Շաբաթ, 27. 04. 2024

spot_img

Կրթութիւնն Անորակ Է, Գիտութիւնը՝ Անհրապոյր

Հայաստանում կրթութեան որակից դժգոհ են բոլորը՝ աշակերտները, ուսուցիչները, ծնողները, ուսանողները, դասախօսները, նաեւ՝ ոլորտի պատասխանատուներն ու պաշտօնեաները։ Բոլորը քննարկում են, մեղադրում նախորդ կամ յաջորդ օղակին, նախկին իշխանութիւններին, հասարակութեանն ու ժամանակներին։ Որտե՞ղ է բացթողումը, ինչո՞ւ չենք կարողանում հասնել կրթութեան որակի բարելաւման այն մակարդակին, երբ կը վերականգնուի կրթութեան դերն ու հեղինակութիւնը, որից գոհ կը լինեն կրթութիւն ե՛ւ ստացողները, ե՛ւ այն տուողները։

Անկախութիւնից առաջ կրթութիւն ստացած սերունդները երանութեամբ են մտաբերում իրենց ժամանակի կրթական միջավայրը դպրոցում եւ բուհում, հպարտանում ստացած կրթութեամբ ու դաստիարակութեամբ։

1991-1992 ուսումնական տարում երկրում գործում էր 1419 դպրոց, իսկ 2021-2022-ին՝ շուրջ 1400, որից 1300-ը պետական, միւս մասը՝ մասնաւոր։ 1991-1992 ուսումնական տարում մեր երկրում գործում էր 14, իսկ 2021-2022-ին 55 բուհ՝ ներառեալ միջպետական համաձայնագրերով հիմնադրուած համալսարանները՝ Հայաստանի ամերիկեան համալսարանը, Ռուս-հայկական (Սլաւոնական) համալսարանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը եւ այլն։

Երեք տասնամեակը քիչ չէր, որ սեփական ճակատագիրը վճռել ցանկացող ժողովուրդը ուրուագծէր սեփական հայրենիքի զարգացման տեսլականը՝ սկսելով կրթութիւնից,  որի հիմքերն առաւել քան ամուր էին։

Կրթութեան վատ որակի մասին խօսելիս հասարակութեան մեղադրանքների շղթայի առաջին օղակը դպրոցն է. հասարակութիւնն ունի ընտրութեան հնարաւորութիւն՝ կա՛մ  մասնաւոր դպրոցներ, կա՛մ ռուս դասականների անունները կրող հանրակրթական դպրոցներ, որոնք մինչ օրս «լաւ կրթութեան» ապահովման համբաւ ունեն, կամ հանրակրթական պետական դպրոցներ՝ «սովորող երեխան ամէն տեղ էլ կը սովորի» սկզբունքով։

Փոխնախարար Ժաննա Անդրէասեանը վստահեցնում է, որ Հայաստանի Կառավարութիւնը 2021-2026 թուականների ռազմավարական ծրագրերում, «Հանրակրթութեան մասին» օրէնքի փոփոխութիւններում նախատեսել է ներդնել դպրոցական կառավարման բարելաւուած համակարգ, փոփոխութիւններ իրականացնել ներառական կրթութեան (special education – խմբ.) ուղղութեամբ, նոր բովանդակութիւն հաղորդել 12-ամեայ կրթութեանը, ուսուցիչներին ընձեռել մասնագիտական զարգացման հնարաւորութիւն։

Պէտք է նկատել, որ հասարակութիւնը, ոլորտի ներկայացուցիչները ընդվզումով  են վերաբերւում ցանկացած փոփոխութեան, բարեփոխման։ Փոխնախարարն ընդունում է՝ անցումային, փոխակերպուող հասարակութիւններին բնորոշ է անվստահութիւնը. «Մարդկանց մօտ ձեւաւորւում է երկակի վերաբերմունք շրջապատող ամէն ինչի, այդ թւում նաեւ՝ կրթութեան նկատմամբ: Հանրակրթութեան ոլորտի բարեփոխումների ընթացքը պարբերաբար լուսաբանւում է հանրային քննարկումների, հանդիպումների միջոցով, որի նպատակը ոչ միայն հանրութեանը իրազեկելն է, այլեւ իբրեւ գործընթացի ակտիւ մասնակից ներգրաւելը»,- նշում է փոխնախարար Անդրէասեանն ու վստահեցնում՝ դժգոհութիւնները շատ յաճախ առաջանում են հասարակութեան անտեղեակութիւնից:

Կրթութեան որակի հարցը քննարկւում է նաեւ պետական կամ մասնաւոր դպրոցների օրինակով։ Վերջինների թիւը գնալով մեծանում է, ինչը, ըստ փոխնախարար Ժաննա Անդրէասեանի, հանրութեան պահանջներին համապատասխան է:

«Հաստատութեան ընտրութեան իրաւունքը ծնողինն է։ Մասնաւոր դպրոցների առկայութիւնը որոշակիօրէն թեթեւացնում է պետութեան բեռը։ Որոշ մասնաւոր դպրոցներ զգալի յաջողութիւններ են արձանագրել, որոնց փորձը եւս կիրառելի է»,-նշում է Ժաննա Անդրէասեանն ու վստահեցնում, որ աշխատանքներ տարւում են հանրակրթական դպրոցի նկատմամբ վստահութեան վերականգնման գործում։

Մասնագիտական վատ պատրաստուածութիւն, դպրոցների քաղաքականացում, դրա արդիւնքում՝ ուսուցչի դերի նսեմացում, ճնշուածութիւն, սոցիալապէս խոցելիութիւն, ցածր վարձատրութիւն եւ մի շարք այլ խնդիրներ. փոխնախարարի կարծիքով՝ սրանք այն գործօններն են, որոնք նպաստեցին կրթութեան, ուսուցչի հանդէպ վստահութեան նուազմանը։ Այս խնդիրների լուծումը, ըստ փոխնախարարի, ջանք, միասնական կամք եւ տեւական ժամանակ է պահանջում:

Երեք տասնամեակների ընթացքում բարձրագոյն կրթութիւնը եւս անմասն չմնաց պիտակաւորումներից ու յետընթացից. գիտութեան ոլորտը դարձաւ անհրապոյր։

«Կրթութիւնն ամուր պետութիւն ունենալու միակ հզօր զէնքն է» կարգախօսը, փաստօրէն, եղաւ իւրաքանչիւր իշխանութեան նախընտրական խոստումը, լաւագոյն դէպքում՝ շնորհաւորական ուղերձների կարեւոր բաղադրիչը։ Միայն այդքանը։

Թւում է՝ այսօր, առաւել քան երբեւէ, Հայաստանի ապագան կախուած է երկրում գիտութեան զարգացումից։

«Ժամանակակից պետութեան հիմքում ընկած է կրթական, գիտական ու բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացման ապահովումը։ Հայաստանի Կառավարութիւնն ունի յստակ մշակուած քաղաքականութիւն եւ իր հետեւողական ջանքերն է ուղղում առկայ խնդիրների լուծմանը, տարեցտարի ֆինանսական հնարաւորութիւնների մեծացմանը»,- մեզ հետ զրոյցում վերահաստատում է ԿԳՄՍ փոխնախարար Կարէն Թռչունեանն ու ներկայացնում այն ուղղութիւնները, որոնք բխում են երկրի տնտեսական կարիքներից  եւ գիտական հետազօտութիւնների արդի պահանջներից։

Գիտական եւ գիտատեխնիկական հետազօտութիւնների ծրագրերի իրականացում, ենթակառուցուածքների, նիւթատեխնիկական բազայի արդիականացում, գիտութեան կառավարման ոլորտում սահուն սերնդափոխութիւն, միջազգային գիտատեղեկատուական շտեմարաններում հրապարակումների աւելացում. այս եւ այլ անելիքների կողքին փոխնախարարը յաւելում է ֆինանսական կողմը եւ նկատում, որ 2022-ին պետական բիւջէով գիտութեան ֆինանսաւորումը աճել է 85 տոկոսով։ Փոխնախարարը վստահեցնում է, որ հաշուի են առնուել նաեւ ռազմական արդիւնաբերութեան կարիքները. կազմակերպուել է երկակի նշանակութեան ծրագրերի աջակցութեան թեմաների մրցոյթ։ Բացի այդ՝ կազմակերպւում են մրցոյթներ, որոնք ուղղուած են համաշխարհային մակարդակով յաւակնոտ ուղղութիւններում երիտասարդների առաջխաղացմանը եւ նոր խմբերի ձեւաւորմանը։

«Ներկայումս ասպիրանտը իր 60.000 դրամ կրթաթոշակից բացի ստանում է ամսական 150.000 դրամ աշխատավարձ, իսկ ղեկավարը՝ յաւելեալ 50.000 դրամ։ Միեւնոյն ժամանակ ասպիրանտը կարող է ընդունուել ինստիտուտ որպէս գիտաշխատող եւ մասնակցել եւս երկու մրցութային ծրագրի»,- նշում է փոխնախարար Թռչունեանն ու նկատում՝ արդիւնքում ասպիրանտի եկամուտը հաւասարւում է ՏՏ ոլորտի սկսնակ աշխատողի եկամուտին, եւ կանխւում է երիտասարդ գիտնականների արտահոսքը արտերկիր։ Վերջինս վստահեցնում է, որ գիտութեան հասարակական վարկի բարձրացման, գիտական եւ գիտատեխնիկական կադրերի բարեկեցութեան ապահովման, նրանց սոցիալական խնդիրների լուծման ուղղութեամբ եւս աշխատանքներ տարուել են։

Խօսելով առաջիկայ անելիքների մասին՝ Կարէն Թռչունեանն ընդգծում է, որ գիտական եւ գիտատեխնիկական գործունէութեան ոլորտում նախատեսուող ծրագրերն ու միջոցառումները շատ են, որոնք ուղղուած են գիտական կենտրոնների վերականգնմանը, մասնագիտական կարողութիւնների զարգացմանը, երիտասարդ գիտնականների համար արտերկրում վերապատրաստմանը, փորձի փոխանակման ծրագրերի խրախուսմանը, միջազգային մրցոյթների անցկացմանը։

Մինչ այդ, միմեանց անգործութեան մէջ շարունակում են մեղադրել կրթութեան ապահովման բոլոր օղակները՝ աշակերտն ու ծնողը ուսուցչին, ուսուցիչն ու դասախօսը՝ պետութեանը, պետութիւնը՝ դպրոցին ու ընտանիքին։ Մեղադրանքների շղթայում կորցնում ենք պատասխանը մի շարք հարցերի՝ ո՞րն է որակեալ կրթութիւնը, մարդն ուզո՞ւմ է կրթութիւն ստանալ, եթէ ներկայ ժամանակներում հասարակութիւնում գնահատուած է աւելի շատ բիզնեսում յաջողածը, ոչ թէ ասպիրանտը, ինժեները, գիտնականը։ Որակեալ կրթութեան յուշերով ապրում են միայն աւագ սերնդակիցները, միւսների համար դա լաւ է, դեռ մի բան էլ աւելին։ Մեզ մնում է գոնէ այսօր, երկրի անվտանգութեան խնդիրներից ելնելով, լիարժէք գիտակցել կրթութեան դերը, մոբիլիզացնել ողջ ներուժն ու լծուել կրթուելու կարեւորագոյն գործին. դա 21-րդ դարում ԼԻՆԵԼՈՒ պահանջ է։

Հայաստանի «Թէքէեան» Մշակութային Միութեան լրատուական կենտրոն

ՔՐԻՍՏԻՆԷ ՄԵԼՔՈՆԵԱՆ

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին