Շաբաթ, 05. 10. 2024

spot_img

Հրանդ Տինք՝ 16 Տարի Անց

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԳՅՈԶԵԱՆ

– Քանի՞ տարի անցաւ:

– 16 տարի…

16 տարի առաջ նա դուրս եկաւ խմբագրութիւնից եւ չվերադարձաւ: Այսօր Իսթանպուլ այլցելող ամէն ազնիւ մարդ Սուրբ Սոֆիայից զատ կը փութայ Հալասքարգազի պողոտայ, որպէսզի խոնարհուի Տինքի յուշատախտակի առջեւ, որի վրայ արձանագրուած է սպանութեան փաստը եւ ժամը՝ 15.05: Գուցէ նաեւ կայցելի Հրանդի շիրիմը եւ չափազանց բաւարարուած կը վերադառնայ տուն եւ կը պատմի շրջապատին իր այցելութեան մասին: Այո», 2007-ի յունուարի 19-ին Իսթանպուլը հարստացաւ դիտարժան վայրով…

Յիշում եմ, թէ ինչպէս մեզ խեղդեցին արցունքները,ինչ ցաւ մտաւ մեր մէջ եւ ինչ ծանրութիւն իջաւ մեր սրտերի վրայ: Սակայն ատելութիւնը տեղ չգտաւ մեր սրտերում, որովհետեւ…տեղ չմնաց ոչ մի ուրիշ զգացմունքի համար բացի վշտից:

7 տարի անց նրա 60-ամեակին ես գրեցի. «Ողբը մերն էր, ամօթը՝ նրանց, վիշտը մերն էր, անդառնալիութեան ցաւը՝ նրանց, հերոսը մերն էր, հերոսը՝ նաեւ նրանց»: Խօսքը ազնիւ մարդկանց մասին էր, որոնց անհրաժեշտ է տարանջատել միւսներից, որոնց մասին հայերն ասում են «թուրքը մնում է թուրք» եւ «տեսա՞ք, որ Թուրքիայում աղաւնիներին սպանում են. միամիտ Հրանդը սխալուեց»: Եւ նրա վերջին յօդուածը աղաւնու հոգեվիճակի մասին մտել է Հրանդի կենսագրութեան մէջ եւ բոլորը, շարադրելով նրա կեանքի պատմութիւնը, պարտադիր  անդրադառնում են այդ յօդուածին, կարծես, հենց այդ գրութիւնն է կերտում Հրանդի դիմանկարը: Այո՛, նա վախուորած աղաւնու պէս հայեացքը այս ու այն կողմն էր պտտում, դրա մասին կարող են վկայել բոլոր նրանք, ովքեր տեսել Հրանդին նրա վերջին օրերին։ Տեսել են, բայց երբ նկատել են նրա հայեացքի մէջ քարացած տագնապը, որը շղարշի պէս պատել էր դէմքը, հետեւեալ պահին Հրանդը վերադարձել էր իր սովորական անվախ վիճակին, եւ թող նրա տագնապի վկաներից գէթ մէկը խոստովանի, որ Հրանդը գանգատել կամ կիսուել էր իր հետ այն սպառնալիքների վերաբերեալ, որոնք նախորդել էին սպանութեանը։ Նրա շարժումները նման էին աղաւնու շարժումներին։ Հոգեվիճակը նոյնպէս նման էր աղաւնու հոգեվիճակին, բայց աղաւնու նման լինել ամենեւին չի նշանակում աղաւնի լինել։ Զարմանալի էր, բայց Հրանդը ոչ ոքու բան չասեց։ Նրան հասցրել էին սպասողական վիճակի, նա ամէն վայրկեան հարուածի էր սպասում․․․Եթէ մարդուն ուժեղ հարուածեն, նա ցաւից կը գոռայ։ Եթէ մարդուն ծոծրակից ատրճանակով խփեն, նա կարող է մեռած ընկնել եւ արիւնով ներկել ընկած տեղը։ Բայց դա չի նշանակում, որ նրան վախեցրին։ Յաղթեցին։ Ընդհակառակը, եթէ հանճարներին հասկանալու համար ժամանակ է պահանջւում (այդ է պատճառը, որ նրանց սովորաբար հասկանում են մահից յետոյ), ապա Հրանդին հասկացան հենց նրա մահուան շնորհիւ։ Նա չվախեցաւ նայել մահուան դէմքին ակնապիշ։ Նա օր ցերեկով, տաք յունուարեան ցերեկով հասակով մէկ փռուեց գետին։ Դա քիչ էր, արդէն անշնչացած Հրանդին երկար, շատ երկար պահեցին գետնին՝ չծածկած ոտնաթաթերը դէմ տալով աշխարհին․․․Չեմ ուզում նայել այդ պատկերի վրայ, որը վայել չէր Հրանդին։ Ուզում եմ յիշատակել Պարոյր Սեւակի «Ծնուել եմ» բանաստեղծութեան տողերը, որոնք գրուած են թերեւս 1957-ին, երբ Հրանդը հազիւ 3 տարեկան էր, բայց ճիշդ ու ճիշդ 2007-ի յունուարի 19-ի ժամը 15.05-ի Հրանդի մասին են․

․․․Ես ծնուել եմ նրա համար,
Որ ցաւածին մխիթարեմ.
Ջահելների հարսանիքին
Ձեռքիս գինի զուարթ պարեմ.

․․․Եթե շուրջս խաւար լինի՝
Մարդկանց համար փայլատակեմ,
Հասակով մէկ փռուեմ գետին
Վհատութեան ճամփան փակեմ…

Երեւան

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին