Շաբաթ, 20. 04. 2024

spot_img

Տօնական Այս Օրերուն (Վերջին Լուրեր ԱՄՆ-ից)

Տեսակէտ

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

    Մօտենում են տօները ու կեանքը եռում է Լոս Անճելըսում։ Շուկաները լեցուն են, մարդիկ գնումներ են անում։ Նրանք կարծես մոռացել են, որ մէկ տարի առաջ, ամիսներ առաջ ինչ վատ պայմաններում էին յայտնուել քորոնովիրուսի եւ աշխատանքները կրճատուելու պատճառով։ Չմեղադրենք մարդկանց․ տօն օրեր են գալիս։

    Յաճախ մտածում եմ՝ ի՞նչն է պատճառը, որ ամերիկացիները, գուցէ անհաշիւ գնումներ են անում։ Ու եզրակացրել եմ,- Այստեղ, գուցէ եւ ամեն տեղ, այսպէս է։ Սովորական ժողովուրդը ընդհանրապէս ուրիշ զբաղմունք չունի, իր համար ընտրել է մեծ գումարներ ծախսելը՝ նորաոճ հագուստներ, տան նոր կահկարասիներ ձեռք բերելը։ Ոմանք դա դարձրել են իրենց կեանքի նպատակը։

    Նայում եմ շրջապատս․ իմ ծանօթներն ուրիշ են։ Նրանց միաժամանակ ունեն ուրիշ հետաքրքրութիւններ, որ դուրս է անձնականից, կենցաղայինից։ Անձնական/ ընտանեկան կեանքում էլ ունեն ուրիշ հետաքրքրութիւններ, որոնք առնչւում են մշակոյթին, գիր ու գրականութեանը, հասարակական, համայնքային աշխատանքներին։ Ու նկատում եմ, որ հենց այսպիսիներն են տարբեր։ Սովորական ամերիկացիները չունեն նման հետաքրքրութիւններ, կեանքը թեթեւ են տանում ու սահմանափակւում են խանութներ այցելելով, «նորը» փնտրելով։ Ոչ ոք չի կարող ասել այս երկու իրականութիւններից ո՞րն է ճիշտը։ Ճիշտ չկայ աշխարհում, կատարեալ չկայ աշխարհում, ամեն ինչ համեմատական է, ուրեմն փակենք աս նիւթը ու չդատենք մեզ ու մարդկանց։


    Տօնական օրերը չխանգարեցին, որ մի քիչ դադար տրուի քաղաքական կեանքին։ Այս երկուսն էլ լրիւ տարբեր իրականութիւններ են։ Չդատենք նաեւ այս երկուսը, միայն տեղեկութիւններ փոխանցեմ վերջին զարգացումներից, որ, իմ կարծիքով, կարեւոր են։ 

    ա- Ամենատխուրը քորոնավիրուս վարակից մահացածների թիւն է Միացեալ Նահանգներում․ դա անցաւ 800,000-ից, այն պայմաններում, երբ մարդիկ սրսկւում են։ Գոնկրեսի Ստորին պալատը իր հերթական ժողովն սկսեց այդ մեծ թուով մահացածների յիշատակը մէկ րոպէ լռութեամբ յարգելով։

    բ- Գալիֆորնիացիներին յուզում է նահանգապետի երկար բացակայութիւնը։ Նա չկայ ընդհանրապէս։ Մօտ մէկ շաբաթ առաջ, մի լուր կարդացինք, որ նա ուզում է նահանգային օրէնսդրի օրակարգ տանել նահանգում տաք զէնքի օգտագործման հետ կապուած մի նոր նախագիծ։ Միայն դա։ Բայց տեսանիւթ չկար․ նահանգապետ Նիւսամի նկարն էր միայն։ Դրանից յետոյ ուրիշ լուր ես չեմ կարդացել նրանից։ Արդէն աւելի քան երկու ամիս է, որ Նիւսամը բացակայ է լրատուներում։

    գ- Ամեն դէպքում, Գալիֆորնիա նահանգի իշխանութիւնները աշխատում են։ Տեղւոյն Հայ համայնքի կարգ մը կազմակերպութիւններ  մտահոգութիւն են յայտնել Գալիֆորնիա նահանգում ընտրական տեղամասերի նոր դասաւորման/ ուրիշ տարածքներ ձեւաւորելու կապակցութեամբ, որով, ըստ ոմանց, նուազելու է հայութեան դերը նահանգային ընտրութիւններում՝ հետեւաբար՝ տարբեր մակարդակի իշխանութիւններում, եւ որից տուժելու է համայնքը։

    Լոս Անճելըսի հայահոծ չորս քաղաքներ՝ միասին, մէկ ընտրատեղամաս էին կազմում, որտեղ համարեայ միշտ յաղթել են Հայկական կազմակերպութիւններու հովանաւորութիւնն ունեցող թեկնածուները։ Նոր բաժանման հետեւանքով, այդ 4 քաղաքը բաժանուել են ու կցուել իրենց մօտ ուրիշ քաղաքներին։ Այսպիսով հայերի թիւն էլ բաժանւում է, ու նոր տարածքներում հայերը չեն ունենայ վստահելի յաղթանակ տանելու հնարաւորութիւնը։ Հայերի թիւը դառնալու է նոր ընտրամասերի մի բաժինը։ Դա արդէն հեռու է մեծամասնութիւն կազմելուց, հետեւաբար՝ հարցական է այդ նոր ընտրատարածքներում հայկական կողմերու հովանաւորած թեկնածուների յաղթանակը։

    Ընտրատեղամասերի նոր բաժանումը անհրաժեշտ էր․ նախ՝ նահանգը Ստորին պալատում կորցրեց մէկ աթոռ։ 2021 թուականի մարդահամարի հիման վրայ՝ նահանգից գաղթել են մեծ թուով բնակիչներ։

    Բնակչութեան տեղաշարժ է տեղի ունեցել նաեւ Գալիֆորնիայում։ Հենց հայերը՝ հայերի համեստ խաւը, որոնք չէին կարող դիմանալ Կլենդելում տան վարձերի սոսկալի բարձրացմանը, այս տարիների ընթացքում դուրս են եկել Կլենդէլից՝ տեղափոխուելով հեռու կամ մօտ ուրիշ քաղաքներ։ Սրա պատասխանատուն հենց Կլենդէլի քաղաքային խորհուրդն է, որոնց մեծամասնութիւնը հայեր էին․․․

    Այս հարցը ժամանակին պիտի ուշադրութեան առարկայ դառնար, որպէսզի հիմա նման վիճակի առաջ չկանգնէին համայնքային ղեկավարները։ Նրանց հաղորդածի համաձայն՝ արդիւնք չեն տուել բազմաթիւ հանդիպումները՝ ընտրատեղամասերի նոր բաժանումը բեկանելու համար, թէեւ աշխատանքները շարունակւում են։ Սպասենք վերջնական արդիւնքին։

    դ- «Խելառների» պիւտճէի կապակցութեամբ նորութիւն չկայ։ Ստորին պալատը վաւերացրել է մօտ 2 թրիլիոն տոլար։ Նախագիծը փոխանցուել է Սենատ։ Դեմոկրատները չեն կարողանում համախոհութիւն գոյացնել։ Վերջերս կարդացի մի լուր՝ ըստ որի՝ դեմոկրատ մի ուրիշ սենատոր առաջարկել է մեծ կրճատումներով վաւերացնել այս նախագիծը, որը լինի Նոր տարուայ «լաւ նուէր» ամերիկացիներին (ես չեմ կարծում, որ դա նուէր է ընդհանրապէս՝ տնտեսկան յորդումը նկատի ունենալով)։ Նրա առաջարկածը 1․2 թրիլիոն դոլար է, որին խիստ դէմ գնաց դեմոկրատների ծայրայեղական թեւը։ Ամեն դէպքում, չի թւում, որ այս նախագիծը մինչեւ տարեվերջ կը քուէարկուի Սենատում։

    ե- Դեմոկրատները կտրուկ քաղաքականութիւն են փոխել՝ 2022 թուականի Գոնկրեսի ընտրութիւնների կապակցութեամբ։ Եթէ մինչեւ մի քանի օր առաջ, բոլոր լրատուները նշում էին, որ այդ ընտրութիւններում հանրապետականները կը յաղթեն, հիմա նոր մօտեցման է երեւում ընդհանրապէս։ Ճօ Պայտընը առաջինն էր, որ ասած դեմոկրատները գնում են 2022-ի նոր յաղթանակ տօնելու… Այս խօսքին լուրջ չվերաբերեց մամուլը, քանի որ դա համարեայ անարձագանգ մնաց։ Բայց ո՞րն է նկատելի տարբերութիւնը․․․

    զ- Դեմոկրատ լրատուները սկսել են վարկանիշի նոր թուեր հաղորդել․․․ Ըստ «նոր» հարցախոյզերի՝ փոխնախագահ Քամալա Հարիսը, որ մինչեւ մէկ շաբաթ առաջ՝ հենց դեմոկրատ լրատուների համաձայն, չունէր նոյնիսկ 10 տոկոս վարկանիշ, հիմա նրա վարկանիշը դարձել է 43 տոկոս։

    (Մի հարցնող լինի՝ ի՞նչ կարեւոր բան տեղի ունեցաւ անցած շաբաթ, որ Հարիսի վարկանիշը այսքան մեծ աճ արձանագրեց)։

    է- Միաժամանակ խօսւում է 2024 թուականի՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւններին հաւանական դեմոկրատ թեկնածուների մասին։ (Կարծես փոշմանել են Ճօ Պայտընին նորից թեկնածու առաջադրել)։ Լրատուները շրջանառութեան մէջ են դրել 11 դեմոկրատի անուն՝ 6-ը կին՝ ներառեալ Հարիսը։ Եւ այդ ցանկում առայժս չկայ Նանսի Փելոսիի զարմիկ՝ ԿԳալիֆորնիայի նահանգապետ Նիւսամի անունը․․․

    ը- Բայց չշտապենք։ Նանսի Փելոսին, կարծես մտափոխուել է․․․ Նա մի քանի օր առաջ յայտարարեց, որ պատրաստւում է իր թեկնածութիւնը դնել 2022-ի Գոնկրեսի ընտրութիւններում, բայց եթէ Ստորին պալատի ընտրութիւններում յաղթեցին դեմոկրատները, նա չի լինելու խօսնակ։ Ես չգիտեմ ինչ տեղի կ՛ունենայ յառաջիկայ ամիսներին, բայց ամեն ինչ կապուած է Դեմոկրատ կուսակցութեան մէջ քաշքշուկներից, պառակտումներից ու ներքին պայքարի արդիւնքից։

    թ- Նախագահ Թրամփին հարցաքննել են իր տուրքերի կապակցութեամբ։ Տեղեակ էի պահել մեր ընթերցողներին, որ ԱՄՆ-ում չկայ որեւէ օրէնք, որը պարտադրի նախագահին՝ հանրայնացնելու իր տուրքերի զեկոյցը։ Դա մնում է անձին։ Նախկին նախագահներից ոմանք հանրայնացրել են իրենց տուրքերի զեկոյցը, բայց նման պարտադրանք չկայ։ Թէ ինչ է խօսուել մօտ մէկ ժամ տեւած այդ հանդիպումին, լրատուները չեն գրել, կամ՝ ըստ օրէնքի՝ նրանք էլ չգիտեն։ Նախագահ Թրամփին հարցաքննել են, ու դա չի նշանակում, որ գործը աւարտուել է, կամ՝ հարցը դատական է նկատուել։ Սա հիմա նորից մէջտեղ են գցել դեմոկրատները, որպէս ճնշում նախագահ Թրամփի նկատմամբ՝ նրա  վարկանիշը իջեցնել փորձելու համար։

    Սրանք այն ամենն են, որ պատահում են հիմա Միացեալ Նահանգներում՝ տօնական այս օրերին։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին