Ուրբաթ, 26. 04. 2024

spot_img

Մայիսի 7. Երեւանի Ֆրանսիայի Հրապարակում

Մեր Օրերի Օրագրից

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԳՅՈԶԵԱՆ

Այստեղ տիրում է հոգեկան դրախտ: Որովհետեւ չկան վէճեր, չկայ պառակտում, որեւէ մէկին մի բան համոզելու կարիք, սա մի կղզի է համատարած անհամերաշխութեան, զտման մթնոլորտում, որը մշտական սթրեսի մէջ է պահում արդէն 4 տարի շարունակ ողջ ժողովրդին:

Մօտենում եմ ամէն վրանին եւ խօսում մարդկանց հետ, կարծես, վաղեմի բարեկամներ լինենք: Այո, կարելի է ասել, որ Ֆրանսիայի հրապարակում հաստատուել է իրադարձութիւնները համարժէք գնահատողների իւրայատուկ եղբայրութիւն: Մի քանի օր առաջ այստեղ հանդիպեցի Աշոտ Սեւեանին, յիշո՞ւմ էք, այն աներեւակայելի քաջ Չարեքթար գիւղի Սեւեանին, որը մնացել էր միայնակ Մարտակերտի գիւղում եւ նրա հետ հարցազրոյց էին անում CNN-ի լրագրողը եւ…մի թուրք լրագրող Ստամբուլից՝ այդպէս նա ասաց: Ես չեմ սիրում լուսանկարուել յայտնի մարդկանց հետ, ոչ էլ նրան նկարեցի, որովհետեւ Աշոտի նկարները կան համացանցում: Բայց Համբիկ Սասունեանին՝ չդիմացայ ու լուսանկարեցի, ասեցի

– Ոստիկանութիւնը ձեզ մկրտեց:

– Այս անգամ 40 տարի չտեւեց…

Ծիծաղեցինք: Մի ռուս աղջիկ էր կանգնած եզրաքարին եւ հաճոյքով նայում էր հրապարակին: Երեւի զարմանում էր, որ այսքան տղամարդիկ կային, բայց ոչ ոք նրան չէր խօսացնում:

Ուզում էի նրան բացատրել, որ այստեղ հայ ազգի սերուցքն է, նրան ոչ մի վատ բան չեն անի: Նստեցի սիւնեցիների նստարանին՝ խօսեցինք.

– Այստեղից չենք գնայ մինչեւ սրանք չգնան: Յետոյ կը վերադառնանք, որպէսզի հանգիստ սրտով զբաղուենք մեր հողերի պաշտպանութեամբ: Առանձին վրան կար, որի վրայ գրուած էր «Զոհուած զինուորների ծնողներ»: Նստեցի մի ծնողի կողքին եւ հարցրեցի որդու մասին, խնդրեցի ցոյց տալ նկարը: Սարի նման երիտասարդ էր: Ես մի ապուշ հարց տուեցի, (ինչ հարց էլ տաս որդեկորոյսին, ապուշ կը հնչի).

– Ո՞նց էք դիմանում:

– Չեմ դիմանում, այդ պատճառով էլ այստեղ եմ…

– Սա պիտի 1 տարի առաջ լինէր:

– Պարտադիր է, որ ամէն մէկի հետ նման բա՞ն պատահի, որ հասկանան…

Մի զոհուած զինուորի ծնող էլ ելոյթ ունեցաւ եւ պատմեց, որ իր որդին երբեք չէր եղել Արցախում, եւ հիացմունքից խելքի չէր գալիս, ասում էր, որ պէտք է այստեղ տուն առնել եւ ապրել: Նման վայր աշխարհում չկայ: Եւ բացատրել էր քրոջը, որ եթէ չլինի Արցախը, չի լինի նաեւ Հայաստանը:

Այժմ նկարագրեմ երթի իմաստը: Եթէ չէք քայլել երթով, ապա չէք ունեցել այն զգացմունքը, որն առաջանում է երթից: Իրականում դա թռիչք է, դու չես քայլում, այլ՝ սաւառնում ես, այդ է պատճառը, որ մարդիկ երթով քայլելիս չեն յոգնում, կարող են, ասենք, Տավուշից երթով հասնել Երեւան:

– Երեւի ֆիզիկայի օրէնքով մտնում ենք հոսանքի մէջ,- ասացի ես, եւ կողքիս կինը հարցրեց.

– Դուք ֆիզիկո՞ս էք:

Շատ շոյուեցի այդ հարցից: Կողքս մի շատ խելացի տղամարդ յայտնուեց եւ սկսեց պատմել Լեւոն Տէր-Պետրոսեանից, որը կլոպալիստների առաջին դրածոն էր: Յետոյ այդ մարդուն կորցրեցի եւ կողքիս յայտնուեց մի շատ խելացի կին. նա պատմեց, որ ովքեր աշխատանք ունեն, չեն գալիս Ֆրանսիայի հրապարակ:

Պարզ է. աշխատանք ունեն, հայրենիք ունենալ պէտք չէ: Նա պատմեց մի անեկդոտ կաշառքի մասին. մէկը գալիս է իմաստունի մօտ եւ հարցնում է, թէ ինչպէս ազատուել կաշառակերութիւնից.

– Մաղարիչ տուր՝ կասեմ:

Ծիծաղեցինք: Անցնում էինք Թումանեան փողոցով: Շէնքերը, կարծես, անմարդաբնակ լինէին: Մի պառաւ կին դուրս եկաւ պատշգամբ: Ասում եմ պառաւ, այլ ոչ թէ տարեց, որովհետեւ լաւ խօսքի արժանի չէր: Մեզ անիծեց՝ բացելով ձեռքերը: Բայց մեքենաները ազդանշան էին տալիս «Առանց նիկոլ Հայաստան» ռիթմով: Անձրեւում էր: Ես բարձրացայ տուն Կասկադով: Երեք պարսիկ թէ պարսկահայ ինձ մօտեցան եւ նրանցից մէկն ասաց.

-Օգնե՞նք ձեզ,- Հետաքրքիր է, ո՞նց կարելի է օգնել աստիճաններով բարձրացողին:

– Շնորհակալ եմ, ես դադարներով կը բարձրանամ;

– Թէ լաւ մնացէք, սիրուն մօրքուր, -ասաց տղան:

Կասկադի վրայ շատ ռուսներ կային: Նրանցից երկուսը Լաոյի մեղեդին էին երգում…

Երեւան
spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին