Կիրակի, 09. 02. 2025

spot_img

Լոյս տեսած են Ռուբինա Օհանեանի «ԱՄՆ-ում Վախճանուած Հայ Գրական Դէմքեր» Եւ «Ամանեջ Վեպը Եւ Պարոյր Սեւակի Կարեւոր Նպատակը Այն Հեղինակելու Մէջ» Գիրքերը

Շնորհակալութեամբ ստացանք մեզի մակագրուած երկու նորատիպ գիրքեր: Երկու գիրքերու հեղինակն ալ մեր ընթերցողներուն եւ ընդհանրապէս սփիւռքահայութեան քաջածանօթ բանասէր եւ մտաւորական Ռուբինա Օհանեանն է:

Իր «ԱՄՆ-ում Վախճանուած Հայ Գրական Դէմքեր» աշխատասիրութեան առաջին էջին վրայ յատուկ նշումով յարգելի հեղինակը իր գիրքը կը նուիրէ «Բոլոր նրանց յիշատակին, ովքեր հայ գիր ու գրականութեան ջահը վառ պահեցին հայկական սփիւռքում»:

«Դժուար աշխատանք էր». կ՛անկեղծանայ բանասէրը։ «Փորձել եմ կարկինը լայն բացել եւ աշխատանքս հասու լինի բոլորին» կ՛ըսէ ան։

Մարտ 2024-ին, ԱՄՆ հրապարակուած, 112 էջ կազմող սոյն աշխատասիրութիւնը լոյս տեսած է 350 տպաքանակով, Minuteman Press, Glendale, CA հրատարակչատան մէջ:

    Հեղինակը յոյս ունի, որ գիրքին մէջ բերուած տեղեկութիւնները գուցէ պատճառ դառնան, որ համայնքային կառոյցները, տարբեր միութիւններ ու կազմակերպութիւններ, եւ գրականութեամբ հետաքրքրուող անհատները ցանկանան ունենալ այս հատորէն: Հեղինակը կը խոստանայ անկէ օրինակներ անվճար տրամադրելու բոլորին։ Փափաքողները կրնան կապուիլ հեղինակին, գրելով roubinao@yahoo.com հասցէին:

Ինչ կը վերաբերի  «Ամանեջ Վեպը Եւ Պարոյր Սեւակի Կարեւոր Նպատակը Այն Հեղինակելու Մէջ»գիրքին, հեղինակը, կը յայտնէ, թէ քիչերը գիտեն, որ մեր հանճարեղ բանաստեղծ Պարոյր Սեւակը հեղինակել է նաեւ արձակ։ Նրա միակ արձակը «Ամանեջ» անաւարտ վէպն է, որը հրատարակել են նրա որդիները՝ Սեւակի մահից յետոյ։

   Ռուբինա Օհանեան կը յիշեցնէ, թէ  Ամանեջի երկրորդ եւ լրամշակուած տարբերակը լոյս տեսած է 2018 թուականին, Երեւանի մէջ, որուն մասին 2022 թուականին, ինք գրախօսական յօդուած մը գրած է, որ տպագրուած է սփիւռքի կարգ մը հայկական թերթերու մէջ։

    2024-ը Պարոյր Սեւակի ծննդեան 100-ամեակը ըլլալուն պատճառով հեղինակը որոշած է ծաւալել իր գրախօսականը  եւ առանձին հատորով։ Արդարեւ Հոկտեմբեր 2024-ին  ԱՄՆ-ի մէջ հրապարակուած է, 36 էջ կազմող սոյն գիրքը, որ լոյս տեսած է 300 տպաքանակով, դարձեալ Minuteman Press, Glendale, CA հրատարակչատան մէջ:

