Ուրբաթ, 29. 03. 2024

spot_img

Ռուսաստանի Դէմ Տնտեսական Պատժամիջոցներն ու Հայաստանը

ՔՐԻՍՏԻՆԷ ՄԵԼՔՈՆԵԱՆ

Զոհեր, աւերածութիւններ, տնտեսութեան անկում, դիւանագիտական յարաբերութիւններում խառնաշփոթ եւ այլն. այս եւ այլ գործօններ պատերազմների պարտադիր հետեւանքներն են եղել եւ կան բոլոր ժամանակներում։ Մենք՝ հայերս, դա ամենալաւը գիտենք՝ հաշուի առնելով արցախեան երեք պատերազմների (եւ ոչ միայն) հետեւանքները մինչ օրս։

Հարկ է նկատել, սակայն, որ մեր երկրում կարող են շօշափելի անցանկալի հետեւանքներ լինել այլ երկրների միջեւ պատերազմի պատճառով, յատկապէս, երբ կողմերից մէկը մեր երկրի թիւ մէկ առեւտրատնտեսական գործընկերն է՝ Ռուսաստանը։

Փետրուարի 24-ից սկսած ռուս-ուկրաինական պատերազմին հետեւում է ողջ աշխարհը։ Ռազմական բախումներից բացի՝ քաղաքագէտների, տնտեսագէտների վերլուծութեան առանցքում պատերազմի հետեւանքներն են ոչ միայն պատերազմող երկրների, այլեւ նրանց դաշնակից երկրների համար։

Երեւանի պետական համալսարանի Կառավարման եւ գործարարութեան ամբիոնի վարիչ, տնտեսագիտութեան թեկնածու Կառլէն Խաչատրեանի կանխատեսմամբ՝ Ռուսաստանում ընթացող «շոկերը» չեն կարող շրջանցել մեր տնտեսութիւնը. երկու երկրների տնտեսութիւնների, դրանցում տեղի ունեցող գործընթացների միջեւ բոլոր ժամանակներում էական կապ եղել է եւ կայ։

«Ռուսաստանը մեր երկրի թիւ մէկ առեւտրատնտեսական գործընկերն է, որին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառութեան մօտ մէկ երրորդը։ Ակնյայտ է, որ Ռուսաստանի տնտեսութեան թուլացումն ուղղակի ազդեցութիւն է ունենալու մեր տնտեսութեան վրայ»,- նշում է տնտեսագիտութեան թեկնածուն ու նկատում՝ խօսքը ոչ միայն արտահանման ծաւալների կրճատման մասին է (քանի որ ռուբլու արժեզրկման պայմաններում արտահանուող հայկական ապրանքները ռուբլով արտայայտուած թանկանում են, հետեւաբար կրճատուելու են նաեւ արտահանման ծաւալները), այլեւ ներմուծման ծաւալների կրճատման վտանգ կայ։ Մասնաւորապէս՝ թէ՛ լոգիստիկ խնդիրներով, թէ՛ Ռուսաստանի ներքին սպառման ապահովմամբ պայմանաւորուած՝ չի բացառւում, որ Ռուսաստանից ներմուծումը կրճատուի, ինչը պարէնային լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։ Թէեւ ներկայացուողը վատագոյն սցենարներից է, սակայն իրատեսական է, որ պատերազմի եւ իր բնակչութեան ներքին կարիքները հոգալու պատճառներով Ռուսաստանը փոքրացնի հացահատիկի եւ պարէնային ապրանքների արտահանման ծաւալները։ Արդիւնքում՝ այլ երկրները, այդ թւում՝ Հայաստանը, չեն կարողանայ բաւարար սննդամթերք ներմուծել։

«Ի վերջոյ, Ռուսաստանի տնտեսութեան խնդիրները կը յանգեցնեն նաեւ այնտեղ աշխատող մեր հայրենակիցների եկամուտների կրճատման, ինչի հետեւանքով այնտեղից Հայաստան եկող տրանսֆերտների ծաւալը եւս կը նուազի»,-նշում է Կառլէն Խաչատրեանն ու նկատում, որ մեր օրերում երկրների հակամարտութիւնները ընդգծուած տնտեսական բաղադրիչ էլ են պարունակում։

Ակնյայտ է, որ Արեւմուտքի տնտեսական սահմանափակումներն ունեն Ռուսաստանին ծանր դրութեան մէջ դնելու, այդ եղանակով որոշակի գործողութիւններ «պարտադրելու» նպատակ։ Կառլէն Խաչատրեանը նկատում է, որ տնտեսական պատժամիջոցների կիրառումը նոր երեւոյթ չէ։ Այն լայնամասշտաբ կերպով ժամանակին կիրառուեց, ու մինչ օրս էլ որոշները պահպանւում են Իրանի դէմ, տարբեր փուլերում ու տարբեր գործիքներով կիրառուել են նաեւ Ռուսաստանի դէմ։ Պէտք է փաստել, որ տնտեսական պատժամիջոցների կիրառումը Արեւմուտքի համար եւս խնդիրներ է առաջացնում, քանի որ երկկողմ տնտեսական յարաբերութիւնները բաւականին խորն են, եւ պատժամիջոցների կիրառմամբ երկուստեք անյարմարութիւններ են ստեղծւում։

«Եւրոպական տարբեր ընկերութիւններ գործընկերային կապեր ունեն ռուսական ընկերութիւնների հետ, կամ Եւրոպական Միութեան երկրներից շատերը գազ են ներմուծում Ռուսաստանից եւ փաստացի այլընտրանք չունեն։ Միանշանակ է, որ պատժամիջոցները տնտեսական խնդիրներ են առաջացնելու, իսկ դրանց մասշտաբն ու խորութիւնը կախուած կը լինի պատժամիջոցների գործիքակազմից»,- նշում է տնտեսագէտը։

Հայաստանի համար, որը դեռ «ուշքի չի եկել» 2020 թուականին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողութիւնների հետեւանքներից, բոլոր ուղղութիւններում բարդ ժամանակահատուած է։ Առաջացած տնտեսական, քաղաքական եւ անվտանգային հսկայական անորոշութիւնների պայմաններում պետութեան խնդիրն է առաջին հերթին յստակութիւն մտցնելը, որպէսզի թէ՛ բիզնեսի, թէ՛ քաղաքացիների համար կանխատեսելի պայմաններ ձեւաւորուեն։ Կառլէն Խաչատրեանի կարծիքով՝ պէտք է փորձել մեր արտահանողների մրցունակութիւնը բարձրացնել, նրանց տրամադրել որոշակի աջակցութիւն, ինչպէս նաեւ մտածել պարէնային անվտանգութեան խնդիրների լուծման մասին՝ պատրաստ լինելով վատագոյն սցենարին։ Դա կարող է լինել պատերազմի երկարաձգման դէպքում, ինչը պարէնային ուղիղ սպառնալիք մեր երկրի համար․ քանի որ առանձին սննդամթերքների դէպքում մեր երկիրը էապէս կախուած  ռուսական եւ ուկրաինական շուկաներից։ «Անհրաժեշտ է հնարաւորինս արագ այլընտրանքներ որոնել, որպէսզի յանկարծ պարէնային ապրանքների դեֆիցիտ չունենանք»,- զրոյցի աւարտին նշեց Երեւանի պետական համալսարանի Կառավարման եւ գործարարութեան ամբիոնի վարիչ, տնտեսագիտութեան թեկնածու Կառլէն Խաչատրեանը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին