Երեքշաբթի, 16. 07. 2024

spot_img

Կինոփառատօններին Գորգ Են Փռում, Երգիծանկարչութեան Փառատօնին՝ Փոս Են Փորում

«Զարթօնք» Հայրենիքի Մէջ – 70 –

Հարցազրոյց. Հայրենի Երգիծանկարիչ Թօթոյի՝ Սուքիաս Թորոսեանի Հետ

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

Հայ երգիծանկարիչ, բեմադրիչ Սուքիաս Թորոսեանը ծնուել է 1959 թուականի սեպտեմբերի 4-ին Երեւանում։ 1962-1991 թուականներին եղել է Սպենդիարեանի անվան օփերային թատրոնի դերասան։ 1983 թուականին աւարտել է Երեւանի գեղարուեստա-թատերական ինստիտուտը։ 1981 թուականին հիմնադրել է «Ոզնիներ» թատրոնը։ 1983 թուականին՝ աշխատել է որպէս Սարդարապատի թանգարանի ցուցադրական բաժնի վարիչ։ 1991-1996 թուականներին եղել է «Ազգ» օրաթերթի երգիծանկարիչը՝ Թօթօ կեղծանուամբ։

Սուքիաս Թորոսեանը 1992 թուականին հիմնադրել է Գաւիթ թատրոնը։ 1992-1996 թուականներին եղել է Հայաստանի Թէքէեան մշակութային միութեան նախագահ, 1996-2000 թուականներին` Առաւօտ օրաթերթի երգիծանկարիչը։ 2003 թուականից Թօթոն հիմնել է Հայաստանի երգիծանկարիչների միութիւնը, հանդիսանում է հիմնադիր նախագահը։

Սուքիասեանը 2005-2012 թուականներին եղել է Կոմիտասի անուան երաժշտանոցի աւագ դասախօս, 2013 թուականից՝ «Արեւավիշապ» միջազգային փառատօն-մրցոյթի հիմնադիր եւ կազմակերպիչ։

Ստորեւ ներկայացնում ենք «Զարթօնք» օրաթերթի հարցազրոյցը հարուստ կենսագրութիւն եւ անցած ճանապարհ ունեցած երգիծանկարիչ Թօթոյի՝ Սուքիաս Թորոսեանի հետ։

– Պարոն Թորոսեան, իհարկէ, Ձեզ հետ զրուցելու բազմաթիւ թեմաներ կան, շատ հարցեր, բայց կը ցանկանայի մեր զրոյցը սկսել քաղաքականութիւնից։ Ձեր հարցազրոյցներից մէկում նշել էք, որ ամբողջ կեանքում յեղափոխական էք եղել։ 2018 թուականի յայտնի իրադարձութիւնները Ձեզ համար յեղափոխութի՞ւն էին, թէ՞․․․

– Նախ պէտք է հասկանալ ի՞նչ ասել է յեղափոխութիւնն։ Եթէ որեւէ մէկը միւսի փոխարէն աթոռի վրայ է նստում ու որեւէ դասակարգային, աշխարհահայեացքային փոփոխութիւն տեղի չի ունենում, հետեւաբար դա պարզապէս աթոռակռիւ է։ Մենք այսօր դրան ենք ականատես լինում։ Խոստումները շատ էին, բայց իրականութեան մէջ որեւէ բան չշահեցինք, հակառակը՝ կորցրեցինք։ Սկսած մշակոյթի ոլորտից, նախարարութեան վերացմամբ, վերջացրած տնտեսական ցուցանիշներով։ Հենց մշակոյթի նախարարութեան օրինակը վերցնենք։ Նոր իշխանաւորները հասկացան, որ որեւէ նոր բան չեն կարող անել ու որոշեցին փակել այն, որպէսզի ազատուեն գլխացաւանքից։ Նոյն Սփիւռքի նախարարութեան մասին կարող եմ ասել։ Սփիւռքը, ես միշտ եմ ասել, մեր ողնաշարն է։ Սփիւռքին օգնելու, աջակցելու առումով եւս անյաջողութիւն տեղի ունեցաւ։ Տնտեսական ոլորտը նոյն վիճակում է։ Երաշխիքներ չկան ներդրումների համար։ Այս շարքը կարելի է ընդլայնել, գիտութիւն, կրթութիւն եւ այլն։ Ես գիտնական ընկերներ ունեմ, որոնք ասում են, որ աշխատում են չնչին աշխատավարձով, որը բաւականացնում է միայն աշխատանքի գնալ գալուն։ Պատմամշակութային արժէքների պահպանման տեսանկիւնից ես ապշած եմ, թէ մենք ինչքան նման արժէքներ կորցրեցինք։ Դրա համար 2018 թուականի դէպքերը ասել յեղափոխութիւն, սխալ է։ Յեղափոխութիւնն իրենից ենթադրում է լուրջ փոփոխութիւններ, նախկին արատաւոր բարքերի վերացում, բայց մենք հիմա դա չենք տեսնում։

– Որպէս երգիծաբան՝ ինչպէ՞ս կը բնութագրէք Հայաստանը 2018-ի իրադարձութիւններից յետոյ։

– Գիտէք ինչ, մենք գնալով աւելի վատ պայմաններում ենք յայտնւում։ Փողոցի մարդը չի կարող գալ ու կառավարել, ով ուզում է լինի։ Ժամանակին կար նման երեւոյթ։ Եթէ ուզում ես կառավարման համակարգի մէջ մտնել, պէտք է ինչ-որ դպրոց անցնես, սկզբից ցածր պաշտօններ զբաղեցնես, յաջողելու դէպքում՝ աւելի բարձրանաս։ Ինձ տարիներ առաջ Երեւանի քաղաքապետարանում առաջարկել են մշակոյթի բաժնի վարիչ։ Ես հրաժարուեցի, քանի որ այդ ոլորտից անտեղեակ եմ։ Ինձ ասեցին՝ դու գիտես մենք ենք տեղեակ, կը գաս կը ծանօթանաս։ Ու ես հասկացայ, որ պատահական մարդիկ յայտնւում են տարբեր պաշտօնների։ Քատրային քաղաքականութիւնը տանում են նրան, որ փողոցից մեկին բերում նշանակում են որեւէ պաշտօնում ասելով՝ «մեր մարդն է»։ Հա էլի ձեր մարդը լինի, բայց նա արդեօ՞ք Հայաստանի մարդն է, ինքը այդ ոլորտի մասնագէ՞տն է, թէ՞ ոչ։ Այսինքն ստացւում է՝ մեզ մասնագէտներ պէտք չեն, մեզ պէտք են ծանօթ բարեկամներ, որոնց կը տեղաւորենք աշխատանքի։ Դա 90-ականներից է սկսուել։

– Պարոն Թորոսեան, 90-ականներից մինչ այսօր արժեհամակարգային ի՞նչ փոփոխութիւններ էք տեսնում։

– Դրական փոփոխութիւն պէտք է լիներ։ Ամեն ինչից անկախ։ Ցանկացած երկիր 30 տարուայ մէջ դրական փոփոխութիւններ պէտք է ունենայ։ Մեզ մօտ այն ինչ կար, կամաց-կամաց վերացուեց։ Չկարողանալով կառավարել, տարիների ընթացքում երկրում գործող բոլոր գործարանները փակուեցին, գոյքերը վաճառուեցին։ Դա նշանակում է, որ մենք թոյլ ենք, մենք չենք կարողանում կառավարել, բայց դա չի նշանակում, որ այդ գործարանները վատն էին։ Յետագայում սկսեցին իբր գործարաններ բացելու տպաւորութիւն ստեղծել։ Բայց կարելի էր աւելի ճիշտ քաղաքականութիւն մշակել ու որոշ արտադրութիւնների ուղղութիւններ փոխել։ Ես յիշում եմ՝ այն ժամանակ տարբերակ կար զէնք արտադրելու, բայց մեզ թոյլ չտուեցին։ Այդ ժամանակ ես ուզեցի հասկանալ՝ ո՞վ թոյլ չի տալիս, չէ որ մենք անկախ պետութիւն էինք, ո՞վ կարող էր մեզ արգելել։ Էլ ինչ յեղափոխութեան մասին կարող է առհասարակ խօսք լինել։ Հիմա մենք հասել ենք քաղաքական, տնտեսական ու մշակութային փակուղու առաջ, որ ստիպուած ենք կրկնօրինակել մեզանից վատ վիճակում գտնուող երկրների օրինակները։ Ես չգիտեմ՝ մեզ ինչը կը փրկի։ Երեւի ամեն մէկս մեր մէջ պէտք է յեղափոխութիւն անենք։ Այսպէս երկիր կառուցելը բերում է նրան, ինչ այսօր ունենք։

– Գալով քաղաքականութիւնն ու արուեստին, կասէ՞ք ինչպէս են այս երկու ոլորտները փոխկապակցուած իրար։

– Ասեմ։ Նոյնիսկ ռազմական մեծ յաջողութիւններն անպայման ամրագրւում են մշակոյթով։ Մենք ունեցել ենք մշակոյթ, բայց դա լաւ ուսումնասիրուած չէ։ Մատենադարանում հազարաւոր գրքեր կան, որոնք տարիներով չեն բացւում։ Մենք մի քանի հազար տարուայ պատմութիւն ունենք, որը չի թարմացւում, չի ուսումնասիրւում։

– Եկէք խօսենք երգիծանքի ժանրի մասին, որի զարգացման գործում դուք ձեր անուրանալի ներդրումն ունեցել էք եւ ունէք։ Ժանրը ի՞նչ զարգացում է ունեցել Հայաստանում, շատ դէպքերում մարդիկ երգիծանքն ու ծաղրը դիտում են նոյն հարթութեան մէջ եւ չեն հասկանում ծաղրի ու երգիծանքի տարբերութիւնը։

– Մի հետաքրքիր բան կայ: Երկրի համար ամենադժուար պահերին երգիծանքը սկսուել է աւելի շատ տարածուել։ Պատահական չէ, որ 1914, 15, 20 թուականներին բաւականին շատ երգիծանկարներ էին անում։ Նման գործերի առատութիւն կար։ Սովետական կարգերի հաստատումից յետոյ երգիծանքը մի քիչ ուրիշ ուղղութեամբ գնաց ու դարձաւ ծաղրանկար։ Երգիծանքը մի քանի շերտ ունի, իսկ ծաղրը յստակ է։ Բոլշեւիկները ծաղրում էին կապիտալիստներին, յետոյ Հիլերին, այսինքն՝ այն սկսեց միակողմանի դառնալ։ Այն ժամանակ երբ ինչ-որ մեկին ծաղրանկար էիր անում, վերջ, այդ մարդը կարող էր հրաժարուել իր գործից ու ամեն ինչից։ Շատ խիստ էր։ 80-ականների վերջում 90-ականների սկզբում ես յիշում եմ մշակութային որոշակի շերտ ստեղծուեց երգիծանքի ժանրում։ Բայց այդ ժամանակ գրաքննութիւնը շատ խիստ էր։ Ես յիշում եմ՝ «Ազգ» օրաթերթի խմբագրի հետ հանդիպման ժամանակ, երբ ինձ ասեց ինչ ուզում ես նկարի, սահմանափակում չկայ, ես զարմացայ եւ վախեցայ։ Հիւմըրն էլ պէտք է ունենայ իր սահմանը եւ չվերածուի վիրաւորանքի։ Երգիծանկարչութիւնը ազատ մտքի թթուածինն է, ինչից մարդ կարող է ոգեւորուել, բայց այն երբեք չպէտք է անցնի վիրաւորելուն։

– Քաղաքական երգիծանկարչութիւնը ինչպէ՞ս է ընդունւում գործիչների մօտ։ Շա՞տ են նեղանում Ձեզանից։

– Իհարկէ նեղանում են։ Ասեմ, որ առաջին նախագահի գլուխը միշտ ուղղանկիւն էի նկարում, ունքերը Մասիս սարի նման, մի աչքը նայում էր դէպի այս կողմ, միւսը՝ այն։ Պատկերացրէք, որ Լեւոն Տէր Պետրոսեանը ամենահանգիստն էր ընդունում։ Վանօ Սիրադեղեանը եւս նորմալ էր նայում երգիծանկարներին։ Իսկ այ Վազգէն Սարգսեանը չէր ընդունում։ Բաբգէն Արարքցեանն այն մարդն էր, ով ամենացաւոտն էր ընդունում իմ երգիծանկարները։ Ընդհուպ՝ մինչեւ երկու անգամ ոստիկաններով ցուցահանդէս փակեցին, նոյնիսկ չբացուեց ցուցահանդէսը։

– Գործունէութեան ընթացքում եղե՞լ են դէպքեր, երբ Ձեզ դատի են տուել երգիծանկարների պատճառով։

– Այո, եղել են։ «Առաւօտ» թերթում աշխատելու տարիներին մի դատաւորի էի նկարել, ով սպառնաց դատի տալ։ Այդ ժամանակ էլ մամուլի օրէնքներով կա՛մ պէտք է հերքում հրապարակել, կա՛մ ներողութիւն խնդրել։ Որոշեցի հերքում հրապարակել։ Պատկերացրէք, հերքող երգիծանկարն աւելի ծիծաղելու էր ստացուել, քան առաջինը։ Սովորաբար այդպէս է լինում։ Հա, ի դէպ՝  այդ երկրորդ երգիծանկարը Պելճիքայի առաջին տեղը գրաւեց։

– Դուք Հայաստանի երգիծանկարիչների միութեան ղեկավարն էք։ Ինչո՞վ է զբաղւում միութիւնը։

– 2003 թուականին պաշտօնապէս բացուեց մեր միութիւնը։ Մենք կազմակերպում ենք ցուցահանդէսներ, սակայն սովորաբար մեզ դահլիճներ չեն տրամադրում, փողոցում ենք ցուցադրում։ Օրինակ, «Արեւավիշապ» փառատօնի ժամանակ խնդրել էինք քաղաքապետարանին մեզ ինչ-որ հարցով աջակցել։ Բայց ի զարմանս մեզ, նրանք հենց փառատօնի օրը քանդեցին «Մոսկուա» կինոթատրոնի դիմացի հատուածը եւ մեծ փոս փորեցին։ Փառատօնի մասնակից 65 երկրի ներկայացուցիչները չկարողացան գտնել մեր ասած հասցէն, քանի որ այդ հատուածում մեծ փոս էր փորուած։ Յետոյ կատակեցի, ասելով, կինոփառատօններին գորգ են փռում, երգիծանկարչութեան փառատօնին՝ փոս են փորում։ Իհարկէ, փառատօնի բացումը եղաւ բարձր մակարդակով, եւ՛ նախարարութիւնից էին եկել, եւ՛ տարբեր տեղերից հրաւիրուած հիւրեր կային։

– Շնորհակալ եմ, պարոն Թորոսեան հետաքրքիր զրոյցի համար։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին