Հինգշաբթի, 25. 04. 2024

spot_img

«Զարթօնք» Հայրենիքի Մէջ – 69 –

Հայաստանի Փրկութիւնը Համախմբման Մէջ Է․ «Ազատագրական Շարժումը»

Յայտարարեց Իր Ռազմավարութիւնը

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

2021 թուականի դեկտեմբերի 28-ին Երեւանի Imperium Plaza կենտրոնում տեղի ունեցաւ «Ազատագրական շարժման» մամուլի ասուլիսը, որի ընթացքում շարժման ներկայացուցիչներ՝ Արա Զոհրապեանը, Նայիրի Հոխիկեանը, Վազգէն Պետրոսեանը եւ Սեւակ Յակոբեանը ներկայացրին Շարժման ռազմավարութիւնը,  նպատակները եւ դրան հասնելու ճանապարհային քարտէզը։

Բացման խօսքում Շարժման ներկայացուցիչ Նայիրի Հոխիկեանը նշեց՝ իրենց շարժման գաղափարախօսութիւնը հետեւեալն է՝ տարածաշրջանում իրական խաղաղութեան հաստատման նախապայմանը հզօր եւ ինքնիշխան պետութիւն ունենալն է, հարեւան պետութիւնների հետ գոյակցելն է՝ զաւթման բացառման, պատմական արդարութեան պահպանման եւ փոխադարձ յարգանքի սկզբունքներով: Խօսելով Հայաստանի արտաքին սպառնալիքների մասին, Հոխիկեանը շեշտեց՝ առաջին հերթին  չի կարելի թոյլ տալ, որ Ազրպէյճանի հետ ստորագրուի սահմանագծման եւ սահմանազատման հակահայկական փաստաթուղթ։

«Այս գործընթացում, Հայաստանի ներկայ իշխանութիւնների գլխաւորութեամբ, սահմանազատման եւ սահմանագծման իրականացման վտանգը կայանում է նրանում, որ Ազրպէյճանի հետ պետական սահմանի վերաբերեալ ստորագրուելիք փաստաթղթով Հայաստանը պետական մակարդակով կարող է հրաժարուել հայկական տարածքներից, այդ թւում ՝ Նախիջեւանից եւ Արցախից, ներառեալ՝ Քարվաճառը, Քաշաթաղը, Սանասարը, Կովսականը։ Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ երբեք չի եղել միջազգայնօրէն ճանաչուած պետական սահման, իսկ Արցախը եւ Նախիջեւանը 1918-1920թթ. միջազգայնօրէն ճանաչուած քարտէզներով համարւում են Հայաստանի տարածքներ, ոչ թէ՝ Ազրպէյճանի։ Հետագայում ՝ 1921թ. Խորհրդային իշխանութիւնների ապօրինի եւ անարդար որոշումներով Ազրպէյճանին յանձնուած՝ ինքնավար մարզի կարգավիճակով Արցախն ու Նախիջեւանը միջազգային ոչ մի նորմով չեն համարւում Ազրպէյճանի տարածք, իսկ 1991թ. Ազրպէյճանի անկախութեան հռչակագրով Ազրպէյճանը յայտարարել է 1918թ. սահմաններով անկախութեան հռչակման մասին եւ չի ընդունել Խորհրդային Ազրպէյճանի իրաւայաջորդութիւնը»,- կարեւորագոյն փաստերի վրայ ուշադրութիւն հրաւիրեց Հոխիկեանը։

Նրա խօսքով՝  Հայաստանի, Ռուսաստանի Դաշնութեան եւ Ազրպէյճանի միջեւ 2021 թուականի նոյեմբերի 9-ին ստորագրուած յայտարարութեամբ սահմանուած պայմանաւորուածութիւնները բազմիցս խախտուել են ի վնաս Հայաստանի:  «Մասնաւորապէս, յայտարարութեան 1-ին կէտով սահմանուած իւրաքանչիւրի՝ իր զբաղեցրած դիրքում մնալու պայմանաւորուածութիւնը Ազրպէյճանը բազմիցս խախտել է, հրահրել է ռազմական բախումներ, ունեցել ենք զոհեր ու ռազմագերիներ: Չի կատարուել նաեւ ռազմագերիներին եւ պատանդներին վերադարձնելու Ազրպէյճանի պարտականութիւնը»,- նշեց բանախօսը։

Յաջորդ կարեւոր կէտը, որին ուշադրութիւն հրաւիրեց Հոխիկեանը, Ազրպէյճանին Սիւնիքի մարզով միջանցք կամ ինչպէս իշխանութիւններն են յայտարարում ճանապարհ տրամադրելու հարցն է, որն, ըստ էութեան, հետագայում վերահսկուելու է երրորդ երկրի զինուած ուժերի կողմից, իսկ այդ երրորդ երկիրը կարող է Թուրքիան լինել։

«Այս պարագայում փաստացի Հայաստանը զրկուելու է իր ինքնիշխան տարածքի մի մասից, ինչն անթոյլատրելի է եւ խիստ վտանգաւոր։ Հայաստանը կարճ ժամանակում կորցնելու է Սիւնիքի ամբողջ մարզի նկատմամբ վերահսկողութիւնը, դրանից բխող հետեւանքներով հանդերձ»,- մտահոգութիւն յայտնեց Շարժման ներկայացուցիչը։

Հոխիկեանի պնդմամբ՝ չի կարելի խօսել ու քննարկել ճանապարհների բացման կամ ապաշրջափակման հարցը, եթէ կայ Արցախի ինքնորոշման խնդիրն ու արցախցիների անվտանգութիւնը կասկածի տակ դնող հանգամանքները։ «Ազրպէյճանում պահւում եւ տանջանքների են ենթարկւում մեծ թուով հայ ռազմագերիներ եւ պատանդներ, Ազրպէյճանը չի կատարում իր ստանձնած պարտաւորութիւնները՝ կրակում է Արցախի եւ ՀՀ խաղաղ բնակչութեան վրայ, ահաբեկում է Շուշիի մօտով անցնող ճանապարհով երթեւեկող հայերին, Հայաստանի եւ հայերի նկատմամբ պետական մակարդակով ատելութեան շարունակական քարոզչութիւն է իրականացնում իր բնակչութեան շրջանում: Այս պայմաններում, հնարաւոր չէ Ազրպէյճանի հետ քննարկել խաղաղ զարգացման ժամանակաշրջանի հարց»,- ասաց նա, յաւելելով՝ հնարաւոր չէ միակողմանի խաղաղութիւն քարոզել եւ իրականացնել, ինչպէս դա անում է Նիկոլ Փաշինեանը, այն պարագայում, երբ, այսպէս կոչուած, հարեւանը հայատեաց քաղաքականութիւն է իրականացնում։

Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման եւ ճանապարհների բացման ու շահագործման հարցը, որն այսօր Հայաստանը առաջ է տանում, չի կարող իրականացուել, քանի դեռ Թուրքիան պաշտպանում է Ազրպէյճանի յարձակողական քաղաքականութիւնն ընդդէմ Հայաստանի, քանի դեռ ժխտում է Հայոց Ցեղասպանութեան փաստը եւ շարունակում է հետապնդել թուրքական ծաւալապաշտական քաղաքականութիւնը։

Այս հարցի մասին առաւել հանգամանալից անդրադարձաւ Շարժման ներկայացուցիչ, Սեւակ Յակոբեանը։

Նա յիշեցրեց, որ այդ գործընթացում արդեն իսկ նշանակուած է բանագնաց, ով սակայն, Շարժման անդամների կարծիքով, չունի այն դիւանագիտական ունակութիւնները, պատրաստութիւնն ու փորձը նման բանակցութիւնների մէջ մտնելու:  

«Այստեղ շատ պարզ իրավիճակ է։ Ներկայ իշխանութիւնները չունեն Սփիւռքի մանդատը նման բանակցութիւնների մէջ մտնելու թշնամու հետ, որի եաթաղանից մազապուրծ է եղել արեւմտահայութիւնը, որուն բեկորներով կազմուել է սփիւռքը։ Եթէ այսօր Սփիւռք կայ, դրա պատճառը Թուրքիան է։ Հետեւաբար հնարաւոր չէ առանց նախապայմանների այս մարդկանց հետ բանակցութիւնների գնալ»,- նշեց Սեւակ Յակոբեանը։ Նրա խօսքով՝ հնարաւոր չէ վստահել Թուրքիայի նման պետութեան, որը հակառակ փաստերին ու Սփիւռքի գոյութեանը, ժխտում է Հայոց Ցեղասպանութիւնը եւ կեղծում պատմութիւնը։

«Թրքական պետութիւնը 1915-1923 թուականներին չէ միայն կազմակերպել ցեղասպանութիւն։ Ցեղասպանութիւնն մինչ այսօր առկայ է Ամերիկայից մինչեւ Արցախ, անցնելով Մերձաւոր արեւելքով։ Մեր ժողովուրդն ամեն օր ինչ-որ գին է վճարում Սփիւռքում ապրելու։ Օրինակ, եթէ Սիրիայի բանակում հայ զինուոր է զոհւում, դա ուղղակի կամ անուղղակի կապ ունի Թուրքիայի հետ, որովհետեւ այդ մարդիկ այնտեղ չպէտք է յայտնուէին, եթէ Ցեղասպանութիւնը տեղի չունենար ու հայերն աշխարհով մէկ սփռուած չլինէին։ Թուրքիան պատասխանատու է 1․5 միլիոն հայերի ապրելու մարդկային իրաւունքը խլելու համար»,- իր խօսքում ասաց բանախօսը, յաւելելով՝ անհեթեթ է ու դաւաճանութիւն է առանց նախապայմանների այս մարդկանց հետ բանակցութիւնների գնալը։

Յակոբեանը շեշտեց՝ հայկական Սփիւռքը այս հարցում պահանջատէր է ու Թուրքիան պարտաւոր է հատուցել։ «Ազատագրական շարժումը հաւատում է այս գաղափարին ու այս հանգամանքը եւս ներգրաւուած է մեր աշխատանքներում»,- իր խօսքը եզրափակեց Սեւակ Յակոբեանը։

Հայաստանի ներքին վտանգների մասով  խօսեց Շարժման ներկայացուցիչ Վազգէն Պետրոսեանը։ Նա իր խօսքի սկզբում նշեց՝ չի կարելի պարտուած իշխանութիւններին թոյլ տալ ներկայացնել Հայաստանի շահերը։ «Հայաստանի կառավարութիւնը եւ նախագահն առնուազն վերջին 3 տարուայ ընթացքում պատշաճ կերպով չեն կատարել իրենց պարտականութիւնները, իսկ 2020թ. պատերազմի ժամանակ ձախողուել են բոլոր ոլորտներում: Պատերազմից յետոյ Հայաստանը տանում են ոչ թէ վերակառուցման եւ ժողովրդավարական ազգային պետութեան, այլ բռնատիրական ռեժիմի հաստատման ճանապարհով»,- այս հարցում Շարժման տեսակէտը ներկայացրեց Վազգէն Պետրոսեանը։

Նա ուշադրութիւն հրաւիրեց այն փաստի վրայ, որ 44-օրեայ պատերազմից յետոյ Նիկոլ Փաշինեանը ոչ մի անգամ չի այցելել Արցախ, դրա հետ մէկտեղ Ազգային ժողովի ամբիոնից խոստովանել է, որ 2020թ. դեկտեմբերին Սիւնիքում զօրքերը հետ քաշուելու հրամանն ինքն է տուել․ «Նոյն ամբիոնից նա նաեւ յայտարարել է, որ 2016 թուականից յետոյ տեսականօրէն եւ գործնականօրէն բացառուել է Արցախը Ազրպէյճանի կազմից դուրս թողնելու հնարաւորութիւնը, դրանով իսկ ակնարկելով իր քաղաքականութեան նպատակը: 2021թ. կառավարութեան ծրագրում Արցախի ինքնորոշման իրաւունքը պաշտպանելու փոխարէն, տեղ են գտել թշնամութեան յաղթահարման եւ տարածաշրջանում ապաշրջափակման մասին դրոյթներ»։

Պետրոսեանի խօսքով՝ իշխանութեան կողմից փորձ է արւում պատերազմի պարտութեան մեղքը բարդել բանակի վրայ, մինչդեռ փաստ է, որ բանակը չի պարտուել: Հայաստանի երեք բանակային կորպուսներից միայն մէկն է անյաջողութիւն արձանագրել, այն էլ՝ հանրութեան համար դեռեւս չպարզուած մարտերի կազմակերպման, զինուորների համալրման եւ կազմակերպչական այլ հարցերում քաղաքական իշխանութեան բացթողումների պատճառով: Նա հարցադրում արեց՝ եթէ Նիկոլ Փաշինեանը տեղեակ էր, որ պատերազմ է սկսելու, ինչու՞ մարդկանց չհամախմբեց, ինչու՞ բաժանեց սեւերի ու սպիտակների։

Այս համատեքստում Շարժման ներկայացուցիչ, Արա Զոհրապեանը նշեց, որ իշխանութիւնները փորձում են հանրութեան շրջանում առաջացնել տպաւորութիւն, որ հայ զինուորը, հայ ազգը վախկոտ է, բայց դա այսպէս չէ։

«Մենք իրականում այսպէս վախկոտ չենք, ինչպէս Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնն է  ներշնչել։ Մեր կոչն է մեր հայրենակիցներին՝ միանալ մեզ, մենք բաց ենք համագործակցութեան համար, մենք ուզում ենք լուծում գտնել։ Մենք նաեւ դիմում ենք այն կուսակցութիւններին, որոնք մեծ կշիռ ունեն քաղաքական դաշտում։ Իրենք պարտաւոր են մարդկանց համախմբելու նպատակն իրենց վրայ վերցնել։ Մենք նոր ենք քաղաքական դաշտում, մենք ամեն մէկս մեր ոլորտում որեւէ բանի հասած մարդիկ ենք, պատրաստակամ ու վճռական փրկելու մեր երկիրը։ Պէտք է մի կողմ թողնել բարդոյթները, տարաձայնութիւնները, քանի որ երկրի շահն աւելի բարձր է»,- կոչով դիմեց հանրութեանը Արա Զոհրապեանը։

Բանախօս Վազգէն Պետրոսեանն դարձեալ խօսք առնելով անդրադարձաւ ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի գործունէութեանն ու պնդեց՝ նախագահը բազմիցս դրսեւորել է յանցաւոր անգործութիւն եւ չի կանխել Սահմանադրութեան նորմերի խախտումները, այնինչ ի պաշտօնէ նա համարւում է Սահմանադրութեան երաշխաւորը։ «Աւելին, Արմէն Սարգսեանի նոր պետութեան՝ «Չորրորդ Հանրապետութիւն» բնութագրով, կառուցման թէզը կարող է վտանգել Հայաստանի երրորդ Հանրապետութեան ստեղծման հիմքում դրուած Հայաստանի անկախութեան մասին հռչակագրի, այդ թւում ՝ Արցախի վերամիաւորման եւ Օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին սատարելու, պայմանների կիրառումը»,- նշեց Շարժման ներկայացուցիչը։

Նա հարցադրում արեց նախագահ Սարգսյանին․ «Եթէ դու տեղեակ չես, թէ ինչ է կատարւում երկրում, ինչու՞ ես զբաղեցնում նախագահի աթոռը, ինչու՞ չես հեռանում։ Ուրեմն դու մաս ես կազմում այդ դաւաճանական քայլերին։ Եթէ դու եւ Նիկոլ Փաշինեանը տեղեակ չէք, թէ ինչ է կատարւում  երկրում, ի սէր Աստծոյ, հեռացէք»։

Շարժման ներկայացուցիչը յայտարարեց՝ 2018 թուականից ի վեր հետեւողականօրէն թիրախաւորուել են ազգային կարեւորագոյն հաստատութիւնները, մասնաւորապէս՝ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայոց բանակը եւ Ընտանիքը: «Թիրախաւորուել են նաեւ ազգային կրթութիւնը եւ ազգային մշակոյթը: Այս թիրախաւորման հետեւանքով տուժել է ազգային դիմադրողականութիւնը եւ միասնականութիւնը, ինչն էլ պատերազմի ժամանակ, առաւելութիւն է տուել թշնամի պետութիւններին: Ազատագրական շարժումը ստանձնում է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայոց բանակի, Ընտանիքի, ազգային արժէքների պաշտպանութիւնը»,- շեշտեց նա։

Ազատագրական շարժման նպատակների մասին խօսեց Արա Զոհրապեանը։ Նախքան ներկայացնելն իրենց նպատակը, Զոհրապեանը ներկաներին եւ լրատուամիջոցների ներկայացուցիչներին մէկ կարեւոր հանգամանքի վրայ ուշադրութիւն հրաւիրեց։ Նրա խօսքով՝ վերջին շրջանում ակնյայտ են դարձել Նիկոլ Փաշինեանի ու իր կառավարութեան Ազրպէյճանահաճոյ եւ Ազրպէյճանանպաստ յայտարարութիւնները։

«Ես կեանքիս մէջ առաջին անգամ Փաշինեանից լսեցի Ազրպէյճանական տեղանուններ, իբրեւ հայկական տարբեր գիւղերի։ Տեսէք, Ազրպէյճանը յայտարարում է, որ Շուշիում Ազրպէյճանցիներ են ապրել, աւելի շատ են եղել, քան հայերը։ Այս յայտարարութեան ապացուցման բեռը Ազրպէյճանի վրայ է։ Բայց, երբ Նիկոլ Փաշինեանը Ազգային ժողովի ամբիոնից յայտարարում է, որ Շուշիում աւելի շատ Ազրպէյճանցիներ են ապրել, քան հայեր, դատավարական լեզուով ասած կոչւում է անվիճելի փաստ։ Նիկոլ Փաշինեանն իր այս յայտարարութեամբ մեզ շատ լուրջ փաստի առաջ է կանգնեցնում։ Աւելին ասեմ՝ նա իր գործողութիւնը արդարացնելու համար մէջբերում է վարչատարածքային բաժանման մասին ընդունուած օրէնքը, որի քվերակութեանն այն ժամանակ ինքը եւս մասնակցել է։ Նշելով, որ Հայաստանի որոշ գիւղեր այդ օրէնքով համարւում են սահմանակից Ազրպէյճանին, պնդում է, թէ նախկիններն արդեն այդ գիւղերը տուել են Ազրպէյճանին եւ իր կառավարութիւնը որեւէ նոր բան չի արել։ Դա ամեն ինչ նախկինների վրայ բարդելու Փաշինեանի նպատակն է։ Ես վստահ եմ, որ Ազրպէյճանցի որեւէ փաստաբանի մտքով չէր անցնի գտնել ու վկայակոչել այդ օրէնքը։ Բայց ինքն այս կողմից այնպիսի փաստարկներ է վկայակոչում, որ Ազրպէյճանի նախագահն  ու իր փաստաբանական ամբողջ թիմը կարող են հանգիստ նստել ու ասել՝ դէ ինչպէս ասում է Նիկոլ Փաշինեանը, այդպէս է։ Սա մեզ համար շատ վտանգաւոր է»,- մանրամասնեց Արա Զոհրապեանը։

Ըստ նրա՝ անգամ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը ներկայացւում է իբրեւ փրկութեան փաստաթուղթ, պատերազմը կանգնեցնելու միջոց, անընդմէջ խախտւում է ի վնաս Հայաստանի․ «Էլ ի՞նչ անի այս մարդը, որ հասկանանք, որ հակահայկական վարքագիծ է դրսեւորում»։

Խօսելով նախագահ Արմէն Սարգսեանի գործունէութեան մասին, Զոհրապեանը տեսակէտ յայտնեց՝ այս իրավիճակում Փաշինեանից ոչ պակաս վտանգաւոր է նաեւ Արմէն Սարգսեանն իր, այսպէս ասած, բարի եւ դրական կերպարով։

«Ես կարող եմ ասել, որ նա Փաշինեանից ոչ պակաս վտանգաւոր է։ 2021 թուականի Յունուարին նա արդեն խօսում էր Չորրորդ հանրապետութեան մասին։ Երրորդ հանրապետութիւնը հօրով-մօրով արեցինք, հիմա անցնում ենք չորրորդին։ Բայց այստեղ մի վտանգաւոր կէտ կա։ ՀՀ երրորդ հանրապետութեան ստեղծման հիմքում դրուած է անկախութեան մասին հռչակագիրը, որտեղ կարեւոր երկու կէտ կայ՝ Արցախ եւ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման սատարում։ Մեր Սահմանադրութիւնը հիմնուած է անկախութեան հռչակագրի վրայ։ Հիմա, եթէ մենք խօսում ենք Չորրորդ հանրապետութեան մասին, ես վստահ եմ, եթէ այս երկու մարդիկ մնացին, մեր երրորդ  հանրապետութեան ստեղծման երկու սիւները տակից քաշելու են տանեն։ Մենք յետոյ սրա տակից դուրս չենք կարողանալու գալ»,- իր կարծիքը մանրամասն ներկայացրեց Արա Զոհրապեանը։

Գալով Շարժման  նպատակներէն, Զոհրապեանը նշեց՝ հայկական պետականութիւնը փրկելու համար Ազատագրական շարժումը, որը ստեղծուել է երկրի իրավիճակով մտահոգ անձանցից, նպատակ ունի հասնել վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ նախագահ Արմէն Սարգսեանի հրաժարականներին։

«Այս նպատակին հասնելու համար Ազատագրական շարժումը պատրաստ է համագործակցել բոլոր ընդդիմադիր ուժերի եւ անհատներ ի հետ, անկախ նրանից քաղաքական կամ այլ հարցերում տարընկալումներ ունեն, թէ՝ ոչ»,- ասաց Զոհրապեանը։

Երկրորդ նպատակը՝ հասնել նոր ընտրութիւնների կամ ազգային միասնութեան եւ համերաշխութեան անցումային կառավարութեան ձեւաւորմանը: Այս նպատակին հասնելու համար առաջարկւում է երկու լուծում ՝

Ա) Անցկացւում են նոր ընտրութիւններ, որոնք չպէտք է կազմակերպուեն գործող իշխանութիւնների կողմից. Այս դէպքում, ստեղծւում է ընտրութիւնների կազմակերպման ժամանակահատուածում գործող ժամանակաւոր կառավարութիւն, որը գործելու է մինչեւ ընտրութիւնների աւարտը

Բ) Առնուազն մէկ տարի ժամկէտով ձեւաւորւում է անցումային կառավարութիւն, որը մշակում եւ իրականացնում է երկրի վերականգնմանն ուղղուած քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ կազմում է Սահմանադրութեան փոփոխութիւնների փաթեթը, կազմակերպւում է հանրաքուէ եւ ընտրութիւններ:

ժամանակաւոր եւ անցումային կառավարութիւնները պէտք է ձեւաւորուեն ազգային միասնութեան եւ համերաշխութեան կարգով, ինչպէս նաեւ կառավարութեան անդամների թեկնածուները պէտք է իրենց գործունէութեամբ համապատասխան եւ կրողը լինեն հետեւեալ 7 (եօթ) սկզբունքներին․

1. Հայաստանի պետականութեան (ինքնիշխանութեան) պահպանում.

2. Արցախի ինքնորոշման ճանաչում.

3. Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ հատուցման սատարում.

4. Հայոց բանակի հզօրացում.

5. Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելութեան արժէւորում.

6. Ազգային արժէքների պահպանում.

7. Գոռուպցիայի (փտածութեան) վերացման իրական քայլերի իրականացում:

Զոհրապեանը յաւելեց՝ բոլոր այն անհատները, կազմակերպութիւնները  կամ կուսակցութիւնները, որոնք վերը նշուած եօթ կէտերը համարում են իրենց համար սկզբունք եւ կարեւոր, կարող են համագործակցել Շարժման հետ, դառնալ մէկ միասնական ուժ՝ երկիրը փրկելու համար։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին