Երեքշաբթի, 16. 07. 2024

spot_img

Եթէ Ռուսաստանը Վստահութիւն Ունենար ՀՀ Իշխանութիւնների Նկատմամբ՝ Այս Վիճակում Չէինք Լինի․ Ռուսաստանի Հայերի Միութեան Նախագահ

«Զարթօնք» Հայրենիքի Մէջ – 70 –

Քրիսթինա Աղալարեան

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

Ես չեմ կարծում, թէ Ռուսաստանը վստահութիւն ունի Հայաստանի այս իշխանութեան նկատմամբ, եթէ ունենար մենք այս վիճակում չէինք լինի։ «Զարթօնք» օրաթերթի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին 15 Մարտ 2022ի հրաւիրուած մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարեց Ռուսաստանի հայերի միութեան նախագահ Արա Աբրահամեանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թէ Ռուսաստանի քաղաքական շրջանակում ի՞նչ վերաբերմունք կա ՀՀ իշխանութիւնների ու մասնաւորապէս վարչապետ Նիկոլ Փաշինեանի նկատմամբ։

«Մենք անընդհատ հարց ենք տալիս, թէ այս կամ այն մարդն ինչ է մտածում, բայց չենք ասում՝ մենք ի՞նչ ենք մտածում։ Ձեզ համար բաւարա՞ր է Փաշինեանը որպէս վարչապետ։ Ռուսաստանն ասում է՝ հայ ժողովուրդն է ընտրել այս իշխանութեանը, ՌԴ-ն չի կարող դէմ գնալ դրան։ Ռուսաստանն աշխատում է նրա հետ, ում ընտրում է հայ ժողովուրդը»,- ասաց Արա Աբրահամեանը։

Չնայած հանգամանքին, որ ասուլիսը հրաւիրուել է խօսելու Ռուսաստանի հայերի միութեան նախագահ Արա Աբրահամեանի եւ ԱՄՆ-ի միջեւ նոր ծրագրի ներկայացման նպատակով, զերծ մնալ քաղաքական հարցերից չստացուեց։

Խօսելով Հայաստանի ներկայ վիճակի, հայ-ազրպէյճանական բանակցութիւնների, Արցախում արդեն մէկ շաբաթից աւել ստեղծուած հումանիտար ճգնաժամի մասին, Արա Աբրահամեանը նշեց՝ այն, ինչ կատարւում է Հայաստանում հիմնական մեղաւորը Նիկոլ Փաշինեանն է, բայց, նրա խօսքով, մեղաւորութիւն ունեն բոլորը՝ սկսած ՀՀ առաջին նախագահից։ Հարցին՝ կը նախաձեռնէք Նիկոլ Փաշինեանին հեռացնելու գործընթաց, Աբրահամեանը յստակ պատասխան չհնչեցրեց, փոխարէնը սկսեց խօսել տարիներ շարունակ երկրում տիրող արատաւոր երեւոյթներից, տարբեր ղեկավարների այս կամ այն հարցում ունեցած մեղաւորութիւնից։

«Ես բժշկի որդի եմ, ու գիտեմ՝ երբ խնդիր կա, պէտք է այն բուժել։ Մենք 90-ականներից խնդիրներ ունէինք, առաջին նախագահը այն ժամանակ պէտք է վերջ դներ ամեն ինչին, քանի դեռ մենք յաղթանակած էինք։ Իրենից յետոյ եկաւ Քոչարեանը, յետոյ Սարգսեանը եւ վերջնական Փաշինեանը։ Եթէ այսօր Փաշինեանն այստեղ է, իշխանութեան է ու մենք այս վիճակում ենք, ո՞վ է մեղաւոր, կարո՞ղ է Ազրպէյճանը, իհարկէ ոչ, մենք բոլորս ենք մեղաւոր։ Ասեմ, որ բանակցութիւնների մէջ ես ինձ համարում եմ չեմպիոն, դրա համար ասում եմ՝ պէտք է հարցը ճիշտ դնել եւ ճիշտ օգնութիւն ստանալ։ Բոլորն ունեն իրենց մեղքի բաժինը, բայց Փաշինեանն արեց անթոյլատրելին։ Ինքը երկրի ղեկավար է եւ մեղաւորների մեղաւորն է։ Ո՞վ հեռացնի նրան, եթէ դուք գնում ձայն էք տալիս նրան, ո՞վ հեռացնի։ Եկէք քաղաքականութիւնից չխօսենք։ Եկէք խօսէք նրանից, թէ ինչպէս անենք, որ սեւ ու սպիտակ չլինի, վաղուայ ապագան լաւ լինի, Սփիւռքը միասնական լինի, երկիրը տնտեսապէս հզօր լինի»,- փոքր ինչ վրդովուած ասաց բանախօսը։

Հարցին՝ տեղեա՞կ էք, որ Արցախում մէկ շաբաթ է հումանիտար աղէտ է, մարդիկ գազ եւ լոյս չունեն, ազրպէյճանական կողմը թոյլ չի տալիս մօտենալ գազատարին, Ձեր կապերը փորձե՞լ էք օգտագործել որեւէ կերպ խնդրին լուծում տալու համար, Ռուսաստանի հայերի միութեան նախագահը ասաց՝ չկայ մի հայ, ով տեղեակ չէ, թէ Արցախում ու Հայաստանում ինչ է կատարւում։

«Ես ամեն ինչից տեղեակ եմ։ Տեղեակ եմ, թէ երբ են պայթեցրել գազատարը, քանի անգամ են փորձել էլեկտրականութիւնը վնասել, տեղեակ եմ, թէ ինչ խնդիր կան ռուսական զօրքերի ու Ազրպէյճանի հետ։ Ամեն ինչից տեղեակ եմ։ Գիտէք, ցաւօք սրտի խնդիրը բարդ է։ Խնդիրը այն չէ, թէ ես ինչ եմ արել կամ անում։ Ես կարող է եւ անում եմ ինչ-որ բան, բայց դա քիչ է, եթէ չկայ համակարգային մօտեցում։ Դուք այդ հարցը տուէք ՀՀ վարչապետին, թէ ինքն ի՞նչ է արել կամ անում, ինքը Եւրոպայում էր, ի՞նչ է անում այնտեղ, Եւրոպայում էլ տպաւորութիւն է, թէ ինչ է եղել որ։ Կամ Արարատ Միրզոյեանը Թուրքիայում էր, ինչո՞ւ այդ բոլոր խնդիրները չեն դրւում սեղանին։ Էլ չեմ ասում, որ Ցեղասպանութեան հարցը լրիւ մոռացուել է Արցախի հարց չկայ։ Իրենց այդ բոլոր հարցերը ուղղէք։ Գիտէք, ես այդպէս էլ չկարողացայ հասկանալ՝ մենք ի՞նչ ենք ուզում»,- նեղսրտած ասաց Աբրահամեանը, ապա յաւելեց՝ ներկայ իշխանութիւնների օրօք Սփիւռք Հայաստան կապը կտրուեց, «Սփիւռք գոյութիւն չունի»։

«Հասկանում էք՝ մենք պէտք է ամենօրեայ աշխատանք տանենք։ Սփիւռք-Հայաստան կապ գոյութիւն չունի։ Սփիւռքը կործանուեց այսօրուայ իշխանութիւնների օրօք։ Ես ինքս Սփիւռքի ներկայացուցիչ եմ, գալիս եմ իմ հայրենիք, չեմ կարող չգալ, չօգնել մարդկանց, որովհետեւ ժողովուրդը մեղք չունի, որ նման իշխանութիւն ունի։ Դրա համար հայրենասիրութիւնը իշխանութիւն վերցնելն ու զորով պահելը չի, այլ իսկապէս ինչ-որ բան անելն է։ Այսօրուայ իշխանութիւնը պէտք է ճիշտ որոշում կայացնի։ Ուզում են մարդկանց ողորմելի վիճակում պահել, որ իրենք բա՞րձր երեւան։ Բայց սա յաւերժ չէ։ Իրենք չգիտեն՝ ինչպէս երկիր կառուցել, չգիտեն՝ ինչ է պետականութիւնը։ Ամեն մեկն իր տեղում իր գործը պէտք է անի։ Դուք ասում էք Արցախ, այո, Արցախում կատարւում է ցեղասպանութիւն։ Ինձ համար նորութիւն չէ։ Ես նոյեմբերի 9-ին՝ պայմանագրի ստորագրման օրից ասել եմ, թէ ինչ է կատարուելու։ Բայց նորմալ ղեկավարը պէտք է այդ ամենը տեսներ եւ հասկանար, թէ ինչ է կատարուելու նման պայմանագիր ստորագրելուց յետոյ։ Եւ յետոյ Ռուսաստանին անընդհատ մեղադրելը, որ չի օգնում, ոչ մի բան չի անում, ճիշտ չէ։ Մանկապարտէզ հո չէ։ Իսկ դուք ի՞նչ արեցիք, որ իրենք էլ չեն օգնում։ Իհարկէ, բոլոր նախագահների օրօք էլ շատ հարթ չի եղել ՌԴ-ի հետ յարաբերութիւնները, բայց այսօրուայ հետ համեմատելու չէ»,- հարցադրումներ անելով իր տեսակէտը յայտնեց Արա Աբրահամեանը։

«Շատերն են հարցնում՝ ո՞ւր է Արա Աբրահամեանի կատարած աշխատանքի արդիւնքը։ Պատասխանը հետեւեալն է՝ արդիւնքը Հայաստանի իշխանութիւնների իմպոտենցիայի մէջ է»,- վրդովուած ասաց բանախօսը։

ՌԴ հայերի միութեան նախագահի խօսքով՝ ռուս-ուքրաինական հակամարտութիւնը եւ ՌԴ-ի կողմից սկսած ռազմական գործողութիւնը պայքար է ոչ թէ ուքրաինացի ժողովրդի դէմ, այլ պայքար է նացիզմի դէմ։ Ուքրաինայի հայերի միութիւնը եւ հայկական համայնքը բազմիցս դժգոհութիւն է յայտնել ՌԴ հայերի միութեան նկատմամբ, քանի որ կառոյցը արդեն 8 տարի է պարբերաբար օգնութիւն է յատկացնում Լուգանսկի ու Դոնեցկի ժողովրդին։

«Մենք Ուքրաինայի հայութեանը դէմ չենք, բայց երբ Ազրպէյճանը Ուքրաինայում հակահայկական ցոյցեր էր անում, ես իրենց ձայնը չլսեցի։ Երբ Ուքրաինան զէնք էր ուղարկում Արցախ, ես կրկին իրենց ձայնը չլսեցի։ Տեսանք՝ իրենց դիրքորոշումն այդ հարցում։ Հետեւաբար, մենք չպէտք է նման քննարկումների մէջ մտնենք։ Մենք լաւ գիտենք, թէ ինչպէս են մարդիկ ահուսարսափի մեջ ապրում Լուգանսկում ու Դոնեցկում, առանց ծնող ապրում։ Պատկերացրէք Արցախի իրավիճակը, դրանից մի քանի անգամ աւելի վատ այնտեղ է։ ՌԴ նախագահը 2014 թուականից ասում է՝ եկէք Մինսկի համաձայնագիրը կանքի կոչենք, սակայն ոչ մի արձագանգ, ինչն էլ բերեց նրան, ինչ ունենք այսօր։ Ռուսաստանն իր շահն ունի ու սպասարկում է իր ազգային շահը։ Ռուսաստանը չի պատերազմում Ուքրաինայի ժողովրդի դէմ, այլ նացիզմի դէմ է պայքարում»,- շեշտեց Արա Աբրահամեանը։

Նրա խօսքով՝ իհարկէ, անհանգստանալու առիթ կա, քանի որ այսօր ՌԴ-ում մօտ 3 մլն հայ է ապրում, ովքեր կարող են այս իրավիճակից յետոյ շատ խնդիրներ ունենալ։

Խօսելով ռուս-ուքրաինական սրուած հակամարտութեան վերաբերեալ Հայաստանի դիրքորոշման մասին, Աբրահամեանը նկատեց՝ աշխարհը գիտի, որ Ռուսաստանը Հայաստանի «ռազմավարական» գործընկերն է եւ նորմալ է, որ վատ օրերին պէտք է լինել գործընկերոջ կողքին։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը այս օրերին վարում է չէզոք քաղաքականութիւն։

«Մենք փոքր պետութիւն ենք։ Ամբողջ աշխարհը գիտի, մենք Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական գործընկերոջ յարաբերութիւններ։ Մի բան էլ եմ ուզում ասել։ 44-օրեայ պատերազմը ցոյց տուեց, թէ աշխարհն ինչ պատկերացում ունի Հայաստանի նկատմամբ։ Նրանց արձագանքը, դատարկութիւն էր, խօսքեր էին ուղղակի։ Մենք եթէ ունենք ռազմավարական գործընկեր, պէտք է նրա հետ լինենք լաւ ու վատ օրերին։ Միեւնոյն ժամանակ, մենք չենք կարող չաշխատել ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի հետ, բայց դա պէտք է անել ոչ ի վնաս Ռուսաստանի։ Մենք կարող ենք աշխարհին ցոյց տալ, որ եթէ մեր գործընկերոջ հետ ենք, ուրեմն դա նորմալ է»,- տեսակէտ յայտնեց ՌԴ հայերի միութեան նախագահը։

Գալով ասուլիսի հրաւիրման հիմնական նպատակին, Ռուսաստանի հայերի միութեան նախագահ Արա Աբրահամեանը յայտարարեց, որ արդեն 2 տարի է` բանակցութիւններ է վարում ԱՄՆ-ի Burlington Capital ամերիկեան կազմակերպութեան հետ, որպեսզի Հայաստանում միջազգային ստանդարտներին համապատասխան օնկոլոգիական կեդրոն բացուի։ 

«ԱՄՆ-ում ստեղծել ենք գիւղատնտեսական եւ առողջապահական տեխնոլոգիաների հիմնադրամ։ Ես մի քանի անգամ ԱՄՆ-ում այցելել եմ նոր տեխնոլոգիաներով եւ միջազգային ստանդարտներով օնկոլոգիական եւ բժիշկների վերապատրաստման կեդրոն, որը նոր են կառուցել, եւ աշխարհում նմանը չկայ։ Երկու տարի է` բանակցութիւններ եմ վարում, որպէսզի Հայաստանում էլ կառուցենք միջազգային ստանդարտներով եւ նոր տեխնոլոգիաներով նմանատիպ օնկոլոգիական կենտրոն»,– ասաց Աբրահամեանը։

Բանախօսը նաեւ տեղեկացրեց, որ յունիսի 3-5-ը պատրաստւում են Երեւանում ֆորում անցկացնել եւ քննարկել «Ուղեղային կեդրոն» կառուցելու հարցը։

«Այն ինստիտուտ է լինելու, որը զբաղուելու է ոչ միայն Հայաստանին, այլեւ արտասահմանին վերաբերող ամենատարբեր հարցերով։ Դրա շրջանակում պատրաստելու ենք մեր ճանապարհային քարտէզը, միաւորենք մեր ուժերը Հայաստանի եւ սփիւռքի միջեւ։ Միայն միասնական լինելով կարող ենք երկիրը զարգացնել ու առաջ»,- եզրափակեց Արա Աբրահամեանը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին