Ուրբաթ, 19. 04. 2024

spot_img

Հրանդ Տինքը Իմ Կեանքում

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԳՅՈԶԵԱՆ

Չկայ որեւէ մարդ, ով դժգոհ չլինի աշխարհից: Դժգոհները բաժանւում են երկու խմբի՝ առաջինները փոքր եւ մեծ տեսակի Լենիններն ու Հիթլերները, փորձում են աշխարհը փոխել ուրիշի կեանքի հաշուին: Երկրորդները սեփական կեանքն են դնում զոհասեղանին: Ամեն մարդու հետ ծնւում է մահուան վախը, եւ միայն նուիրեալներին այդ վախը ի վիճակի չէ կանգնեցնել:

Սովորաբար Հրանդի նման մարտիկները ընտանիք չեն կազմում: Հրանդը չզրկեց իրեն ընտանեկան երջանկութիւնից: Ինքը զրկուած լինելով մայրական եւ հայրական գուրգուրանքից (երեք եղբայրներ մեծացան որբանոցում), հետագայում նա իր տան երդիկի տակ առաւ ծնողներին:

Հրանդը ունէր բազում ընկերներ: Նրանց միջեւ խտրականութիւն չդնելով, նա բոլորին հրաւիրեց իր որդու հարսանեկան արարողութեանը՝ ոչ միայն եկեղեցի, այլ նաեւ ճաշկերոյթի:

1996-ին մի քանի ընկերներով Հրանդը հիմնեց թուրքերէնով «Ակօս» շաբաթաթերթը (12 էջերից 2-ը հայերէնով էր): «Ակօս»-ի աշխատակազմը դարձաւ նրա երկրորդ ընտանիքը, որտեղ երիտասարդները 42 տարեկան Հրանդին հարազատ հոր պէս սիրեցին: Ինձ թւում է, Հրանդը ամենուրեք վերականգնում էր Թուշզլայի ճամբարի մոդելը, որտեղ ժամանակին նա եւ իր կինը՝ Ռաքելը, վարիչ էին:

Ընտանիքի համար, գաղափարների համար, ամեն մի ընկերոջ համար նա պատրաստ էր իր կեանքը զոհաբերել: Սակայն փրկելով ընտանիքը, նա կկորցներ ընկերն-համախոհներին եւ հայրենիքը: Մնալով Թուրքիայում, նա վտանգում էր հարազատների կեանքը…Հրանդը, խորը գիտակցելով, որ նա դատապարտուած է եւ  նրա վախճանը ժամանակի հարց է, այնուամենայնիւ ինքնիրեն չէր տեսնում ոչ մի ուրիշ հաւաքականութեան մէջ, բացի թուրք քաղաքական – մտաւորական: «Ես պիտի հաստատուեմ Հայաստանում»,- սիրում էր նա կրկնել, ինչպէս հայաստանցին է երազում տեղափոխուել փրկարար ԱՄՆ: Ունենալով նման պահեստային տարբերակ, նա իրեն աւելի վստահ էր զգում Թուրքիայում:

Ես եւ նա

Երբ ես ծանօթացայ Հրանդի հետ, նա ինձ արդեն 5-6 տարի է ճանաչում էր: Մի անգամ նա ինձ խոստովանեց, որ ես Հայաստանից եկած առաջին երգչուհին էի, որին նա տեսաւ իր կեանքում: Յետոյ նա սկսեց կարդալ իմ գրութիւնները «Ժամանակ» օրաթերթի սիւնակում…Մեր երկրո՞րդ թէ երրորդ հանդիպումն էր, երբ նա յանկարծ վեր թռաւ իր տեղից, խոնարհուեց եւ այնպիսի գեղեցիկ խօսքեր ասաց իմ գրածների հասցէին, որ ես շփոթուեցի: Հրանդը երբեւէ այլեւս չգովաբանեց ինձ՝ իսկական տղամարդիկ մէկ անգամ են միայն խոստովանում: Նա յայտնեց իր ցանկութիւնը, որ ես գրեմ «Ակօս» շաբաթաթերթում եւ վարձահատոյց (մինչ Հրանդը համայնքի թերթերում եւ հանդէսներում գրողներին հազուադէպ էին վարձատրում Ստամպուլում):

«Նահատակ Հայաստան»

Յունուարի 19-ին ես գնացի «Ակօս»-ի խմբագրատուն ժամը 2-ի մօտ: Հրանդին մնացել էր մէկ ժամուայ կեանք: Նրա առանձնասենեակը գտնւում էր երկար միջանցքի վերջում դէպի ձախ:

Երեկ լոյս էր տեսել «Ակօս»-ի 524-րդ համարը: Աշխատակիցները հաւաքուել էին Հրանդի մօտ՝ թռուցիկ ժողովի: Ես զգուշօրէն բացեցի դուռը: Հրաւիրելով ներս, Հրանդը հարցրեց ինձ. «Կրնա՞նք խօսիլ թուրքերէն» եւ խօսակցութիւնը շարունակուեց: Հրանդի սեղանից ձախ թեւի վրայ փոքրիկ հեռուստացոյց էր տեղադրուած: Որքան յիշում եմ, Հրանդի հեռուստացոյցը միշտ ձիարշաւ էր ցուցադրում:

Քիչ յետոյ ամէնքս անցանք մեր սենեակները: Հայկական բաժնի պատուհանները նայում էին դէպի Հալասկարգազի պողոտայ, որտեղ եւ լսուեց ժամը 3-ին մօտ 5 կրակոց՝ տկ-տկ-տկ-տկ-տկ: Նման ձայն ես միայն թատրոնում էի լսել: Մենք նայեցինք իրար, ինչ-որ մէկը Հրանդի անունը տուեց, միւս վայրկեանին բոլորը իջան վար (խմբագրատունը երկրորդ յարկում էր) եւ սանդուղներից լսուեցին այնպիսի ճիչեր, որպիսին արձակում են ծննդաբերութեան ատեն: Մի աշխատակից վերադարձաւ եւ ասաց թրքերէնով «չեմ հաւատում»: Արցունքի անզսպելի հեղեղ հորդեց աչքերիցս եւ ամեն արտաշնչելուց Հրանդի անունը սկսեց ներսիցս արտահանուել: Ինչ-որ մէկը ինձ չափազանց խղճաց եւ փորձեց հանգստացնել. «Չի՛ մեռել, նրան հիւանդանոց են տանելու»: Սակայն ամբուլանսը չէր շտապում, իսկ դրա փոխարէն պողոտան լցուեց մարդկանցով, եւ թուրքական հեռատեսիլի բոլոր ալիքներով սկսեցին յայտարարել «Հրանդ Տինքը սպաննուեց» յայտագրով սենսացիոն լուրերը: Լրագրողներ, ընկերներ, ոստիկանական գործակալներ – գալիս ու գալիս էին: Հրանդի հարցազրոյցների բազմաթիւ հերոսները: Շատերն ինձ ծանօթ էին, սակայն ես դժուարութեամբ էի նրանց ճանաչում: «Գլուխդ ողջ ըլլայ»,- ասում էր ամեն մի մտնող, իսկ իմ ծանօթներս աւելացնում էին «Ինչպէ՞ս ես», անկախանալով այս դէպքից, սակայն ես արդեն այդ դէպքի կախեալն էի եւ տարօրինակ հարցը իմ մեռած ծիծաղն էր արթնացնում «Արդեօք ե՞ս եմ հիմա աւելի լաւ, թէ՞ Հրանդը»: Միջանցքի պատերից բռնուելով ես շարժուեցի դէպի Հրանդի առանձնասենեակը: Պատերը կորցրել էին իրենց ամրութիւնը: Գետինը ոտքերիս տակից փախչում էր…Նրա սեղանին գրպանի հեռախօսը անհանգիստ պտտւում էր, իսկ չանջատած հեռատեսիլի էկրանի վրայ շարունակում էին սլանալ ձիերը…Աչքս ընկաւ սեղանի վրայ դարսած գրքերի վրայ: Ամենավերեւում պատճէնահանած մի գիրք էր հետեւեալ վերնագրով՝

«Սարսափ աշխարհի մէջ Նահատակ Հայաստան»

Ինչո՞ւ համար

Աշխարհն այլեւս փոխվեց ինձ համար, եւ ես միանգամից չէի կարող վերադառնալ իմ սովորական միջավայրը. Հրանդի հետ մեկտեղ սպանվեց նաեւ քաղաքը, փողոցը, տունը, ուստի ես տուն վերադառնալու փոխարեն գնացի ծանոթներիս մոտ, գիտնալով որ վերջիններին շատ չէր խրախուսում  Հրանդի համարձակությունը: Եւ իրոք, ընտանիքի հայրը, որը Հրանդից մի քանի տարով մեծ էր, նստած էր հեռատեսիլի առաջ  եւ ցուցամատը վեր ուղղելով՝ խրատում էր. «Հոս Թուրքիա է՝ կնստիս, կուտիս, կխմիս, ամա խոսիլ – ո՛չ»: Նա, ով երբեք չէր կարողանա նմանվել Հրանդին, դժգոհում էր, որ Տինքը չէր կարող իրեն պես սուս ու փուս նստել ու իր հարմարավետ կյանքը վայելեր:

Ազատ խօսելու իրաւունքով օգտուելը դարձրեց նրան խորհրդանիշ, այդ պատճառով էլ տասնեակ հազարաւոր մարդիկ «Մենք Հրանդ ենք», «Մենք հայ ենք» կարգախօսներով քայլեցին նրա հետեւից: Պայման չէ, որ նրանք կիսում էին Հրանդի հայեացքները, սակայն նրանք բոլորն ունէին իրենց սեփական մտքերը, որոնք տարբերւում էին քարոզած տեսակէտներից, բայց չունէին Հրանդի համարձակութիւնը՝ բարձրաձայնել դրանք:

Մեր աշխարհները

Մենք Հրանդի հետ տարբեր աշխարներից էինք: Նոյնիսկ բառերը, որոնք մենք օգտագործում էինք, ունէին հակառակ իմաստ: Օրինակ, «իտէալիստ»» մեզ մօտ նշանակում էր երազներով ապրող մարդ», իսկ Հրանդի աշխարհում ՝ ճիշտ հակառակը – «իտէալներ իրականացնող»:

Ես հաւատում էի, որ աշխարհը կարելի է փոխել արուեստի միջոցով, իսկ նա տրուած էր քաղաքականութեանը: Մեր տարբեր աշխարհներում տարբեր էր նաեւ գրաքննութիւնը: Սովետական Միութիւնում գրաքննութիւնը խոչընդոտում էր ինքնատիպ եւ այլախոհ մտածողների մուտքը գրականութիւն եւ մամուլ, իսկ Թուրքիայում գրաքննութիւնը սկսւում էր տպագրութիւնից յետոյ: Հրանդի դէպքում նրան մեղադրեցին 301 յօդուածի համաձայն «թրքութեան նախատինքի» համար, իսկ մի խումբ ընթերցողների ատելութիւնը երեք գնդակ արձակեց Հրանդի գլխին…

Ամեն ինչ կատարուեց աչքիս առաջ եւ…դրոշմուեց աչքերիս մէջ: Չեմ ուզում նրա արիւնը տեսնել աչքերիս մէջ, ուզում եմ կրկին լոյս վառուի հայեացքիս մէջ եւ այնտեղ ես տեսնեմ Հրանդին, որի ներկայութեամբ կեանքը տօնի էր վերածւում:

«Առագաստ» ամսագիր, ապրիլ 2007
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին