Ուրբաթ, 29. 03. 2024

spot_img

«Երկընտրանք» Ֆիլմը Ցուցադրուեց Առաջին Անգամ

Մշակութային Արձագանգ

ՔՐԻՍՏԻՆԷ ՄԵԼՔՈՆԵԱՆ

Հայաստանի «Թէքէեան» Մշակութային Միութեան նախաձեռնութեամբ «Թէքէեան» Կենտրոնում կայացաւ Հայաստանի «Թէքէեան» Մշակութային Միութեան անդամ, Արցախեան առաջին պատերազմի մասնակից, ռեժիսոր Կարէն Գէորգեանի «Երկընտրանք» փաստավաւերագրական ֆիլմի դիտումը։

Ֆիլմի ցուցադրութիւնը բացառիկ է. այն Արցախեան առաջին պատերազմի մասին է եւ հանրութեանը ներկայացւում է առաջին անգամ։ Հեղինակը ֆիլմն աւարտել է 2000 թուականին։ Այն էկրան չի բարձրացուել ռեժիսորի որոշմամբ, քանի որ նրա կարծիքով, յաղթանակի ոգեւորութիւնից յետոյ ֆիլմում բարձրացուած ազգային ինքնագիտակցութեան եւ պետականութեան կառուցման խնդիրները լուրջ չէին ընդունուի ո՛չ իշխանութեան, ո՛չ հասարակութեան կողմից։

Հայաստանի «Թէքէեան» Մշակութային Միութեան նախագահ Ռուբէն Միրզախանեանը կարեւորեց ֆիլմի ցուցադրումը, ինչը շատ կարեւոր է ներկայի վերաբերեալ մի շարք հարցերի պատասխաններ գտնելու տեսանկիւնից։ 

«Այսօր եկել է «ճշմարտութեան պահը», եւ «եկել է այդ ժամանակը»․ թէեւ փաստավաւերագրական ֆիլմը Արցախեան առաջին պատերազմի մասին է, սակայն դիտողներից իւրաքանչիւրը ֆիլմում փնտռում էր եւ գուցէ գտաւ 2020 թուականի 44-օրեայ, առհասարակ՝ բոլոր պատերազմների պատճառներն ու դրանց հետեւանքները։

Ի դէպ, ռեժիսոր Կարէն Գէորգեանը Արցախի հերոսամարտին եւ ազգային խնդիրներին նուիրուած բազմաթիւ ֆիլմեր ունի, որոնցից «Պատերազմ առանց մեկնաբանութիւնների»-ն 2004 թուականին արժանացել է Հայաստանի «Թէքէեան» Մշակութային Միութեան «Վահան Թէքէեան» մրցանակի։

Ֆիլմում նախ ներկայացւում է հայի՝ որպէս ազգի հաւաքական կերպարի տարբեր տեսակները՝ խիզախ, անմիաբան, Սասունցի Դաւիթ կամ Քաջ Նազար, ծայրայեղութիւն, որից կարելի է սպասել ամենալաւ եւ ամենավատ արարքները։

«Ես հայ եմ եւ յայտարարում եմ՝ ես չեմ սիրում իմ ժողովրդի պատմութիւնը՝ կորուստների, պարտութիւնների ու զոհաբերութիւնների պատմութիւնը։ Ուզում եմ սկսել սկզբից, լինել ուրիշ, ազատուել սեփական պատմութեան եւ ճակատագրի գերութիւնից, ազատուել անուղղելի անցեալից․ նոր ճակատագրի համար հարկ է առնուազն նորից ծնուել»,- նշում է հեղինակն ու ներկայացնում պատերազմի դաշտից այն բոլոր վաւերագրական կադրերը, որոնք նկարահանել է մինչեւ պատերազմի աւարտը։

Դիտողին թւում է, թէ Արցախեան առաջին պատերազմի մասին պատմող ֆիլմը իւրատեսակ յիշեցում է հայի պատմական ճակատագրի մասին, եւս մէկ անգամ համոզում, որ երկար դարեր հայը կանգնած եղել է եւ կայ ծանր երկընտրանքի առջեւ։

Հեղինակն այն կարծիքին է, որ բոլոր ժամանակներում ազգը յարմարուել է պարտադրուած նուաճողների, ասպատակողների պայմաններին, եւ հենց այդ յարմարուողականութիւնն է ձեւաւորել ազգի դիմագիծը, բնաւորութիւնն ու գիտակցութիւնը. «Մենք անմեղ չենք եղել, սեփական բեռը բարդել ենք Աստծոյ ուսերին, սա մեր փոքրոգութիւնը չէ՞ արդեօք»,- նշում է հեղինակն ու խոստովանում՝ ազգը պարտաւոր էր աւելի շրջահայեաց լինել, իսկ թշնամիներից՝ ուժեղ։ Այստեղ է, որ դիտողը սկսում է համեմատել պատերազմներին նախընթաց դէպքերն ու իրողութիւնները

Կարէն Գէորգեանը 8 գեղարուեստական, 60-ից աւելի փաստաւավերագրական ֆիլմերի հեղինակ է։ Արցախեան պատերազմին միացել է 1992-ի վերջերին եւ Մարտի դաշտում եղել մինչ աւարտը։ «Երկընտրանք»-ը ցուցադրութեան պատրաստ էր դեռ 1999-ին։ Հեղինակը նախ երկրի ղեկավարութեանն է ցոյց տուել, ապա արձագանգից հասկացել, որ «գերյաղթանակած» հոգեվիճակում ֆիլմը չի ընդունուի։

«Պարտութիւնից յետոյ հարեւան երկրի գաղափարախօսութիւնը դարձաւ վրէժը, իսկ մենք պառակտուեցինք ներսում։ Չկար գաղափարախօսութիւն, հասկացայ, որ ֆիլմը պէտք է պահել, եւ գալու էր դրա ցուցադրութեան իրական ժամանակը։ Չեմ զբաղուել ո՛չ քաղաքականութեամբ, ո՛չ պիզնեսով, բայց դարձայ «տարօրինակ մարդ» ու հեռացայ երկրից»,- նշեց Կարէն Գէորգեանը։

Վերջինս 1999-ից մինչ օրս ապրում եւ կինօգործունէութիւնը շարունակում է Ռուսաստանում, սակայն հայրենիքում էլ յաճախ է լինում, քանի որ ինչպէս «Երկընտրանք» ֆիլմում է նշում, իր ժողովրդի պատմութիւնը իր կենսագրութիւնն է ու ճակատագիրն է միաժամանակ։

Հայաստանի «Թէքէեան» Մշակութային Միութեան
Լրատուական Կենտրոն
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին