Ուրբաթ, 26. 04. 2024

spot_img

Մշակութային Արձագանգ

Սիրանոյշ

Մեհրուբէ Գանթարճեան (1857 – 1932)
Անցեալ ամսուայ՝ Մարտի 27-ն Թատրոնի Միջազգային օրն էր։ Այս առիթով կը ներկայացնեմ հայ բեմի երախտաւոր Սիրանոյշի կեանքի եւ գործունէութեան մասին իմ կազմած գրութիւնը, որ վերջանում է մի քանի նկարներով Սիրանոյշից։  Անցեալին ալ գրած եմ Սիրանոյշի մասին: Վերյիշելը կարեւոր է, յատկապէս այն նպատակով ու յոյսով, որ ազնիւ մարդիկ կ՛աշխատին Հայաստանում Սիրանոյշից որեւէ յուշարձան տեղադրելու համար: Ամէն բան պէտք է ընել այս մշակութային կարեւոր, ե՛ւ ուշացած, նախաձեռնութիւնը իրականացնելու։      Այս գործը կարող է նախաձեռնել նաեւ Երեւանի կամ Հայաստանում որեւէ քաղաքի քաղաքապետարանը՝ Հայաստանի մշակութային կառոյցների հետ համագործակցաբար։ Սիրանոյշից որեւէ յուշարձան Հայաստանում չլինելը անպատուաբեր է հայ բեմի ու մեր երախտաւորների նկատմամբ։     2022-ը Սիրանոյշի յոբելենական տարին է․ ծննդեան 165-ամեակը եւ մահուան 90-ամեակը։ Նկարները հիանալի են եւ արտացոլում են Սիրանոյշի դերասանական տաղանդը։     Կարծում եմ, պարտադիր է, որ Հայաստանում եւ սփիւռքի համայնքներում միջոցառումներ կազմակերպուեն Սիրանոյշի յոբելենական տարին պատշաճ նշելու համար։

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

Սիրանոյշ.-

«Սէրն է ինձ առաջնորդ, եւ աշխատասիրութիւնը՝ իմ յոյսը, որոնցմով ես արուեստի գաղտնիքը թափանցեցի»:

Կենսագրական գծեր

Հայ անուանի դերասանուհի եւ թատերական գործիչ Սիրանոյշը (Մեհրուբէ Գանթարճեան) ծնուել է Պոլսում, 1857 թուականի Մայիսի 25-ին: Հայրը վանեցի էր, գաղթած Վանից: Սիրանոյշը մանկութիւնն ապրեց թատերական մթնոլորտում: Ազգականներն էին թատերական գործիչներ՝ Միհրան Քիթապճեանը, Հրաչեան, Աղաւնի – Զապէլը, եւ Աստղիկը՝ աւագ քոյրը:

Յաճախել է Բերայի Օրիորդաց դպրոցը: Բերայի հրդեհից յետոյ, ընտանիքը տեղափոխւում է Պոլսոյ Բանկալթի թաղամաս, ուր նա յաճախում է ֆրանսիացի քոյրերի «Սեն թ՛Էսփրի» վանքի դպրատունը:

Բեմ է բարձրացել հինգ տարեկանից: 12 տարեկանում նա մաս է կազմում Մաղաքեանի խմբին՝ վճարուելով ամսական երկու ոսկի: Նրան նախ անուանում են «փոքրիկ Աստղիկ»: Նրա առաջին դերն էր՝ աղախինը «Հորթանոսի դեղձանիկը» կատակերգութեան մէջ: Առաջին արարի սկզբում ունէր մի երկար մենախօսութիւն: Սիրանոյշն յաջողում է մենախօսել՝ առանց յուշարարի օգնութեան, ազատ ու համարձակ եւ շնորհալի շարժուձեւով, իր փոքրիկ անձի շուրջ համակրանք ու հիացում ստեղծելով:

1872-73 թուականներում նա իբրեւ դերասանուհի Պոլսում մաս է կազմում Մաղաքեանի թատերախմբին: 1875-ին Վարդովեանի թատերախմբի անդամն էր, միշտ քրոջ հետ միասին: Նա պատուաբեր տեղ էր գրաւում այդ բազմանդամ կազմակերպութեան մէջ, մասնակցելով օպերեթների եւ դրամաների: Շրջում է Սկիւտար, Իզմիր, Սելանիկ, Սերեզ: 1878-ին Ադրիանապոլսում է՝ Հրաչեայի, Աստղիկի, Գոհարիկ Շիրինեանի, Սիսակի ու Չափրաստեանի հետ:

1879-ին, Գէորգ Չմշկեանը Թիֆլիսից Պոլիս գալով, Ադամեանի, Աստղիկի ու Սիրանոյշի հետ պայմանաւորուելով, Թիֆլիս է առաջնորդում նրանց, ուր Սիրանոյշն երեւան է գալիս երկրորդական դերերով: Երկու տարի Կովկաս մնալուց յետոյ, Սիրանոյշն վերադառնում է Պոլիս, ուր ստանձնում է հերոսուհիի դերեր՝ թատերական ընկերութեան պարբերական ներկայացումներում:

1883-ին Սերովբէ Պենկլեանի գուսանական մեծ խմբով մեկնում է Աթէնք: Նա մեծապէս գնահատւում է հելլէնների կողմից:

Աթէնքում սիրահարւում է իտալացի Կարլօ Նիկոսիասի վրայ, որ Պենկլեան նուագախմբի ղեկավարն էր: Ունենում է երկու զաւակ: Ամուսնութիւնից վեց տարի յետոյ, ամուսինը լքում է իր զաւակներին ու կնոջը: Սիրանոյշը մատնւում է խորին թշուառութեան ու դժբախտութեան: Կորցնում է նաեւ իր անդրանիկ որդուն:

1884-ին էլ կորցնում է իր քրոջը՝ Աստղիկին:

Սիրանոյշը չքաւորութեան մէջ էր, երբ Պենկլեանն նրան առնելով իր խմբի մէջ, 1885-ին մեկնում է Գահիրէ:

1887-ին Եգիպտոսից վերադառնալուց յետոյ, երեք տարի քաշւում է բեմից: 1890-ին Պոլիս է ժամանում արեւելահայ դերասան Պետրոսեանը, ուր հանդիպելով Սիրանոյշին, համոզում է նրան մեկնել Թիֆլիս: Նա Թիֆլիսում երեւում է հերոսուհիի դերերում ու մեծապէս գնահատւում:

1892-ին դարձեալ Պոլսում է: 1893-ից մինչեւ 1908 թուականի Օսմանեան Սահմանադրութիւն, Պոլսում արգելուած էին հայերէն ներկայացումները: Հետեւաբար Սիրանոյշը կրկին մեկնում է Թիֆլիս:

1897-ին, Թրեանցի հետ հրաւիրւում է Պաքու, ուր տեղի մտաւորականութեան օժանդակութեամբ կազմում է թատերական խումբ:

Սիրանոյշը երկար տարիներ մնում է Կովկասում, այլեւս վերջնականապէս պատկանելով արեւելահայ թատրոնին: Նա լինում է Թիֆլիս, Պաքու, Երեւան, Կարս, Ալեքսանդրապոլ, Բաթում, Շուշի, Գանձակ, Իգդիր, Նոր-Նախիջեւան, Արմաւիր, Մոզդուկ, Վլադիկովկաս, Գզլար, Աստրախան եւ այլ գաւառական շրջաններում:

Սիրանոյշն Կովկասում հետզհետէ շահում է համբաւ: Նա յափշտակւում է Շեքսպիրով եւ Շիլլերով: Ներկայացնում է նաեւ Սունդուկեանի եւ Շիրվանզադէի մի քանի թատերախաղերը, գրաւելով բոլորի հիացումը:

1908-ին սեփական խմբով գնում է Գահիրէ: Ապա անցնում է Պուլկարիա, ու կրկին՝ Կովկաս:

1909 թուականին, արեւելահայերի կողմից տօնւում է նրա բեմական գործունէութեան 35 ամեակը, փառաշուք հանդիսաւորութեամբ:

1909-ի վերջերը Պոլսում է, եւ յետոյ մեկնում է Իզմիր: 1910-ին իրեն հետ գործակցում է անուանի դերասան Վահրամ Փափազեանը:

1912-ին, Աբէլեանի կազմած խմբով ներկայացումների համար մեկնում է Մոսկուա: Ապա վերադառնում է Կովկաս, ուր մնում է մինչեւ 1920 թուականը:

1921-ին Թեհրանում, ապա՝ Նոր-Ջուղայում կազմակերպում է թատերական ներկայացումներ: Նա Պարսկաստանում իր հետ ունէր մէկ դերասանուհի՝ Մարգօ Մամիկոնեանին, ու մէկ դերասան՝ Միքայէլ Կոստանեանին, եւ սիրողներով ամբողջացրել էր խումբը: Սիրանոյշը համարւում է իրանահայ թատրոնի (նաեւ ամբողջ Իրանի) առաջին դերասանուհին:

Յետագային անցնում է Պոլիս և 1923-ին մեկնում է Գահիրէ, ուր եւ մահանում է 1932 թուականին:

Սիրանոյշի յուշարձանի բացումը

Գահիրէում հրատարակուող «Արաքս» թերթի 4 Մայիս 1946-ի համարում կայ «Սիրանոյշի յուշարձանի բացումը» խորագրուած տեղեկատւութիւնը:

«Անցեալ կիրակի առաւօտ, ժամը 11-ին, Գահիրէի ազգային գերեզմանատան մտաւորականներու թաղին մէջ կանգնուած՝ անմահ դերասանուհի Սիրանոյշի յուշարձանի բացումը կատարուեցաւ մեծ շուքով, նախագահութեամբ գերշ. Մամբրէ արքեպիսկոպոսի եւ ի ներկայութիւն խուռն բազմութեան: Բացման խօսքից յետոյ, սրբազան հայրը խօսք առնելով թուեց մի առ մի Սիրանոյշին հայ բեմին մատուցած թանկագին ծառայութիւնները Կովկասէն մինչեւ Եգիպտոս: Անդրադարձաւ նաեւ հայկական թատրոնին ու անոր գործիչներուն եւ օրհնելով յիշատակը Սիրանոյշին, վար առաւ սեւ քօղը ու բացուած հռչակեց յուշարձանը:

Ինչպէս ծանօթ է՝ ողբացեալ դերասանուհին թուականիս ճիշտ 14 տարի առաջ Գահիրէի հիւանդանոցին մէջ փակեց իր աչքերը, երբ պատրաստութիւններ կը տեսնուէին տօնելու Սիրանոյշի բեղուն գործունէութեան յիսնամեայ յոբելեանը, բայց անգութ մահը արգելք հանդիսացաւ անոր»:

Վկայութիւններ Սիրանոյշի մասին

Սիրանոյշը 1912 թուականին, երբ Մոսկուայում պիտի խաղար Սմբատովի «Դաւաճանութիւն» թատերախաղի Զէյնալի դերը, մատնուած էր յուզումի, որովհետեւ նոյն դերն ստանձնել էր նաեւ ռուս մեծահռչակ արուեստագիտուհի Երմիլովան: Եւ հայ խմբի «Դաւաճանութիւն»-ը ներկայացուող երեկոյին, ռուս դրամատիկ թատրոնը փակել էր իր թատրոնի դռները, որպէսզի հանդիսատեսը լինեն հայոց, մասնաւորապէս Սիրանոյշի խաղին: Ներկայացման առաջին վարագոյրը բացուելուց առաջ, հակառակ իր խռով լինելուն Աբէլեանը մտնում է Սիրանոյշի զարդախուցը ու տեսնում է, որ մեծ արուեստագիտուհին ծնրադիր աղօթում է եւ ասում.

-«Էյ Մշոյ Սուլթան Սուրբ Կարապետ, այս գիշեր իմ պատիւս չէ, հայոց պատիւը Դո՛ւն պիտի փրկես…»:

Աբէլեանը գրկում է նրան եւ առաջնորդում բեմ: Ու յաղթանակ: Սիրանոյշը այդ դերում յայտարարւում է անմրցելի:

Կոմիտասը Սիրանոյշի մասին.-

1909 թուականին Թիֆլիսում նշուեց Սիրանոյշի բեմական գործունէութեան 35 ամեակը: Յոբելենական երեկոյից յետոյ շատերն էին շտապում Սիրանոյշի մօտ՝ նրան անձամբ շնորհաւորելու համար: Այնպիսի օր էր, որ ամէնքը՝ ծանօթ, թէ անծանօթ, իրենց իրաւունք էին վերապահում մօտենալու յոբելեարուհուն եւ սեղմելու նրա վաստակած ձեռքը: Միայն մի մարդ դուրսը՝ բազմութեան մէջ երկար սպասելուց յետոյ որոշում է չմտնել, որպէսզի այդ օրուայ, ինչպէս ինքն է ասում, բազմալեզու, թաթախուն, զեղուն զգացմունքների բուռն ծովի մէջ անհետ չանցնեն իր սրտի խորքից ժայթքող զգացմունքները: Այդ մարդը ԿՈՄԻՏԱՍՆ էր:

Մի քանի օր յետոյ՝ Փետրուարի 1-ին, Էջմիածնի իր խցիկում, Կոմիտասը նստած գրում էր, բառեր որոնում սրտի անզուսպ խնդակցութիւնն արտայայտելու համար իր պայծառ բարեկամուհուն, որն արիաբար անցել էր հայ բեմի խաւարտչին ասպարէզով:

«Դուք երեսունհինգ տարի անդադար,- գրում է Կոմիտասը Սիրանոյշին, – գեղարուեստի մուրճը ձեռին անձնուէր կռեցիք, կոփեցիք, ամեն խոչ ու խուրդ ոչնչացրիք, ձեր տոկուն կամքի թափով արծուի պէս սլացաք հասարակութեան հոգիներից վեր, թագաւորեցիք սրտերի եւ մտքերի վրայ, ապա հզօրապէս ձգտեցիք, տարաք եւ Ձեզ հետ բարձր, հանեցիք դէպի ազնիւ գեղարուեստի կանաչազգեստ ու կենսունակ բլուրն ի վեր հասարակութիւնն էլ:

Այնտեղ ցոյց տուիք նորան Ձեր ստեղծած հրաշալիքները՝ կեանքի մի շարք պայծառ ու խաւար, ազնիւ ու կոպիտ … կենդանի տիպեր, արձանագրեցիք նորա սրտի եւ հոգու խորունկ աշխարհներում, պատկերներ ու նկարներ արձանագրեցիք, որոնք շեշտակի թափանցում են մէկ սրտից միւսն օղակելով, մէկ հոգուց միւսը շղթայելով:

Իսկ աւելի դժուար բան կա՞յ, քան սրտեր ու հոգիներ տաշելը եւ այն այնպիսի միջավայրում, որ գեղարուեստը հաւասար է ժամանցի: Բայց Դուք ժրաջան մեղուի պէս երեսունհինգ տարի շարունակ թռաք մէկ բեմից միւսը եւ գեղարուեստի մարզերից, բազմապիսի ծաղիկներից հաւաքեցիք առատ հիւթ, որպէսզի հայ բեմի փեթակը լցնելու օժանդակէք:

Ձեզ հետ եւ առաջ ճանապարհ ընկան շատերը, բայց ոմանք հողմավար եղան, ոմանք շնչասպառ, ոմանց անգործութեան մատնեցին, ոմանց դէմ դաւեր լարեցին … Դուք կարողացաք ճեղքել ամեն արգելք եւ առաջ արշաւել: Արշաւեցիք երեսունհինգ տարի էլ առաջ, միշտ առաջ անվհատ ու հաստատ ուղիով, որ բացիք:

Այժմ որքան յստակ ու հանգիստ է Ձեր սիրտը, Ձեր հոգին, որ երեսունհինգ տարի երկար աշխատելուց յետոյ հանգչում է մարդկանց սրտերի ու հոգիների վերայ, Ձեր իսկ կառուցած գեղարուեստի անսասան ու մշտակենդան ապարանքների մէջ:

Սրտանց շնորհաւորում եմ Ձեր փառքը եւ ցանկանում էլ աւելի փառաւորութիւն ու կանաչ պայծառ արեւ»:

Արամ Երեմեան (գրող, գրականագէտ, արուեստաբան)

Պարսկաստանում Սիրանոյշի հետ հարցազրոյց է ունենում Արամ Երեմեանը: Հարցազրոյցի վերջում, Սիրանոյշին այսպէս է բնութագրում Երեմեանը.

«Նա օժտուած է դերասանուհու բոլոր յատկութիւններով: Բնութիւնը նրան ոչինչ չի զլացել: Նրա աչքերը այնքան խոր արտայայտութիւն ունեն, որ լռութեան րոպէներում խօսում են եւ կենդանի պատկերներ ստեղծում: Նրա դիմագիծը նուրբ է, ճկուն, արտայայտիչ եւ տպաւորիչ… զգացմունքով այնքան զեղուն եւ նուրբ է, որ իր արտայայտութեան ելեւէջներով մտնում է հասարակութեան հոգու մէջ եւ նրան ապրեցնում գեղարուեստի աշխարհում: Նա հոգեկան տանջանքներ արտայայտելիս չէ լալիս, բայց իր զուսպ արցունքներով լացացնում է հանդիսատեսին: Ահա այս է տիկին Սիրանոյշի կեանքի համառօտ ուրուագիծը»:

Գրիգոր Զoհրապ.-

            «Ամեն ոք գիտէ, որ երեկոյին մեծագոյն ձգողութիւնը տիկին Սիրանոյշի վերերեւումն է ու անոր կսպասէ անհամբեր…

            Տիկին Սիրանոյշի մուտքը ահագին ծափահարութեամբ կը ողջունուի. իր քայլուածքն իսկ տարբերութիւն մը ունի քայլուածքներէն, թոյլ ու շնորհալի բան մը, զոր չեմ կրնար ճշտել. իր շարժումները չեն շռայլուիր ու յստակ շնորհ մը ունին միշտ. իր ձայնը արծաթի մը հնչիւնը ունի՝ թրթռալով սրտերու մէջ: Ամէնքը լուռ իրեն կունկնդրեն. ահա մեծ դերասանուհին ինքը, այնպէս, ինչպէս ըսած էին մեզի թիֆլիսցիք. իր արուեստը օրինակած բան մը չունի, ամեն բան իրեն յատուկ է»:

Ալեքսանդր Շիրվանզադէ.-

            «Կայ մի բան, որ տիկին Սիրանոյշին տակաւին ամբողջ գլխով բարձր է պահում խմբից- նրա սքանչելի առոգանութիւնը եւ ձայնը: Այս մի խոշոր առաւելութիւն է: Ոչ ոք չգիտէ հայ լեզուն այնքան նուրբ արտասանել եւ մինչեւ անգամ գեղեցկացնել, որքան տիկին Սիրանոյշը»:

Վահան Թէքէեան.-

            «…Սիրանոյշ բեմի վրայ իր ֆիզիքական լիաձիր գեղեցկութեամբը եւ ձայնին ու ժեստերուն շնորհալի ազատութիւնովը կը տիրէ բեմին, զայն մէկէն կարծես կը լցնէ՝ երբ կերեւայ: Ձայնը միշտ նոյն համակրելի, նուագահունչ ձայնն է, որուն յիշատակը դեռ կը թրթռայ պոլսեցիներու ականջին»:


Սիրանոյշի ստանձնած դերերից.-

  • Համլետ
  • Մարգարիտ Գոթիէ
  • Թերեզա
  • Ռուզան
  • Մարի Ստիւարա
  • Մեդիա
  • Կրուչինինա
  • Իզէիլ
  • Զէյնաբ
  • Պորցիա
  • Իշխանուհի
  • Մարգարիտ

Ներկայացումներից.-

  • Մուրացանի «Ռուզան»
  • Ալեքսանդր Տիւմայի «Կամելիազարդ տիկինը»
  • Լուիջի Կամոլետտիի «Քոյր Թերեզա»
  • Շեքսպիրի «Համլետ»
  • Ֆրիդրիխ Շիլլերի «Օրլէանի կոյսը»
  • Ալեքսէյ Սուվորինի եւ Վիկտոր Բուրենինի «Մեդիա»
  • Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղաւորներ»
  • Արման Սիլվեստերի եւ Էռնեստ Մորանի «Իզէիլ»
  • Ալեքսանդր Իւժոն-Սումբատովի «Դաւաճանութիւն»
  • Վիլիամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»
  • Լեւոն Շանթի «Հին աստուածներ»
  • Գաբրիէլ Սունդուկեանի «Ամուսիններ»

Սիրանոյշը գրել է նաեւ բանաստեղծութիւններ, ահաւասիկ մէկը.-

«Կեանք եւ պայքար մայր են միմեանց.-
Կեանքը ծնում է կռիւ.
Կռիւը ծնում է կեանք.
Առանց կռուի կեանք չկայ.
Կեանք եւ կռիւ երկունք են աշխարհի»:

աղբիւրներ՝

Նշան Պեշիկթաշլեանի «Թատերական դէմքեր» հատորը,
Ռուբէն Զարեանի «Սիրանոյշ» հատորը
եւ համացանցային տարբեր կայքեր

Ստորեւ մի քանի պատկեր Սիրանոյշից։

Սիրանոյշի շիրմը Գահիրէի գերեզմանատանը

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին