Ուրբաթ, 19. 04. 2024

spot_img

Հայաստանի Երկնային Հովանաւորը

(Փարաջանովի Յիշատակի Օրուայ Առթիւ)

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԳՅՈԶԵԱՆ

Փարաջանովը փոխեց պատկերացումները ֆիլմարուեստի մասին: Շարժուող պատկերները, որոնք ինչ-որ պատմութիւններ էին պատմում, նա փոխարինեց աշխարհի պատկերով, ինչպիսին միայն ինքն էր տեսնում:

Քիչ թէ շատ տաղանդաւոր ֆիլմ ստեղծելու համար հարկաւոր է հանճար լինել, բայց հանճարեղ ֆիլմ ստեղծելու համար պէտք է Փարաջանով լինել: Մարդիկ կան, որոնք չեն դիտում նրա ֆիլմերը՝ ասելով «Չենք հասկանում, չենք սիրում»: Յիմարութիւն: Փարաջանովին պէտք չէ հասկանալ, եթէ չէք հասկանում: Հարկաւոր է միայն նայել: Գոնէ մէկ անգամ: Եւ դուք արդէն չէք լինի այն, ինչ էիք մինչեւ դիտելը:

Մահը

1990- ի յուլիսին գտնւում էի Մոսկուայում մի հրեայ կնոջ բնակարանում: Կինը ամէն կերպ ջանում էր զբաղեցնել ինձ: «Արի», արի», ձեր նախագահին են ցոյց տալիս»,- կանչեց նա ինձ մի անգամ լուրերի թողարկման ժամանակ եւ ես տեսայ էքրանի վրայ Շեվարնաձէին: Սակայն միւս լուրը իրօք մեր մասին էր՝ դա Փարաջանովի մահուան բօթն էր, եւ սենեակը հրեայ կնոջ գոհունակ տեսքով լողաց իմ արցունքների մէջ: Ինչպէս, ինչպէ՞ս ես կարող էի բացատրել մի կնոջ, որի համար հայ, վրացի եւ ազերի մէկ էին, թէ ում կորցրեց այդ օրը մարդկութիւնը: Փարաջանովի համար բոլոր մարդիկ եւ կրօնքները մէկ էին, բայց բոլորովին այլ իմաստով, քան այս մոսկուաբնակ կնոջ համար:

«Հայկական հոտ»

1885-ին Երեւանի Կինոյի Տանը կայացաւ «Սուրամի ամրոցի լեգենդը» ֆիլմի առաջնախաղը: Փարաջանովը ինքը կանգնած էր մուտքի մօտ եւ հրաւիրում էր բոլորին՝ դիտելու իր ֆիլմը: Յետոյ բարձրացաւ բեմ՝ չափազանց յուզուած.

  • Վերակենդանացումը տեւում էր 15 տարի,-սկսեց նա:- Ընդհանրապէս ես չեմ սիրում սիւժէտային ֆիլմեր, բայց այստեղ կայ սիւժէ: Ես ինքս թարգմանել չեմ կարող, որովհետեւ կը լացեմ: Ես շատ եմ ուզում, որ դուք հաւանէք ֆիլմը, ես հաւանեցի երրորդ անգամից:

Նա փորձում էր կատակել: Ստեղծելով այդքան լուրջ կինօ, ինքը Փարաջանովը չէր կարող մնալ լուրջ:

  • Մի տիկին, որը մօտ է Վրաստանի մշակոյթի նախարարին եւ պտտւում է բոլոր քոմիսիոն խանութներով (սովետական շրջանում այդ խանութներում վաճառում էին արտերկրներում գնուած ապրանք), ասաց, որ Փարաջանովի ֆիլմը այնպիսի գեղեցկութիւն է, որը նա չի տեսել ոչ մի քոմիսիոն խանութում…Մի ուրիշ տիկին, նոյնպէս Վրաստանի մշակոյթի նախարարութեանը մօտիկ անձնաւորութիւն, դիմեց ինձ երեք հարցով: Երրորդ հարցն էր «Ինչո՞ւ ձեր ֆիլմերում հայկական հոտ է զգացւում»: Ես պատասխանեցի. «Գուցէ դա նրանից է, որ ես հայ եմ»: Կրկին կատակի փորձ:

Փարաջանովի արուեստի արմատները տանում են ոչ թէ դէպի ազգային հող, այլ անմիջապէս դէպի Գեղեցիկի գաղափար. այստեղ նա Աստծու հետ ուղիղ կապի մէջ է, այդ պատճառով Փարաջանովի ֆիլմարուեստը դա հայկական կինօ չէ, այլ Փարաջանովի կինօ է: Իւրաքանչիւր ազգային նիւթ Փարաջանովի ձեռքերի մէջ վերածւում էր Գեղեցիկի նիւթի՝ արտայայտուած տուեալ ազգային ձեւի մէջ: Նիւթի լուծման ակունքը հենց Փարաջանովի մէջ էր, նրա աշխարհատեսութեան, այդ պատճառով նրան նմանակել անիմաստ է:

«Պահպանէ’ք աշխարհի համար հայկական կինոն,-դիմեց հայերին «Ոսկէ Ծիրան-2006″ ի հիւր իրանական բեմադրիչ Մ. Մահմալբաֆը,- որքան ազգային մնաք, այնքան միջազգային կը լինէք: Սակայն մի» փորձէք նմանուել  Փարաջանովին»:

Որոշակի ճիգեր են պէտք՝ հայկական ֆիլմարուեստը ծանօթացնելու համար աշխարհին, բայց Փարաջանովի կինօն առանց որեւէ ջանք գործադրուելու իր կողմից դարձաւ ողջ աշխարհի սեփականութիւնը:

«Մոռացուած նախնիների ստուերները» ֆիլմից յետոյ աշխարհի մեծագոյն բեմադրիչները խոնարհուեցին Փարաջանովի առջեւ, իսկ ֆրանսացը դերասան եւ դերասան Ռոպէր Հոսսեյնը ասաց.

  • Եթէ երբեւէ հարկ լինի որեւէ մի ստեղծագործութիւն ուղարկել Երկիր մոլորակի բնակիչներից այլ մոլորակների բնակիչներին, ապա դա պիտի լինի Փարաջանովի «Մոռացուած նախնիների ստուերները» ֆիլմը:

Այդ ֆիլմի համար նա վճարեց բանտարկութիւնով, որտեղ կալանաւորները չէին հաւատում, որ նա Փարաջանովն է: Սակայն ինքը՝ Փարաջանովը գիտէր, որ «Գեղեցիկը զգալու համար պէտք է արիւնով վճարել»:

Եւ ահա հետեւեց  «Սուրամի ամրոցի լեգենդը», որտեղ ամէնագեղեցիկ երիտասարդ տղամարդը իրեն կամաւոր զնդանում է բերդի պատի մէջ, որպէսզի բերդը կանգուն մնայ եւ դիմադրի թշնամիներին: Մարդու ոգին մարմնից ուժեղ է: Փարաջանովի ոգին մահից յետոյ բնակուեց Փարաջանովի տուն-թանգարանում, իսկ մեր երկիրը աշխարհի արուեստագէտների համար դարձաւ Փարաջանովի երկիր:

Ստորագրութիւն անձնագրի մէջ

1989-ին Իսթանպուլում «Աշուղ Ղարիբ» ֆիլմի առաջնախաղին Փարաջանովը անձամբ ներկայ էր գտնուել: Ֆիլմի դիտումից յետոյ նրան շրջապատեցին բազմաթիւ երկրպագուներ, որոնք մեկնում էին բեմադրիչին ծրագրերը՝ ինքնագիր ստանալու համար: Յանկարծ  նրանց մէջ յայտուեց մի անձնագիր: Փարաջանովը զարմացած նայեց անձնագրի տիրոջ աչքերին՝ նա մի ազերի էր Իրանից: Վերջինս հաստատեց, որ ուզում է ունենալ Փարաջանովի ստորագրութիւնը իր անձնագրում:

«Ճանապարհորդութիւն դէպի վեր»,- այսպէս բնորոշեց իր այցելութիւնը Հայաստանում 20-րդ դարի մեծագոյն իտալացի սցենարիստ, բանաստեղծ ու նկարիչ՝ Տօնինօ Գուէրրան:

Իրաւ, որպէսզի կանգուն մնանք ողորկ, անիմաստ հորիզոնական հարթութեան վրայ, մեզ հարկաւոր են ուղղահայեաց սլացող սիւներ, որոնք ապահովում են Փարաջանովի նման հանճարները:

1990-ին ընդմիջում եղաւ: Հանճարները գալիս ու գնում են, իսկ ընդմիջումներին մարդկութիւնը իւրացնում է իրենց թողած դրամագլուխը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին