Հինգշաբթի, 18. 04. 2024

spot_img

Չարենցի Գոյնը․ Կապոյտը

Մշակութային Արձագանգ

(1897 – 1937)

(Ծննդեան 125 ու մահուան 85-ամեակի առիթով) 

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

Եղիշէ Չարենցը հայ գրականութեան մեծագոյն դէմքերից է, ում ճանաչելու եւ գնահատելու համար բաւ է միայն դիմել նրա սիրով լեցուն հոգու երկերին։ Ո՞րը թուես։ Նրա երկերն ունեն իր ապրած փոթորկայոյզ ժամանակաշրջանի տենդը։

Չարենց կարդալիս նկատում ես ԿԱՊՈՅՏԻ շեշտակի առկայութիւնը։ Նրա գոյնը կապոյտն է, որ յաճախ կրկնուել է տարբեր թեմաներով իր երկերում։

«Կապուտաչեայ երջանկութեան առասպել», «Կապուտաչեայ Նայիրի», «Կապոյտ բաժակը հոգեթով», «Կապոյտ կարօտներ», «Կապոյտ երազներ», «Կապոյտ երկիր», «Կապոյտը՝ թախիծ», «Կապոյտի լաբիրինթոսում», «Կապոյտը՝ արցունք», «Կապոյտը՝ զանգի ղօղանջ», «Անսուտ խօսքեր կապոյտում», «Թերթիկը կապոյտ», «Կապոյտ կաթ» եւ այլն։

Չարենցից բերենք մի քանի հատուածներ, որտեղ առկայ է կապոյտը։

Յարդագողի ճամբորդներ
«Թաղուած մնաց իմ աչքերում
Մի անհուն կապուտաչեայ երջանկութեան առասպել,
Մի երկնային առնչութեան պատմութիւն,
Ու կարծրացաւ սիրտս՝ անլոյս եւ անբեր»։
Հեռացումի խօսքեր
«Կեանքս կանցնի, կը մարի, որպէս կրակ ճահիճում՝
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անլոյս։
Երգերիս մէջ - դու գիտե՛ս - ինձ որ ոք չի ճանաչում՝
Կարծես ուրի՜շն է երգում կապոյտ կարօտը հոգուս»։ 
Ամբոխները խելագարուած
«Գիշերի դէմ - գիշեր է մութ խաւարամած նրանց հոգին,
Որ կարօտով մի կրակոտ սպասում են առաւօտին։
Խաւար է մեծ սիրտը նոցա, բայց խաւարում անծայրածիր -
Երկինքնե՜ր կան կապուտաչեայ, հորիզոննե՜ր՝ անծա՜յր, անծի՜ր»։
Դէպի Մասիս
«Ցուրտ էր։ - Արեւը դեռ հորիզոնից
Նոր էր փռել աղջամուղջը վաղնջական,
Եւ վաղ առաւօտի ծիրանագոյն ֆոնին
Հեռւում երեւում էր Մասիսը՝ կապոյտ շղարշը հագած․․․»։

«Եւ թերթիկը կապոյտ ալեկոծեց նրան
Յուշերով՝ չճաշակած մի քաղցրութիւն բուրող․․․»։ 

Եւ ի՞նչ մնաց։ - Այդ թերթիկը ոսկերիզ,
Այդ թերթիկը կապոյտ, ինչպէս անուրջը»։ 
ԳԱԶԵԼՆԵՐ-ից երեք հատուած
«Կապոյտ բաժակը հոգեթով դու խմիր․
Սիրտդ լցուի հեքիաթով - դու խմի՛ր։

Իրիկնային երկինքը բիլ թող անվերջ
Հոգիդ լցուի կապոյտ կաթով դու խմի՛ր։ 

Թող լուռ լինի։ Անրջավար ու տրտում –
Կապոյտ բաժակը հոգեթով դու խմի՛ր»։ 

*   *   *

«Իմ խօսքերը կարկաչում են կապոյտում,
Կարկաչում ու կանչում են կապոյտում։

Կարօտներ կան անմարմին ու տրտում,
Միայն շշուկ ու հնչիւն են - կապոյտում։ 

Երազներ կան, ու կարօտներ են միայն,
Լո՜յս կարօտներ, որ կանչում են կապոյտում»։

*   *   *

«Մահը, գիտե՞ս, մի լուսաւոր առասպել է, քո՜յր։
Կեանքը այնքան մեղկ ու անգոյն  ու անբեր է, քո՜յր։

Կեանքի կանչը անկումների ազդարար է լոկ,
Մահը սակայն, Կապոյտ Երկրի մի բանբեր է, քո՜յր»։

Իսկ վերջում մի բանաստեղծութիւն կապոյտի մասին

Կապոյտը
Կապոյտը հոգու աղօթանքն է, քո՜յր,
Կապոյտը - թախիծ․
Կապոյտը - կարօտ թափանցիկ, մաքուր,
Եւ յստակ ու ջինջ։ 

Կապոյտը քրոջ աչքերի անհուն
Առաւօտն է թաց։
Կապոյտում հոգիս մի հին իրիկուն
Անզօ՜ր հեծկլտաց։

Կապոյտը ծէգին աղօթքի կանչող
Ղողանջ է զանգի։
Կապոյտը - արցունք, ու կապոյտը - ցօղ
Հոգու, երկնքի։

Կապոյտում անսուտ խօսքեր են հոսում
Երկնքից - երկինք։
Հոգիս - Կապոյտի լաբիրինթոսում
Սրբացած կնիք։
spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին