը դեռեւս 30-ականների սկզբին առաջին բարձրաստիճան խորհրդային ղեկավարն էր, որը մեկնել էր ԱՄՆ եւ կարեւորագոյն տեղ ունէր երկու գերտէրութիւնների բանակցային գործընթացում. ԱՄՆ փոխնախագահի՝ հետագայում նախագահ Ռիչըրտ Նիքսոնի հետ հանդիպման ընթացքում անդրադառնում է հայերի վիճակին Թուրքիայում եւ որոշակի անհանգստութիւն յայտնում։ Արձանագրութիւններն առկայ են։ Ակնյայտ է, որ թէ՛ առաջին եւ թէ՛ երկրորդ դէպքում լուրջ անդրադարձ է կատարուել տարածաշրջանում հայերի վիճակին, որի շնորհիւ, եւ դա անհերքելի փաստ է, ապահովուած է եղել մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգութիւնը։
Հետեւութիւն՝ բանակցութիւններն արդիւնաւէտ են, երբ դրանք վարում են քաղաքական հսկաները, գործիչներ, որոնք իրական ուժ են ներկայացնում, գրագէտ են ու պատասխանատու։
Ստաս Նամինի ու Անտրեյ Ռուպանովի «Անաստաս Միկոյեան․ Իլյիչից մինչեւ Իլյիչ» փաստագրական տրաման նուիրուած է հենց այդպիսի քաղաքական հսկային՝ ականաւոր գործիչ Անաստաս Միկոյեանին։ Գիրքը բազմիցս հրատարակուել է Մոսկուայում, աւելի ուշ հայերէն թարգմանութեամբ լոյս է տեսել Երեւանում։ Թարգմանութիւնն իրականացրել է երկրի լաւագոյն պատմաբաններից՝ պատմական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր Խաչատուր Ստեփանեանը։ Այն հանգամանքը, որ բարձրորակ մասնագէտը աշխատանքը իրագործել է հայալեզու գրքի ստեղծման գործում, ուր զետեղուած են նաեւ տարբեր սկզբնաղբիւրներ, դարձնում են այն գիտականօրէն արժանահաւատ։ Հայերէն թարգմանութիւնում տեղ են գտել աղբիւրագիտական պարզաբանումներ, առկայ է գիտական ապարատը (գործիքաւորումը – խմբ.), որը կարող էր կատարել բարձրորակ մասնագէտը միայն։
Գրքի հեղինակներից Ստաս Նամինը՝ Անաստաս Միկոյեանի թոռը, մշակութային ասպարէզի ճանաչուած գործիչներից է, որն ունի միջազգային ճանաչում։
Անաստաս Միկոյեանը տասը թոռ ունէր, բայց Ստասը նրա ամենասիրելին էր։ Միկոյեանն ասում էր՝ նախ, որ տղայ է, երկրորդ՝ հայուհուց է։ Այնպէս որ, Ստաս Նամինը կատարել է ոչ միայն հսկայածաւալ օգտակար, այլեւ շնորհակալ աշխատանք։
Գրքում անդրադարձ է կատարւում Անաստաս Միկոյեանի մանկութեան ու հասունութեան ժամանակահատուածին՝ 1906-1917 թթ․, ապա Պաքուի կոմունային (գաւառին – խմբ.)՝ 1917 թ․ մարտ-1919 թ․ սեպտեմբեր, Նիժնի Նովգորոդում եւ Ռոստովում աշխատանքի տարիներին՝ 1919-18 թթ․, ԽՍՀՄ սննդի արդիւնաբերութեան կազմակերպման աշխատանքներին՝ 1930-1941 թթ․, Հայրենական մեծ պատերազմի տարիներին եւ յետպատերազմեան ժամանակահատուածին՝ 1941-1953 թթ։ Մեծագոյն հետաքրքրութիւն են ներկայացնում Միկոյեանի դերը ապաստալինականացման ժամանակահատուածում՝ որպէս խորհրդային դիւանագիտութեան հակաճգնաժամային կառավարիչ՝ 1953 -1964 թթ․, անդրադարձ է կատարւում Միկոյեանին որպես ԽՍՀՄ նախագահի եւ նրա կեանքի վերջին տարիներին՝ 1963-1978 թթ․։
Միկոյեանը, ընդունելով մարքսիստական գաղափարախօսութիւնը, ակտիվ (աշխոյժ) մասնակցութիւն է ունենում պոլշեւիկեան կուսակցութեան գործունէութեանը Կովկասում, ապա Ռուսաստանում։ Հինգ անգամ բանտարկւում է։ Առանձնայատուկ տեղ է գրաւում նրա աշխատանքը Պաքուիի կոմունայում։ Պատահական չէ, որ իր զաւակներին Միկոյեանը կոչել է նահատակուած կոմիսարների անուններով։ Ասում են՝ Ստալինը նրան մէկընդմէջ դիմում էր որպէս… քսանեօթներորդ կոմիսար, ակնարկելով Պաքուի կոմիսարների գնդակահարութիւններից զերծ մնալուն, այդպիսով իր յատուկ վերաբերմունքը դրսեւորելով միշտ վախի մէջ պահել անմիջական շրջապատը։ Սակայն իրականութիւնը նկարագրւում է ինչպէս անձամբ Միկոյեանի կողմից, այնպէս էլ Ստեփան Շահումեանի որդու՝ Սուրէն Շահումեանի կողմից, որն անձամբ ականատեսն է եղել այդ ողբերգական դէպքերի։
Անաստաս Միկոյեանի կազմակերպչական տաղանդը ակնյայտօրէն դրսեւորուեց ԽՍՀՄ սննդի ապահովման, ներքին եւ արտաքին առեւտրի, երկրի նիւթա-թեքնիկական մատակարարման ղեկավարման հարցերում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա հանդիսանում էր բանակի սննդի կազմակերպման, արդիւնաբերական ձեռնարկութիւնները՝ դէպի երկրի արեւելք տեղափոխման հետ կապուած խնդիրների լուծմանը։ Համաշխարհային պատմութիւնը նման գործունէութեան ծաւալներ երբեւէ չի ունեցել։ Ընդունուած էր, որ բարձրագոյն ղեկավարութեան գործիչները յոբելեանների առիթով արժանանում էին ոսկէ աստղերի։ Միկոյեանը պարգեւատրուել է 1943 թուականին բացառիկ արդիւնաւէտ գործունէութեան համար։ Խորհրդային բազմազգ երկրին անհրաժեշտ էր կերակրել ժողովրդին։ Միկոյեանը ճշմարտացիօրէն գնահատում էր, որ 30-ականների կէսերից աշխարհում թեքնոլոկիական (արհեստագիտական – խմբ.) առաջընթացը Միացեալ Նահանգներում է եւ ոչ թէ Եւրոպայում կամ այլուր։ Հենց այդ շրջանից սկսւում են նրա բազմաթիւ այցելութիւնները Միացեալ Նահանգներ։ Հիմք է դրւում պահածոների, ամենատարբեր մթերքների վերամշակման արդիւնաբերութեանը։ Միկոյեանի նախաձեռնութեամբ են առաջ եկել երշիկի տարբեր տեսակների, նրբերշիկի, պաղպաղակի, խտացրած կաթի, անգամ՝ սովետական շամփէյն հասկացութիւնները եւ վերջիններիս զանգուածային արտադրութիւնը, այն էլ, կրկին, համաշխարհային պատմութեան մէջ աննախադէպ ծաւալով։
Կարեւոր է նշել, որ օգտագործելով ամերիկեան թեքնոլոկիաները, հաշուի էր առնւում հսկայական երկրի առանձնայատկութիւնները եւ սննդատեսակներում չէին օգտագործւում արհեստական բաղադրիչներ։ Միկոյեանին է պատկանում նշանաւոր արտայայտութիւնը՝ «Գովազդը առեւտրի շարժիչ ուժն է»։
50-ական թուականներից մինչեւ 60-ականների առաջին կէսը Անաստաս Միկոյեանը խոշորագոյն դերակատարում ունեցաւ դիւանագիտութեան ասպարէզում։ 1957 թուականին ամերիկեան «Թայմ» (Time) շաբաթահանդէսի համարներից մէկի շապիկը զարդարում էր Միկոյեանի դիմանկարը։ «Թայմը» նման պատուի էր արժանացնում քաղաքական գործիչներից պետական առաջին դէմքերին, իսկ Հարուըրտի համալսարանը մասնագէտների շրջանակում հարցում էր անցկացրել, թէ ո՞վ է XX-րդ դարի հակաճգնաժամային թիւ մէկ գործիչը։ Հարցուածների մեծամասնութեան կարծիքով՝ Միկոյեանը։ Եւ դա այն դէպքում, երբ ցանկում ընդգրկուած էին հիմնականում պետութեան առաջին ղեկավարների անուններ։ Միկոյեանը եղել է հիմնական բանախօսը Պեռլինի ճգնաժամի ընթացքում, երբ աշխարհը կանգնած էր երրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին, վճռորոշ դեր է ունեցել Քարիպեան ճգնաժամի յաղթահարման գործում, երբ միջուկային պատերազմն անխուսափելի էր թւում։ Միկոյեանն հիմնական բանակցողն է եղել Չինաստանի, Հնդկաստանի, Վիէթնամի հետ բանակցութիւններում։ Միկոյեանի մահուան առիթով ցաւակցական հեռագրեր են յղել աշխարհի ամենայայտնի քաղաքական գործիչները, չնայած նա արդեն տեւական ժամանակ հանգստի էր կոչուած եւ այլեւս չունէր այդ շրջանի խորհրդային իշխանութեան համակրանքը։
Անաստաս Միկոյեանը համաշխարհային չափանիշով գործիչ էր։ Նա դատում էր եւ գործում՝ ելնելով աշխարհում տեղի ունեցող երեւոյթներից։ Իր առջեւ դրուած խնդիրները, այդ թւում՝ հարցերը, որոնք առնչւում էին հայութեան հետ, նա դիտարկում էր այդ համաթեքստում, ինչն էլ ապահովում էր լուծումների արդիւնաւէտութիւնը։ Կարելի է լսել հետեւեալ կարծիքը՝ իսկ ի՞նչ է արել Միկոյեանը Հայաստանի եւ հայերի համար։ Կարելի է պատասխանել հետեւեալ կերպ՝ նա երկու անգամ փրկել է աշխարհը միջուկային պատերազմից, իսկ հայերի եւ Հայաստանի կործանումը երկրագնդից դուրս չեն։ Իսկ նրանք, ովքեր դատում են գաւառական մակարդակով, ապա ապաւինենք 50-60-ական թթ. Հայաստանի խորհրդային ղեկավարութեան յուշերին, որոնց այցերի ժամանակ Մոսկուա, առաջին հանդիպումը Միկոյեանի հետ էր լինում, որից յետոյ լուծում էին ստանում հանրապետութեան բազում խնդիրներ։
Ի դէպ՝ գաւառականութեան եւ ցանցառամտութեան մասին։ Այն կապ չունի, թէ ուր եւ որտեղ է ծնուել ապագայ քաղաքական գործիչը։ Միկոյեանը Սանահինից էր, պարզ, գիւղական ընտանիքից։ Բայց կրողն էր որոշակի գաղափարախօսութեան, որը կարելի էր ընդունել, իսկ հիմնականում՝ ոչ, եւ մտածում ու գործում էր լայնածաւալ։ Մեր օրերում Հայաստանի քաղաքական շրջանակներում գերիշխում է մարտնչող գաւառականութիւնը, երբ աթոռը պահպանելու համար ոտնահարւում են ազգային արժէքները, հայոց պատմութիւնը, իրերն ու երեւոյթները դիտարկւում նեղ տեղական մակարդակով։ Գաւառականը չի առաջնորդւում որեւէ գաղափարախօսութեամբ։ Այդ պատճառով, լինելով կիսագրագէտ, ստեղծում է իրը, նպատակ հետապնդելով հիմնաւորել դաւաճանութիւնը, թշնամանքը սեփական ազգի նկատմամբ։ Գաւառամիտը չունի անհրաժեշտ կրթական որակ, չի տիրապետում օտար լեզուներին, բայց խօսում է դրանցով՝ դառնալով ծիծաղի առարկայ։ Գաւառականը բազում քոմփլեքսների (բարդոյթ – խմբ.) մէջ է եւ ունեցել է դաժան մանկութիւն, զուրկ է ընտանեկան դաստիարակութիւնից։ Զգեստներ են փոխում, երթեւեկում շքեղ մեքենաներով, ուտում, խմում, ճանապարհորդում եւ, այդպիսիների հասկացողութեամբ՝ վայելում կեանքը։ Խեղկատակութիւն։
«Ղարաբաղ» կոմիտէի անդամ, ակադեմիկոս Ռաֆայէլ Ղազարեանը, որին երբեք չի կարելի մեղադրել խորհրդային կարգերի նկատմամբ դրական զգացմունքների համար, տարիներ առաջ մի գրառում կատարեց․ «Երանի Հայաստանի նախագահը լիներ Միկոյեանի նման մէկը»։
Աւելի լաւ չես ասի…