«Կարծում եմ շատերին կը հետաքրքրի «Ամանեջ» բառի իմաստը․ թէ ինչո՞ւ Սեւակը իր վէպն անուանել է Ամանեջ։ Այս մասին ոչ-մի ակնարկ չունեն գիրքը հրատարակող նրա որդիները». Այս մասին կը շեշտէ Օհանեան: «Իմ հատորի ներածական գրութեան մէջ ես նշել եմ իմ կարծիքն ու եզրակացութիւնը՝ վէպը Ամանեջ անուանելու համար…. ես Սեւակի Ամանեջ վէպը անաւարտ չեմ իմանում, թէեւ վէպի բնաբանի եւ դէպքերի յաջորդականութեան եւ վերջին եզրակացութեան առումով՝ Ամանեջը անաւարտ է։ Անաւարտ կամ ոչ, ես կը հաւատամ, որ այս հատորը հեղինակելու համար, եւ ա՛յդ նկատառումով՝ Պարոյր Սեւակը ամբողջութեամբ հասել է իր նպատակին»կ՛եզրակացնէ Օհանեանը:

Խմբ.


«ԱՄՆ-ում Վախճանուած Հայ Գրական Դէմքեր» Աշխատասիրութեան Ներածականը

Գրականութիւնը եղել է ու մնում է մարդկային հասարակութիւնների հաղորդակցական կարեւոր միջոցներից։ Հազարամեակներ առաջ դա սկիզբ է առել ժայռապատկերներով եւ հոլովոյթ ապրելով հասել է սեպագրերին, ձեռագիր մատեաններին, տպագիր թերթերին ու գրքերին, իսկ արդի ժամանակներում՝ արդէն էլեկտրոնային/ առցանց։ Գիրն ու գրականութիւնը համարւում է մարդկանց եւ հասարակութիւնները ճանաչելու հիմնական միջոց։ Գեղարուեստական գրականութեան ընդմիջից արտացոլւում են ժամանակի գաղափարախօսութիւններն ու պատմութիւնը։ Դրանով հանդերձ, գեղարուեստական գրականութիւնն ինքնին առանձին հետաքրքիր բնագաւառ է, որով զբաղւում են բոլորը՝ գրականութեան մասնագէտներն ու ընթերցող հասարակութիւնը։

            Մասնագիտական նեղ շրջանակներին, նաեւ բոլորին, հասու են հայ հին ու նոր գրականութեան մասին բազմաթիւ վերլուծութիւններ, ակադեմիական-բանասիրական ու մատենագրական աշխատանքներ։ Տարբեր ժամանակներում ուսումնասիրուել է նաեւ հայկական սփիւռքի գրականութիւնը ու հրատարակուել են հատորներ։  Առցանց հարթակներով հնարաւոր է գտնել գրական դէմքերի ու նրանց հեղինակած գործերի անունները։ Այս ամբողջը, որն առաւելաբար հասու է մասնագէտներին՝ արդիւնքն է հայաշխարհի ակադեմիական շրջանակների, սփիւռքի հայագիտական կենտրոնների, գրական-մշակութային տարբեր կառոյցների եւ անհատ գործիչների աշխատանքների։

            Հայ մամուլը թուայնացնելու մեծ աշխատանք է տարուել Հայաստանում, որը եւ շարունակւում է։ Առցանց հասու է նաեւ հայկական սփիւռքի թերթերի, գրական-մշակութային հանդէսների եւ տարբեր պարբերականների համարները, որտեղ գրական երկերով ու յօդուածներով հանդէս են եկել մամուլին աշխատակցողները։ Մեծ աշխատանք է պահանջում՝ նաեւ մամուլից իմանալ ամեն մի համայնքի գրական դէմքերի մասին տեղեկութիւններ․ հեղինակների անունները, թերթով ներկայացրած կամ առանձին հրատարակած գրական գործերն ու հատորների մատենագրութիւնը։

            Միացեալ Նահանգներում հայերէն թերթերի եւ գրքերի տպագրութիւնը սկիզբ է առել 1850-ականներից։ Առցանց հասու է՝ սկզբից մինչեւ 2011 թուական՝ ԱՄՆ-ում հրատարակուած գրքերի մատենագրութիւնը։ Հետաքրքիր թուեր են պարզւում․ օրինակ 1900-ից մինչեւ 1920-ը, միայն Բոստոնում տպագրուել է աւելի քան 150 անուն հայերէն գիրք՝ տարբեր բովանդակութեամբ։ Մատենագրութիւնը առաւել հետաքրքրում է մասնագիտական նեղ շրջանակներին, եւ այս հաւաքածոյի նպատակը բանասիրական նման աշխատանք ներկայացնելը չէ։

*     *     *

            ԱՄՆ-ում վախճանուած հայ գրական դէմքերի մասին այս հաւաքածոյի հիմնական նպատակը նրանց յիշելն ու յիշատակելն է։ Նաեւ նպատակ ենք ունեցել կարկինը աւելի լայն բացել եւ այդ երախտաւորների վերաբերեալ իրազեկել հայ հասարակութեան տարբեր խաւերին։ Իսկ ծրագրեր եւ միջոցառումներ ձեռնարկելու տեսակէտից՝ այս հաւաքածոն համայնքային կառոյցների համար գուցէ օգտակար նկատուի։

Ընթերցողը կը նկատի, որ ԱՄՆ-ում վախճանուած գրական հին սերնդից շատերի ծննդավայրը Օսմանական Կայսրութիւնն է։ Նրանց մեծամասնութիւնը հայոց ջարդերի վերապրողներ են, ովքեր մանուկ հասակում տարագրուել են, դժուար կեանք են ապրել Միջին Արեւելքի կամ Եւրոպայի երկրներում, ու նրանց երկերի գերակշիռ մասը այդ դաժան օրերի կապակցութեամբ չափածոյ կամ արձակ էջեր եւ յուշագրութիւններ են։ Գրական այդ դէմքերի կեանքի բոլոր հանգրուանները նշուած չեն այստեղ․ ընթերցողը դա կարող է ձեռք բերել առցանց։ Անխտիր բերուել են բոլոր գրողների անունները՝ առանց նրանց խմբակցական եւ կուսակցական պատկանելիութիւնը նկատի ունենալով։ Հաւաքածոյում չկան գրական արժեւորումներ, չկայ գրախօսութիւն ու երկերի մակարդակի մասին խօսք։

            ԱՄՆ հաստատուածների մեծ մասը յաջողել է իր բարձրագոյն ուսումն ստանալ նախ իր ապրած երկրում, ու յետագային ԱՄՆ հաստատուելուց յետոյ՝ յաճախել ԱՄՆ առաջատար համալսարաններ։ Իսկ նրանք, որ ծնուել ու մեծացել են Միացեալ Նահանգներում, յաճախ ճանաչուած գրողներ ու լրագրողներ են եղել երկրի մասշտաբով։ Նրանք աւելի շատ գրել են անգլերէն, բայց նրանց երկերում մեծ մասամբ իշխում է հայկականն ու հայութիւնը։ Այս հաւաքածոյով ներկայացուել են նաեւ անգլիագիր հայ գրողները։

Հաւաքածոյում կան անուններ, ովքեր ուրիշ մասնագիտութիւն են ունեցել ու միաժամանակ զբաղուել են գրականությամբ․ գրական հատորների հեղինակ են։ Նրանք պատմաբաններ են, լրագրողներ, խմբագիրներ, մանկավարժներ, մշակութային ուրիշ բնագաւառի գործիչներ, հայագէտներ, բժիշկներ, ճարտարագէտներ, գիտնականներ եւ քաղաքական-հասարակական գործիչներ։ Այս դէպքում, հիմնականում նշել ենք նրանց գրական երկերը, յուշագրութիւններն ու պատմագրական իմաստով արժէք ներկայացնող ստեղծագործութիւնները։ Կարեւորութեամբ նշենք՝ այստեղ չկան ԱՄՆ-ում հրատարակուած ու հրատարակուող թերթերի բոլոր այն խմբագիրների անունները, ովքեր չեն ունեցել գրական երկեր։ Նաեւ չենք նշել թերթերի անունները, որոնց հետ աշխատակցել են գրողները։ Բաւարարուել ենք գրել միայն գրական հանդէսների ու պարբերականների անունները, որոնց հիմնադիրներն ու խմբագիրներն են եղել նրանք։

Զուտ քաղաքական գրականութիւնը գեղարուեստական գրականութիւն չնկատելով՝ այս հաւաքածոյի մէջ չենք ներառել դրանք եւ հեղինակներին, բացի յուշագրութիւնը, որոնց ընդմիջից գուցէ արծարծւում են նաեւ քաղաքական թեմաներ։ Չկան նաեւ հոգեւոր գրականութիւն ստեղծողների անունները։

            Յաւակնութիւն չունենք, որ ներկայցուած ցանկն ամբողջական է։ Ինձ հասու աղբիւրներին դիմելով՝ կարողացել եմ գտնել 183 անուն։ Յաւակնութիւն չունենք նաեւ, որ համառօտ տեղեկութիւններով տուել ենք նրանց գրական ստեղծագործութիւնների ամբողջ ցանկը։ Դժուար էր գտնել յատկապէս այն անձանց նկարները, ովքեր Միացեալ Նահանգներ են գաղթել 19-րդ դարուայ առաջին կէսից սկսած։

Սա այն հնարաւորն ու նպատակայարմարն է, որ ներկայացնում եմ յարգելի ընթերցողին։

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

«Ամանեջ Վեպը եւ Պարոյր Սեւակի Կարեւոր Նպատակը Այն Հեղինակելու Մէջ»  հատորի Ներածական գրութենէն մասեր

         Ռուբինա Օհանեան կը գրէ.    Գուցէ շատերը չգիտեն, որ մեծանուն բանաստեղծ Պարոյր Սեւակը (Ղազարեան) ունի արձակ ստեղծագործություն․ «Ամանեջ» վեպը, որը մինչեւ հեղինակի մահն ու մեր ժամանակները անտիպ էր։

Սեւակն ասել է․ «Երազում եմ գրել արձակ․․․», («Ավանգարդ», 14․12․1967 թ․)։։ Եւ նա իրագործում է իր երազը, գրում է «Ամանեջ» վէպը, որը, ցաւօք, վէպը թողնում է անաւարտ»։

            Թէեւ «Ամանեջ»ը անաւարտ է՝ վիպական պատումի՝ դէպքերի յաջորդականութեան, վերջին եզրակացութեան եւ դէպքերի վերջնական աւարտի իմաստով, բայց «Ամանեջ»ը մենք կարող ենք եւ՛ աւարտուն համարել, եթէ նկատի ունենանք այն նպատակը, թաքուն նպատակը, որ ունեցել է հեղինակը։ Իսկ ո՞րն է այդ նպատակը, որի մասին ակնարկ ու բացատրութիւն չկայ հատորում՝ ո՛չ հեղինակի, ո՛չ սեւագրերը ստուգող, տեքստը պատրաստողի, եւ ոչ էլ խմբագրի կողմից։ Այդ նպատակը զգում ենք ամբողջ վէպի ընթացքում՝ ամեն պահ։

            Իմ խորին համոզմամբ, Պարույր Սեւակը նպատակ է ունեցել մոռացումից փրկել գիւղական համայնքներում ժամանակին օգտագործուած (գուցէ եւ մինչեւ հիմա օգտագործուող) բարբառները, հայկական առակներն ու առածները եւ թեւաւոր իմաստալից խօսքերը, որոնք ձեւաւորուել են հայ ժողովրդի պատմութեան ընթացքում՝ կեանքի փորձով, պատմութեան եւ բնութեան թելադրանքով, հաւատամքով/ հաւատալիքներով, եւ ժամանակի նախապաշարումներից ու սնափառութիւնից ելնելով։ Այս առումով վէպը աւարտուն է։

Ամանեջ գիւղում դէպքերը տեղի են ունենում 20-րդ դարի առաջին տասնամեակում եւ Առաջին Համաշխարհային պատերազմը սկսելու տարիներին, ապա այդ ժամանակուայ գիւղական կեանքին ծանօթ մէկի համար զարմանալի չի լինում հարսի չխօսկան լինելն ու կենցաղային տարրական առարկաներից զուրկ գիւղացիների մեծամասնութեան վիճակը։ Այդ ամենով հանդերձ, Ամանեջը հնաոճ չէ։ Սեւակը յաջողել է մեզ մատուցել լրիւ նոր եւ իմաստալից մի ուրիշ գործ․ այս անգամ էլ իր բեղուն գրչով՝ «Ամանեջ» վէպով։

            Գիրքն սկսում է գիւղի անուան վերաբերեալ մի քանի ենթադրութիւններով եւ Ամանեջի բնությունը նկարագրելով։ Չեմ տեսել Պարոյր Սեւակի ծննդավայր գիւղը, բայց մեծ հաւանականութեամբ, դա հենց այն վայրն է, որտեղ ծնուել ու մեծացել է Սեւակը։ Ամանեջում կողք-կողքի ապրում են «հին հայերը» եւ «նոր հայերը», որոնք իրար աղջիկ չեն տալիս, նոյնիսկ դժուարանում են հասկանալ իրար լեզուն։

Պարզւում է՝ Ամանեջի «նոր հայերը» 80-90 տարի առաջ Պարսկաստանից (Իրանից) տեղափոխուել են Արեւելեան Հայաստան Ռուսական Կայսրութիւն։ Գրքում շատ կան Խոյի ու Սալմաստի բարբառով բառեր ու խօսքեր, որոնց գուցէ անհաղորդ է բուն հայաստանցին։ Ու նկատի ունենալով, որ Պարոյր Սեւակի ապուպապերը Հայաստան են տեղափոխուել Պարսկաստանի Սալմաստ շրջանից, ապա ես եզրակացնում եմ, որ Սեւակը տիրապետել է այդ բառերին ու լեզուին, ինչպէս նաեւ նոր ու հին այդ հայերի կենցաղին ու հոգեմտաւոր աշխարհին։ Այդ գաղթից անցել էր մօտ մէկ դար, բայց Ամանեջի հին հայերը գաղթածներին շարունակում էին ասել «նոր հայեր»․․․ Սեւակը յաջող ներկայացնում է այդ երկու խաւին, կարողանում է համեմատութիւններ անել, նրանց նկարագիրը բացատրել, ինչն արժէքաւոր է ազգագրութեան իմաստով։

            Մեր հանճարի ծննդյան 100-ամյակի առիթով, նախաձեռնեցի հրատարակել Ամանեջ վէպում նշուած հայկական առածները, թեւաւոր եւ յորդորի իմաստ ունեցող խրատներն ու բոլոր այն ակնարկները, որոնց մեծամասնութիւնը հիմա էլ կան հայ ժողովրդի առօրեայ խօսակցական եւ իմաստալից խօսքերի շարքում։ Այս հատորով ներկայացւում է դրանցից 804-ը։

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆՅԱՆ

***

Գրող, բանաստեղծ, գրականագէտ, բանասիրական գիտութիւնների դոկտոր Պարոյր Սեւակը (Ղազարեան) ծնուել է 1924 թուականի Յունուարի 24-ին, Հայաստանի Արարատ մարզի Չանախչի* գիւղում։ Մահը՝ Յունիսի 17, 1971 թուականին։ Ամփոփուած է իր ծննդավայր գիւղում։ Չանախչի գիւղի անունը հետագային դարձաւ Սովետաշէն, ապա՝ Զանգակատուն։ (Առցանց որոշ հարթակներում Չանախչի անունը նշւում է Դաշտամէջ)։

Պարոյր Սեւակի նախնիները Արեւելեան Հայաստան են գաղթել 19-րդ դարի երրորդ տասնամեակում, Պարսկաստանից, երբ աւարտուել էր ռուս-պարսկական պատերազմը, եւ 1828 թուականին, երկու կողմի միջեւ կնքւում է «Թուրքմանչայ» հաշտութեան պայմանագիրը։ Նրանք Հայաստան հաստատուելուց յետոյ՝ իրենց նոր բնակավայրի համար ընտրել են Պարսկաստանի Սալմաստի շրջանում իրենց ապրած գիւղի անունը՝ Չանախչի։

*) – Չկարողացա իմանալ Չանախ/ Չանախչի բառերի իմաստը հայերէնում, բայց Չանաղ բառն ունի տարբեր մեկնութիւններ։

Չանաղ նաեւ նշանակում է կաւէ խոր աման՝ ափսէ, պնակ։ Հաւանաբար գիւղը Չանաղչի/ Չանախչի են ասել՝ դաշտի մէջ լինելու եւ բարձրութիւնով շրջապատուած լինելու պատճառով։ Կամ՝ այս անունն ունի ուրիշ մեկնաբանութիւն։ Իսկ Ամանեջը գուցէ կարող ենք բացատրել «Ամանի մէջ» կամ «Ամանի մէջ իջած/ Ամանեջ»։

ՆՈՅՆ

Ստորեւ, Հեղինակին Ամփոփ Ինքնակենսագրութիւնը

            Ես՝ Ռուբինա Օհանեանը, ծնուել եմ 1961 թուականին, Թեհրանում, Իրան։ Աւարտել եմ Թեհրանի «Մարիամեան» միջնակարգ դպրոցը։

            Փոքր տարիքից զբաղուել եմ ընթերցանութեամբ եւ ինքնազարգացմամբ։ Սէր եմ ունեցել գրականութեան, ու յատկապէս հայ գիր ու գրականութեան նկատմամբ։ Գրական, մշակութային տարբեր ուսումնասիրութիւններով ու յօդուածներով հանդէս եմ եկել հայկական տպագիր թերթերում եւ գրական-մշակութային հանդէսներում։

            Եղել եմ Իրանի Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան 60-ամեակի (1944-ից 2004 թուական) գրքի խմբագրական կազմի անդամ։ Պատկերազարդ այդ գիրքը ամբողջական պատկերն է իրանահայութեան ամենամեծ մարզա-մշակութային միութեան գործունէութեան, որի ընդմիջից արտացոլւում է իրանահայութեան կեանքի մի նշանակալից հանգրուանի պատմութիւնը։

            2011 թուականին պարսկերէնից հայերէն եմ թարգմանել ու հրատարակել հոգեբանական, ընտանեկան եւ հասարակական հարցեր շօշափող մի գրքոյկ, որի վերնագիրն է «Կեանքում յաջող լինելու գաղտնիքները»։

            2012 թուականին հրատարակեցի «Համացանցի հետքերով» վերնագրով մի հատոր, որի նիւթերը ընտրել ու հայերէն եմ թարգմանել համացանցային տարբեր կայքերից։ Դրանք կարճ պատմուածքներ, անուանի դէմքերի մասին վկայութիւններ եւ մտքեր ու խոհեր են՝ հասարակական բովանդակութեամբ։

            «Թուրք անուան ու բառի մեկնութիւնը իրանական գրականութեան մէջ» հատորս բանասիրական ուսումնասիրութիւն է, որը հրատարակել եմ 2013 թուականի Փետրուարին․ երկրորդ հրատարակութիւնը՝ 2013-ի Սեպտեմբերին։

            «ԱՄՆ-ում վախճանուած հայ գրական դէմքեր» ուսումնասիրութիւնս հրատարակել եմ 2024-ի Մարտին․ դրանով ներկայացրել եմ 210 հոգու անուն, նրանց համառօտ կենսագրութիւնը եւ հեղինակած գործերը։ Այս հատորն ունի բանասիրական եւ հանրագիտարանային նշանակութիւն։

            2008 թուականից բնակւում եմ ԱՄՆ Կլենտել քաղաքում։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին