Չորեքշաբթի, 24. 04. 2024

spot_img

Հայկական Եկեղեցի Իրանի Ստորգետնեայ Քաղաքում

Մշակութային Արձագանգ

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

Իրանում կան ստորգետնեայ քաղաքներ։ Նրանցից մէկը գտնւում է Իրանի Սպահան քաղաքից 50 քիլոմեթր հեռաւորութեամբ։ Ստորգետնեայ այդ մեծ քաղաքը կառուցուել է Պարթեւական Պարսկաստանի ժամանակ՝ մօտաւորապէս 2000 տարի առաջ։ Դա համարւում է ժամանակին ռազմական նշանակութիւն ունեցող կարեւոր կենտրոն՝ թաքստոց զինուորների համար։ Այդտեղ կարող էին ապաստան գտնել աւելի քան 3,000 զինուոր։

Շահ-Աբբասեան բռնագաղթի ժամանակ, մօտ 20 հայ ընտանիք բնակեցւում է այդ ստորգետնեայ քաղաքի մօտ, եւ այդ հայերը իրենց գիւղն են հիմնում։ Գիւղը հայաբնակ էր։ 1950 թուականին, գիւղի ամբողջ հայ բնակչութիւնը հայրենադարձւում է, ու հիմա այդտեղ պարսիկներ են ապրում։

Հայերը ստորգետնեայ այդ մեծ քաղաքում ունեցել են հայկական եկեղեցի, որ հիմա բաց չէ այցելուների համար, բայց ուղարկուող տեսանիւթում նշւում է այդ մասին։ Տեսանիւթում մի բաժին կայ այդ գիւղի հայկական գերեզմանատան վերաբերեալ ու նկարահանել են հայկական գրութեամբ շիրմաքարերը։ Ստորգետնեայ քաղաքի եւ հայկական գիւղի անունները չեմ գրում, քանի որ դրա վերաբերեալ, եւ ուրիշ տարբերակների վերաբերեալ բացատրութիւն կայ տեսանիւթում։

Կարծում եմ բոլորի համար անչափ հետաքրքիր տեսանիւթ է սա։ Ես առաջին անգամ եմ իմանում հայկական այդ գիւղի եւ ստորգետնեայ այդ մեծ քաղաքի մասին։ Հաղորդումը պարսկերէն է, բայց կայ անգլերէն թարգմանութեամբ գրութիւնը։ Յատկապէս ճարտարապետներին կը հետաքրքրի այդ քաղաքի կառուցման հետ կապուած մասնագիտական տեղեկութիւնները․ քաղաքի աւելի քան 80 հատ մուտքերի, քաղաքի ջրհորների եւ օդափոխութեան մասին, եւ այն որ՝ քաղաքը կառուցուել է գիտական հիմքերի վրայ։

Տեսանիւթի վերջում, հաղորդավարները այցելում են մի ուրիշ գիւղ, որ Իրանում յայտնի է իր քարէ դռներով։ Մօտ 700 քիլոկրամ կշռող այդ դռների մասին հետաքրքիր հաղորդում է։ Տեսանիւթում կադրեր կան Զայանդէ-ռուդ գետից եւ այդ տարածաշրջանից, որ անպայման կը հետաքրքրեն ձեզ։

Բացայայտեցինք Իրանի այս հրաշք կենտրոնն էլ։

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին