Ուրբաթ, 26. 04. 2024

spot_img

Թաւշեայ, Ոչ Բռնի Ցեղասպանութիւն

Մեր Օրերի Օրագրից

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԳՅՈԶԵԱՆ

Մնացել ենք գիտակիցներով: Հայաստանի տարածքը նուաճում է հարեւան Ադրբեջանը: Իշխանութիւնը նրանց ամէն կերպ օգնում է, աջակցում է: Ուժային դիմադրութիւն չկայ: Երեւանում խաղաղ Դիմադրութիւնը աղաղակում է: Քայլում է: Ծեծւում է: Ծեծողները դրա համար աշխատավարձ եւ յաւելավարձ են ստանում:

Դա սկսւում է առաւօտից՝ մարդ բռնոցին. 9 հոգով մի մարդու են բռնում, գետնով տալիս, այնուհետեւ շպրտում ոստիկանական մեքենաները: Ամենաշատ լսուող բառը մարդ բռնոցիի ատեն «հանգիստ» բառն է: Հանգիստ, պարոնայք, հանգիստ: Ինքնացեղասպանութիւն է: Չեմ կարող նայել: Հիւանդանում եմ: Շատ եմ մտածե՞լ, ինչու էին առանձնայատուկ դաժանութեամբ ցեղասպանում հայերին 107 տարի առաջ: Սպանել մարդուն այդքան էլ հեշտ չէ: Այդ նպատակով բանտերից ազատ էին արձակել բոլոր մարդասպաններին, եւ նրանք ի շնորհակալութիւն ճակատագրի ստեղծագործ ոգի էին դրսեւորում սպանութիւնների գործում: Այդպէս էլ բերետաւորներներն են ի երախտագիտութիւն բարձր վարձատրութեան ցուցաբերում բիրտ ուժ մարդկանց բռնելու ու բերման ենթարկելու գործում: Սակայն այսօր շուն-գել ոստիկանները հայ են, վաղը բոլոր ուժայինները կլինեն օտարածին, այդ պատճառով գիտակիցները չեն նահանջում: Դիմադրողներին ասում են «Գնացէ՛ք սահման ու այնտեղ պայքարէ՛ք թշնամու դէմ»: Ոչ, սա պայքար է ներսի թշնամու, դաւաճանի դէմ: Եթէ մենք իսկական թասիբով երկիր լինէինք, դաւաճանները տեղում կը պատժուին՝ ընտանիքով, զաւակներով, այդ մասին թոննաներով նիւթեր կան արձանագրուած: Այսօր մեր երկիրը ընդամէնը հաւաքատեղի է: Պատիժն է դարձնում երկիրը պետութիւն: Մենք պարտաւոր ենք շրջանցել անգիտակից զանգուածի անտարբերութիւնը եւ պահել մեր հայրենիքը:

«Միութիւն, Պայքար, Յաղթանակ»,- վանկարկում են շարժման մասնակիցները: Այո, Համօ Սահեանը հայի երեք յատկութիւններից մէկը համարում էր մեր միասնութիւնը, եւ դա Է վերականգնում Դիմադրութեան շարժումը:

Հարցնում են, թէ ինչո՞ւ 2018-ին մէկ ամսում ստացուեց, իսկ հիմա չի ստացւում: Նախեւառաջ մէկ ամսին գումարենք 20 տարուայ նախապատրաստական փուլը, երբ Հայաստանում վխտում էին Բաց հասարակութեան հիմնադրամի կրանթակերները,, որոնք անարգել գործունէութիւն էին ծաւալել: Իսկ այս շարժումը չունի արտաքին ուժերի սատարում, ուստի մենք մերոնցով ենք պայքարում այս կործանիչ պարտուող իշխանութեան դէմ: Յանուն մեր վաղուայ սերունդների, որոնք հարց են տալու «Իսկ ի՞նչ եղաւ մեր մի կտոր հողը, որ ունէինք որպէս Հայաստան», եւ մենք ի պատասխան ամօթից կը համրանանք:

Ովքեր դէմ են Ընդդիմութեան շարժմանը, ասում են, որ նախկինները դուրս են եկել՝ իրենց թալանը փրկելու համար: Ախ այդ «թալան» բառը. Հետաքրքիր է, հաց ուտելուց այդ բառը չի՞ խանգարում նրանց:

Պիտի արձանագրենք մի փաստ: Ինչքան էլ ընտրութիւններ լինեն՝ նորից եւ կրկին վերընտրուելու է ներկայիս աթոռ զբաղեցնողը: Որքան էլ նա յոգնած եւ սպառուած լինի իր սուտերից եւ փոփուլիզմից: Ինչո՞ւ: Որովհետեւ բոլոր ժամանակներում եւ հասարակութիւններում գոյութիւն ունի մի ստուար զանգուած, որի գլխաւոր զգացմունքը դա ատելութիւնն է: Նախանձը: Ինչո՞ւ նա ունի, իսկ ես չունեմ: Եւ քանի որ Սովետական Միութեան աւանդոյթից սկսած հարստանալ հնարաւոր էր միայն մեծ պաշտօն ունենալու դէպքում, ապա նախանձը միշտ առկայ էր: Դա կարելի է ասել, դասակարգային ատելութիւն էր ունեւորների հանդէպ: Արդէն անկախ Հայաստանում 20 տարի շարունակ ատելութիւնը ունեցաւ ղարաբաղեան երանգ եւ սերմանուեց ատելութիւն այսպէս կոչուած ղարաբաղեան կլանի հանդէպ: Ատելութիւնը քրոնիկ հիւանդութիւն է, որը չի բուժւում: Արդեօ՞ք Ֆրանսայի չքաւորները հարստացան, երբ 1793-ի Յունուարի 21-ին եւ Հոկտեմբերի 16-ին գլխատեցին կառափնարանի միջոցով Լյուդովիկոս XVI-ին եւ Մարի Անթուանէթին:

Արդեօ՞ք այս 4 տարուայ մէջ Պօղոսները աւելի լա՞ւ սկսեցին ապրել:

Պատասխանը գիտենք, բայց…նրանց ատելութեան զգացմունքը բաւարարուած է եւ նրանք ոչ մի դէպքում թոյլ չեն տայ ներկայիս վարչապետի գլխից մազ պակասի: Նրան կընտրել ու կվերընտրեն, մինչեւ որ Հայաստանից այլեւս բան չի մնայ: Հայրենի՞ք, Արցա՞խ, Հայաստա՞ն: Մի՛ ծիծաղեցրէք, դա նրանց համար պարապ խօսքեր են: Պոէզիա է, իսկ պոէզիա նրանք չեն կարդում:

Մայիսի 3-ին երկու իրականութիւններ իրար բախուեցին՝ Դիմադրութեան շարժումը եւ Գինու փառատօնը:Մինչ գիտակիցները ծեծւում էին Պրոշեան-Դեմիրճեան խաչմերուկում, Սարեան փողոցում անգիտակիցները կամ անտարբերները ուրախանում էին: Ամէն մէկն իր տեղում էր: Գինու փառատօն, խորովածի փառատօն, տոլմայի փառատօն, պենզինի փառատօն, ի՞նչ տարբերութիւն, թէ ումն է տոլման կամ Հայաստանը, Նախիջեւանն ու Արցախը: Կեր տոլման ու գինի լից…

«Մամ կը ներես, որ մենակ եմ թողում քեզ, միւս կեանքում յաւերժ կողքդ կը լինեմ»: Այսպիսի երկտող էր գտել մի որդեկորոյս մայր 44-օրեայ պատերազմում զոհուած որդու գրպանում, երբ բերեցին նրա մարմինը:

20 տարեկան զինուորը ինքնասպան չեղաւ, նա գնացել էր իմացեալ մահուան եւ ներողութիւն էր խնդրում մօրից:

Մահ իմացեալ…Իսկ մենք չենք կարող իմացեալ ապրել եւ այս չիմացութիւնը մեզ ինքնասպանում է:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին