Հինգշաբթի, 18. 04. 2024

spot_img

Միացեալ Նահանգներում

Ակնարկ

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Հետաքրքիր զարգացումներ կան ԱՄՆ-ում։ Արդէն իմացանք, որ 2022 թուականի Կոնգրեսի ընտրութիւնների արդիւնքում՝ Կոնգրեսի Ներկայացուցչական Տան մէջ մեծամասնութիւն են հանրապետականները։ Սենատում հիմա կան 50 դեմոկրատ եւ 49 հանրապետական սենատորներ։ Այս օրերին կը պարզուի Ճորճիա նահանգում սենատորի ընտրութեան արդիւնքը։ Ժողովուրդը մեծապէս ընդառաջել է, բայց քուէների մասին նախնական տուեալներ չկարողացայ ձեռք բերել։

Ամեն դէպքում, հանրապետական թեկնածուի յաղթելու դէպքում էլ, Սենատը կը մնայ դեմոկրատների տիրոյթ, որովհետեւ հաւասար քուէների դէպքում՝ ցանկացած նախագծին կարող է քուէարկել ԱՄՆ փոխնախագահը եւ իր մէկ քուէով ճշտել նախագծի ապագան։

Բայց, հանրապետականների համար ինչո՞ւ կարեւոր է, որ հէնց այս ընտրութիւններում նրանք կարողանան իրենց թեկնածուին ուղարկել Սենատ։ Սենատոր են ընտրւում 6 տարուայ համար, եւ ամեն 2 տարի Սենատի անդամների 1/3-ը փոխւում է։ 2024 թուականին, պիտի ընտրութիւններ կատարուեն Սենատի 1/3-ի աթոռների համար։ Եթէ հիմա հանրապետականները յաղթեն Ճորճիայում, 2024 թուականին աւելի նպաստաւոր պայմաններ կստեղծուի նրանց համար՝ ապագայում Սենատն էլ դարձնելու հանրապետական։ Այս ամենը միայն տեղեկութիւններ են, իսկ ապագան որոշւում է ընտրութիւններով եւ քուէների ճիշտ հաշուարկով։

Չեմ ուզում վերջնական բան ասել Ճորճիա նահանգի ընտրութիւնների մասին, բայց ես կարծում եմ երկու կողմն էլ զօրաշարժի է ենթարկել իր համակիրներին, ու նկատի ունենալով, որ Ճորճիայում մեծ տարբերութեամբ նահանգապետ ընտրուեց հանրապետական թեկնածուն, հաւանաբար Սենատի այս ընտրութիւնում էլ կը յաղթի հանրապետական թեկնածուն։ Բայց, ստոյգ բան չասենք հիմա։ Ես գրեցի ՀԱՒԱՆԱԲԱՐ։

*     *     *

Մի քանի օր առաջ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը այցելեց Ֆիլիփիններ։ Ես կարեւորում եմ այս այցը՝ նկատի ունենալով Ֆիլիփինի ռազմավարական կարեւոր դիրքն ու նշանակութիւնը Աթլանտեան ովկիանոսում եւ Չինաստանի Ծովում։ Այստեղ նպատակ չունեմ մանրամասն բացատրել այս մասին, բայց կարեւոր եմ իմանում նշել մի հարց,- Ֆիլիփինը վերջին տասնամեակներում ամբողջութեամբ արեւմտեան թեքումով երկիր է եղել, իհարկէ պահելով նաեւ իր ինքնուրոյն դիմագիծը։ Ֆիլիփինը գտնւում է Աւստրալիայի հիւսիսում, Ճապոնիայի հարաւում, այս երկիրը մօտ է Քորէաներին ու Չինաստանին։ Ահա թէ ինչու կարեւոր էր Հարիսի այդ այցը Ֆիլիփին։ Նպատակը՝ հաւանաբար, Ֆիլիփինին Չինաստանի դէմ լարելն էր․․․ ԲԱՅՑ․․․

Հարիսի այցից յետոյ, մի շատ կարեւոր յայտարարութեամբ հանդէս եկաւ Ֆիլիփինի Պաշտպանութեան նախարարը։ Նա նշեց, որ իրենք դէմ են Ֆիլիփինում սրացումներին եւ այս երկիրը Չինաստանի դէմ լարելուն, որը կարող է յանգել նոր եւ անցանկալի պատերազմի։ Խելացի պատասխան էր ԱՄՆ իշխանութիւններին, եւ մի ուրիշ պարտութիւն ամերիկեան դիւանագիտութեանն ու քաղաքականութեանը։

Ես երբեք չէի կարող պատկերացնել, որ աշխարհի գերհզօր երկիրը այսքան մերժում կստանայ տարբեր երկրների կողմից, ՀԻՄԱ արեւմտամէտ Ֆիլիփինի կողմից։

Շատ կարեւոր յայտարարութիւններ կատարեցին ՆԱԹՕ-ի անդամ մի շարք երկրների ղեկավարները, որ աշխարհի այդ տարածաշրջանում վիճակի լարումն ու հաւանական պատերազմը Չինաստանի դէմ, ԲՆԱՒ չի կապւում ու չի առնչւում ՆԱԹՕ-ին։ ՆԱԹՕ-ն այդտեղ եւ աշխարհի ուրիշ տարածքներում միասնական դիրքորոշուելու եւ միասին գործելու իրաւասութիւն չունի, ՆԱԹՕ-ն անելիք չունի, որովհետեւ ռազմական այդ դաշինքը Հիւսիս Ատլանտեան երկրների միջեւ դաշինք է, ու կարող է միջամտել ՄԻԱՅՆ Եւրոպայի այդ տարածքում։ Այս բացատրութիւններն էլ գուցէ սառը ցնցուղ եղաւ ԱՄՆ իշխանութիւնների համար։

Կարեւոր է նշել, որ օրինակ Չինաստանի դէմ ցանկացած պատերազմում ՆԱԹՕ-ն՝ ըստ իր կանոնագրութեան, ՉԻ ԿԱՐՈՂ միջամտել։ Չինաստանի դէմ պատերազմող ցանկացած երկրին կարող են օգնել ու պատերազմին միջամտել առանձին երկրների․ օրինակ Միացեալ Նահանգները, բայց ո՛չ ՆԱԹՕ-ն՝ իր անմիջական մասնակցութեամբ։[1]

Իմ տպաւորութիւնն է՝ ձախողելու են ԱՄՆ իշխանութիւնների փորձերը՝ Չինաստանի դէմ կոշտ քաղաքականութիւն կիրառելու կապակցութեամբ։ Նաեւ իմ կարծիքն է, որ ԱՄՆ իշխանութիւնները միատարր չեն, նոյն կարծիքն ու նոյն քաղաքական ուղղութիւնը չունեն յատկապէս երկրի արտաքին քաղաքական հարցերում։ Այս խարխափումները, հակասական խօսքերն ու անյաջող դիւանագիտութիւնը վաղուց նկատելի է՝ ինչը ազդում է Միացեալ Նահանգների վարկի ու հեղինակութեան վրայ։

Այս հարցին եթէ աւելացնենք ներքին բազմաթիւ խնդիրները, ու «նախագահ» Պայտընի յաճախակի լեզուական սայթաքումները, վիճակը աւելի պարզ ու տեսանելի է դառնում։


[1] Կարեւոր է այստեղ յստակեցնել , թէ իր պատմութեան մէջ ՆԱԹՕ-ն ուժեր է ուղարկել մի քանի երկիր, բայց սահմանափակ առաքելութեամբ եւ առաւելաբար խաղաղապահներ ջոկատների կարգով։ ՆԱԹՕ-ն Եւրոպայում ՏԱԷՇ-ի ու Ալ-Քայիտայի սպառնալիքը տեսնելով է ուժ ուղարկել երեք երկիր։ ՆԱԹՕ-ն չկար Իրաքի դէմ ԱՄՆ-ի պատերազմում։ Հիմա էլ չկայ Ուքրայինայում։ Ես նկատի եմ ունեցել ՀԻՄՆԱԿԱՆԸ՝ ՆԱԹՕ-ի կանոնագրութիւնը, որ իրեն թոյլ չի տալիս պատերազմ յայտարարել Հիւսիս-ատլանթիկ տարածաշրջանից դուրս երկրներին ու ներքաշուել ուրիշ տարածքներում պատերազմներում։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին