Սլաք
ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ
Վերջերս լրատուները մի շա՜տ հետաքրքիր լուր հաղորդեցին։ Երեւանի քաղաքապետարանում յայտնի է դարձել մօտ 8.5 միլիարդ դրամի խախտումներ, եւ իրաւապահ մարմինները զբաղւում են այս հարցով։ Դա վերաբերում է 2018-2022 թուականներին․ դա վերաբերում է «յեղափոխականներին»։ Իհարկէ, լուրը վերջում ասւում է, որ քննելու են նաեւ նախկինների գործունէութիւնը, եւ այդ գումարը նախկիններին չի վերաբերում։ Մանրամասն լուրը՝ ստորեւ։
Սա էլ մի ուրիշ փաստ նիկոլստանից ու ներկայից։ ՔՊ-ն կամ ներքին հաշիւներ է մաքրում, կամ՝ նիկոլստանում օղակը սեղմւում է նիկոլի ու ՔՊ-ի շուրջ։ Ամեն դէպքում, այն մարդիկ, որ մինչեւ հիմա տենդագին գովերգում էին «նորերին», որ այնքան էլ նոր չեն, այսօր ոչինչ չեն կիսել իրենց ֆէյսպուքեան էջով․․․ Դէ, հասկանալի է։
Իհարկէ, նրանք լաւ են անում քննադատում են նախկինների սխալները։ Այստեղ հիմա երկու հարց է ծագում,-
ա- Ո՞րն է այդ նախկին կոչուածի ու «նորի» տարբերութիւնը, երբ համարեա ամեն օր կարդում ենք այս եւ նման լուրեր։ Կասէ՞ք։
բ- Երկրորդը,- Խնդրում եմ ոչ-ոք թող չասի՝ նախկինում բան չի կատարուել․ դա սուտ կը լինի։ Դուք համեմատէք այն Հայաստանը, որտեղ զրոյից բանակ ստեղծուեց՝ իր բոլոր թերութիւններով հանդերձ, ու եղածն էլ կործանեց ՔՊ-ն։ Նաեւ, չեմ կարծում, որ դուք չէք յիշում Երեւանի վիճակը 1998 թուականին, եւ այն Երեւանը, որ 2018 թուականին փոխանցուեց ՔՊ-ին։ Ի՞նչ մեծ նուաճումներ են կատարուել «նորերի» ժամանակ, որ այնքան էլ նոր չեն։ Կասէ՞ք։
«Նուաճումնե՞ր», այո՛, շատ կան։ Հայրենազրկումը, արտագաղթի մեծ թափը, համալսարաններում հարիւրաւոր թափուր տեղերը, մշակութային աղէտը, «Թումօ»-ում Մեսրոպ Մաշտոցի գոյութիւնը հարցականի տակ տանելը․․․ Բաւակա՞ն է, թէ՞ շարունակեմ։
Մարդկային եւ հայոց պատմութեան յիշարժան թուականները ուսումնասիրելիս, աշխարհաքաղաքական հետաքրքիր երեւոյթ եմ նկատել: Մինչեւ Թուրքմանչայի պայմանագիրը եւ Արեւելեան Հայաստանի կցումը Ռուսաստանին, հայ կեանքը աշխոյժ էր արտասահմանում․․․ Չխօսենք Օսմանական Կայսրութեան տիրապետութեան ներքոյ հայութեան վիճակի մասին, քանի որ նման հնարաւորութիւններ սահմանափակ են եղել՝ բռնաճնշումների պատճառով։
Իրանում/ Պարսկաստանում աշխոյժ է եղել հայ կեանքը։ Հայ համայնքները մեծ նուաճումներ են ունեցել եւրոպական քաղաքներում,- Ամեսդերտամ, Վենետիկ, Լեհաստանի տարբեր քաղաքներում եւ այլուր։ Հայ համայնքները մեծ նուաճումներ է ունեցել Հնդկաստանում, Ռուսաստանում եւ այլուր։ Բայց, կարեւորութեամբ ընդգծենք, որ Արեւելահայաստանում համարեա չենք տեսնում նմանատիպ զարգացումներ եւ առաջադիմութիւն, բացի հոգեւոր-եկեղեցական կեանքից, եւ այն էլ՝ իր սահմանափակումներով։ Միաժամանակ, եւ զուգահեռաբար, հոգեւոր կեանքում մեծ ներկայութիւն է եղել պահպանողական կղերականութիւնը՝ ինչը խոչընդոտել է հոգեւոր վերելքին։ Չեմ ուզում խորանալ այդ հարցերի մէջ․ իմ նպատակն ուրիշ է։
Յովհաննէս Լազարեանի ջանքերով, 1828 թուականից սկսած մեծ ներգաղթ է տեղի ունենում դէպի Արեւելահայաստան։ Մադրասի խմբակը/ մտաւորականութիւնը այդ թուականից մօտ 80 տարի առաջ յայտարարել էր իրենց առաջին նպատակը,- ՀԱՅԱՀԱՒԱՔ․ հայութեան գաղթը դէպի Հայաստան։ Ըստ Մադրասի խմբակի՝ այդ ժամանակ հայութեան 2/3-ը ապրում էր Հայաստանից դուրս։
Հայահաւաքը սկսեց իրականութիւն դառնալ 19-րդ դարից սկսած։ Արաքս գետի հիւսիս տեղափոխուեց Պարսկաստանի հայութիւնը, ու նոյն քանակով իրանցիներ եւ ազերիներ Արեւելահայաստանից անցան Պարսկաստան։ Հայութիւնը սկսեց հաւաքական կեանք ունենալ ու քայլ առ քայլ կազմակերպեց կրթական, մշակութային ու տնտեսական իր կեանքը։ Ոչ ոք չի կարող ուրանալ այս իրականութիւնը։ Եւ ասեմ,- 19-րդ դարուայ վերջում, Համիտեան ջարդերից մազապուրծ փախած ու Արեւելահայաստան հաստատուած հայերի թուաքանակով, միայն 19-րդ դարի վերջում հայութիւնը Արեւելահայաստանի բնակչութեան 55 տոկոսը կազմեց․․․ Այս իրականութիւնը նկատի չեն ունենում բոլոր կոյր ռուսատեացները։
Ասեմ,- Ինձ համար ոչինչ կատարեալ չէ․ ամեն ինչ համեմատական է։ Բայց ոչ ոք չի կարող կասկածի տակ տանել այն, որ Ռուսական Կայսրութեան քաղաքականութեան շնորհիւ ՎԵՐՍՏԵՂԾՈՒԵՑ Արեւելահայաստանը․․․ Իհարկէ, հենց ռուսական շահերի նկատառումով, որից մեծապէս օգտուեց հայութիւնը, խելացի հայութիւնը․․․
(Նախքան 1828 թուական, հայութիւնը ինչ-որ առումով համախումբ կեանք ունէր Արցախում՝ Պարսկաստանի քաղաքականութեան շնորհիւ․ նկատի ունեմ Խամսայի մելիքութիւնները։ Համախումբ կեանք կար մասամբ նաեւ Սիւնիքում։ /Դաւիթ Բեկ, Մխիթար սպարապետ եւ այլն/)։
Խորհրդային Հայաստանը մօտ 3/5 միլիոն բնակչութիւն ունէր, որի 90 տոկոսը հայեր էին։ Ո՞վ կարող էր երեւակայել, որ մի օր կը վերածնուէր Հայաստանը, ու հայութիւնը համախումբ եւ կազմակերպուած կեանք կունենար․․․ Իր բոլոր սխալներով ու թերիներով հանդերձ։ Ո՞վ կարող էր երեւակայել, որ հայութիւնը այդքան արագ ոտքի կը կանգնէր։ Ո՞վ։
Մի ուրիշ անչափ կարեւոր դիտողութիւն,-
Այն սփիւռքահայերը, որ ծնուել ու ապրել են Հայաստանից դուրս, նրանք, որ հիմա հաստատուել են Հայաստանում կամ միշտ Հայաստան են այցելում, Հայաստանը համեմատում են իրենց ապրած ու տեսած երկրների հետ։ Նրանք ուսանել են ուրիշ միջավայրերում, եղել են, տեսել են ու ապրել են ուրիշ մշակոյթով ու արժեչափերով միջավայրերում։ Նրանք Հայաստանը համեմատում են ոչ թէ Հայաստանի անցեալի հետ, այլ իրենց եղած միջավայրերի հետ՝ ինչը լրիւ սխալ է։
Ես ՄԻՇՏ ինձ համեմատում եմ ինձ հետ անցեալում։ Ես չունեմ ուրիշների հնարաւորութիւններն ու կարելիութիւնները, հետեւաբար՝ ինչո՞ւ ես ինձ պիտի համեմատեմ ուրիշի հետ։ Դա սխալ է։ Ես ինձ համեմատում եմ իմ անցեալի հետ, ու եթէ միշտ առաջադիմութիւն եմ նկատում, ապա դա գնահատում եմ։
Այստեղ չեմ ուզում անտեսել մշակոյթների փոխազդեցութիւնները, իրարից սովորելու, սխալները ժամանակի ընթացքում ուղղելու կարեւորութիւնը։ Իմ խօսքը վերաբերում է սփիւռքահայերի այն ՍԽԱԼ ՄՕՏԵՑՄԱՆԸ, որ Հայաստանը նախ չեն համեմատում նրա անցեալի հետ․․․ Ու, շատ պարզ է, նրանց եզրակացութիւնները սխալ են լինելու մեծ հաշուով։
Հայաստանը չունի Հաշուարկայինի հարեւանների պէս հարեւաններ․․․ Ինչո՞ւ պիտի Հայաստանը համեմատել ասենք Շուէյցարիայի հետ․․․ Այս նիւթի մասին կարելի է շատ գրել։
Վերանայենք մեզ։ Հաշուի նստենք անցեալ ու ներկայ իրականութիւնների հետ, որպէսզի ճիշտ եզրակացնենք։ Նկատի ունենանք, որ աշխարհում ամեն ինչ համեմատական է։ Մտածենք ի՞նչ կորցրինք եւ ի՞նչ ձեռք բերեցինք անկախութեան 30 տարիներում։ Ու․․․ Կարծում եմ․․․ Վերանայելու շատ բան կունենանք մենք։