Չորեքշաբթի, 24. 04. 2024

spot_img

Սովորէ՛ք Մեր Ոսկեղենիկ Լեզուն, Խօսէ՛ք Հայերէն, Սիրէ՛ք ու Պաշտէ՛ք Մայրենին Իբրեւ Սրբութիւն Սրբոց

Մայրենիի Տօն

ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ

Հայոց լեզուն հայկական իւրայատուկ մշակոյթի ստեղծման փառահեղ միջոց է։ Հայ մտքի ու աշխարհընկալման, ստեղծագործական աստուածատուր ձիրքի փայլատակումները ոգի են առել հայոց քաղցրահունչ բարբառով, ապա մարմին առել մեսրոպեան սուրբ գրերով, դարձել ձեռագիր մատեան ու տպագիր գիրք, գիտելիք ու արուեստ, համամարդկային մշակութային ժառանգութեան հիմնամաս ու սիւն։ Բանաւոր ու գրաւոր մշակոյթի բոլոր կոթողներում հայերէնը կատարեալ է։ Մեր մայրենին պարզ ու անմիջական է Գողթան երգերում ու էպոսում, շքեղ ու կանոնաւոր՝ Խորենացու ու Նարեկացու ձեռագիր մատեաններում, ճկուն ու բազմաշերտ՝ Շիրակացու ու Հերացու գործերում, յուզական ու սիրառատ՝ Քուչակի ու Սայեաթ Նովայի քերթուածքներում, հզօր ու առնական՝ Վարուժանի ու Չարենցի երկերում, հայրենասիրական, խորունկ ու իմաստուն Շիրազի, Սեւակի գործերում, անկեղծ է, հող ու ջրի կանչն է Դաւթեանի ու Սահեանի ստեղծագործութիւններում … Եւ օտարն է Աստծոյ հետ խօսելու միակ լեզուն համարել հայերէնը… Իր բոլոր դրսեւորումներով հայոց լեզուն մշակութային մեծագոյն արժէք է, հազարամեակների ընթացքում սերունդների լեզուական արարումի արդիւնք ու գանձարան, հայոց լինելիութեան միջնաբերդ։

Ի վերջոյ, հայոց լեզուն հայի էութեան ամենավառ բնական երանգն է, որ իր դրսեւորումներով հարազատութեան ու մտերմութեան թրթիռներ է պարգեւում հոգուն։ Բոլորիս է յայտնի, թէ ինչ ոգեւորութիւն է առաջացնում օտար միջավայրում յանկարծ լսուած հայերէն խօսքը, եւ ինչ հրճուանք ու ցնծութիւն է ապրում օտար ափերից Հայրենիք եկած հայը՝ ամենուր ականջալուր լինելով մայրենի խօսքին։ Երեւի նաեւ այս իրողութիւնն են նկատի ունեցել մեր մեծերը՝ հայերէնը հայի տուն ու հայրենիք անուանելով։

Եւ ինչպէս տունն ու հայրենիքը, այնպէս էլ մայրենին մշտական հոգացողութեան, նորոգման ու պաշտպանութեան կարիք ունեն։ Ամեն մի ժամանակաշրջան հասարակութեանն իր խնդիրներն է առաջադրում։

Մայրենի լեզուն ազգային-պետական բարձրագոյն արժէք է, որը կարիք ունի թէ՛ պետական, թէ՛ հասարակական, ընդհանրապէս՝ համազգային մշտական հոգացողութեան։

***

Վաղնջական ժամանակներից ի վեր հայոց լեզուն եղել է հայի տեսակի կերտման, հայ ժողովրդի մտածողութեան ու հոգեբանութեան ձեւաւորման ամենազօրեղ միջոցը:

Մեր լեզուն հազարամեակների փորձութեան միջով է անցել, կոփուել Վարդանանց պատերազմում, նրբացել Նարեկացու աղօթքներում, յաւերժացել Մեղապարտի գործերում:

Հայոց ցեղասպանութեան ծանրագոյն հետեւանքներից է նաեւ հայոց լեզուի երկատումը, հայրենի տարածական հիմքերից կտրուելը, շատ բարբառների անհետացումը, արեւմտահայերէնի միասնականութեան ու գոյատեւման վտանգուած լինելը։ Հայ ժողովրդի լեզուամշակութային եզակի արժէքը, ստանալով ծանրագոյն հարուած եւ ցրիւ գալով աշխարհով մէկ, աստիճանաբար Սփիւռքում յայտնուեց աղետալի վիճակում։

Մեր լեզուն մաշուեց ու խոնարհուեց 1915-ի ճամփեքին: Սակայն հերոսացաւ Սարդարապատում եւ այսօր էլ անկախ ու ազատ Հայաստանի եւ Արցախի խորհրդանիշներից է, զարդն ու յակինթը, մեր սրբութիւնն ամենօրեայ գործունէութեան մէջ, որն աչքի լոյսի պէս պէտք է պահենք ու փոխանցենք սերունդներին:

«Հայ լեզուն տունն է հայուն աշխարհի չորս ծագերուն» (Մ.Իշխան), «Հայերէնը հայուն խորհուրդն է» (Վ. Սարոյան), «Լեզուն ազգի հոգեւոր հացն է» (Գ.Մագիստրոս):

Եւ ինչպէս գրել է Աւետիք Իսահակեանը. «Լեզուն փոխարինել է եւ´ պետութեանը, եւ´ բանակի, եւ´ բերդի: Ժողովուրդների պատմական փորձն ապացուցեց, որ երբ մի ոտնահարուած, ստրկացած ժողովուրդ պահում է իր լեզուն, նա ունի իր ազատութեան բանալին իր ձեռքում»:

Այո´, լեզուի կորուստն ազգային ինքնութեան կորուստն է, լեզուամտածողութեան, ազգային հոգեբանական կերտուածքի կորուստը, որը տանում է դէպի ուծացում, դէպի ձուլում:

Հայապահպանութեան մնայուն առանցքը եւ ողնաշարը մայրենի լեզուի իմացութիւնը, պահպանումն ու զարգացումն է, ուստի դիմում եմ հայրենաբնակ ու աշխարհասփիւռ հայ երիտասարդներին եւ հարազատօրէն կոչ անում. թանկագիններս, սովորէ՛ք մեր ոսկեղենիկ լեզուն, խօսէ՛ք հայերէն, սիրէ՛ք ու պաշտէ՛ք Մայրենին իբրեւ սրբութիւն սրբոց, իբրեւ մեր ազգային ինքնութեան եւ լինելիութեան վկայական։ Ազգովի պէտք է պահենք ու պահպանենք մեր լեզուն՝ մեր Հայրենիքը։

Արեւմտահայերէնը

Արեւմտահայերէնը հայ ժողովրդի լեզուամշակոյթի անբաժանելի մասն է, բացառիկ կարեւորութեան ազգային արժէք, ցեղասպանուած ժողովրդի բեկորների շնորհիւ մեծագոյն աղէտից փրկուած գանձ, որը թէեւ զրկուած է գործառութեան բնականոն պայմաններից, սակայն հաղորդակցման միջոց լինելուց բացի, ձեռք է բերել նաեւ համազգային նշանակութիւն ունեցող այլ գործառոյթներ: 2010 թուականին ԵՈՒՆԵՍՔՕ-ի կողմից արեւմտահայերէնը դասուեց «վտանգուած լեզուների,, շարքին եւ նրա «Աշխարհի վտանգուած լեզուների էլեկտրոնային ատլասում» ստացաւ վտանգուածութեան առկայ մակարդակներից «հաստատապէս վտանգուած» կարգավիճակը, որը նշանակում է, որ երեխաները որպէս մայրենի իրենց հայրենիքում այլեւս այդ լեզուով չեն սովորում:

Համաշխարհայնացման, վերագաղթերի, բազմամշակութային միջավայրի, սոցիալ-հոգեբանական զանազան գործօնների պատճառով Սփիւռքում վտանգուած է մեր ազգային ամենամեծ հարստութիւնը՝ հայոց լեզուն, այն սերունդներին փոխանցելու գործը: Օտարացման յորձանքը սպառնում է մարել հայեցի օջախները: Ինչպէս նշում է թարգմանիչ եւ հրատարակիչ Յակոբ Ջելալեանը` «անցեալին ունեցած ենք Աւարայր, ապա Ցեղասպանութիւն, իսկ ներկայիս կը դիմագրաւենք համաշխարհայնացման վտանգը: Առաջին երկուքը յաղթահարեցինք, որովհետեւ ծանօթ էր թշնամին, իսկ հիմա ծանօթ չէ» («Ազատ օր», 23 յունուար, 2013): Բայց վստահ գիտենք, որ այդ «թշնամին» «սպառնում է խլել» մեր Մայրենին: Եւ եթէ «խլի», մեզ համար անասելի մեծ կորուստ կլինի, քանի որ Մայրենի լեզուն է, որ արտացոլում է հայի մտածելակերպն ու աշխարհահայեացքը, երաշխիքն է ազգի միասնականութեան, հաւատքի պահպանման, պատմական, մշակութային ժառանգութեան վահանը, մեր ինքնութեան հիմնասիւնը, հաւաքական յիշողութիւնը:

Ներկայում ոչ միայն Մայրենիի, այլ նաեւ հայապահպանական, լեզուագիտական ու մշակութաբանական առաջնահերթ խնդիրներից է արեւմտահայերէնի պահպանութեան, ուսումնասիրութեան, ուսուցման եւ զարգացման հարցը, քանի որ հայերէնն իր տարբերակային բոլոր դրսեւորումներով հանդերձ/ արեւելահայերէն, արեւմտահայերէն, բարբառներ, խօսակցական լեզում/ մէկ միասնական լեզու է, որի բոլոր իրողութիւններն ու միաւորները շաղկապուած են իրար: Արեւմտահայերէնը ոչ միայն ազգապահպան դեր ունի Սփիւռքում, այլ նաեւ ապահովում է Հայաստանի Հանրապետութեան լեզուական ներկայութիւնն աշխարհի բազմաթիւ երկրներում, կատարում է լեզուական դեսպանի իւրայատուկ դեր՝ հնարաւորութիւն ստեղծելով ճանաչելի դարձնել մեր մշակոյթը, ազգային ինքնատիպութիւնը։ Այս առումով խնդիրը ոչ միայն համազգային, այլ նաեւ պետական կարեւորութիւն ունի։

Եւ պատահական չէ, որ ՀՀ Սահմանադրութիւնը հռչակում է, որ. «Հայաստանի Հանրապետութեան պետական լեզուն հայերէնն է»: Ուշադրութիւն դարձրէք այն հանգամանքին, որ հիմնական օրէնքում ամրագրուած է «հայերէնը»/ այսինքն իր բոլոր դրսեւորումներով / եւ ոչ թէ «արեւելահայերէնը»: Հետեւաբար պետական քաղաքականութեան առաջնահերթութիւններից պէտք է լինի արեւմտահայերէնի պահպանութեան, կանոնարկման, գործածութեան տարածքների ընդլայնման, զարգացման եւ կատարելագործման հարցերը:

Հայրենիքում արեւմտահայերէնի ամրապնդմանը կարող են նպաստել, որոշ բուհական ու դպրոցական ծրագրերում արեւմտահայերէնի համակարգուած ուսուցման ընդգրկումը, հեռուստահաղորդումների, արեւմտահայերէնով լուրերի թողարկումը, ֆիլմերի ստեղծումը, Հայրենադարձ սիրիահայերի եւ լիբանանահայերի լեզուական կարողութիւնների օգտագործումը, ԳԱԱ լեզուի իստիտուտում արեւմտահայերէնի եւ արեւելահայերէնի մերձեցման հիմնախնդիրներին նուիրուած ծրագրի հզօրացումը, Երեւանի պետական համալսարանում Սփիւռքի դպրոցների համար արեւմտահայերէնի ուսուցիչների պատրաստումը եւ այլն:

Մայրենիի արեւմտահայերէն ճիւղը որպէս ազգային սրբութիւն, որպէս պատմական արժէք, որպէս անփոխարինելի միջնաբերդ մենք պարտաւոր ենք մեր աչքի լոյսի պէս պահել, պահպանել, զարգացնել եւ փոխանցել սերունդներին:

Հայրենիք-Սփյուռք Կապերի Խոշորագոյն Եւ Առաջին Ճարտարապետը

Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյութեան եւ էութեան ամենախոշոր

փաստը, ինքնուրոյնութեան ու հանճարի ամենախոշոր դրոշմը,

պատմութեան ու հեռաւոր անցեալի կախարդական բանալին, հոգեկան

կարողութիւնների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանութիւնը:

Յովհաննէս Թումանեան

Հանճարեղ են Յովհաննէս Թումանեանի ստեղծագործութիւնները, դրանք չափազանց պարզ են, բայց միաժամանակ խորունկ ու իմաստուն, վեհ են ու չքնաղ, զուլալ են ու մաքրամաքուր: Նրա բանաստեղծութիւնները, քառեակները մեղմ են ու քնքուշ, յղկուած ու բովանդակալից: Թումանեանը իր գործերում անթեղել, բիւրեղացրել է մեր ժողովրդի բնաւորութեան իւրայատուկ, լաւագոյն յատկանիշները, բացայայտել նրա էութիւնն ու հերոսական պատմութիւնը, աշխարհազգացումն ու հայրենասիրութիւնը:

Նրա անհանգիստ հայրենասէր հոգին չի բաւարուել միայն ստեղծագործելով եւ մեծ հասարակական-քաղաքական գործունութիւն է ծաւալել եւ անտրտունջ, անձնուէր ու անմնացորդ ծառայել Հայրենիքին ու հայութեանը: Թումանեանը Երեւանի փողոցներում տեսնելով ծանր ու դաժան պատկերներ՝ տառապանքով նշում է. «Երբ մի ժողովուրդ սովամահ է լինում փողոցներում, պէտք է թողնել ամեն ինչ, մոռանալ ամեն բան եւ գնալ նրան փրկելու»: Ինչը նաեւ այսօր պէտք է անել Արցախի համար:

Նա իր բազում գործերի հետ միասին փայլուն ղեկավարել է Հայ օգնութեան կոմիտէն /ՀՕԿ/, որը ստեղծուել է 1921 թ. Երեւանում: ՀՕԿ-ը առաջին կառոյց էր, որ գործունութիւն է ծաւալուել Հայրենիք-Սփիւռք կապերի ստեղծման եւ ամրապնդման ուղղութեամբ: Ամենայն Հայոց բանաստեղծի հանճարը փայլատակել է նաեւ ՀՕԿ-ը կազմակերպելիս: Նա նրբանկատօրէն եւ խորաթափանցօրէն կառուցել է Հայրենիքի եւ Սփիւռքի միջեւ մնայուն կամուրջներ, որոնք ծառայել են ցեղասպանութիւնից մազապուրծ Հայաստան հասած, սովի ու համաճարակի ճիրաններում յայտնուած ժողովրդին օգնելու, սփիւռքահայութեանը ոգեւորելու եւ ուժ տալու համար:

Հայրենիքում տիրող ողբալի վիճակն ամբողջութեամբ կլանել է Թումնաեանին եւ նա կոչով դիմել է հայ ժողովրդին եւ յատկապէս՝ սփիւռքահայութեանը. «Աշխարհի ամեն կողմը ցրուած հայ ժողովուրդ. Լսի՛ր: Քեզ է կանչում Հայաստանի Օգնութեան Կոմիտէն: Քեզ է կանչում Հայաստանի մայրաքաղաքում գումարուած ամեն հոսանքի հայ գործիչների ու գրականագէտների ժողովը: Եւ գուցէ երբեք դու չես լսել նրանց ձայները այնպէս միացած ու միահամուռ: Եւ այսքան մեծախորհուրդ մի վայրկենի: Լսի՛ր: Դարաւոր մաքառումներից յետոյ, համաշխարհային պատերազմի թոհուբոհից, լայնածաւալ ալեկոծութիւնների եւ աղէտների ծովից գերագոյն ճիգերով բարձրանում է Ազատ ու Անկախ Հայաստանը: …Արդ, լսի՛ր Հայութիւն, ուր էլ որ լինիս, Եւրոպայից մինչեւ Ամերիկա, Եգիպտոսից մինչեւ Հնդկաստան, եւ ամենուրեք, լսիր քե՛զ կանչող հայրենիքի ձայնը եւ շտապի՛ր օգնութեան ամեն բանով, ինչով կարող ես, որ վաղը ունենաս ա՛յն, ինչ որ երազել ես դարերով – ազատ ու շէն հայրենիք»:

ՀՕԿ-ի ստեղծումից անմիջապէս յետոյ Թումանեանի նախաձեռնութեամբ Թիֆլիսում բացուել է մասնաճիւղ, ապա ԽՍՀՄ գրեթէ բոլոր հայաշատ քաղաքներում՝ Մոսկուայում, Պաքւում, Թեհրանում, Պաթումում, Քիեւում, Խարկովում, Օտեսայում, Վոլգոգրադում,: Քայլ առ քայլ ՀՕԿ-ը իր տարածքները ընդլայնել է եւ կառոյցը հաստատուել է նաեւ Յունաստանում, Պուլկարիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ամերիկայի Միացեալ Նահանգներում, Լատինական Ամերիկայի մի շարք քաղաքներում, Մերձաւոր Արեւելքում, Իրանում, Եգիպտոսում, Ալժիրում եւ այլուր: Յ. Թումանեանը կարողացել է որպէս անառարկելի հեղինակութիւն համախմբել հայ անուանի մտաւորականներին եւ նրանց հետ մեծ ոգեւորութեամբ վստահ եղել, որ ՀՕԿ-ը կը կարողանայ իրագործել իր առջեւ դրուած նպատակները. Սփիւռքը համախմբել Հայրենիքի շուրջ, սփիւռքեան համայնքներին կապել միմյանց հետ, օգնել անկարողներին ու սովեալներին: Դա երեւում է յատկապէս Թումանեանի հետեւեալ տողերից. «Նշանակալից երեւոյթ է, որ, իրարից անկախ ու անտեղեակ, նման մարմիններ /ՀՕԿ-ի մասնաճիւղեր/ են առաջ գալիս եւ մեր գաղութներում: Էս նշանակում է, թէ կենդանի է հայութիւնը: Կենդանի է եւ ուժեղ: Երեւանից սկսած մինչեւ հեռաւոր գաղութները շարժւում է նա դէպի հայրենիք: Ինչքան էլ խոչ ու խութեր, ինչքան էլ դժուարութիւններ ու թշուառութիւններ հանդիպեն ճանապարհին, նա հասնելու է իր նպատակին: Հայաստանի ազատ հողի վրայ նա շինելու է իր ազատ ու առատ տունը, Հայկական բարձրավանդակի վրայ զարգացնելու է իր ազգային հանճարը եւ իր խօսքն ասելու է աշխարհքին»:

ՀՕԿ-ը դարձել է այն անմար փարոսը, որը ձգտել է հայութեանը, ջանքեր է գործադրել Հայրենիքի շուրջը սփիւռքահայութիւնը համախմբելու ուղղութեամբ, կապեր հաստատել ու սերտացրել յարաբերութիւններն ցեղասպանութեան հետեւանքով աշխարհով մէկ սփռուած հայ տարագիրների ու հայկական համայնքների հետ: Մեծ ոգեւորութիւն է առաջացրել սփիւռքահայերի շրջանում Յ. Թումանեանի այցելութիւնը Սփիւռք, աւելացել է վստահութիւնն ու հաւատը ՀՕԿ-ի նկատմամբ:

Թումանեանի ՀՕԿ-ի միջոցները ուղղել էր ոչ միայն թշուառ ու սովեալ մարդկանց բժշկական օգնութիւն ցուցաբերելու, հագուստ եւ սննդամթերք տրամադրուելու, աշխատանքով, տանիքով ապահովելու, այլեւ օգնել է արուեստի եւ գրականութեան գործիչներին, գիտական ու կրթամշակութային օջախներին՝ բուհերին ու հանրային գրադարանին, թատրոններին ու թանգարաններին, նոյնիսկ գիւղատնտեսութեանը, կառուցել նախադպրոցական հաստատութիւններ:

ՀՕԿ-ը մեծաքանակ ապրանքներ ու դրամական օգնութիւն է տրամադրում Սիւնիքի ու Ղարաբաղի բնակչութեանը, իսկ դպրոցներին՝ անհրաժեշտ գրենական պիտոյքներ:

Յ. Թումանեանի նախագահութեան տարիներին ՀՕԿ-ն իրականացրեց իր առջեւ դրուած նպատակները եւ Մեծ լոռեցին իրապէս, դարձաւ առաջին խոշոր ճարտարապետը Հայրենիք-Սփիւռք կապերի ստեղծման եւ ամրապնդման գործում: Նա հայութեանն ու մարդկութեանն ապացուցեց, որ գո՛րծն է անմահ եւ իր անմար գործերով նա ապրելու՛ է դարեդար: Նա իր խոհեմութեամբ, բանիմացութեամբ, մարդկային շէնշող ու բարձր որակներով սեր ու ջերմութիւն, լոյս ու բարութիւն շռայլօրէն շաղ տուեց ամենուր: Թողեց մնայուն, համամարդկային արժէք ներկայացնող գործեր, որոնցով դարերով կը կրթուեն սերունդներ:

Թումանեանն անմահ է եւ յաւերժ…

***

Այսօր՝ պետական տօնացոյցում նշւում է Մայրենի լեզուի օրը: Մայրենի լեզուն ազգային բարձրագոյն արժէք է: Մեր ոսկեղենիկի անաղարտ պահպանութիւնը, զարգացումը եւ սերունդներին փոխանցումը բոլորիս պարտականութիւնն է: Պետութիւնը, հասարակական-քաղաքական կազմակերպութիւններն այս առումով Հայաստանի Հանրապետութիւնում, Արցախում եւ Սփիւռքում ունեն հսկայական անելիք եւ պատասխանատուութիւն:

Մտովի փորձեցի վերյիշել, թէ համահայկական եւ համազգային նշանակութիւն ունեցող ՀՀ սփիւռքի նախարարութիւնն ինչ հասցրեց անել մայրենի լեզուի մասնագէտներին համախմբելու, լեզուի առջեւ ծառացած հիմնախնդիրներին անդրադառնալու, երիտասարդութեան շրջանում հայերէնի նկատմամբ սէր եւ հետաքրքրութիւն առաջացնելու ուղղութեամբ:

Հայոց լեզուի աշխարհասփիւռ մասնագէտներին Հայրենիք բերելուն մեծապէս նպաստեց այն տասնեակ գիտաժողովները, համաժողովները, կլոր սեղան քննարկումները, հաւաքներն ու հանդիպումները, որոնք կազմակերպւում էին նախարարութիւնում, ԳԱԱ-ի լեզուի ինստիտուտում, Երեւանի պետական համալսարանում: Գիտական լուրջ քննարկումներ էին ծաւալւում հայաստանեան եւ սփիւռքեան մասնագէտների կողմից, դրանք եւ՛ արդիւնաւէտ էին եւ՛ գործնական նշանակութիւն ունէին: Արդիւնքում ձեռնարկւում էին անհրաժեշտ քայլեր այս կամ այն հիմնախնդիրը լուծելու համար: Յիշատակման են արժանի.

«Արեւմտահայերէնի ուսուցման արդի վիճակը Սփիւռքում»,

«Արեւմտահայերէնի եւ արեւելահայերէնի մերձեցման խնդիրները»,

«Արեւմտահայերէնի հիմնախնդիրները»,

« Արեւմտահայերէն. Խնդիրներ եւ հեռանկարներ»,

«Մեր լեզուն մեր Հայրենիքն է»,

«Լեզուաքաղաքականութեան արդի խնդիրները»,

«Սրբօրէն պահպանենք մայրենին՝ մեր ազգային ինքնութեան եւ լինելութեան վկայականը»,

«Արդի լեզուաքաղաքականութեան հիմնախնդիրները»,

համահայկական գիտաժողովները, համաժողովները, ինչպէս նաեւ «Հայերէնն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովը:

Մայրենիի տօնի օրը՝ փետրուարի 21-ին ԳԱԱ-ում կազմակերպւում էր լեզուի որեւէ հիմնահարցին նուիրուած քննարկումներ: Ամեն տարի նախարարութիւնն ֆինանսաւորում էր հայերէնի հիմնախնդիրներին նուիրուած հետազօտական թեմաներ:

Կազմեցինք մասնագիտական խմբեր, որոնք մշակեցին եւ նախարարութեան նախաձեռնութեամբ հրատարակուեց արեւմտահայերէն առաջին դասարանի երկու դասագիրք «Այբբենարան», «Ընթերցարան 1», «Ընթերցարան 2», «Գործածական բառացանկ» գիրքը, «Գրական Սփիւռք տարեգիրքը» եւ այլն:

Նախարարութիւնը 2010 թ. յայտարարեց Մայրենիի տարի, որի շրջանակներում Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքի համայնքներում կազմակերպուեցին բազմաթիւ միջոցառումներ:

2012 թ. ԵՊՀ-ի բազայի վրայ ստեղծուեց «Սփիւռք» ամառային դպրոց»-ը, որի շրջանակներում իրականացւում էր հայոց լեզուի արագացուած ուսուցում (եւ´ արեւմտահայերէն, եւ´ արեւելահայերէն), մայրենի լեզուի ուսուցիչների վերապատրաստում: Օգտագործւում էր բարձր տեխնոլոգիաների հնարաւորութիւնը եւ ստեղծուեցին «Էլեկտրոնային գրադարան», «Արեւմտահայերէնից արեւելահայերէն եւ հակառակը փոխարկիչ, «Սփիւռքի թանգարան» , Հ1-ով կազմակերպւում էր Հայոց լեզուի դասընթաց: Համայնքների ղեկավարների հետ մեծ ջանքեր էր գործադրւում մէկօրեայ դպրոցների բացման ուղղութեամբ/2017-ին արդեն Սփիւռքում գործում էր 1000-ից աւելի շաբաթօրեայ եւ ամենօրեայ դպրոցներ/:

Իրականացւում էր տարածաշրջանային կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցութեան ծրագիրեր՝ Լատինական Ամերիկայում, Ռուսաստանում: Դրանք ներառում էին մայրենիի դասաւանդման, տեղում ուսուցիչների վերապատրաստման ձեռնարկներ, իրականացւում էին նաեւ մշակութային միջոցառումներ:

Պարբերական էին դարձել Սփիւռքի բոլոր դպրոցներում շարադրութիւնների, լաւագոյն ստեղծագործութիւնների, լաւագոյն դպրոց, լաւագոյն ուսուցիչ մրցոյթների կազմակերպումը, անցկացւում էին «Գիտելիքի ու դպրութեան», « Թարգմանչաց»

տօներ, որոնք ազդակ էին դառնում, որ հայ երեխաներն առաւել գիտակացուած ու հիմնաւոր իւրացնեն հայոց լեզուն: Նախարարութեան «Իմ Հայաստան», «Արի տուն» ծրագրերի շրջանակներում մասնակիցների համար կազմակերպւում էր հայոց լեզուի, հայրենագիտութեան դասեր, Հայաստան տեղափոխուած սիրիահայերի համար ինտեգրման ծրագրի շրջանակներում կազմակերպւում էր արեւելահայերէնի ուսուցման դասընթացներ եւ այլն: Եւ ինչքան դիպուկ է նկատել տաղանդաշատ Աւետիք Իսահակեանը,որ .

«Մայրենի լեզուի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզուինը՝ սովորում, հասկանում, յիշում… Սուտ է այն լուսաւորութիւնը, որ պիտի լինի օտարի լեզուով: Այդպիսի դիպուածում դուք ձեր զաւակները օտարացնում էք ձեզանից: Նրանց զաւակները անունով միայն կը լինին հայ, իսկ յաջորդ սերունդները աւելորդ կը համարեն այդ անունը կրել իւրեանց վրայ: Ուրեմն խելամիտ եղէք, եւ թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին