Հինգշաբթի, 25. 04. 2024

spot_img

Նիկոլ Փաշինեանը Հայաստանի Երաշխաւորը Չէ․ «Ազատագրական Շարժում»-ը Մեկնարկեց Փաշինեանի Հրաժարականը Պահանջող Ստորագրահաւաքի Իր Նախաձեռնութիւնը

Յատուկ Տեղեկագրութիւն

Քրիսթինա Աղալաեան

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

«Ազատագրական շարժում»-ը փետրուարի 25-ին մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով ստորագրահաւաքի իր նախաձեռնութիւնը։ Եռաբլուր զինուորական պանթէոնից մեկնարկած ստորագրահաւաքը խորհրդանշական է, քանի որ հենց այդ օրն է ծնուել հայ ազատագրական շարժման հերոս, Զօրավար Անդրանիկը (Անդրանիկ Օզանեան)։

«Ազատագրական շարժման» անդամները մինչ ստորագրահաւաքի մեկնարկը տալը, ներկայացրին իրենց յառաջիկայ ծրագիրները, վարչապետի հրաժարականի պահանջի պատճառները եւ այս իշխանութիւնների պատճառով Հայաստանի գլխին կախուած վտանգը։

Շարժման համակարգող խմբի անդամ Արա Զոհրապեանը, խօսելով Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջի մասին, լրագրողների հետ զրոյցում ասաց՝ 2021 թուականի յունիսին տեղի ունեցած ընտրութիւններում ՀՀ քաղաքացիներն իրենց ձայնը տուեցին Փաշինեանին՝ նպատակ ունենալով խուսափել պատերազմից, մտածելով, որ Փաշինեանի կառավարման դէպքում պատերազմ չի լինի։

«Բայց ուղիղ մի քանի ամիս անց այդ վարկածը հոդս ցնդեց, որովհետեւ մենք ունեցանք ռազմական գործողութիւններ, ունեցանք զոհեր, ունեցանք գերիներ։ Մինչ այսօր մեր գերիների չեն վերադարձրել, որը ցոյց է տալիս Ազրպէյճանի արհամարհական վերաբերմունքը։ Բացի դա, մենք տեսնում ենք Ազրպէյճանի ծաւալապաշտական ցանկութիւնները։ Այսքանից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինեանը Հայաստանի երաշխաւորը չէ»,- ասաց Զոհրապեանը։

Նրա խօսքով՝ 2020 թուականի նոյեմբերին Փաշինեանի կողմից ստորագրուած փաստաթղթով փաստացի Արցախի անվտանգութիւնը յանձնուեց Ռուսաստանին՝ անվտանգութեան երաշխաւորի իր կարգավիճակը Հայաստանը յանձնեց Ռուսաստանին։ «Մինչդեռ Նիկոլ Փաշինեանն ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ։ Մենք տեսանք այդ նախադասութեան միայն վերջը։ Հիմա, մենք պէտք է համախմբուենք, հասկանաք, որ Նիկոլ Փաշինեանն անյաջողակ կառավարիչ է։ Նա, Ուքրանիայի նախագահ Վլատիմիր Զելենսկին եւ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշշվիլին նոյն արտադրամասի արտադրանք են։ Մենք պէտք է հասկանանք, որ այս անյաջողակ մարդիկ մեզ չեն կարող տանել յաղթանակի կամ արժանապատուութեան վերականգնման»,- ընդգեց Արա Զոհրապեանը։

Վերջինս կոչ է անում բոլորին առանց քաղաքական տարանջատումների, սեւերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների վերամիաւորուել ու «այս ծանր քարը միասին պոկել գետնից՝ իշխանութեանը հեռացնել եւ նոր իշխանութիւն ձեւաւորել»։

«Ազատագրում շարժման» անդամներից Նաիրի Հոխիկեանն իր խօսքում ասաց, որ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջը ստորագրել հնարաւոր է եւ՛ գրաւոր, եւ՛ էլեկտրոնային տարբերակով՝ Երեւանում եւ բոլոր մարզերում։

 «ՀՀ բոլոր մարզերում, Արցախում մենք լինելու ենք։ Մարդիկ կարող են անձամբ իրենց ստորագրութիւնը դնել հրաժարականի պահանջի տակ։ Էլեկտրոնային տարբերակը հասանելի է մեր Սփիւռքի ներկայացուցիչների համար է։ Մենք կարծում ենք, որ շատ ստորագրութիւն կը հաւաքուի։ Եռաբլուրից ենք սկսում, որովհետեւ նախ այսօր հայ ազատագրական շարժման առաջնորդներից Զօրավար Անդրանիկի ծննդեան օրն է, երկրորդ մենք չենք ուզում, որ Եռաբլուրն այլեւս մեծանայ։ Մենք այսքան զոհեր ու տարածքային կորուստներ չէինք ունենայ, եթէ չլիներ Նիկոլ Փաշինեանի ապազգային դաւաճանական գործարքը թշնամու հետ։ Յանուն այս տղաների, ովքեր այստեղ պառկած են, մենք պարտաւոր ենք վերամիաւորուել՝ առանց կուսակցական շահերի»,- շեշտեց Հոխիկեանը, ապա կոչ անելով բոլոր քաղաքական ուժերին, կուսակցութիւններին, անհատներին միանալ ու այս ճանապարհով գնալ, քանի որ պայքարը ոչ թէ իշխանութեան համար է, այլ՝ հայրենիքի ազատագրութեան։

Լիբանանի «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանը՝ որպէս Սփիւռքի ներկայացուցիչ իր խօսքում կարեւորեց հայ-թուրքական սկսուած բանակցութիւնները, որոնք լուրջ վտանգներ են իրենց մէջ պարունակում։ Նրա համոզմամբ՝ ՀՀ այսօրույ իշխանութիւնները իրաւունք չունեն համայն հայութեան անունից Թուրքիայի հետ բանակցութիւններ իրականացնել ու ինչ-որ զիջումներ անել։ «Իւրաքանչիւր հայի ենթագիտակցութեան մէջ Հայաստան անուանումը միայն Հայաստանի հանրապետութիւնը չէ, այլ՝ Արցախը, Արեւմտեան Հայաստանը, Նախիջեւանը, Ջաւախքը, Կիլիկիան։ Մենք Թուրքիայից հողային պահանջ ունենք։ Առանց նախապայմանների բանակցութիւններ անելը որեւէ մէկի իրաւասութեան սահմաններում չէ։ Այս ստորագրահաւաքը նաեւ նպատակ ունի վերջ դնել առանց նախապայմանների այս բանակցութիւններինն»,- ասաց Սեւակ Յակոբեանը։

Շարժման անդամներից Վահագն Չախալեանը վստահ է՝ եթէ Զօրավար Անդրանիկը կենդանի լիներ, չէր հանդուրժելու այս ամենը եւ ստորագրահաւաքը հենց այսօրը նախաձեռնելն ունի խորհրդանշական իմաստ։ «Ելնելով մեր պարտքի զգացումից մեր մեծերի հանդէպ, որոշեցինք հենց այսօր սկսել մեր ազատագրական պայքարի երկրորդ փուլը։ Միասին գնալու ենք մինչեւ մեր նպատակին հասնելը»,- իր խօսքը եզրափակեց Վահագն Չախալեանը։

Նշենք, որ հենց նոյն պահին Եռաբլուր զինուորական պանթէոնում շատ քաղաքացիներ, այդ թւում 44-օրյա պատերազմում զոհուած զինուորների հարազատներ, պատրաստակամութիւն յայտնեցին ստորագրել Փաշինեանի հրաժարականի պահանջի տակ։

Դարձեալ նշենք, որ ստորագրահաւաք տեղի պիտի ունենայ  Երեւանի Հիւսիսային պողոտայի (Թումանեան փողոցի մօտ հատուածում)  Շաբաթ 26 Փետրուար 2022էն սկսեալ ամէն օր երեկոյեան ժամը 5:00էն 8:00 մէկ շաբաթ տեւողութեամբ, որմէ ետք պիտի շարունակուի Հայաստանի մարզերուն մէջ:

Առցանց ստորագրութեան կապ

Արեւելահայերէն՝

https://www.jotform.com/form/220514077543047

Արեւմտահայերէն՝

https://form.jotform.com/220554548579467

Անգլերէն՝

https://form.jotform.com/220554548579467

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին