ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ
18 Փետրուար 2022-ին, մեր թերթին պաշտօնակից՝ ԱԶԳ օրաթերթի կայքէջին վրայ կարդացի, գործընկեր՝ ընկ. Յակոբ Աւետիքեանի «Օրերի հետ» ընդհանուր խորագրի տակ տեղադրուած «Ոստիկանապետութիւն է ստեղծւում» խորագրով յօդուածը (կից սիւնակով ամբողջութեամբ կ՛արտատպենք):
Հայաստանի մէջ վերջերս առկայ, շատ վտանգաւոր երեւոյթի մը ակնարկող, տեղին ու արդարացի յօդուածը իմ մօտ անհանգիստ մտորումներու տեղի տուաւ: Յօդուածին արծարծած նիւթը ինծի յիշեցուց, Լիբանանի՝ իր ձեւին մէջ քաղաքացիական, սակայն խորքին մէջ ոստիկանապետական բնոյթ ունեցող իշխանութեան օրերը (2000-ական թուականներու սկիզբին): Լիբանանի համար այսօրուայ դժուար օրերէն աւելի եւս սեւ եւ տխուր այդ ժամանակաշրջանին՝ Լիբանանի արաբատառ մեր պաշտօնակից «Ան Նահար» օրաթերթը 16 Մարտ 2001-ի իր թիւով հրատարակեց, այժմ նահատակ գործընկեր՝ Սամիր Քասիրի «Աասքար Աալա Միին» խորագրով յօդուածը, որուն մէջ ան շատ սուր կերպով կը քննադատէր օրուայ իշխանութեան ոստիկանական վարքագիծը (Ի դէպ Սամիր Քասիր թիրախաւորուեցաւ եւ զոհուեցաւ քստմնելի ոճիրի մը հետեւանքով: Արդարեւ, 5 Յունիս 2005-ին իր ականուած ինքնաշարժը պայթեցաւ, խլելով ծանօթ հրապարակագրին կեանքը, իր յանդուգն կեցուածքներուն եւ իր գրիչին արտադրած նմանօրինակ յօդուածներուն պատճառով):
Այստեղ, արաբերենէն թարգմանաբար ընթերցողին տրամադրութեան տակ կը դնեմ հատուածներ Քասիրի յօդուածէն, որոնք հարիւր տոկոսով չհամընկնելով հանդերձ Հայաստանի այսօրուայ իրավիճակին հետ, համեմատական զուգահեռ մը ունին ստեղծուելիք ոստիկանապետութեան համակարգին հետ, որ կը յուշէ Աւետիքեան: Այս անդրադարձը նաեւ փորձ մըն է գալիքէն զգուշացնելու առ որ անկ է: Սա կը մատնանշէ նաեւ, պատմական թիւրիմացութեան մը արդիւնքով մեր Հայրենիքին գլխուն եկած կործանարար փոփիւլիզմի մը հերոսին ամէն գնով իրավիճակին վրայ վերահսկողութիւնը պահելու հաւանական աղիտալի փորձին վերջին արարին՝ ամբողջ թշուառութեանը:
Տեսարան Մայտանից. Ռազմական անցակէտ համալսարանից 100 մեթր հեռաւորութեան վրայ, սրճարանի դիմաց, որտեղ ուսանողները յաճախում են իրենց ազատ ժամերին: Իւրաքանչիւր ոք, ով անցնում է, ենթակայ է ստուգման, բացառութեամբ այն պարագաներին, երբ նրանց «աջակցում» է համակարգը։ Երիտասարդը նման է ծերունու, կանայք՝ տղամարդկանց, հետիոտները՝ մեքենաների։
Ինքը՝ երիտասարդ սպան, զգօնութեան մէջ է, ինքը՝ իր առաքելութեան վտանգով լի, առգրաւում է Լիբանանի դրօշը, եթէ դրօշը բաց թողնուի եւ յայտնուի իր պաշտպանի տեսադաշտում, ուստի սպառնում է. նրանց, ովքեր յաճախ են երթեւեկում համալսարանի եւ սրճարանի միջեւ:
Երիտասարդ սպան չի սիրում երիտասարդներին, եւ որոնումը իբր թէ «բանակային տետրերի» մասին է, կարող է նրանցից մէկը խուսափել է զօրակոչից, քանի որ հարաւին (Լիբանանի հարաւը Իսրայէլի հետ առճակատման տարածք – խմբ.) անհրաժեշտ են բոլոր ուժերը։
Փրոֆեսորն իր ուսանողներից մէկի հետ դուրս է գալիս սրճարանից։ Երիտասարդ սպան երիտասարդ քաղաքացուն կանչում է. Փրոֆեսորը միջամտում է. «Ան իմ ուսանողներից մէկն է», – ասում է: «Սա իմ քաղաքացին է», – պատասխանեց երիտասարդ սպան, ապա նախ փրոֆեսորին հրեց եւ սկսեց փնտռել «Քաղաքացիական իրաւունք» դասագիրքին մէջ, որ ուսանողին ձեռին էր: Ի՞նչ է փնտռում նա այդ դասագիրքին մէջ… համենայնդէպս ինչո՞ւ է զարմանալի, քանի դեռ երիտասարդ սպան ժողովրդին տեսնում է որպէս «իր» քաղաքացին՝ մոռանալով, որ իր գոյութեան հիմնաւորումն այն է, որ ինքը քաղաքացիինն է, երկրին ինքնիշխանութեան պահպանման գործիքն է, եւ դրա միակ աղբիւրը ժողովուրդն է։
Ոստիկան ո՞ւմ համար: Քաղաքացիների վրա՞յ:
Իհարկէ, խնդիրը երիտասարդ սպայի պահուածքը չէ։ Խնդիրը նրա մէջ է, ով իր գլուխը լցնում է, որ նա նմանուի ցանկացած անբաղձալի ճնշող զինուորի, ինքնամփոփ, ինքն իրեն «հասարակ ժողովրդից» աւելի բարձր է համարում։
Տեսարան էկրանի հետեւից. զինուորական զօրանոց հեռուստատեսային հաստատութիւնում: Կամ հեռուստատեսային հաստատութիւն զինուորական զօրանոցում։ Ռազմական դրութիւն յանկարծակի՝ առանց նախնական յայտարարութեան կամ օրինական իշխանութեան որոշման: Կամայական կալանք՝ առանց դատարանի որոշման:
Այն, ինչ տեղի ունեցաւ «Լիբանանեան հեռարձակման գորփորացիա»-ում (Լիբանանի մէջ գործող ոչ-պետական հեռուստակայան – խմբ.) , նոյնիսկ աւելի վտանգաւոր է, քան Պէյրութը պատերազմական ճամբարի վերածելու որոշումը, խեղաթիւրելով քաղաքացիական խաղաղութեան եւ Լիբանանի հեղինակութիւնը եւ խեղդելու (հեռուստակայանի) ներդրողներին, ինչպէս նաեւ քաղաքացիներին:
Դա աւելի քան վտանգաւոր է, քանի որ դա ոչ միայն իշխանութիւնը չարաշահելու, այլ անձնական շահերի համար օգտագործելու բացայայտ օրինակ է։ Ի վերջոյ, վէճը մասնաւոր ընկերութեան բաժնետէրերի միջեւ է, եւ կարեւոր չէ, գոնէ այս ոլորտում, նրանցից ոմանք այդ գործին հետ կապ ունե՞ն, թէ՞ ինչպէս են նրանք ստացել բաժնետէրերի կարգավիճակ եւ լիազօրութիւններ։
Վէճ բաժնետէրերի միջեւ, դատական իշխանութիւնն ասաց իր խօսքը, ուստի ոստիկանութիւնը անհիմն միջամտում է դրան, իսկ լրագրողների ձերբակալութիւնը վերածւում է պատանդառութեան, մինչեւ սկսուեն նրանց ազատ արձակման բանակցութիւնները, եւ յանկարծ յայտնուի ուրուականը՝ Մասնաւոր անվտանգութեան ընկերութեան տնօրէնը «Լիբանան-սիրիական համախմբութիւն եւ առանձնայատուկ յարաբերութիւններ» (անսահմանափակ ընկերութիւն՝ առանց պատասխանատւութեան):
Ո՞վ է երաշխաւորում, որ այն, ինչ տեղի ունեցաւ «Լիբանանեան հեռարձակման գորփորացիայի» հետ, վաղը չի կրկնուի ուրիշների հետ, որեւէ պատրուակով: Ո՞վ կարող է երաշխաւորել, որ ոստիկանների լիազօրութիւնների չարաշահումը չի հանգեցնի նրան, որ վաղը ինչ-որ մէկը հարցնի՝ ո՞ւմ համար է ոստիկանը…:
Այսքան: Անցնինք:
Սարսափազդու է Աւետիքեանի յօդուածին վերջաբանը՝ «Մեր աչքի առաջ ստեղծւում է ոստիկանապետութիւն: Աշխարհում ոչ մի երկիր ու ոչ մի իշխանութիւն չի շահել դրանից: Ընդհակառակն»:
Յ՜ո երթաս (Quo Vadis) Հայաստան:
Հետեւեալը վերոյիշեալին տուն տուած յօդուածին արտատպումն է պաշտօնակից ԱԶԳ-էն:
Ոստիկանապետութիւն է Ստեղծւում
Նկատե՞լ էք, որքա՜ն են շատացել ոստիկանական մեքենաները, շատացել են նաեւ իրենք՝ ոստիկանները: Յատկապէս գիշերը, երբ աւելի յստակ ու ճնշիչ են դառնում նրանց մեքենաների կարմիր-կապոյտ ազդանշան-լոյսերը: Գրեթէ բոլոր փողոցների բերան կանգնած են նրանք, մինչ մայրուղիների վրայ միանգամից ոստիկանական մի քանի մեքենայ սուրում են ներքեւից վերեւ ու վերեւից ներքեւ: Ի՞նչ են անում, ո՞ւր են գնում, ո՞ւմ են հսկում, ինչո՞ւ են հսկում: Հսկո՞ւմ են, թէ՞ վախեցնում:
Երեւի պետական անհպելի գաղտնիք է. գոնէ ինձ չյաջողուեց պարզել, թէ մեր ազգային, հարազատ ոստիկանութեան ծառայողական մեքենաների թիւը քանի՞սն է, չհաշուած այն միւսներինը, որոնք քաղաքացիական «հանդերձանքով» են եւ աննկատելի: Վերջին 3 տարիներին քանի՞ հատով է աւելացել դրանց թիւը: Վառելիք, պահեստամասեր, նուազագոյն աշխատավարձը 5-6 անգամ գերազանցող վարձատրութիւն, իսկ սպայակազմին՝ պարգեւավճարներ նաեւ: Պետպիւտճէի ո՞ր տոկոսով եւ որքանո՞վ են հայթայթւում այդ հսկայական գումարները, այն էլ մեր քյասիբ (ժողովրդային լեզուով՝ աղքատ, չքաւոր ունեզուրկ – խմբ.) երկրում, որը բաւարար փող չունի գիտութիւնը զարգացնելու, մշակոյթը ծաղկեցնելու, կրթութիւնը արդիականացնելու, արդիւնաբերութիւնն ու գիւղատնտեսութիւնը կարգի բերելու, հաշմանդամ զինուորներին կարգին բուժելու, զոհուած տղաների ընտանիքներին սոցիալական (ընկերային -խմբ.) օգնութիւն տրամադրելու, պատերազմի հետեւանքով բռնագաղթի ենթարկուածներին պատսպարելու, կերակրելու, աշխատատեղեր ստեղծելու:
Իրօք, ինչպէ՞ս է հայթայթւում ենթադրաբար թրիլիոնների հասնող այդ գումարը, ինչո՞ւ է մսխւում՝ աննպատակ, հումպետս:
Ու կարծես գտնուեց վերեւի հարցադրումների պատասխանը. ճանապարհային ոստիկանութեան կողմից արձանագրուող ու մեր՝ տասնեակ հազարաւորներիս գրպանից վճարուող տուգանքները, որոնք հասնում են աստղաբաշխական թուերի, քիչ-քիչ մուծուող, շատ-շատ կուտակուող եւ է՛լ աւելի շատ մսխվող:
Վերջին մէկ ամսում երեք անգամ տուգանուեցի, երկուսը՝ աւտոմեքենան (ինքնաշարժը – խմբ.) սխալ տեղ կայանելու,- ճիշտ քարշակի նշանի տակ, Բուզանդի փողոցի ձախ մայթին,- իսկ երրորդը՝ ծառի ճիւղերի արանքից թարթող կանաչ խաչը լուսացոյցի հետ շփոթելով ժամանակից շուտ տեղից շարժուելու պատճառով:
Բնականաբար, ինչպէս ասում են՝ անյապաղ ստացայ համապատասխան ծանուցագիրը, որի վերջին՝ «Որոշեցի» ենթավերնագրի տակ արձանագրուած էր՝ 5000 դրամ, իսկ որոշողը՝ Սարգսեան ազգանունով մէկը (արդեն մեր ոստիկանների մեծ մասը Սարգսեան է), որը շա՜տ հոգատար յիշեցնում էր, որ իր որոշումը կարող եմ բողոքարկել: Անշուշտ կարեւորութիւն չտուեցի նրա յուշարարութեանը եւ սուսիկ-փուսիկ վճարեցի տուգանքները: Երեքից երկուսի դէպքում ե՛ս էի մեղաւորը, իսկ երրորդի համար՝ «օրէնքով» ոչ ոք: Միաժամանակ 1,5 տոկոսով կորցրեցի վարորդական հեղինակութիւնս: Միակ սփոփանքս այդ պահին մնաց այն, որ պետական մեր պիւտճէն ենք լցնում: Բայց միայն այդ պահին: Իսկ յետոյ, ինչպէս ասում են ամերիկացիները, առաջ եկաւ երկրորդ միտքը (second thought). պիւտճէ ենք լցնո՞ւմ, որ ի՞նչ անեն: Ճանապարհնե՞րն են բարեկարգում, յատկապէս խաչմերուկներում լուսաւորութի՞ւնն են ուժեղացնում, գծանշումնե՞րն են ժամանակին կատարում, բազմայարկ կամ ստորերկրեայ վճարովի կայանատեղինե՞ր են կառուցում, յատկապէս մայրաքաղաքի կեդրոնական հատուածում, որտեղ հիւրանոցներն անգամ չունեն կայանատեղի: Թէ՞…
Վերեւում ասուեց արդեն. տուգանքները, որոնք շահումով խաղերից յետոյ պետպիւտճէն լցնող կարեւորագոյն մուտքերն են ապահովում, գնում են ուռճացուած քանակութեամբ ոստիկանութիւն պահելու սին նպատակին: Իսկապէս անիմաստ մսխում՝ յատկապէս եթէ նկատի ունենանք երկրում տարուետարի յանցագործութիւնների եւ օրինազանցումների թուի կրկնապատկումը, ըստ պաշտօնական տուեալների: Մսխում՝ այն ոստիկանութեան վրայ, որը չի կարողանում նոյնիսկ մի «կարգին» ձերբակալում կատարել, եթէ 1-ի դէմ 5 յարաբերութեամբ, բառի իսկական առումով, չյարձակուի օրինազանց կամ անմեղ մարդկանց վրայ, դեռ չխօսելով ձեռնաշղթայ անցկացնելու բա՜րդ գործողութեան մասին, որը իրականացւում է միայն տուեալ անձին ասֆալտին փռելով, մի քանի հոգով վրան նստելով, ոտքերն ու ձեռքերը անշարժացնելով: Բա ո՞ւր մնացին ոստիկանական մարզումները, փրոֆեսիոնալիզմը: Ա՛յ թէ որտե՛ղ պէտք էր գումար ծախսուեր:
Իշխանութեանը թւում է, որ միայն մարդաշատ ու մեքենաշատ ոստիկանական ուժերով է կարելի անվտանգութիւն, ի՛ր անվտանգութիւնը ապահովել: Այլապէս՝ գործող վարչապետը այդպիսի հրճուանքով վերջերս չէր յայտարարի, թէ ուսուցիչները մեծ քանակութեամբ եւ հաճոյքով են լքում իրենց ասպարէզը եւ որպէս պարեկ ընդգրկւում ոստիկանութեան մէջ: (նրանց աշխատավարձերի միջեւ տարբերութիւնը հասնում է 200 հազար դրամի, անշուշտ յօգուտ նախկին ուսուցիչների): Դա ողբերգութիւն է մեր երկրի ու ժողովրդի համար, մեր պետութեան ապագայի համար:
Մեր աչքի առաջ ստեղծւում է ոստիկանապետութիւն: Աշխարհում ոչ մի երկիր ու ոչ մի իշխանութիւն չի շահել դրանից: Ընդհակառակն: