Տեսակէտ
ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ
ԱՄՆ նոր իշխանութիւնները հիմնական փոփոխութիւնների արշաւ են սկսել երկրում։ Մի բան շատ պարզ է,- Փոփոխութիւնները էական են լինելու, կիսամիջոցներով չեն լինելու, եւ դա պարտադրում է մերօրեայ հիմնախնդիրները լուծելու հանգամանքը։
Երկու կարեւոր տեղեկութիւն կիսեմ ձեզ հետ։
- 1924 թուականին՝ 100 տարի առաջ, կեանքի կոչուեց մի միութիւն/ կառոյց, որի պարտականութիւնն է ԱՄՆ նախագահի եւ լրատուների միջեւ հանդիպումներ եւ հարցազրոյցներ կազմակերպելը։ Այդ կառոյցն ունի իր կանոնադրութիւնը, որ ժամանակի ընթացքում մասնակի փոփոխութիւններ է ունեցել։ Կան այն լրատուների անունները, որոնք իրաւունք ունեն լրագրող ունենալ նման հանդիպումներին։
Այսօր կը խօսուի նշեալ կանոնադրութիւնը հիմնովին փոխելու անհրաժեշտութեան մասին։ Կանոնադրութիւնը փոխելու հիմնական պատճառ է նշւում մերօրեայ լրատուական դաշտը։ Ըստ հաղորդածի՝ նշեալ հին օրէնքը բնականաբար նկատի չէր առած առցանց լրատուներու հնարաւորութիւն տալ խանի այդ պահուն նման բան գոյութիւն չուներ: Կանոնադրութիւնը կ՛արտօնէր միայն մի քանի հին լրատուների եւ մետիա դաշտին։
Կարեւորութեամբ շեշտւում է որ՝ ներկայիս եւ ժամանակակից աշխարհում տիրական ներկայութիւն են դառնում առցանց հարթակները, առցանց Ռատիոն եւ Ձայնային Յեղափոխութիւն Փոտքասթը (Podcast) եւ Հոսքային Մուլթիմետիան (Streaming Media).
Այս հարթակները արդէն դուրս են գտնւում որոշ շրջանակների վերահսկողութիւնից, անկախ դրոյթ ունեն, եւ ճիշտ այդ պատճառով՝ նախագահների հետ հանդիպումներին նրանց ներկայութիւնը գուցէ ձեռնտու չէր ոմանց համար։
Սպիտակ Տունը որոշել է այդ կառոյցի կանոնադրութեան փոփոխութիւնը կատարի ոչ թէ նշածս միութիւնը/ կառոյցը, այլ՝ Սպիտակ Տունը՝ Նախագահութեան Գրասենեակը։ Պատճառը նշւում է տարբեր հին կառոյցներում դանդաղ աշխատանքն ու վարչարարութիւնը (bureaucracy)։
Սա, իհարկէ, դուր չեկաւ նշածս միութեան վարչութեանը/ ղեկավարութեանը, եւ անիմաստ փորձ կատարեցին՝ դա համարել միջամտութիւն եւ ժողովրդավարութեան եսիմ ինչ լինելը։
Չէ՞ք կարծում 100 տարին բաւարար ժամանակ է, որպէսզի նորօրեայ պայմանների հիման վրայ՝ փոփոխուի եղած կանոնադրութիւնը․․․ Եւ այդ փոփոխութիւնները կատարել արագ եւ կտրուկ, որի պահանջը մեծապէս կայ։
- 2- Իլոն Մասքի ղեկավարութեամբ՝ Կառավարութեան գործունէութեան արդիւնաւէտութիւնը քննող յանձնախմբի կողմից Էլ-նամակ գնաց Ֆետերալ կառավարութեան բոլոր կառոյցներում աշխատողներին, որոնք պիտի ներկայացնէին անցնող շաբաթների ընթացքում իրենց կատարած աշխատանքների ցանկը։
Պիտի սպասել, որ այդ կառոյցը եզրակացութեան գայ։ Բայց շատ հետաքրքիր ու կարեւոր տեղեկութիւն եմ ուզում փոխանցել այս կապակցութեամբ։
Ֆետերալ կառավարական կառոյցներում աշխատողներից աւելի քան մէկ միլիոն հոգի անպատասխան են թողել այդ Էլ-նամակը․․․ Սա ինչպէ՞ս կարելի է մեկնաբանել։ Պոյքոթե՞լ են, թէ՞ կայ ուրիշ պատճառ։
Եւ կայ այն կարծիքն ու կասկածը, որ այդ մարդիկ իրականում գոյութիւն չունեն․․․ Այսինքն՝ այդ անձանց անունով տարիներ, տարիներ աշխատավարձ եւ ուրիշ գումարներ է մուծուել, բայց այդ ամենը գնացել է ուրիշների հաշուին։
Նշածս պարզապէս տեղեկութիւն է, որ նախ պէտք է հաստատուի: Բայց, ԵԹԷ նման բան փաստուի, ապա մեծ խնդիրների առաջ կը կանգնեն շատերը, եւ դա կը լինի մեծ ապացոյց երկրում տիրող վիճակից։
Կարծում եմ այդ յանձնախմբի աշխատանքը կունենայ շատ լաւ արդիւնք, եւ պիտի սպասել վերջին եզրակացութիւններին։
* * *
Մեծն Բրիտանիան եւ Ֆրանսիան համաձայնել են Ուքրանիայում խաղաղութեան հասնելու համար ծրագիր ներկայացնեն։ Լաւ, հիմա՞ յիշեցին․․․ Երեք տարի ինչո՞վ էին զբաղուած, եւ հիմա յիշեցին, ԵՐԲ ԱՄՆ իշխանութիւններն արդէն ձեռնամուխ են եղել եւ կարեւոր հանդիպումներ ունեցել հակամարտող կողմերի հետ։
Սա փաստում է, որ Եւրոպան հեւիհեւ հետեւում է Միացեալ Նահանգներին։ Սա նշանակում է, որ Եւրոպան նախաձեռնող չէ․ Եւրոպան միայն հակազդում է Միացեալ Նահանգներին․․․Եւրոպան չի ուզում անմաս լինել մեր ժամանակների այս մեծ գործարքից՝ խաղաղութիւն բերելու այդտեղ, նաեւ աւելի մեծ բաժին ունենայ Ուքրանիայի հանքերից եւ ընդերքից։
ՆԱԹՕ-ի տնօրէնը պաշտօնապէս յայտարարեց, որ Ուքրանիայի նախագահ Զելենսքին իր յարաբերութիւնները պիտի կարգաւորի ԱՄՆ-ի հետ․․․
Պէտք է յիշել նաեւ, որ ամերիկեան մի քանի լրատուներ, օրինակ Washington Post-ը պահանջեցին Զելենսքին ներողութիւն խնդրի նախագահ Թրամփից, կամ հրաժարուի։
ԱՄՆ մի քանի քոնկրեսականներ եւս պահանջել են Զելենսքիի հրաժարականը, բայց դա կը պատահի՞ յատկապէս հիմա, երբ Եւրոպան «ամուր կանգնեց» Զելենսքիի կողքին, միաժամանակ յայտարարելով, որ Ուքրանիայում խաղաղութիւնը պայմանաւորուած է Միացեալ Նահանգներով։
Չեմ կարծում, որ եւրոպական երկրները համաձայն կը լինեն Զելենսքին հրաժարուի ՀԻՄԱ։ Նրան փոխարինողը մեծ հաւանականութեամբ ռուսամէտ է լինելու։ Բայց թէ ինչքա՞ն կը ձգի Զելենսքին, դա արդէն միայն իրենով պայմանաւորուած չէ։
Եւրոպան ուշացել է շատ։ Հէնց իրենք են հաստատում, որ առանց ԱՄՆ-ի ռազմական օգնութեան՝ Ուքրանիան կարող է միայն վեց ամիս դիմանալ պատերազմում։ Եւ դա այն պայմաններում, որ Եւրոպան կը շարունակի Ուքրանիային մատակարարել զինամթերք։
Դժուար վիճակում է յայտնուել Եւրոպան, եւ ինձ չի թւում, որ նրանք կը կարողանան հիմա եւ ապագայում մեծ դերակատար լինել Ուքրանիայում հրադադար եւ խաղաղութիւն հաստատելու գծով։
Իզուր են աղմկում դեմոկրատներն ու կլոպալիստները։ Նախագահ Թրամփն ու նոր իշխանութիւններն ունեն ժողովրդի ամուր նեցուկը։ ԱՄՆ իշխանութիւնները ոչ-միայն արտաքին ոլորտում, այլ յատկապէս երկրի ներսում կը շարունակեն իրենց կտրուկ եւ արագ փոփոխութիւնները, որոնք կիսամիջոցներ չեն լինելու։
Աւարտին կ՛արժէ նշել, թէ ամենազւեշտալին հայ ապազգային կլոպալիստների այսօրերի վերլուծութիւններն են։ Ստերի եւ կեղծիքի հիման վրայ՝ նորից մոլորեցնում են հայ զանգուածներին։ Խնդիրն այն է, ինչքա՞ն կը ձգեն նման մարդիկ…: