Չորեքշաբթի, 08. 05. 2024

spot_img

Ամանեջ*

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

Գուցէ շատերը չիմանան, որ մեծանուն բանաստեղծ Պարոյր Սեւակը (Ղազարեան) ունի արձակ ստեղծագործութիւն․ «Ամանեջ» վէպը, որը մինչեւ հեղինակի մահն ու մեր ժամանակները անտիպ էր։
2018 թուականին, հրատարակուել է «Ամանեջ»ի երկրորդ լրամշակուած տարբերակը («Մագաղաթ պլյուս» հրատարակչութիւն)։ Սեւագրերը ուսումնասիրել, տեքստը պատրաստել ու ծանօթագրել է Սեւակ Ղազարեանը՝ Պարոյր Սեւակի որդին։ Գրքի խմբագիրն է նրա միւս որդին՝ Արմէն Ղազարեանը։
Գրքի նախաբանով Սեւակ Ղազարեանը նշում է․- «1967 թուականին տուած մի հարցազրոյցում Պարոյր Սեւակն ասում է․ «Երազում եմ գրել արձակ․․․», («Աւանգարդ», 14․12․1967 թ․)։ ․․․Սեւակը իրագործում է իր երազը, գրում է «Ամանեջ» վէպը, որը, ցաւօք, վէպը թողնում է անաւարտ»։
Ս․ Ղազարեանը մանրամասնութիւններ է բերում վէպը գրելու մասին։ Երկար տարիների ընթացքում է ստեղծուել «Ամանեջ»ը․ սկսած 1948-1949 թուականներից։ Աշխատանքները ընթացել են դանդաղ ու ժամանակային մեծ ընդմիջումներով։ Եղածը հիմնականում սեւագրութիւններ են։ Սեւակը հասցրել է մաքրագրել արտագրել վէպի առաջին բաժինները։ Մաքրագրելու աշխատանքը կիսատ է մնացել ընդհանրապէս։
Ս. Ղազարեանը սեւագրերը մանրակրկիտ ուսումնասիրել է ու դրանք աւելացրել մաքրագիր տեքստին։ Գրքում սեւագրերը տպագրուել են շղատառ։ Գիրքն ունի ծանօթագրութիւններ ու համառօտ բառարան՝ Հայաստանի գիւղական համայնքների բարբառները բացատրելու համար։ Ուղղել են կէտադրութիւնները, որոշ մասեր խմբագրել են, բառեր աւելացրել, որոնք գրքում բերուած են []-ի մէջ։ Արդիւնքում, ընթերցողների դատին է յանձնուել վիթխարի բանաստեղծ Պարոյր Սեւակի հեղինակած միակ արձակը՝ «Ամանեջ» վէպը։

Վէպի մասին ընդհանուր տեղեկութիւններ եւ իմ կարծիքն եմ ներկայացնում ստորեւ։

*) Ամանեջ - Մի հայկական գիւղի անուն Հայաստանում։

Թէեւ «Ամանեջ»ը անաւարտ վէպ է՝ վիպական պատումի՝ դէպքերի յաջորդականութեան, վերջին եզրակացութեան եւ դէպքերի վերջնական աւարտի իմաստով, բայց «Ամանեջ»ը մենք կարող ենք եւ աւարտուն համարել, եթէ նկատի ունենաք այն նպատակը, թաքուն նպատակը, որ հաւանաբար ունեցել է հեղինակը։ Իսկ ո՞րն է այդ նպատակը, որի մասին ակնարկ ու բացատրութիւն չկայ հատորում՝ ո՛չ հեղինակի, ոչ էլ սեւագրերը ստուգող ու տեքստը պատրաստողի կողմից։ Այդ նպատակը զգում ես ամբողջ վէպի ընթացքում՝ ամեն պահ։

Իմ խորին համոզմամբ, Պարոյր Սեւակը նպատակ է ունեցել մոռացումից փրկել գիւղական համայնքներում ժամանակին օգտագործուած (գուցէ եւ հիմա օգտագործուող) բարբառները, հայկական առակներն ու իմաստալից խօսքերը, որոնք ձեւաւորուել են հայ ժողովրդի պատմութեան ընթացքում՝ կեանքի փորձից, պատմութեան եւ բնութեան թելադրանքից, հաւատամքից/ հաւատալիքներից, ժամանակի նախապաշարումներից ու սնափառութիւնից ելնելով։ Այս առումով վէպը աւարտուն է։ Իմ գնահատումով, Սեւակի նպատակը այդ ամբողջը հաւաքելն ու փրկելն է եղել, եւ դա աւանդ թողնել գալիք սերունդներին, որոնք ապրում են սրընթաց զարգացող մեր ժամանակներում․ այն ժամանակներում, երբ գիւղը սկսել է զիջել քաղաքին, ու խզւում են գիւղի հետ կապուած յարաբերութիւնները, ըմբռնումները, կենցաղն ու հոգե-մտաւոր արժէքները։ Հոգեկան այդ խզումը իրական ու տեսանելի է յատկապէս հիմա։ Կարծում եմ այդ խզումը տեսել եւ հասկացել է Սեւակը՝ իր ապրած ժամանակ, ու նրա փորձը՝ փրկելու այն ամենը, որոնք մեզ են հասել պատմութեան խորքից, ամբողջութեամբ արդարացուած է։

Իսկ որն է գիւղը։ Դա բնօրրանն է մեր։ Բերրի հողերով աղքատ Հայաստանում, գիւղն է հաց տուել ժողովրդին։ Եւ գիւղացին․․․ Հաց ստանալու համար յաճախ ստիպուած է եղել կտիւ տալ ոչ-միայն բնութեան հետ, այլ նաեւ՝ կռիւ տալ հարեւան գիւղացու հետ՝ մի կտոր հող աւելին ունենալու, իր արտը ջրելու համար․․․ Գիւղացին, որ ապրում է իր ադաթներով (սովորութիւններով -խմբ.), ապրելակերպով ու համոզումներով։ Ու եթէ նկատի ունենաք, որ Ամանեջ գիւղում դէպքերը տեղի են ունենում 20-րդ դարի առաջին տասնամեակում եւ Առաջին Համաշխարհային պատերազմը սկսելու տարիներին, ապա այդ ժամանակուայ գիւղական կեանքին ծանօթ մէկի համար զարմանալի չի լինում հարսի չխօսկան լինելը, կենցաղային տարրական առարկաներից զուրկ գիւղացիների մեծամասնութեան վիճակը։

 Այդ ամենով հանդերձ, Ամանեջը հնաոճ չէ։ Գրքի սկիզբը գուցէ թողնում է այդ տպաւորութիւնը, բայց ինչքան առաջ ես գնում, փարատւում է կրկնուած ու հին խօսք ասող արձակ կարդալու միտքը։ Ու գալիս է նորը, լրիւ նորը։ Իմ կարծիքով, դա դէպքերի յաջորդական զարգացումը չէ։ Երբ հանդիպում ես ամեն մի էջում մեծ թուով առակների ու սրամիտ խօսքերի, ժամանակի կենցաղից թելադրուած միտք-բանաձեւերի, ապա համոզւում ես, որ Սեւակը յաջողել է մեզ մատուցել լրիւ նոր եւ իմաստալից մի ուրիշ գործ․ այդ անգամ էլ իր բեղուն գրիչով՝ «Ամանեջ»ով։

Գիրքն սկսում է գիւղի անուան մեկնաբանութեամբ ու նրա բնութիւնը նկարագրելով։ Այստեղ չեմ բերի այդ բառի մեկնութիւնը՝ վստահելով ընթերցողին, որ ինքը կարող է գտնի դա։ Իսկ Ամանեջում կողք-կողքի ապրում են «հին հայերը» եւ «նոր հայերը», որոնք իրար աղջիկ չեն տալիս, նոյնիսկ դժուարանում են հասկանալ իրար լեզու։ Պարզւում է՝ Ամանեջի «նոր հայերը» 80-90 տարի առաջ Պարսկաստանից տեղափոխուել են Արեւելեան Հայաստան։ Գրքում շատ կան Խոյի ու Սալմաստի բարբառով բառեր ու խօսքեր։ Ու նկատի ունենալով, որ Պարոյր Սեւակի ապուպապերը նոյնպէս Հայաստան են տեղափոխուել Պարսկաստանից, ես եզրակացնում եմ, որ Սեւակը տիրապետել է այդ բառերին ու լեզուին, ինչպէս նաեւ նոր ու հին հայերի կենցաղին ու հոգե-մտաւոր աշխարհին։ Այդ գաղթից անցել էր մօտ մէկ դար, բայց Ամանեջի հին հայերը գաղթածներին շարունակում էին անուանել «նոր հայեր»․․․ եւ աղջիկ չտալ նրանց, աղջիկ չառնել նրանցից․․․ Սեւակը յաջող ձեւով ներկայացնում է այդ երկու խաւին, կարողանում է համեմատութիւններ անցկացնել՝ նրանց նկարագիրը բացատրել, ինչն արժէքաւոր է ազգագրութեան իմաստով։

Գրքի բառարանի բաժնում, բարբառներ բացատրութեամբ բերուել են մեծ թուով օտար բառեր, որոնք պարսկերէն են, արաբերէնից պարսկերէն անցած բառեր են, կամ թուրքերէն են։ Բարբառ բացատրութեան դիմաց չի նշուել այդ բառի ծագումը, ու մի քանի դէպքում այդ բառերի մեկնութիւնը թերի է կամ սխալ։ Դա հաւանաբար այն պատճառով, որ Պարոյր Սեւակին յաջորդողներն էլ մեծ հաշուով խզել են իրենց կապը հայկական գիւղի հետ։

Ճիշտ է, Ամանեջը անաւարտ վէպ է, բայց ես կարողանում եմ իմ մտքում աւարտի հասցնել այդ վէպը, եզրակացնել՝ թէ ինչպիսի վերջ կունենար Ամանեջը, եթէ դա հրատարակուէր ամբողջութեամբ՝ Պարոյր Սեւակի կենդանութեան ժամանակ, կամ դրա մահից յետոյ՝ վէպի ամբողջ մաքրագրածն ունենալով։ Կարողանում եմ եզրակացնել՝ հիմք ընդունելով մի քանի ակնարկներ ու խօսքեր՝ վէպում ներկայացուած դերակատարներից եւ գլխաւոր հերոսներից։ Դրանք իրականութիւն դարձան Առաջին Համաշխարհային Պատերազմին յաջորդած տարիներում եւ տասնամեակներում։ Դրական ու բացասական այդ զարգացումների ազդանշանները կան Ամանեջում։ Դա էլ թողնում եմ ընթերցողին, որ ինքը գտնի այդ թաքուն աւարտ-եզրակացութիւնը՝ Ամանեջը կարդալուց յետոյ։ Սա կարող է գրական բանավէճի առարկայ դառնալ, եթէ կայ հետաքրքրութիւն՝ գրական կեանքը զարգացնելու եւ աւելին իմանալու մեր հանճարի մասին։

Ընդունուած է կարծել, որ ներկայ դարը գրական կարճ ստեղծագործութիւնների, պատմուածքների դար է, երբ խօսքն ասւում է հակիրճ, սեղմ եւ ամփոփ։ Պարոյր Սեւակի միակ արձակ ստեղծագործութիւնը 206 էջ է։ Դա երկարապատումների տպաւորութիւն չի թողնում երբեք, քանի որ զգում ենք բուն նպատակը՝ սերունդներին պահ տալ հայրենի բնօրրանը մշակած/ մշակող, հողից հաց հանող մարդու կեանքը, կենցաղն ու նկարագիրը։ Այդ բացատրութիւնները պէտք են ու տեղին են, ու վիպական մի լաւ գործ ընթերցելու հաճոյքն ես զգում։

 Իմ առաջարկն է առանձին հրատարակուի Ամանեջում լեցուն հայկական առակներն ու յորդորի իմաստ ունեցող խօսքերը։ Դա, որպէս հաւաքածոյ, ունենալու է իր մեծ արժէքը։ Լաւ կը լինի, եթէ վերանայուի բառարանի բաժինը ու նշել բարբառ բացատրութեամբ բառերի ծագումն ու ամբողջական իմաստը։

1969 թուականին, Յովհաննէս Թումանեանի ծննդեան 100-ամեակին նուիրուած մի գիտական միջոցառման ժամանակ, Պարոյր Սեւակը հանդէս է եկել զեկոյցով։ Երբեք չհնացող այդ ելոյթի մէջ Սեւակը նշում է, որ Թումանեանը եկաւ փակել իր դարը․․․ Ես իրենից պահ առնելով այդ խօսք-միտքը, իմ կողմից ասեմ․- Պարոյր Սեւակն էլ իր «Ամանեջ» վէպով, եկաւ փակել այդ նոյն դարը՝ այս անգամ իր արձակով, որ մատուցւում է նորովի ու հետաքրքիր։

Յովհաննէս Թումանեանը եւ Սեւակն իր արձակով փակեցին այդ դարը։ Նրանք կան ու կը մնան հայ գրականութեան երկնակամարում, ԵՐԲԵՔ չեն հնանայ, չեն մոռացուի, միշտ կը կարդացուեն հաճոյքով՝ ինչպէս աշխարհի մեծագոյն ուրիշ գրական դէմքերն են փայլում ու կարդացւում միշտ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին