Նախաձեռնութեամբ Հայաստանում Ռամկավար Ազատական կուսակցութեան հիմնադիրների խորհրդի, երեկ, մայիսի 6-ի յետմիջօրէին, «Ազգ»ի խմբագրութեան գրադարանում տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում «Ազատագրական շարժման» համահիմնադիրներից Արա Զոհրապեանի, Վազգէն Պետրոսեանի, Վահագն Չախալեանի եւ Սեւակ Յակոբեանի հետ։ ՌԱԿ հիմնադիրներից հանդիպմանը մասնակցում էին Գայիանէ Մուրատեանը, Սուրէն Սարգսեանը եւ Յակոբ Աւետիքեանը։
Շուրջ մէկուկէս ժամ տեւած խորհրդակցութեան ընթացքում «Ազատագրական շարժման» ներկայացուցիչները, հիւրընկալողների խնդրանքով, ներկայացրեցին այն ելակետային սկզբունքները, որոնցով Շարժումը սկսել ու շարունակում է իր գործունութիւնը, իսկ վերջին շրջանում՝ բաւական աշխոյժ կերպով։
Գոհունակութեամբ հաստատելով, որ այդ սկզբունքները համահունչ են ՌԱԿ մօտեցումներին եւ ընդհանրապէս ազգային ամուր պետականութիւն ունենալու համազգային տեսլականին, կողմերն անցան երկրում տիրող կացութեան քննութեանը, կարծիքներ փոխանակեցին ընդդիմադիր ուժերի, այդ թւում՝ «Ազատագրական շարժման», նախաձեռնած բողոքի շարժման մասին, տեսակէտներ պարզեցին ստեղծուած վիճակի հնարաւոր հետեւանքների ու ելքերի վերաբերեալ։ Ընդգծուեց տագնապի հանգուցալուծման վերաբերեալ ծրագիր ներկայացնելու անհրաժեշտութիւնը։
Վերջում պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց կողմերի միջեւ խորհրդակցութիւնները պարբերական դարձնելու, տեղեկութիւններ փոխանակելու վերաբերեալ։