Երեքշաբթի, 23. 04. 2024

spot_img

Միացեալ Նահանգներում

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

    ԱՄՆ-ում վերջին զարգացումների մասին այս սիւնակը սկսենք այն լուրով, որ ամերիկացի քաղաքական գործիչ, նախկին Արտաքին քաղաքականութեան նախարար, ներկայիս՝ քաղաքական մեկնաբան Հենրի Քիսինճըրը իր նոր վերլուծութիւնն  ու առաջարկն է ներկայացրել Ուքրանիայում պատերազմի եւ Ռուսաստանի նկատմամբ։ Քիսինճըրը կրկնել է իր կարծիքը, որ այդ պատերազմի միակ ելքը Ուքրանիան չէզոք երկիր մնալն է, այսինքն՝ Ուքրանիան չպիտի միանայ ՆԱԹՕ-ին, մի բան, որ Քիսինճըրը նամակներով ասել է ՆԱԹՕ-ի ղեկավարութեանը 2008 եւ 2014 թուականներին։ Ըստ Քիսինճըրի, եթէ ՆԱԹՕ-ն աւելի տարածուի դէպի արեւելք, նոր Աշխարհամարտն անխուսափելի է։

    Ուքրանիայում ռուսական զօրքերի ներկայ դրութեան մասին էլ կային շատ հետաքրքիր տեղեկութիւններ եւ վերլուծութիւններ․ ըստ այդ լուրերի՝ Ռուսաստանը նահանջի մէջ չէ։ Ռուսաստանը մասնակի յետ նստեց որոշ տարածքներում՝ ուժերի վերակազմակերպման համար, եւ այսօրուայ լուրերում արդէն կար Ուքրանիայի արեւելքում ռազմավարական մի քաղաք ռուսական կամաւորների կողմից գրաւելու մասին։ Այսքանով վերջացնենք այս թեման ու կենտրոնանանք ԱՄՆ ներքին զարգացումների վրայ։

*     *     *

    Ամենակարեւոր լուրը Պայտընի այցն էր ԱՄՆ-Մեքսիքա սահման։ Այցի ընթացքում, Թեքսասի նահանգապետը մի խիստ նամակ է փոխանցել Պայտընին՝ նշելով թէ այդ այցը երկու տարի ուշացումով է կատարւում, եւ այն ժամանակ, որ արդէն նահանգը սպառել է իր բոլոր հնարաւորութիւնները ապօրինի գաղթականներ ընդունելու հարցում։ Այդ խիստ նամակին եւ ընդունելութեան հետ միաժամանակ՝ ամերիկեան մի շարք լրատուներ լուսարձակի տակ առին Պայտընի այս այցը՝ խիստ մեկնաբանութիւններով։

    Պայտընի այս այցը կատարուեց ԱՄՆ նորընտիր Կոնգրեսի՝ աշխատանքի անցնելուց անմիջապէս յետոյ։ Ապօրինի գաղթականների հարցով պատասխանատուն փոխնախագահ Քամալա Հարիսն է, եւ Հարիսը չէր ընկերակցում Պայտընին այս այցի ժամանակ․․․ Սա էլ աննկատ չմնաց մետիայի եւ ժողովրդի կողմից։ Թէ գործնական ինչ արդիւնք կունենայ այս այցը, հիմա չենք կարող ստոյգ բան ասել։ Բայց, արդէն նկատելի է ճնշումը ԱՄՆ Գործադիր իշխանութեան վրայ՝ կարգաւորելու վերահսկողութիւնից դուրս եկած՝ ապօրինի գաղթականներ ընդունելու հարցը։

    Վերջին օրերու կարեւոր լուրն էր Պայտընի նախկին գրասենեակում՝ մի փակուած պահարանում, պետական գաղտնի փաստաթղթեր յայտնաբերելը։ Այդ փաստաթղթերը վերաբերում են Իրանին, Ուքրանիային եւ Չինաստանին, եւ այն ժամանակաշրջանին, որ Պայտընը ԱՄՆ փոխնախագահն էր։ Փաստաթղթերը գտել է երկրի Ֆետերըլ հետախուզութեան ծառայութիւնը՝ 2022 թուականի Սեպտեմբեր ամսին՝ երկրի Դատախազութեան/ Դատական նախարարութեան հրամանով գրասենեակը խուզարկելով։ Բայց դրա մասին լրատւութիւնը կատարուեց նոր՝ մօտ 4 ամիս ուշացումով։

Այստեղ կայ մի շատ կարեւոր հարց,-

    – Տոնըլտ Թրամփը Սպիտակ Տնից հեռանալու ժամանակ յայտարարեց, որ իր հետ տանում է փաստաթղթեր, որոնք ինքը նախագահ եղած ժամանակ հանել էր գաղտնի համարուելու դասակարգումից։ Այսինքն՝ այդ փաստաթղթերը գաղտնի չէին համարւում պաշտօնապէս։ Թրամփը բացատրել էր, որ մեծ է այն հաւանականութիւնը, որ դեմոկրատները Սպիտակ Տուն մուտք գործելով՝ անհետացնելու էին այդ կարեւոր փաստաթղթերը, որ վերաբերում էր նախագահ Թրամփի գործունէութեան ժամանակաշրջանին։

    Ու տեսանք, որ Կոնգրեսի ընտրութիւններից առաջ, նախագահ Թրամփի՝ Ֆլորիտայի տուն ներխուժեցին նոյն ծառայութեան աշխատակիցները, եւ իբր թէ գտան եւ առգրաւեցին «գաղտնի փաստաթղթեր»։ Հէնց այն օրերին ձեզ գրեցի այս բոլոր մանրամասնութիւնները, եւ աւելացրի իմ կարծիքը՝ թէ այս ցուցադրական ներխուժումը Կոնգրեսի ընտրութիւնների արդիւնքների վրայ ազդելու համար է։

    Հիմա հարց է, Պայտընի նախկին գրասենեակից գաղտնի փաստաթղթեր առգրաւելու լուրը ինչո՞ւ հիմա է բացայայտւում, եւ ոչ թէ 2022-ի Սեպտեմբերին․․․ Պատճառը հաւանաբար պարզ է․ եթէ օրին ասուէր այդ մասին, ապա հաստատ դա ազդելու էր Կոնգրեսի ու նահանգային ուրիշ ընտրութիւնների վրայ՝ ի շահ հանրապետականների։

    Եւ արդարացիօրէն ճիշտ են հանրապետականները, երբ նշում են թէ երկրի Դատախազութիւնը/ նախարարութիւնը երկակի չափանիշեր ունի։ Նրանց վերաբերմունքը դեմոկրատների եւ հանրապետականների նկատմամբ նոյնը չէ՝ ինչը օրէնքի կոպիտ խախտում է համարւում։ Հետախուզական ծառայութիւնը աւելի քան 1/5 տարի ժամանակ ունէր խուզարկելու Տոնըլտ Թրամփի առանձնատունը՝ յայտնաբերելու իբր թէ գաղտնի փաստաթղթեր, բայց դա յետաձգեց ճիշտ ընտրութիւնների նախօրեակին։

    Սպասենք, տեսնենք ինչ զարգացումներ կը պատահեն այս հարցի, եւ ոչ-միայն այս հարցի շուրջ։ Քանի որ կայ երկրորդ ուրիշ կարեւոր հարց, որ այսօրերին արծարծւում է մեծ մասշտապով։ Ո՞րն է դա,-

    Տարիներ առաջ, դարձեալ անդրադարձած էի Ճօ Պայտընի որդու՝ Հանթեր Պայտընի, նկատմամբ դատական հաւանական գործընթաց սկսելու մասին։ Փոխնախագահ եղած ժամանակ, Ճօ Պայտընը իր որդուն նշանակել է երկու կարեւոր ու մեծ եկամուտ բերող պաշտօնների՝ Չինաստանում եւ Ուքրանիայում․․․ Սա ժամանակին, ու յատկապէս նախագահ Թրամփի նախագահութեան ժամանակ, համարուեց կուռուպցիոն գործարք, որ հարցականի տակ կը տանէր թէ՛ Ճօ Պայտընին, թէ՛ նրա որդուն։ Այս հարցը հիմա նորից մեծ հնչեղութիւն է ստացել, ու հաւանական է, որ հանրապետականները Կոնգրեսում՝ աւելի արմատական հանրապետական այն 

 կոնգրեսականների ճնշման ներքոյ, Կոնգրեսում որոշում ընդունեն, որ այդ հաւանական կուռուպցիոն գործարքի վերաբերեալ հարցաքննութիւններ սկսուեն․․․ Իհարկէ, հիմա խօսւում է միայն այս մասին, բայց շատ հաւանական է, որ դեմոկրատ ուրիշ գործիչների նկատմամբ էլ սկիզբ առնեն դատական գործընթացներ։

    Այս վերաբերեալ էլ սպասենք ապագայ զարգացումների։ Բայց մի բան շատ յստակ է,- Հզօր ճնշում է բանեցուելու ԱՄՆ Գործադիր իշխանութեան վրայ՝ ոչ-միայն վերոնշեալ հարցերի նկատմամբ, այլ՝ ընդհանրապէս։ Ես յոյս ունեմ, որ այդ հզօր ճնշումը կը վերաբերի յատկապէս Ուքրանիայում պատերազմին, նկատի ունենալով, որ ներկայ քաղաքական վերլուծաբան Հենրի Քիսինճըրը հանրապետական է։ Դրանից կը շահի ողջ աշխարհը՝ դրանց շարքում՝ Հայաստանն ու Արցախը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին