Ուրբաթ, 30. 09. 2022

Ամերիկայի Միացեալ Նահանգների Դեսպան Հէնրի Մորգընթաուի Յուշերը Կոստանդնուպոլսոյ Մէջ Պաշտօնավարած Ատեն 1913-1916 թուականներին

ՊՕՂՈՍ  ԱՐՄԵՆԱԿ  ԼԱԳԻՍԵԱՆ

ԱԶԳԻ  ՄԸ  ՍՊԱՆՈՒՄԸ

Հայի որդին առաջին ”Հօր”  ու առաջին ”Մօր”

Ժամանակից ինք անբաժան է մնացել այն երկրից

Ուր բնակւում էր մարդկութեան նախաստեղծ զոյգը:

Րաֆֆի

1895 –ի եւ յետագայ ջարդերի տարիներին հայերին արգիլուած էր բանակ զինուորագրուիլը, նրանց  թոյլատրուած չէր զէնք կրել: 1908 թուականին, ”Երիտ Թուրքեր”-ի իշխանութիւն գալուց յետոյ,  Թուրքիայում փոխուել էր կացութիւնը: 1915 թուականին, Թուրքիայի ամէն քաղաքում հազարաւոր հայեր կային, որոնք զինուած էին հրազէններով ու պատերազմական այլ սարքերով: Վանի ինքնապաշտպանութեան կռւում հայերը զէնք էին ճօճել թուրքին, ոչ միայն հերոսական դիմադրութիւն ցոյց տուել դուշմանին, այլեւ յաղթանակի դրօշ պարզել ոստանի ամրոցի բարձունքին: Թուրքը գիտակցել էր, որ հայկական ջարդերը հաւանական պայքարի բնոյթ կարող էին ստանալ: Հայ ցեղի ծրագրուած բնաջնջումը կարողանալ իրականացնելու համար, թուրքին անհրաժեշտ էր անկարողութեան մատնել Հայ կռուող ուժին, հաւաքել հայկական շէների  ու քաղաքների բնակչութեան զէնքերը եւ պաշտպանական այլ միջոցները:

1915 . . . թրքական բանակի Հայ զինուորները նոր կանոնակարգի էին ենթարկուել, նրանք թէեւ կանոնաւոր բանակի կռուող զինուորներ էին, սակայն նրանցից վերցուել էին զէնքերը, վերածուել ճամբաներ շինողների ու նոյնիսկ գրաստ քաշողների: Ուղեկցող թուրք զինուորի խարազանի տակ, զինուորական ծանր պիտոյքներն էին իրենց ուսերով կրել, մինչեւ իրենց մարմինների կէսը ձիւնին մէջ թաղուելով՝ լեռներում ճամբայ բացել իրենց երթի համար: Որպէս սնունդ թափթփուքներ էին տուել նրանց, վերցրել նրանցից ինչ որ ունէին՝ նոյնիսկ հագուստները: Գիշերներին չոր, թաց գետնին էին պարկում, հսկիչները նրանց խարազանում էին, որ անկարող լինէին քնել: Մինչեւ սահմանեալ տեղը հասնէին մեռնում էին Հայկական շէների հողի մշակները, քաղաքների հասուն տղաները, որոնք ”Ինչեր ասես չէին անի”, եթէ իրենց կանանց, քոյրերի, փոքրերի համար կռուի տանէին նրանց տանուտէրերը, եկեղեցու սպասաւորները, այդ ի՜նչ արեցիք հայ մեծեր, պատերազմի էր ելել թուրքը, դուք էլ՝ թաքստոցներում պահած հին թէ նոր զէնքերով նրա′ դէմ պատերազմի դուրս գայիք: Թուրքը կարո՞ղ էր երկու ճակատով կռիւ տալ: 50-100 հոգիներով զինուորների խումբեր էին հաւաքում, նրանց չորս-չորս իրար կապելով, տանում էին հեռու մի տեղ . . . գնդակահարում: Մահացածների մարմինները թաղելու եկած մարդիկ նրանց մերկ էին գտնում, թուրքերը իրենց սովորութեան համաձայն կողոպտում էին սպաննուածների հագուստները: Մորգընթաուն գրում էր նաեւ, որ իրենց զոհերին սպաննելուց առաջ՝ նրանց գերեզմաններն էին իրենց փորել տալիս: Բանակ հաւաքագրուածներից ոմանք յաջողել էին փախուստ տալ զօրանոցներից, միանալ կռուող Հայերի խումբերին: Նաեւ Մուսա Լեռան շէներից զինուորագրուածներ փախել էին զօրանոցներից, ելել լեռան կռուի:

Մորգընթաու յիշատակում է՝  Ամերիկեան հիւպատոսների տեղեկագիրներից մի դրուագ, որ Յուլիսի սկիզբները, բանուորի աշխատանքի իջեցուած 2000 Հայ զինուորներ, Խարբերդից ուղեւորուել էին ճամբաների շինութեան: Քաղաքի կուսակալը յայտարարել, որ նրանց չարիք պիտի չպատճառուէր, դիմել գերման միսիոնարին հանդարտեցնելու նրանց: Միսիոնարը հաւատացել էր կուսակալին, հանդարտութեան կոչ էր ուղղել ժողովուրդին: Բնաջինջ էին արել նրանց՝ մարմինները հասարակաց փոսի մէջ նետել: Սակաւ մարդիկ էին յաջողել փախչել, շրջանում տարածել ջարդերի լուրը: Մի քանի օրեր յետոյ նոյն կերպ Տիարպէքիր էին ղրկուել 2000 բանուորի աստիճանի իջեցուած զինուորներ, նրանց ընդիմութիւնը կամ փախուստը անկարելի դարձնելու համար՝ լերկ դաշտեր էին քշել նրանց, որոնք անօթի մնալով մեռնում էին: Տարագիրներից առաջ ճամբայ ելած կառավարական գործակալներ, քիւրտերին տեղեկացնում կարաւանին մօտենալը, պատուիրում էին կատարել իրենց ”պարտականութիւնը”: Ոչ միայն աւազակաբարոյ քուրտ տղամարդիկ էին լեռներից իջնում անցնող կարաւանների վրայ, այլ նաեւ մսագործի դանակներով զինուած նրանց կանայք, վայելելու համար իրենց ”յաչս Ալլահին Քրիստոնեայ մը սպանած ըլլալու արժանիքը”:

Ըստ Մորգընթաուի, այդ ջարդերը առանձին դէպքեր չէին, ինք կարող էր ուրիշներ էլ յիշատակել այնքան զարհուրելի, որքան իր պատմածները: Եւ որ Օսմանեան կայսրութիւնում կանոնակարգուած դրութիւն էր ի գործ դրուած՝ ոչնչացնել բոլոր Հայ քաջառողջ այրերը, որոնք  կարող լինէին մի նոր սերունդի ծնունդ տալ, որից յետոյ ազգաբնակչութեան տկար մասը դիւրին պիտի լինէր բնաջնջել:

Ինչքան որ ահաւոր եղած լինէին զինուորագրուածների ջարդերը, նրանք ողորմութիւն էին բաղդատելով այն վարմունքին, որոնք պիտի ենթարկուէին զէնք պահած կասկածուող հայերը: Գիւղական վայրերում, քաղաքներում փակցուած որմազդերը ծանուցում էին՝ քրիստոնեաները իրենց զէնքերը սպայակոյտի կեդրոններ բերէին: Տագնապել էին հայերը, այդ հրամանը միայն իրենց համար էր եղել: Հայը հնազանդեց, թուրքը հրճուագին տիրացաւ նրանց յանձնած կարապիններին, որոնց համար ապացոյց համարուեց, որ նրանք ”յեղափոխութիւն” էին ծրագրած եղել:

Զէնք յանձնողներին կամ կասկածեալներին ամբաստանում էին դաւաճանութեան մէջ: Հազարաւորներ զէնք չէին յանձնել, որովհետեւ զէնք չէին ունեցել: Ուրիշ շատեր զէնք չէին յանձնել ոչ թէ ապստամբելու համար, այլ իրենց կեանքը ու կանանց պատիւը պաշտպանելու համար, ինչպէս Մուսա Լեռան պատուելի Տիգրան Անդրէասեանը գրել էր աշխարհին ուղղուած իր պատգամի մէջ, որ կռուի էին ելել՝ նաեւ իրենց կանանց պատուի համար: Մորգընթաու պիտի գրէր՝ ”Այն չարչարանքները, որոնց ենթարկուեցան այդ ըմբոստները, կը կազմեն ժամանակակից պատմութեան ամենէն զզուելի արարներէն մէկը”: Մարդիկ կարծել էին, որ մարմնական չարչարանքը արդէն դադրած էր եղել որպէս վարչական ու դատական պատիժ լինելու: Ամենէն բարբարոսներն էլ չէին կարող ներկայացնել աւելի զարհուրելի տեսարաններ, քան տեղի էին ունենում ամբողջ Թուրքիայում: Թուրք ոստիկանները պահուած զէնքեր փնտռելու պատրուակով կողոպտում էին եկեղեցիները, պղծում խորաններ ու սրբազան իրերը: Ուշակորոյս աստիճանի ծեծում էին քահանաները, նրանց մեղադրում էին խռովութիւններ քաջալերելուն: Զէնք ունենալու մեղադրանքով զինում էին եկեղեցականները, նրանց տանում պատերազմական խորհուրդի առջեւ, նրանց տանում էին փողոցներով, թուրք ամբոխը գրգռելու համար:

Ոստիկանները վատ էին վարուել նաեւ կիներու հանդէպ, զէնք թաքցնելու ամբաստանութեամբ հանում նրանց հագուստները՝ խարազանում ծառերի թարմ ճիւղերով, նոյնիսկ մայրանալու պատրաստ կանանց: Բռնապղծութիւնները խուզարկութիւնների հետ այնքան բազմաթիւ էին, որ ոստիկանների մօտենալուն՝ կանայք ու աղջիկներ փախչում լեռներ, անտառներ:  

Ձերբակալւում ու բանտարկւում էին գիւղերի ու քաղաքների կայտառ մարդիկ: Բանտերի դահիճներ  գեհենային արարքներով նրանց ստիպում յայտարարելու, որ իրենք ”յեղափոխականներ” էին եւ իրենց զէնքերուն պահած տեղերը յայտնում էին: Նրանց չարչարանքները սկսւում էին գանակոծութեամբ, դահիճը բարակ գաւազանով հարուածում էր զոհի գարշապարներին: Մորգընթաուն գրում, որ այդ ցաւը սկզբում սաստիկ չէր, սակայն երբ այն շարունակուէր ցաւը սարսափելի էր լինում՝ մկանները ուռում ու ճեղքւում էին: Ոստիկանները, նրանց նման չարչարանքների էին ենթարկում մինչեւ նուաղէին, երեսներին ջուր թափելով զարթեցնում ու շարունակում նոյնը: Եթէ խօսել չյաջողեցնէին, փրցնում էին նրանց յօնքերը, մօրուքը, եղունգները, կարմրած երկաթ էին դնում լանջերին, միսերը քաշում կարմիր-կրակ աքցաններով, եռացած կարագ լեցնում վէրքերին: Երբեմն էլ ոստիկանները նրանց ոտքերը ու ձեռքերը գամում էին փայտէ տախտակների վրայ, նմանացնելով Յիսուսի խաչելութեանը: Հազարաւոր նման դէպքերում մերժել էին զէնք յանձնել . . . որովհետեւ չունէին: Ոստկանների իրենց բնակավայրեր մօտենալուն, նրանց զէնք յանձնելու համար դրացի թուրքերից գնում, խուսափելու համար նման չարչարանքներից: Մորգընթաու-ն շարունակում գրել, որ հրաժարւում է ներկայացնել նման բազմաթիւ ուրիշ դէպքեր եւս՝ այն զարհուրելի է:

Մորգընթաուն Պէտրի պէյի հետ խօսել էր իրենց այդ գործելակերպի մասին: Թուրքը հաճոյքով էր նկարագրել նման չարչարանքները: Նա խոստովանել էր, որ այն թելադրողը կառավարութիւնն էր եւ որ նման գործելակերպ իրականացնելու մասին խօսուել էր ”Միութիւն ու Յառաջդիմութիւն” կոմիտէի հաւաքոյթներում: Չարչարանքի ամէն նոր գործելակերպ  ողջոյնւում էր, ճիգ էին թափում նման մարմնական չարչարանքներ որդեգրելու: Թուրք պէյը չէր հաղորդել անունը այն պաշտօնեայ մարդու, որ պարգեւ էր շահել առաւել սարսափելի չարչարանքի գործելակերպի համար: Վանայ գաւառի կուսակալ Ճեւտէթ-ը նշանաւոր էր դահիճների ամենա ”համբաւորը” լինելու, նրան տրուել էր ”Պաշգալէի ոճրագործը” ծաղրամակդիրը, որովհետեւ անգթութեան այդ ”մասնագէտը” չարչարանքի ”գլուխ-գործոց” կերպ էր հնարել՝ ”ձիու պայտեր գամել իր զոհերուն ոտքերուն”:

Մորգընթաու-ն շարունակում է, որ թուրքերի այդ գործելակերպը չէր բովանդակել այն բոլոր խժդժութիւնները, որ ժամանակի լրագրերը անուանում էին՝ ”Հայկական խժդժութիւններ”, անոնք Հայկական ցեղի բնաջնջման նախատրաստական գործողութիւններն էին: Գահընկեց արուած Սուլթան Ապտիւլ Համիտի հրամանն էր եղել՝ ”սպաննել, սպաննել”, իսկ օսմանեան ժողովրդապետութիւնը նոր ծրագիր էր որդեգրել՝ փոխանակ հայ ազգը տեղում լիովին ջարդելու . . . այն տարագրել: Կայսրութեան հարաւային եւ հարաւ-արեւելեան մարզում գտնւում էին սուրիական անապատը ու Միջագետքի հովիտը: Այդ տարածութեան առանձին մասերում, հազար-հազար տարիներ առաջ աշխարհի ծաղկեալ հին քաղաքակրթութիւնների, Արմինների՝ Արատտա-Արմանի-Արմինա-Միտաննի պետական միաւորների եւ Սումեր-Շումեր, Բաբելոն, Ասորեստան, Պարսկաստան, Մարաստան (ներկայ Ազրպէյջանի տարածք) պետութիւնների որոշ տարածքների մաս էին կազմել: Թուրքերի տիրապետութեան վեց դարերից յետոյ, անմշակ, տխուր, լքեալ, առանց քաղաքի ու աւանի, առանց սիրուելի լինելու մարզ էր ներկայացնում, բնակուած մի քանի վայրենի ու մոլեռանդ Պէտէւի ցեղախումբերից եւ միայն տարիների անխոնջ աշխատանքը կարող էր մարդու համար այն բնակելի վայրի փոխակերպել:

Իշխող կառավարութեան գլխաւորները յայտարարում էին, որ կայսրութիւնում բնակող երկու միլիոն ու աւելի հայերին ամայի եւ հիւրամերժ այդ երկրամասը ղրկել: Այդ կարգադրութիւնը, ըստ Մորգընթաուի իբր՝ ”բարեմտութեամբ որոշուած”, արդէն ներկայացնում էր անգթութեան եւ անարդարութեան գերազանցութիւնը: Ըստ նրան, հայերը մեծ մասով երկրագործներ չէին, նրանք առեւտրական ու ճարտարարուեստական բնագաւառների մարդիկ էին: Թէեւ հայերից շատեր ագարակապանութեամբ էին զբաղւում եւ շատեր էլ քաղաքներում ու աւաններում բնակուելով, կազմում էին երկրին տնտեսական ներուժը: Հայ ժողովուրդը հազարներով հաւաքել ու ղրկել ամենէն ամուլ մի մարզ, ամենէն աւելի անմարդկային արարքներից մէկը պիտի լինէր: Սակայն թուրքերը չէին մտադրուել հայերին այնտեղ հաստատելու: Նրանք վստահ էին, որ նրանց ամենամեծ մասը իրենց սահմանուած տեղը պիտի չհասնէին: Ըստ նրան, տարագրութեան նպատակն էր գողութիւնը եւ քանդումը, որը բնաջնջումի նոր գործելակերպ էր: Օսմանեան իշխանութիւնների տարագրութեան հրամանը, ամբողջ մի ցեղի մահուան վճիռն էր, նրանք շատ լաւ էին գիտակցում այդ, իրեն հետ նրանց խօսակցութիւնների ընթացքին՝ երբեք չէին ջանում թաքցնել այդ:

1915 թուականի գարնան ու ամռան, տարհանումի ընթացքը շարունակւում էր, միայն մեծ քաղաքներ՝ Պոլիսը, Իզմիրը եւ Հալէպը զերծ էին մնացել, միւս բոլոր վայրերը, նոյնիսկ միայն մէկ ընտանիք  բնակուող վայրերում, թատերաբեմ հանդիսացան այդ ”աննկարագրելի ողբերգութիւններուն”: Միայն շատ քիչ շէներ ”տիրոջը” չէին հնազանդել , չէին յանձնել զէնքեր, կռուի ելել դուշմանի դէմ, ոչ թէ կարաւան եղած ճանապարհներին, անապատների աւազուտներում մահ գտնելու, կռուի էին ելել մահ պատճառելու դուշմանին, կամ քաջին վայել կռւում դիմակայել մահը:  Արմին-Հայեր, հիմա պարծանքով են յիշատակում՝ Սասունի, Վանի, Մուսա Լեռան, Վասպուրական Շատախի, Շապին Գարահիսարի, Զէյթունի, Հաճընի, Այնթապի, Եդեսիայի եւ այլ մի քանի շէների քաջերի կռիւը: Հայոց Մեծ բանաստեղծ Եղիշէ Չարենց գրել է՝ ”Աշխարհն առողջ, լիարիւն ազգերի հետ է հաշուի նստում եւ ոչ՝ հանճարեղ ու տանուլ տուած դժբախտների”:

Մի շարք գիւղերում որմազդեր էին փակցուել, հրաւիրել գիւղի ամբողջ մարդկանց, մէկ կամ երկու օր յետոյ, նշուած ժամին, ներկայանալ ծանուցուող վայրեր: Որոշ դէպքերում մունետիկը փողոցներն էր պտըտում բերանացի կատարելու հրահանգները: Որտեղ որ ազդարարութիւն չէր եղած, ոստիկաններ մտնում տներ, հրամայում տան բնակիչներին հետեւել իրենց, տղաներին դպրոցներից վերցնում, որոնց գրքերը օրուայ դասի վրայ բաց էին մնում, հոռովելներով հողը ակօսող մշակներ, լծկան եզների մաճերը թողած, շտապ վերադառնում տուն: Նրանք նախ ընկնում էին կանանց վրայ, ”ինչպէս Վեսուվ հրաբուխը յանկարծակի բերաւ Բոմբէյը”, ցորեանի հացն էին թողնում փուռերում, չէին խնայել նոր մայրացած կանանց, նրանց բռնադատում վեր կենալ անկողիններից, մանչերը գրկերնին հետեւել էին կարաւանին, պիտի գրէր Մորգընթաուն: Դողում է ձեռքս, դողում է հոգիս, դողում է մարմինս, դողում է գրիչս, ես որպէս լեռնական Արմին-Հայ, ի՜նչպէս թղթին յանձնեմ այն ամենը, ինչ որ նկարագրել էր Մորգընթաուն: Դու, արարչական Արմին-Հայ, ընդվզումով, հոգու տուայտանքով շատ ես ընթերցել քու ցեղի մարդկանց եղեռնագործութեան մասին, դու ինքդ երեւակայիր թէ ինչպիսի ցաւ կարող էր իր նմանին պատճառել՝ գազանային բնազդից ”նոր մարդու” քաղաքակիրթ վիճակին դեռ չհասած տմարդի թուրքը: Ներող եղիր, սակայն ”կորցնել յիշողութիւնը, մոռանալ անցեալը, ինքնութիւնդ կորցնելն է” պիտի գրէր տաղանդաւոր արձակագիր՝ Կարէն Խաչատրեան-Խաչկարը: Մորգընթաու, Հրեայ ազգի զաւակ, ճշմարտութեան լոյսի կանթեղը վեր պահած, առանց որեւէ շահադիտական նպատակի, աշխարհին պատմեց մի ցեղի կործանման ողբերգութիւնը: Մարդկային ազնուագոյն առաքինութիւններով ՄԱՐԴ, ի՜նչպիսի հոգեկան տուայտանքով հաղորդում մարդու տառապանքը, հարազատի նման նկարագրում օտար մարդկանց ցաւը, խորունկ ցաւի զգացումով՝ ցաւում մարդու կողմից մարդուն պատճառուած ցաւը: Մարդու հանդէպ պատճառուած ցաւի դէպքերի նկարագրութիւնը երբեմն դադարեցնում է գրել, ասելով, որ այլեւս անկարող է այն շարունակել: Աշխարհին կանչում, այնտեղ՝ արեւի լոյսով ողողուն ”Եդեմի, առաջին մարդու՝ Եվայի ու Ադամի” երկրում Եղեռն է, իր յուշերը եղերերգ է, Արմին-Հայ ցեղի արարման լոյսի ու նրա ոչնչացման պատմութեան ամենա ահռելի գեհենը: Այդ ցեղի դուշման թուրքին նկարագրում որպէս աւազակաբարոյ, անբարոյ մարդիկ, որոնք հրճւում էին մարդ տանջելու հաճոյքից, մարդիկ՝ որոնց հոգիներում Աստուած գութ, ցաւ զգալու առաքինութիւն չէր հոսել:

Գլենտէյլ  
Նախորդ յօդուածըԲամ բաս բայ (21.04.2022)
Յաջորդ յօդուածըԱմերիկեան Բարքեր

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին